ՊԵՏՐՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ
1 Ես՝ Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի առաքյալս,+ գրում եմ ժամանակավոր բնակիչներիդ, որ ցրված եք Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում,+ Ասիայում* և Բութանիայում: 2 Աստված՝ Հայրը, ձեզ ընտրել է իր կանխագիտությամբ+ և սրբագործել* ոգով,+ որպեսզի հնազանդ լինեք նրան և մաքրվեք* Հիսուս Քրիստոսի արյունով:+
Թող Աստված ձեր հանդեպ ավելի շատ անզուգական բարություն դրսևորի և թող ավելի շատ խաղաղություն տա:
3 Փա՜ռք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը, որովհետև նրա մեծ գթասրտությամբ մենք կրկին ծնվեցինք,+ որպեսզի Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ+ կենդանի հույս ունենանք՝+ 4 անապականելի, անպիղծ և մնայուն ժառանգություն ստանալու հույս:+ Երկնքում այն պահված է ձեզ համար:+ 5 Քանի որ դուք հավատ ունեք, Աստված իր զորությամբ պահպանում է ձեզ փրկության համար, որը հայտնի է դառնալու վերջին ժամանակում: 6 Դրա համար էլ դուք անչափ ուրախանում եք, թեպետև կարճ ժամանակով ստիպված եք լինում տառապել զանազան փորձությունների պատճառով,+ 7 որպեսզի ձեր փորձված հավատի շնորհիվ,+ որն ավելի մեծ արժեք ունի, քան ոսկին (որը թեև ստուգված է կրակով, բայց կարող է ոչնչացվել), գովաբանության, փառքի ու պատվի արժանանաք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ:+ 8 Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք: Թեև հիմա էլ նրան չեք տեսնում, սակայն հավատում եք և աննկարագրելի ու փառավոր ուրախություն եք ապրում՝ 9 գնալով դեպի ձեր հավատի վերջնագիծը՝ դեպի փրկություն:+
10 Մարգարեները, որոնք մարգարեանում էին անզուգական բարության մասին, որը ցուցաբերվելու էր ձեր հանդեպ, ջանադրաբար քննում ու խորությամբ ուսումնասիրում էին այն ամենը, ինչը վերաբերում էր հենց այդ փրկությանը:+
11 Նրանք ձգտում էին հասկանալ, թե երբ և ինչ հանգամանքներում էր Քրիստոսի առնչությամբ կատարվելու այն, ինչ իրենց նախապես ասում էր իրենց մեջ գտնվող ոգին,+ երբ հայտնում էր այն մասին, որ Քրիստոսը տառապելու էր,+ իսկ հետո՝ փառավորվելու: 12 Աստված այդ մարգարեներին հայտնեց, որ նրանք ոչ թե իրենց էին ծառայում, այլ ձեզ, երբ գրում էին այն, ինչի մասին դուք իմացաք նրանցից, ովքեր երկնքից ուղարկված սուրբ ոգով հայտնեցին ձեզ բարի լուրը:+ Հենց այս բաներն են հրեշտակները փափագում հասկանալ:
13 Մտովի պատրաստվեք գործի անցնելու,*+ միշտ ողջամիտ եղեք,+ ձեր հույսը դրեք անզուգական բարության վրա, որը ցուցաբերվելու է ձեր հանդեպ Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ: 14 Լինելով հնազանդ զավակներ՝ այլևս թույլ մի՛ տվեք, որ այն ցանկությունները, որոնք ունեիք այն ժամանակ, երբ չէիք ճանաչում Աստծուն, կառավարեն* ձեզ: 15 Ձեզ կանչած Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում,+ 16 որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»:+
17 Եթե դուք խնդրանքներով դիմում* եք Հորը, ով յուրաքանչյուրին անկողմնակալությամբ դատում է+ ըստ իր գործերի, ապա այս աշխարհում ապրելով որպես ժամանակավոր բնակիչներ՝ գործերով փաստեք, որ աստվածավախ* եք:+ 18 Չէ՞ որ դուք գիտեք, որ ձեր նախահայրերից ժառանգած* անիմաստ ապրելակերպից ազատվեցիք*+ ոչ թե ապականվող բաներով՝ արծաթով կամ ոսկով, 19 այլ Քրիստոսի թանկագին արյունով,+ որը նման է մի անարատ ու անբիծ գառան արյան:+ 20 Ճիշտ է, նա ընտրված էր* դեռևս աշխարհի սկզբնավորումից* առաջ,+ բայց ժամանակների վերջում հայտնվեց հանուն ձեզ:+ 21 Շնորհիվ նրա դուք հավատում եք Աստծուն,+ ով հարություն տվեց նրան+ և փառք շնորհեց,+ որպեսզի ձեր հույսն ու հավատը Աստված լինի:
22 Ճշմարտությանը հնազանդվելով՝ դուք մաքրագործվել եք, այդ պատճառով անկեղծորեն սիրում եք իրար+ ինչպես եղբայրների:* Եվ հիմա սրտա՛նց ու ջերմորե՛ն սիրեք իրար,+ 23 որովհետև դուք կենդանի և հավերժական Աստծու խոսքի միջոցով կրկին ծնվեցիք+ ոչ թե ապականվող, այլ չապականվող սերմից,*+ 24 ինչպես որ գրված է. «Բոլոր մարդիկ* խոտի պես են, և նրանց ողջ փառքը՝ դաշտի ծաղկի պես. խոտը չորանում է, ծաղիկն՝ ընկնում, 25 բայց Եհովայի* խոսքը մնում է հավիտյան»:+ Եվ այդ «խոսքը» այն բարի լուրն է, որը քարոզվեց ձեզ:+
2 Ուրեմն ազատվեք ամեն չարությունից,+ խաբեությունից, կեղծավորությունից ու նախանձից և վիրավորական խոսքեր մի՛ ասեք: 2 Նորածին մանուկների պես+ փափագ զարգացրեք Աստծու խոսքի անարատ կաթի հանդեպ, որպեսզի դրա շնորհիվ աճեք և հասնեք փրկության,+ 3 քանի որ ճաշակել եք Տիրոջ բարությունը:
4 Երբ դուք գալիս եք նրա, այսինքն՝ կենդանի քարի մոտ, ով թեև մերժվեց մարդկանց կողմից,+ բայց ընտրվեց Աստծու կողմից և թանկ է նրա համար,+ 5 ձեզնով՝ կենդանի քարերով, հոգևոր տուն է կառուցվում,+ որպեսզի դուք սուրբ քահանայություն լինեք և Հիսուս Քրիստոսի միջոցով+ Աստծուն ընդունելի հոգևոր զոհեր մատուցեք:+ 6 Չէ՞ որ սուրբ գրքերից մեկում գրված է. «Սիոնում ես մի քար եմ դնում՝ հիմքի անկյունաքար՝ ընտրված և թանկարժեք, և նրան հավատացողը երբեք չի հիասթափվի»:*+
7 Ձեզ համար նա թանկարժեք է, քանի որ հավատում եք, բայց չհավատացողների համար այդպես չէ. սուրբ գրվածքներից մեկում ասվում է՝ «Այն քարը, որ մերժեցին շինարարները,+ դարձավ գլխավոր անկյունաքարը»,*+ 8 նաև «գայթակղության քար և ժայռ, որը խոչընդոտ է ճանապարհին»:+ Նրանք սայթաքում են, քանի որ չեն հնազանդվում խոսքին: Հենց այսպիսի վախճան է որոշված նման մարդկանց համար: 9 Իսկ դուք «ընտրյալ ժողովուրդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ,+ մի ժողովուրդ, որն ընտրվել է որպես հատուկ սեփականություն,+ որպեսզի ամենուրեք հռչակի գերազանց հատկությունները»+ Նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ:+ 10 Մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք:+ Ձեր հանդեպ գթասրտություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ցուցաբերվեց:+
11 Սիրելինե՛ր, հորդորում եմ ձեզ՝ որպես պանդուխտների և ժամանակավոր բնակիչների.+ հեռո՛ւ մնացեք մեղսածին ցանկություններից,+ որոնք պատերազմում են ձեր դեմ:+ 12 Լավ վարք ունեցեք մարդկանց* մեջ,+ որ երբ ձեզ մեղադրեն չարագործ լինելու մեջ, տեսնեն ձեր լավ գործերը+ և փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա:
13 Հանուն Տիրոջ՝ հպատակվեք իշխանություն ունեցողներին՝*+ թե՛ թագավորին՝+ որպես բարձր դիրք ունեցողի, 14 և թե՛ կառավարիչներին, որոնք թագավորի կողմից նշանակված են չարագործներին պատժելու, իսկ բարին գործողներին գովելու համար,+ 15 որովհետև Աստծու կամքն այն է, որ բարին գործելով՝ դուք լռեցնեք անխոհեմ մարդկանց, որոնք խոսում են մի բանի մասին, ինչից գաղափար չունեն:+ 16 Եղեք ինչպես ազատ մարդիկ,+ բայց ձեր ազատությունը մի՛ օգտագործեք որպես չարությունը արդարացնելու* միջոց,+ այլ այդ ազատությունից օգտվեք, ինչպես Աստծու ծառաներ:+ 17 Հարգանքով վերաբերվեք ամեն տեսակ մարդկանց,+ սիրեք ողջ եղբայրությունը,+ վախեցեք Աստծուց,+ պատվեք թագավորին:+
18 Ծառաները թող ակնածանքով հպատակվեն իրենց տերերին,+ ոչ միայն բարիներին և խոհեմներին, այլև նրանց, ում դժվար է հաճեցնել: 19 Քանի որ երբ մեկը դիմանում է դժվարությունների* և անարդարացիորեն տառապանքներ է կրում՝ Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալու համար, դա հաճելի է Աստծուն:+ 20 Եթե դուք դիմանում եք, երբ ձեզ ծեծում են ձեր գործած մեղքերի համար, ի՞նչ արժեք ունի դա:+ Բայց եթե բարին գործելու համար եք տառապանքների դիմանում, ապա դա հաճելի է Աստծուն:+
21 Իրականում հենց սրա համար եք կանչվել, որովհետև Քրիստոսն էլ տառապեց հանուն ձեզ՝+ օրինակ թողնելով, որ ձգտեք անշեղորեն նրա հետքերով գնալ:+ 22 Նա ոչ մի մեղք չգործեց,+ ոչ էլ խաբեություն կար նրա շուրթերին:+ 23 Երբ նրան վիրավորում էին,+ նա, ի պատասխան, չէր վիրավորում:+ Երբ տառապանքներ էր կրում,+ չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր Նրա ձեռքը, ով արդարությամբ է դատում:+ 24 Նա սյան* վրա+ իր մարմնում կրեց մեր մեղքերը,+ որպեսզի ազատվենք դրանցից ու ապրենք արդարության համար: Եվ «նրա վերքերը բուժեցին ձեզ»:+ 25 Դուք մոլորված ոչխարների պես էիք,+ բայց հիմա վերադարձել եք ձեր* հովվի+ ու պահապանի* մոտ:
3 Այդպես էլ դուք, կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին,+ որպեսզի նրանցից ոմանք, եթե չեն հնազանդվում Աստծու խոսքին, առանց խոսքի շահվեն ձեր վարքով՝+ 2 տեսնելով ձեր պարկեշտությունն+ ու խոր հարգանքը: 3 Ձեր զարդարանքը թող լինի ոչ թե արտաքուստ՝ մազերի հյուսերը, ոսկյա զարդերը+ կամ շքեղ հագուստները, 4 այլ ներքուստ՝ այն, ինչ սրտում է՝ հանդարտ ու մեղմ ոգու անթառամ գեղեցկությունը,+ որը մեծ արժեք ունի Աստծու աչքում: 5 Հենց այսպես էին իրենց զարդարում այն սուրբ կանայք, ովքեր իրենց հույսը Աստծու վրա էին դրել. նրանք հպատակվում էին իրենց ամուսիններին, 6 ինչպես որ Սառան հնազանդվում էր Աբրահամին և նրան տեր կոչում:+ Դուք Սառայի դուստրերը կլինեք, եթե շարունակեք բարին գործել և տեղի չտաք վախին:+
7 Նմանապես դուք, ամուսիննե՛ր, հասկացողությամբ վարվեք ձեր կանանց հետ* և նրանց պատիվ տվեք՝+ վերաբերվելով որպես ավելի փխրուն անոթի, քանի որ ձեզ պես՝ նրանք էլ են կյանքի պարգևի ժառանգներ:+ Այդ դեպքում ձեր աղոթքների առաջ արգելք չի լինի:
8 Եվ ի վերջո բոլորդ մեկ մտքի եղեք,+ ցավակից, խորապես կարեկցող,+ խոնարհ և սիրեք իրար ինչպես եղբայրների:+ 9 Չարի դիմաց չարով մի՛ հատուցեք,+ ոչ էլ վիրավորանքի դիմաց՝ վիրավորանքով,+ այլ հակառակը՝ օրհնեք,+ որովհետև դրա համար եք կանչվել, և դուք օրհնություն կժառանգեք:
10 Քանի որ գրված է. «Ով ուզում է վայելել կյանքը և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն հետ պահի չար խոսքերից+ և շուրթերը՝ սուտ խոսելուց 11 և թող հեռանա չար բաներից+ ու բարին անի,+ թող խաղաղության ձգտի ու ջանադրաբար այն պահպանի,+ 12 որովհետև Եհովայի* աչքերն ուղղված են արդարներին, և նրա ականջները լսում են նրանց աղաչանքները:+ Բայց չարագործներին Եհովան մերժում է»:*+
13 Եվ իրոք, ո՞վ կվնասի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու հարցում:+ 14 Բայց եթե հանուն արդարության՝ չարչարվում էլ եք, երջանիկ եք:+ Սակայն մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում,* և ոչ էլ անհանգստացեք:+ 15 Այլ ձեր սրտերում ընդունեք, որ Քրիստոսը Տեր է, և որ նա սուրբ է: Միշտ պատրաստ եղեք ի պաշտպանություն ձեր հույսի խոսելու յուրաքանչյուր մարդու առաջ, ով կպահանջի բացատրել, թե ինչի վրա է այն հիմնված: Սակայն դա արեք մեղմությամբ+ ու խոր հարգանքով:+
16 Ձեր խիղճը մաքուր պահեք,+ որպեսզի ինչի համար էլ որ մարդիկ ձեզ մեղադրեն, ամոթով մնան՝+ տեսնելով Քրիստոսի հետևորդներին վայել ձեր լավ վարքը,+ 17 քանի որ ավելի լավ է բարիք գործելու համա՛ր տառապանք կրել,+ եթե դա Աստված է թույլ տալիս, քան՝ չարիք գործելու:+ 18 Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի քավության համար՝+ արդարը՝ անարդարների համար,+ որպեսզի ձեզ առաջնորդի դեպի Աստված:+ Նա սպանվեց որպես մարդ,+ բայց կյանքի բերվեց որպես ոգի:+ 19 Հետո գնաց ու քարոզեց բանտում գտնվող ոգիներին,+ 20 որոնք Նոյի օրերում անհնազանդ էին եղել: Այդ ժամանակ Աստված համբերությամբ սպասում էր,+ մինչ կառուցվում էր տապանը,+ որում մի քանի մարդ՝ ութ հոգի, ապահով անցավ ջրերով:+
21 Այն, ինչ եղավ այդ օրերում, համապատասխանում է մկրտությանը (այն մարմնի կեղտը հեռացնելը չէ, այլ մաքուր խիղճ ունենալու համար Աստծուն ուղղված խնդրանք է),+ որը հիմա էլ ձեզ է փրկում Հիսուս Քրիստոսի հարության միջոցով: 22 Նա գնաց երկինք ու հիմա Աստծու աջ կողմում է,+ և հրեշտակները, իշխանություններն ու զորությունները նրան հպատակեցվեցին:+
4 Քանի որ Քրիստոսը որպես մարդ տառապանքներ կրեց,+ դուք էլ զինվեք նրա մտածելակերպով:* Որովհետև ով տառապանքներ է կրել, դադարել է մեղք գործելուց,+ 2 որպեսզի իր երկրային կյանքի մնացած ժամանակը ոչ թե մարդկանց ցանկությունները կատարելու համար ապրի,+ այլ Աստծու կամքը:+ 3 Բավական է, ինչքան որ անցյալում ազգերի կամքը կատարեցիք՝+ լկտի վարք* դրսևորելով, տրվելով անսանձ ցանկություններին և չափից շատ խմելուն, մասնակցելով անզուսպ խրախճանքների, խմելու մրցումների և զբաղվելով կռապաշտությամբ, որն անօրենություն է:+ 4 Քանի որ դուք այլևս նրանց պես՝ անառակ կյանքով չեք ապրում, նրանք տարակուսանքի մեջ են ու ձեր հասցեին վիրավորական խոսքեր են ասում:+ 5 Բայց այդ մարդիկ հաշիվ են տալու նրան, ով պատրաստ է դատելու ողջերին ու մահացածներին:+ 6 Բարի լուրը քարոզվեց նաև մահացածներին,*+ որպեսզի նրանք Աստծու տեսանկյունից հոգևորապես ողջ լինեն,* թեև մարդիկ նրանց դատում են՝ արտաքին բաների վրա հիմնվելով:*
7 Ամեն ինչի վերջը մոտեցել է: Ուստի ողջամիտ եղեք+ և միշտ հիշեք աղոթքի կարևորության մասին:*+ 8 Ամենից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ,+ որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը:+ 9 Հյուրասիրություն ցույց տվեք միմյանց հանդեպ՝ առանց տրտնջալու:+ 10 Լինելով Աստծու անզուգական բարությամբ ստացած զանազան պարգևների լավ տնտեսներ՝ յուրաքանչյուրդ ինչ պարգև որ ստացել է,* թող օգտագործի այն՝ մյուսներին ծառայելու համար:+ 11 Եթե մեկը խոսում է, թող հստակ երևա, որ նա Աստծու խոսքերն է հայտնում: Ով ծառայում է, թող դա անի՝ ապավինելով Աստծու տված զորությանը:+ Այդպիսով Աստված ամեն ինչում կփառավորվի+ Հիսուս Քրիստոսի միջոցով: Փառքն ու զորությունը նրանն են հավիտյանս հավիտենից: Ամեն:
12 Սիրելինե՛ր, մի՛ զարմացեք և տարօրինակ մի՛ համարեք այն, որ բախվում եք կրակոտ փորձությունների:+ 13 Ընդհակառակը՝ ուրախացեք,+ որ բաժնեկից եք Քրիստոսի տառապանքներին,+ որպեսզի երբ նրա փառքը հայտնի դառնա, այդ ժամանա՛կ էլ ուրախանաք ու ցնծաք:+ 14 Եթե Քրիստոսի անվան համար ձեզ նախատում* են, երջանիկ եք,+ որովհետև դա նշանակում է, որ ունեք փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին:
15 Սակայն ձեզանից ոչ ոք թող տառապանքների չենթարկվի որպես մարդասպան, գող, չարագործ կամ էլ ուրիշների գործերին խառնվող:+ 16 Իսկ եթե որևէ մեկը որպես քրիստոնյա է տառապում, թող չամաչի,+ այլ թող շարունակի փառավորել Աստծուն՝ ապրելով քրիստոնեավայել կյանքով: 17 Եկել է սահմանված ժամանակը, որ դատաստանը սկսվի Աստծու տնից:+ Եվ եթե այն մեզնից է սկսվելու,+ ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր չեն հնազանդվում Աստծու բարի լուրին:+ 18 «Եվ եթե արդարի համար է փրկվելը դժվար, ապա ի՞նչ է լինելու անարդարին ու մեղավորին»:+ 19 Դրա համար էլ նրանք, ովքեր տառապանքներ են կրում Աստծու կամքը կատարելու համար, թող իրենց հանձնեն հավատարիմ Արարչի ձեռքը և շարունակեն բարին գործել:+
5 Ես, որ նույնպես երեց եմ և տեսել եմ Քրիստոսի տառապանքներն ու ձեզ հետ ստանալու եմ այն փառքը, որը հայտնի է դառնալու,+ ձեր մեջ եղող երեցներին այս հորդորն եմ տալիս. 2 ծառայելով* որպես վերակացուներ՝* հովվեք Աստծու հոտը,+ որը ձեր հոգածությանն է հանձնվել. դա արեք ոչ թե ստիպված, այլ Աստծուն հաճելի պատրաստակամությամբ,+ ոչ թե շահասիրությունից դրդված,+ այլ ջանասիրությամբ, 3 ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու սեփականությունն* են,+ այլ հոտին օրինակ լինելով:+ 4 Եվ երբ հովվապետը+ հայտնվի, դուք կստանաք փառքի անթառամ պսակը:+
5 Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք ձեզանից տարիքով ավելի մեծ տղամարդկանց:*+ Բոլորդ միմյանց հետ խոնարհությամբ վարվեք,* որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում:+
6 Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ճիշտ ժամանակին նա բարձրացնի ձեզ,+ 7 և ձեր ամբողջ հոգսը* նրան հանձնեք,+ որովհետև նա հոգ է տանում ձեզ համար:+ 8 Մի՛ կորցրեք ձեր զգոնությունը, արթո՛ւն եղեք:+ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես շրջում է ու զոհ փնտրում, որ կուլ տա:+ 9 Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան՝+ հիշելով, որ նման տառապանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում:+ 10 Աստված՝ անզուգական բարության աղբյուրը, ով ձեզ դեպի իր հավիտենական փառքը կանչեց,+ քանի որ միավորված եք Քրիստոսի հետ, ձեր՝ մի փոքր ժամանակ տառապելուց հետո ավարտին կհասցնի ձեր ուսուցումը: Նա կզորացնի ձեզ,+ ամուր և հաստատուն կդարձնի:+ 11 Նրանն է զորությունը հավիտյան: Ամեն:
12 Այս կարճ նամակով, որն ինձ օգնեց գրել Սիլվանոսը,*+ ով հավատարիմ եղբայր է, ուզեցի քաջալերել ձեզ և հավաստիացնել, որ Աստված ձեր հանդեպ իսկապես անզուգական բարություն է դրսևորել: Ամուր կառչեք դրան: 13 Ձեզ իր բարևներն է ուղարկում նա,* ով Բաբելոնում է՝ ձեզ պես ընտրվածը, ինչպես նաև Մարկոսը՝+ իմ որդին: 14 Ողջունեք իրար սիրո համբույրով:
Խաղաղություն լինի բոլորիդ՝ ձեզ, որ Քրիստոսի հետ միավորված եք:
Բառարանում տես «Ասիա»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «ցողված լինեք»:
Բռց.՝ «Գոտևորեք ձեր մտքի ազդրերը»:
Կամ՝ «ձևավորեն»:
Բռց.՝ «կանչում»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «որ ավանդաբար ձեզ փոխանցված»:
Բռց.՝ «փրկագնվեցիք»:
Կամ՝ «նրա մասին նախապես հայտնի էր»:
Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:
Կամ՝ «ձեռք եք բերել կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն»:
Այսինքն՝ վերարտադրվելու և պտուղ տալու հատկություն ունեցող սերմից:
Բռց.՝ «Ամեն մարմին»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «ամոթով չի մնա»:
Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:
Բռց.՝ «ազգերի»:
Կամ՝ «իշխանական կառույցներին»:
Բռց.՝ «ծածկելու»:
Կամ՝ «վշտին»,«ցավին»:
Կամ՝ «գերանի»:
Կամ՝ «ձեր հոգիների»:
Բռց.՝ «վերակացուի»: Հուն.՝ էպիսկոպոս: Բառարանում տես «Վերակացու»:
Կամ՝ «ձգտեք հասկանալ ձեր կանանց», «ձեր կանանց հետ ապրեք գիտելիքի համաձայն»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «Բայց Եհովայի երեսը չարագործների դեմ է»:
Կամ հնարավոր է՝ «մի՛ վախեցեք նրանց սպառնալիքներից»:
Կամ՝ «վճռականությամբ»:
Կամ՝ «անամոթ վարք»: Հուն. ասելգեյա բառի հոգնակի ձևը: Բառարանում տես «Լկտի վարք»:
Այսինքն՝ հոգևոր իմաստով մահացածներին: Տես Եփ 2:1:
Կամ՝ «ապրեն ոգու համաձայն»:
Կամ՝ «մարմնով»:
Կամ՝ «զգոն եղեք աղոթք անելու հարցում»:
Կամ՝ «յուրաքանչյուրդ ինչ չափով որ պարգև է ստացել»:
Կամ՝ «վիրավորում»:
Կամ՝ «ամենայն ուշադրությամբ հոտին հետևելով»:
Բառարանում տես «Վերակացու»:
Բռց.՝ «ժառանգությունը»:
Կամ՝ «հպատակվեք երեցներին»:
Բռց.՝ «խոնարհամտությամբ գոտևորվեք»:
Կամ՝ «բոլոր մտահոգությունները»:
Կոչվում է նաև Շիղա:
Հուն.-ում սա իգական սեռի դերանուն է: Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնում գտնվող ժողովի մասին է: