Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 2 Պետրոս 1 ։ 1–3 ։ 18
  • 2 Պետրոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 Պետրոս
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Պետրոս

ՊԵՏՐՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ

1 Ես՝ Սիմոն Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս ու առաքյալս, գրում եմ նրանց, ովքեր մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարության շնորհիվ ձեռք են բերել այն նույն թանկ հավատը, որը և մենք ունենք:

2 Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքների+ շնորհիվ թող որ ավելի շատ անզուգական բարություն դրսևորվի ձեր հանդեպ և ավելի շատ խաղաղություն ունենաք: 3 Չէ՞ որ նրա աստվածային զորությամբ մեզ տրվեց* այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ Աստծուն նվիրված կյանքով ապրելու համար, որովհետև մենք ճշգրիտ գիտելիքներ ենք ձեռք բերել Նրա մասին, ով իր փառքով ու բարությամբ կանչել է մեզ:+ 4 Քանի որ մենք ազատվել ենք աշխարհի ապականությունից, որը սխալ ցանկությունների* հետևանք է, Աստված իր փառքի ու բարության միջոցով մեզ տվել է թանկագին ու մեծամեծ խոստումներ,+ որպեսզի դրանց միջոցով դուք բաժնեկից լինեք աստվածային բնույթին:+

5 Հենց այս պատճառով ամեն ջանք ներդրեք,+ որ ձեր հավատին ավելացնեք առաքինություն,*+ առաքինությանը՝ գիտելիքներ,+ 6 գիտելիքներին՝ ինքնատիրապետում,+ ինքնատիրապետմանը՝ դիմացկունություն, դիմացկունությանը՝ Աստծու հանդեպ նվիրվածություն,+ 7 Աստծու հանդեպ նվիրվածությանը՝ եղբայրասիրություն, և եղբայրասիրությանը՝ սեր:*+ 8 Եթե այս հատկություններն ունեք և շարունակում եք զարգացնել դրանք, ապա անգործ չեք լինի, այլ կվարվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների համաձայն և պտուղ կբերեք:+

9 Իսկ եթե որևէ մեկը չունի այս ամենը, կույր է: Նա փակում է իր աչքերը, որ չտեսնի լույսը:*+ Նա մոռացել է, որ մաքրվել է իր նախկին մեղքերից:+ 10 Դրա համար, եղբայրնե՛ր, ավելի շատ ջանք թափեք, որպեսզի արժանի մնաք ձեր կոչմանը՝+ որպես կանչվածներ ու ընտրվածներ: Եթե շարունակեք այս բաներն անել, ձեր հավատից հետ չեք կանգնի:+ 11 Արդյունքում դուք առատորեն կօրհնվեք և կմտնեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը:+

12 Ահա թե ինչու եմ մտադիր միշտ հիշեցնել ձեզ այն բաների մասին, ինչ գրում եմ, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ, որն ընդունել եք: 13 Քանի դեռ այս մարմնում* եմ,+ իմ պարտքն եմ համարում արթուն պահել ձեզ՝ հիշեցումներ անելով,+ 14 որովհետև գիտեմ, որ շուտով իմ մարմինը լքելու եմ, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնել է ինձ:+ 15 Ուստի ձեռքիցս եկածը կանեմ, որ հեռանալուցս հետո դուք միշտ հիշեք իմ խոսքերը:

16 Երբ ձեզ հայտնում էինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորության ու ներկայության մասին, վարպետորեն հնարված առասպելներ չէինք պատմում: Մենք նրա մեծափառության ականատեսներն ենք:+ 17 Նա Հորից՝ Աստծուց, փառք ու պատիվ ստացավ, երբ վեհաշուք փառքի Աղբյուրն ասաց. «Սա իմ սիրելի Որդին է, որն ունի իմ հավանությունը»:+ 18 Այո՛, երբ նրա հետ սուրբ լեռան վրա էինք, լսեցինք երկնքից հնչած այս խոսքերը:

19 Ուստի մենք ավելի համոզված ենք, որ մարգարեական խոսքերը կկատարվեն: Եվ դուք լավ եք անում, որ ուշադրություն եք դարձնում դրանց որպես մի ճրագի,+ որը լույս է տալիս մութ տեղում՝ ձեր սրտերում (մինչև օրը լուսանա, և լուսաստղը+ ծագի), 20 քանի որ նախևառաջ գիտեք, որ սուրբ գրքերում գրված և ոչ մի մարգարեություն ինչ-որ մեկի գաղափարների արդյունքը չէ: 21 Չէ՞ որ ոչ մի մարգարեություն երբեք մարդկանց կողմից չի տրվել,+ այլ մարդիկ, սուրբ ոգուց մղված, Աստծու խոսքն են հաղորդել:+

2 Սակայն ինչպես որ ժամանակին Աստծու ժողովրդի մեջ կեղծ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ կեղծ ուսուցիչներ կլինեն:+ Նրանք աննկատ կործանարար աղանդավորություն կմտցնեն և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնել է իրենց,+ ու արագահաս կործանում կբերեն իրենց վրա: 2 Շատերը կընդօրինակեն նրանց լկտի վարքը,*+ և նրանց պատճառով մարդիկ ճշմարտության ճանապարհի մասին վիրավորական խոսքերով կարտահայտվեն:+ 3 Նաև ագահությունից դրդված՝ նրանք կխաբեն ձեզ, որպեսզի շահագործեն: Բայց դատաստանը, որը վաղուց ի վեր սահմանված է նրանց համար,+ չի ուշանում, և նրանց կործանումը անխուսափելի է:+

4 Աստված չխնայեց մեղք գործած հրեշտակներին+ և տարտարոսը* գցեց նրանց՝+ շղթայելով թանձր խավարում,* մինչև որ գա նրանց դատաստանի ժամը:+ 5 Նա չխնայեց նաև հին աշխարհը+ և անարդար մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց,+ բայց Նոյին՝ արդարության քարոզչին,+ ևս յոթ հոգու հետ պահպանեց:+ 6 Նա դատաստան տեսավ Սոդոմ ու Գոմոր քաղաքների նկատմամբ՝ դրանք մոխրի վերածելով,+ և այդպիսով ցույց տվեց, թե ապագայում անարդար մարդկանց ինչ է սպասում:+ 7 Իսկ արդար Ղովտին,+ որը սաստիկ ընկճվել էր մեղսագործների լկտի վարքի պատճառով, փրկեց: 8 Չէ՞ որ այս արդար մարդը, նրանց մեջ ապրելով, ամեն օր տանջվում էր, քանի որ տեսնում էր նրանց չար գործերն ու լսում էր դրանց մասին: 9 Այո՛, Եհովան* գիտի, թե ինչպես իրեն նվիրվածներին ազատի փորձությունից,+ իսկ անարդարներին պահի Դատաստանի օրվա համար, որ կործանվեն,+ 10 հատկապես նրանց, ովքեր ցանկանում են պղծել ուրիշների մարմինը,+ և նրանց, ովքեր արհամարհում են իշխանությունը:+

Լինելով հանդուգն և ինքնահաճ՝ նրանք չեն վախենում վիրավորական խոսքեր ասել այն մարդկանց մասին, ում Աստված փառքի է արժանացրել, 11 մինչդեռ հրեշտակները, որ թեև ուժով և զորությամբ գերազանցում են նրանց, Եհովայի հանդեպ հարգանքից մղված՝* վիրավորական խոսքերով չեն մեղադրում նրանց:+ 12 Բայց այս մարդիկ բանականությունից զուրկ կենդանիների են նման, որոնք բնազդով են շարժվում ու ծնված են բռնվելու և սպանվելու համար: Նրանք վիրավորական խոսքերով են արտահայտվում այն բաների մասին, որոնցից գաղափար չունեն:+ Նրանց բռնած կործանման ուղին խորտակելու է իրենց, 13 և դա լինելու է իրենց չար գործերի հատուցումը:

Նրանք հաճույք են ստանում ցոփ ու շվայտ կյանք վարելուց,+ անգամ ցերեկը: Նրանք բծեր ու արատներ են, որոնք մեծ բավականություն են ստանում իրենց մոլորեցուցիչ ուսմունքների մասին խոսելիս, երբ կերուխում են անում ձեզ հետ:+ 14 Նրանց աչքերում շնություն* գործելու անհագ ցանկություն կա,+ նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից ու հրապուրում են անկայուն մարդկանց: Նրանց սրտերը հմուտ են ագահություն դրսևորելու հարցում: Նրանք անիծված զավակներ են: 15 Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք շեղվեցին և գնացին Բեորի որդի Բաղաամի ճանապարհով,+ որը տենչում էր ստանալ իր չար գործերի վարձատրությունը,+ 16 բայց նախատվեց իր մեղքի համար:+ Անխոս էշը, մարդու ձայնով խոսելով, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի:+

17 Նրանք անջուր աղբյուրներ են, կատաղի փոթորկից քշված մշուշային ամպեր, և նրանց համար պահված է անթափանց խավարը:+ 18 Նրանք վերամբարձ խոսքեր են ասում, որոնք փուչ են, և մարմնի ցանկությունները բորբոքելով+ ու լկտիաբար վարվելով՝ հրապուրում են նրանց, ովքեր նոր են փախել մեղսալից կյանքով ապրող մարդկանցից:+ 19 Նրանք ազատություն են խոստանում նրանց, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են,+ որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում:*+ 20 Եթե Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ այդպիսիները փախել են աշխարհի պղծություններից,+ բայց հետո նորից թաթախվել են դրանց մեջ ու հաղթվել, ապա նրանք ավելի վատ վիճակում են, քան սկզբում էին:+ 21 Լավ կլիներ՝ նրանք չիմանային արդարության ճանապարհը, քան իմանալուց հետո երես թեքեին իրենց տրված սուրբ պատվիրանից:+ 22 Որքա՜ն ճշմարիտ է նրանց պարագայում այս առածը. «Շունը վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը դարձյալ գնում է ցեխի մեջ թավալվելու»:+

3 Սիրելինե՛ր, երկրորդ նամակն եմ գրում ձեզ, որում, ինչպես և առաջինում, հիշեցումներ եմ անում, որպեսզի խթանեմ ձեր առողջ դատողությունը:+ 2 Այն կօգնի ձեզ հիշել այն խոսքերը, որոնք սուրբ մարգարեները նախապես ասացին, նաև Տիրոջ ու Փրկչի պատվիրանը, որը տրվեց ձեր առաքյալների միջոցով: 3 Բայց նախ իմացեք, որ վերջին օրերում ծաղրողներ ի հայտ կգան, որոնք իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն+ 4 ու կասեն. «Որտե՞ղ է նրա խոստացած ներկայությունը:+ Այն օրից սկսած, երբ մեր նախահայրերը մահացան, ոչինչ էլ չի փոխվում. մարդու արարումից ի վեր ամեն ինչ շարունակում է մնալ նույնը»:+

5 Նրանք միտումնավոր անտեսում են այն փաստը, որ վաղուց ի վեր կար երկինք ու կար երկիր, որը Աստծու խոսքով դուրս եկավ ջրերից և հաստատուն կանգնեց ջրերի միջև,+ 6 և որ դրանցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրհեղեղ եղավ:+ 7 Իսկ այժմյան երկինքն ու երկիրը այդ նույն խոսքով պահվում են կրակով կործանվելու համար, մինչև գա Դատաստանի օրը, երբ անարդար մարդիկ կկործանվեն:+

8 Սակայն, սիրելինե՛ր, մի՛ մոռացեք այն փաստը, որ Եհովայի* համար մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես:+ 9 Եհովան չի ուշացնում իր խոստման կատարումը,+ ինչպես ոմանք են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան:+ 10 Բայց Եհովայի օրը+ գողի պես կգա:+ Այդ ժամանակ երկինքը դղրդյունով կանհետանա,+ իսկ երկնքի ու երկրի տարրերը շիկանալով կհալվեն, և երկիրն ու դրա վրա կատարված գործերը կբացահայտվեն:+

11 Քանի որ այս բոլոր բաները այսպես ոչնչացվելու են, մտածեք, թե ինչպիսի մարդիկ պետք է լինեք. դուք պետք է սուրբ վարք ունենաք և աստվածանվեր գործեր անեք, 12 մինչ սպասում եք Եհովայի օրվան* և այն ձեր մտքում վառ եք պահում:*+ Այդ օրը երկինքը կկործանվի+ կրակով, և տարրերը սաստիկ տաքությունից կհալվեն: 13 Բայց մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնք նա խոստացել է,+ և դրանցում արդարություն է բնակվելու:+

14 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ վերջում նա ձեզ համարի անբիծ, անարատ և խաղաղություն պահպանող մարդիկ:+ 15 Բացի այդ՝ մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ՝+ 16 խոսելով այդ բաների մասին իր բոլոր նամակներում: Սակայն դրանցում դժվարըմբռնելի բաներ կան, որոնք անգետ ու անկայուն մարդիկ չեն հասկանում և աղավաղում են թե՛ դրանք, թե՛ սուրբ գրքերի մնացած մասերը՝ իրենց վրա կործանում բերելով:

17 Ուստի դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, թե ինչ է լինելու, զգույշ եղեք, որ այդ անօրենները չմոլորեցնեն ձեզ իրենց ստերով, և դուք չկորցնեք ձեր հաստատակամությունը:+ 18 Շարունակեք ապրել այնպես, որ ավելի շատ ստանաք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը և խորացնեք նրա մասին ձեր գիտելիքները: Փա՛ռք նրան հիմա և հավիտյան: Ամեն:

Կամ՝ «շնորհվեց»:

Կամ՝ «կրքերի»:

Կամ՝ «բարձր բարոյական արժեքներ», «բարեսիրություն»:

Հուն.՝ ագապե:

Կամ հնարավոր է՝ «Նա կարճատես է»:

Բռց.՝ «վրանում»:

Կամ՝ «անամոթ վարքի դրսևորումները»: Հուն. ասելգեյա բառի հոգնակի ձևը: Բառարանում տես «Լկտի վարք»:

Բառարանում տես «Տարտարոս»:

Կամ հնարավոր է՝ «նետելով թանձր խավարի անդունդը»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «Եհովայի առաջ»:

Բառարանում տես «Շնություն»:

Կամ՝ «որովհետև ով հաղթվում է ինչ-որ բանի կողմից, դրա ստրուկն է դառնում»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «օրվա ներկայությանը»:

Կամ՝ «և այն փափագում»: Բռց.՝ «արագացնում»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը