Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 1 Տիմոթեոս 1 ։ 1–6 ։ 21
  • 1 Տիմոթեոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 Տիմոթեոս
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Տիմոթեոս

ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

1 Ես՝ Պողոսս, որ առաքյալ եմ նշանակվել մեր Փրկչի՝ Աստծու և մեր հույսի+ հիմք Քրիստոս Հիսուսի հրամանով, 2 գրում եմ Տիմոթեոսին՝*+ հավատի մեջ իմ հարազատ զավակին:+

Թող Աստված՝ Հայրը, և մեր Տեր Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն ու գթասրտություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:

3 Երբ պատրաստվում էի ուղևորվել Մակեդոնիա, քեզ հորդորեցի մնալ Եփեսոսում: Հիմա էլ եմ հորդորում, որ մնաս ու պատվիրես ոմանց, որ ուրիշ ուսմունք չսովորեցնեն, 4 ուշադրություն չդարձնեն հորինված պատմություններին+ ու չտարվեն տոհմաբանություններով: Այդպիսի բաները ոչ մի օգուտ չեն բերում,+ միայն անհիմն ենթադրությունների տեղիք են տալիս և ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչ Աստված տալիս է մեր հավատն ամրացնելու համար: 5 Այս պատվերը նրա համար է, որ բոլորը դրսևորեն սեր,+ որը բխում է մաքուր սրտից, մաքուր խղճից և կեղծավորությունից զերծ հավատից:+ 6 Այս ամենը թողած՝ ոմանք տարվել են դատարկ զրույցներով:+ 7 Նրանք ուզում են լինել օրենքի ուսուցիչներ,+ բայց ո՛չ հասկանում են, թե ինչ են խոսում, ո՛չ էլ գլուխ են հանում այն ամենից, ինչն այդպես համառորեն պնդում են:

8 Ինչ խոսք, մենք գիտենք, որ Օրենքը լավ է, եթե այն ճիշտ* է գործադրվում: 9 Չէ՞ որ օրենքները սահմանված են ոչ թե արդար մարդու համար, այլ օրինազանցների+ ու ըմբոստների, Աստծուն արհամարհողների ու մեղսագործների, անհավատարիմների* ու սրբապիղծների, ծնողասպանների ու մարդասպանների, 10 անբարոյականների,* միասեռականների,* առևանգիչների, ստախոսների, սուտ երդում տվողների և մյուս բոլորի համար, ովքեր ճիշտ* ուսմունքին հակառակ բաներ են անում:+ 11 Այդ ուսմունքը ներդաշնակ է երջանիկ Աստծու փառավոր բարի լուրին, որը նա վստահեց ինձ:+

12 Երախտապարտ եմ մեր Տեր Քրիստոս Հիսուսին՝ ինձ զորություն տվողին, որ նա, ինձ հավատարիմ համարելով, ծառայության նշանակեց,+ 13 թեև նախկինում ես աստվածանարգ, հալածող ու հանդուգն մարդ էի:+ Բայց իմ հանդեպ գթասրտություն ցուցաբերվեց, քանի որ իմ անգիտության և անհավատության պատճառով էի այդպես վարվում: 14 Մեր Տերը առատորեն անզուգական բարություն* ցուցաբերեց իմ հանդեպ, և ես Քրիստոս Հիսուսի շնորհիվ ձեռք բերեցի հավատ ու սեր: 15 Եվ այն, ինչ հիմա կասեմ, ճշմարիտ է ու արժանի լիակատար վստահության. Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու:+ Այդ մեղավորների մեջ առաջինը ես եմ:+ 16 Այդուհանդերձ, իմ հանդեպ գթասրտություն ցուցաբերվեց, որպեսզի իմ՝ վատթարագույն մեղավորիս օրինակով Քրիստոս Հիսուսը ցույց տա, թե որքան մեծ է իր համբերատարությունը, և իմ օրինակով օգնի մյուսներին, ովքեր իր հանդեպ հավատ կդրսևորեն, որ հավիտենական կյանք ստանան:+

17 Թող հավիտենության Թագավորին՝+ անմահ,*+ անտեսանելի+ և միակ Աստծուն,+ փառք ու պատիվ տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:

18 Տիմոթեո՛ս, զավա՛կս, իմ տված այս պատվերը ներդաշնակ է քո մասին արված մարգարեական կանխատեսումներին: Դրանց համաձայն վարվելով՝ դու կկարողանաս շարունակել վեհ նպատակով մղվող պատերազմդ՝+ 19 պահպանելով քո հավատն ու մաքուր խիղճը,+ ինչից ոմանք հրաժարվեցին, և արդյունքում նրանց հավատը նավաբեկության ենթարկվեց: 20 Այդպիսիներից են Հիմենեոսն+ ու Ալեքսանդրոսը: Ես նրանց Սատանային հանձնեցի,*+ որ խրատվեն և սովորեն չանարգել Աստծուն:

2 Նախևառաջ հորդորում եմ, որ աղաչանքներ, աղոթքներ, խնդրանքներ ու շնորհակալական խոսքեր ուղղեք Աստծուն ամեն տեսակ մարդկանց համար, 2 այդ թվում՝ թագավորների և բարձր դիրք* ունեցողների,+ որպեսզի մենք շարունակենք հանգիստ ու խաղաղ կյանք վարել՝ ամեն ինչում դրսևորելով լրջամտություն և Աստծու հանդեպ նվիրվածություն:+ 3 Այս ամենը լավ է և հաճելի մեր Փրկչի՝ Աստծու+ աչքին, 4 ով կամենում է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան ու փրկվեն:+ 5 Կա մեկ Աստված+ ու մեկ միջնորդ+ Աստծու և մարդկանց միջև՝+ Քրիստոս Հիսուսը՝ այն մարդը,+ 6 ով իր անձը որպես համապատասխան փրկագին տվեց բոլորի* համար.+ այս մասին է, որ իր ժամանակին պետք է վկայություն տրվի: 7 Հենց այդ վկայությունը տալու համար է,+ որ ես նշանակվեցի քարոզիչ ու առաքյալ՝+ հավատի ու ճշմարտության մասին այլազգիներին սովորեցնող ուսուցիչ (ճիշտն եմ ասում, չեմ ստում):+

8 Ցանկանում եմ, որ ամեն տեղ, որտեղ հավաքվում եք, աղոթք մատուցող տղամարդիկ լինեն նվիրված*+ և զերծ զայրույթից+ ու վիճաբանություններից:+ 9 Իսկ կանայք թող իրենց զարդարեն ոչ թե մազերի պերճաշուք հյուսքերով, ոսկով, մարգարիտներով կամ էլ շատ թանկարժեք հագուստով, այլ վայելուչ հագուկապով, համեստությամբ, ողջամտությամբ+ 10 և բարի գործերով՝ այնպես, ինչպես վայել է Աստծուն նվիրված կանանց:+

11 Ուսուցանվելիս* կանայք թող լուռ* լինեն ու լիովին հնազանդ:+ 12 Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա:+ 13 Ի վերջո, նախ Ադամը ստեղծվեց, հետո՝ Եվան:+ 14 Եվ Ադամը չէր, որ խաբվեց, այլ կինն էր, որ խաբվեց+ ու խախտեց Աստծու պատվիրանը: 15 Ինչևէ, մայրությունը պաշտպանություն կլինի կնոջ համար,+ եթե միայն նա պահպանի իր հավատը, սերը, սրբությունն ու ողջամտությունը:+

3 Այն, ինչ հիմա կասեմ, ճշմարիտ է. նա, ով ձգտում է ծառայել որպես վերակացու,+ լավ գործի է ձգտում: 2 Վերակացուն պետք է լինի անմեղադրելի, ունենա միայն մեկ կին, լինի սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ,+ կարգապահ, հյուրասեր,+ ուսուցանելու ունակ,+ 3 խոհեմ*+ և չպետք է լինի հարբեցող,+ բռնություն գործադրող,* կռվարար,+ փողասեր:+ 4 Նա պետք է իր ընտանիքը լավ ղեկավարի, ունենա հնազանդ ու դաստիարակված երեխաներ+ 5 (քանի որ եթե մեկը չգիտի՝ ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին): 6 Նա չպետք է լինի նորահավատ,+ որ հանկարծ հպարտությամբ չլցվի ու չարժանանա այնպիսի դատավճռի, ինչպիսին Բանսարկուի համար է կայացվել: 7 Բացի այդ՝ նա պետք է լավ համբավ ունենա դրսի մարդկանց շրջանում,+ որպեսզի նրանց ամոթանքին* չարժանանա և չընկնի Բանսարկուի թակարդը:

8 Ծառայող օգնականները պետք է լինեն լրջամիտ, չլինեն երկերեսանի,* չափից շատ գինի խմող, շահամոլ,+ 9 պետք է ամուր պահեն քրիստոնեական հավատը՝ սրբազան գաղտնիքը, և միևնույն ժամանակ մաքուր խիղճ ունենան:+

10 Նախ հարկավոր է ստուգել, թե արդյոք նրանք համապատասխան են այդ ծառայության համար, և եթե անմեղադրելի լինեն, ապա թող ծառայեն:+

11 Կանայք նույնպես պետք է լինեն լրջամիտ, չզրպարտող,+ իրենց սովորությունների մեջ չափավոր, ամեն ինչում հավատարիմ:+

12 Ծառայող օգնականները պետք է միայն մեկ կին ունենան, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և առհասարակ իրենց ընտանիքը: 13 Չէ՞ որ պատշաճ ձևով ծառայող տղամարդիկ լավ համբավ են ձեռք բերում և կարող են մեծ ազատությամբ խոսել Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին:

14 Ես հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ, բայց այս ամենը գրում եմ, 15 որ եթե ուշանամ էլ, իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծու ընտանիքում,+ այսինքն՝ կենդանի Աստծու ժողովում, որը ճշմարտության սյունն ու հենարանն է: 16 Անկասկած, անչափ կարևոր է այս սրբազան գաղտնիքը, որը կապված է Աստծուն նվիրված մնալու հետ. «Նա* ի հայտ եկավ, երբ ֆիզիկական մարմնով էր,+ արդար հայտարարվեց, երբ ոգեղեն մարմնով էր,+ հայտնվեց հրեշտակներին,+ քարոզվեց ազգերի մեջ,+ աշխարհում մարդիկ հավատացին նրան,+ նա երկինք բարձրացվեց ու փառավորվեց»:

4 Սակայն Աստծու ներշնչմամբ ասված խոսքերը հստակ հայտնում են,* որ ապագայում կգան ժամանակներ, երբ ոմանք կթողնեն հավատը, քանի որ ուշադրություն կդարձնեն մոլորեցնող խոսքերի, որոնք իբր թե Աստծու ներշնչմամբ են տրված,*+ և ականջ կդնեն դևերի ուսմունքներին, 2 ինչպես նաև կեղծավոր մարդկանց ստերին,+ ում խիղճը դաղված* է, ասես շիկացած երկաթով: 3 Նրանք արգելում են ամուսնանալ+ և պատվիրում են հրաժարվել ուտելիքներից,+ որոնք Աստված ստեղծել է,+ որ հավատ ունեցող+ ու ճշմարտությունը ճշգրտորեն իմացող մարդիկ շնորհակալություն հայտնելով վայելեն: 4 Աստծու ստեղծած ամեն ինչն էլ լավ է,+ և եթե ուտում ես շնորհակալություն հայտնելով, ոչ մի ուտելիքից էլ պետք չէ հրաժարվել,+ 5 քանի որ այն սրբագործված* է Աստծու խոսքով և աղոթքով:

6 Եղբայրներին տալով այս խորհուրդները՝ դու կլինես Քրիստոս Հիսուսի լավ ծառա, որ սնվում է ճշմարտության խոսքերով և սերտորեն հետևում է վեհ ուսմունքին:+ 7 Մերժիր աստվածանարգ սուտ պատմությունները,+ ինչպես, օրինակ, պառավական պատմությունները: Նաև նպատակ դիր Աստծուն նվիրված լինել և մարզիր ինքդ քեզ, որ հասնես դրան: 8 Ֆիզիկական մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը ամեն առումով է օգտակար, քանի որ դրա շնորհիվ կարող ենք ձեռք բերել Աստծու խոստացած օրհնությունները թե՛ այս կյանքում, թե՛ գալիք:+ 9 Այն, ինչ ասացի, ճշմարիտ է և արժանի լիակատար վստահության: 10 Հենց դրա համար ենք եռանդագին ջանքեր թափում+ և մեր ձեռքից եկածն անում: Չէ՞ որ մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, ով Փրկիչն է+ ամեն տեսակ մարդկանց,+ հատկապես՝ հավատարիմների:

11 Շարունակիր տալ այս պատվերները և սովորեցնել այս ամենը: 12 Այնպես արա, որ ոչ ոք անլուրջ չվերաբերվի քեզ, ինչ է թե երիտասարդ ես. հավատարիմ մարդկանց համար լավ օրինակ եղիր քո խոսքով, վարքով, սիրով, հավատով և մաքրությամբ: 13 Մինչև իմ գալը շարունակիր ուժերդ ներդնել հանրային ընթերցանության,+ հորդորներ տալու* և ուսուցանելու գործում: 14 Մատների արանքով մի՛ նայիր քո ունեցած պարգևին, որը տրվեց քեզ, երբ երեցների խորհուրդը, մարգարեական կանխատեսման համաձայն, իր ձեռքերը դրեց քեզ վրա:+ 15 Խորհրդածիր այս ամենի մասին, կլանված եղիր դրանցով: Այդ դեպքում քո առաջադիմությունը բոլորի համար ակնհայտ կլինի: 16 Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն:+ Հաստատակամորեն շարունակիր անել այս ամենը, որովհետև այդպիսով կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին:+

5 Խստորեն մի՛ քննադատիր տարեց մարդուն:+ Ընդհակառակը, մեղմությամբ հորդորիր նրան, ինչպես հոր, իսկ երիտասարդ տղամարդկանց հորդորիր, ինչպես եղբայրների, 2 մեծահասակ կանանց՝ ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն մաքրությամբ:

3 Հոգ տար* այրի կանանց, որոնք իսկապես անօգնական են մնացել:*+ 4 Բայց եթե որևէ այրի երեխաներ և թոռներ ունի, թող նրանք սովորեն Աստծու հանդեպ նվիրվածությունը նախևառաջ ցույց տալ իրենց ընտանիքներում+ և հոգ տանեն ծնողներին, տատերին ու պապերին՝ կատարելով իրենց պարտականությունը,+ քանի որ դա է հաճելի Աստծուն:+ 5 Այրին, ով իսկապես անօգնական է մնացել ու ապրուստի միջոց չունի, իր հույսը դնում է Աստծու վրա+ և օր ու գիշեր աղաչանքներ ու աղոթքներ է անում:+ 6 Իսկ այն այրին, ով ձգտում է միայն իր ցանկությունները բավարարել, թեև ապրում է, բայց հոգևորապես մեռած է: 7 Ուստի շարունակիր նրանց* տալ այս հրահանգները, որ անմեղադրելի լինեն: 8 Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում նրանց, ում հանդեպ պարտավորություն ունի, հատկապես՝ իր ընտանիքի անդամներին, նա հավատն ուրացել է և անհավատից էլ վատն է:+

9 Ցուցակի մեջ թող ընդգրկվի այն այրին, ով առնվազն 60 տարեկան է, հավատարիմ է եղել իր ամուսնուն* 10 և ճանաչված է իր լավ գործերով,+ այսինքն՝ լավ է դաստիարակել իր երեխաներին,+ հյուրասիրություն է դրսևորել,+ լվացել է սրբերի ոտքերը,*+ օգնության է հասել նեղության մեջ լինողներին,+ անձնվիրաբար ամեն տեսակ բարիք է արել:

11 Բայց երիտասարդ այրի կանայք չպետք է ընդգրկվեն ցուցակի մեջ, քանի որ երբ նրանք Քրիստոսին ծառայելու փոխարեն թույլ են տալիս, որ իրենց սեռական ցանկությունները գլուխ բարձրացնեն, որոշում են ամուսնանալ: 12 Իրենց սկզբնական խոստումը* դրժելով՝ նրանք դատապարտություն են բերում իրենց վրա: 13 Բացի այդ՝ նրանք պարապության են սովորում՝ տնից տուն շրջելով, այո՛, ոչ միայն պարապ են մնում, այլև բամբասում են և ուրիշների գործերին խառնվում՝+ խոսելով բաներ, որ չպետք է խոսեն: 14 Դրա համար ուզում եմ, որ երիտասարդ այրիներն ամուսնանան,+ երեխաներ ունենան,+ տան գործերով զբաղվեն և հակառակորդներին քննադատության առիթ չտան: 15 Բանն այն է, որ այդ այրիներից ոմանք արդեն շեղվել են ճիշտ ուղուց և Սատանային են հետևում: 16 Եթե որևէ հավատացյալ կին այրի ազգականներ ունի, թող ի՛նքը օգնի նրանց, որ ժողովի վրա հավելյալ բեռ չընկնի: Այդ դեպքում ժողովը կկարողանա օգնել այն այրիներին, ովքեր իսկապես անօգնական են մնացել:+

17 Երեցները թող կրկնակի պատվի արժանանան+ ժողովը լավ առաջնորդելու համար,+ հատկապես նրանք, ովքեր շատ ջանք են թափում Աստծու խոսքի մասին խոսելու և ուսուցանելու գործում:+ 18 Չէ՞ որ սուրբ գրվածքներում ասվում է՝ «Կալ անող ցլի բերանին դնչկալ չդնեք»,+ նաև ասվում է՝ «Աշխատողը արժանի է, որ ստանա իր վարձը»:+ 19 Երեցի դեմ ներկայացված մեղադրանքը մի՛ ընդունիր որպես ճշմարտություն, քանի դեռ այն չի հաստատվել երկու կամ երեք վկաների կողմից:+ 20 Նրանց, ովքեր մեղք են գործում,+ նկատողություն արա* բոլորի առաջ,+ որպեսզի դա նախազգուշացում լինի վերջիններիս համար: 21 Աստծու, Քրիստոս Հիսուսի և ընտրյալ հրեշտակների առջև ամենայն լրջությամբ պարտավորեցնում եմ քեզ, որ հետևես այս հրահանգներին առանց կանխակալ կարծիքի և առանց կողմնապահության:+

22 Երբեք մի՛ շտապիր ձեռքերդ դնել որևէ մեկի վրա,*+ մասնակից մի՛ եղիր ուրիշների մեղքերին, մաքուր պահիր քեզ:

23 Քանի որ հաճախակի ես հիվանդանում ու ստամոքսի խնդիրներ ունես, ջուր մի՛ խմիր,* մի քիչ գինի օգտագործիր:

24 Որոշ մարդկանց մեղքերը բոլորին են հայտնի, և նրանք անմիջապես են ստանում իրենց դատաստանը, իսկ ոմանց մեղքերը ավելի ուշ են հայտնի դառնում:+ 25 Այդպես էլ բարի գործերն են հայտնի լինում բոլորին+ և եթե դեռ հայտնի էլ չեն, միևնույն է, ծածուկ չեն մնա:+

6 Ստրուկները* թող շարունակեն սրտանց պատվել իրենց տերերին,+ որ մարդիկ չվատաբանեն Աստծու անունը և ուսմունքը:+ 2 Իսկ հավատացյալ տերեր ունեցող ստրուկները թող անհարգալից չվերաբերվեն նրանց, ինչ է թե իրենց եղբայրներն են: Ընդհակառակը, պետք է ավելի մեծ պատրաստակամությամբ ծառայեն, որովհետև իրենց բարեխիղճ ծառայությունը իրենց իսկ հավատակիցների՝ սիրելի եղբայրների համար է:

Շարունակիր սովորեցնել այս ամենը և տալ այս հորդորները: 3 Եթե որևէ մեկը ուրիշ ուսմունք է սովորեցնում և համաձայն չէ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ* խոսքերին+ և այն ուսմունքին, որը Աստծու հանդեպ նվիրվածություն է խրախուսում,+ 4 ուրեմն նա հպարտությամբ է լցված և ոչինչ չի հասկանում:+ Նրա ուշքն ու միտքը բանավեճերն են ու բառերի շուրջ վիճաբանությունները:*+ Նման բաները ծնում են նախանձ, պառակտումներ, զրպարտություն,* չարամիտ կասկածներ, 5 անդադար վեճեր չնչին հարցերի շուրջ: Այդ վեճերը հրահրում են ապականված միտք ունեցող մարդիկ,+ որոնք այլևս չեն հասկանում ճշմարտությունը և կարծում են, թե աստվածանվեր լինելը օգուտ ստանալու միջոց է:+ 6 Այո՛, Աստծուն նվիրված լինելով՝+ մենք իսկապես մեծ օգուտներ ենք ստանում, բայց եթե դրա հետ մեկտեղ գոհանում ենք մեր ունեցածով: 7 Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել:+ 8 Ուստի եթե ուտելիք և հագուստ* ունենք, դրանցով բավարարվենք:+

9 Բայց նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության ու որոգայթի մեջ,+ տրվում են բազում անմիտ և վնասակար ցանկությունների, որոնք աղետ ու կործանում են բերում:+ 10 Այո՛, ամեն վնասակար բանի արմատը փողասիրությունն է, և դրան տրվելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով են խոցել:+

11 Բայց դու, Աստծո՛ւ մարդ, փախիր այդ ամենից և ջանադրաբար ձգտիր ճիշտն անել, Աստծուն նվիրված լինել, հավատ ու սեր դրսևորել, դիմանալ դժվարություններին և մեղմություն ցուցաբերել:+ 12 Մղիր հավատի վեհ պատերազմը, ամուր պահիր հավիտենական կյանքի հույսը, որի համար կանչվեցիր և որի մասին հրաշալի վկայություն տվեցիր բազմաթիվ մարդկանց առաջ:

13 Կյանք տվող Աստծու և Քրիստոս Հիսուսի առաջ, ով Պոնտացի Պիղատոսի առջև հրաշալի վկայություն տվեց,+ պատվիրում եմ քեզ, 14 որ անշեղորեն պահես այս պատվիրանները և անմեղադրելի մնաս մինչև այն ժամանակը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ցույց կտա իր զորությունը:+ 15 Երջանիկ ու միակ Տիրակալը՝ թագավորների Թագավորը և տերերի Տերը, դա կանի նշանակված ժամանակին:+ 16 Նրանց մեջ նա միակն է, ով ունի անմահություն+ և բնակվում է փառահեղ լույսի մեջ,+ որին հնարավոր չէ մոտենալ: Մարդկանցից ոչ ոք չի տեսել նրան և ոչ էլ կարող է տեսնել:+ Թող նրան պատիվ տրվի, և նրա զորությունը հավերժ լինի: Ամեն:

17 Իսկ նրանց, ովքեր ներկայիս աշխարհում* հարուստ են, պատվիրիր, որ գոռոզամիտ չլինեն և իրենց հույսը չդնեն անկայուն հարստության վրա,+ այլ ապավինեն Աստծուն, ով առատորեն տալիս է մեզ ամեն ինչ, որ վայելենք:+ 18 Պատվիրիր, որ բարիք անեն, հարուստ լինեն լավ գործերով և լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ:+ 19 Այդպիսով նրանք մնայուն գանձեր կկուտակեն, այսինքն՝ ամուր հիմք կդնեն ապագայի համար+ և կառչած կլինեն իսկական կյանքին:+

20 Տիմոթեո՛ս, պահպանիր քեզ վստահվածը՝+ հեռու մնալով սուրբ բաները ոտնահարող դատարկ զրույցներից, ինչպես նաև այսպես կոչված «գիտելիքներ» ունեցողների հակասական գաղափարներից:+ 21 Մի քանիսը, այդպիսի գիտելիքներ ի ցույց դնելով, շեղվել են հավատից:

Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ:

Նշանակում է «Աստծուն պատվող»:

Բռց.՝ «օրինական»:

Կամ՝ «հավատարիմ սիրուց զուրկ մարդկանց»:

Բառարանում տես «Անբարոյականություն»:

Բռց.՝ «տղամարդկանց հետ պառկող տղամարդկանց»:

Կամ՝ «օգտակար»: Բռց.՝ «առողջ»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Բռց.՝ «անապականելի»:

Խոսքը ժողովից հեռացնելու մասին է:

Կամ՝ «և իշխանություն»:

Կամ՝ «ամեն տեսակ մարդկանց»:

Բռց.՝ «տղամարդիկ աղոթք անեն՝ նվիրված ձեռքերը վեր բարձրացնելով»:

Այսինքն՝ ժողովում ուսուցանվելիս:

Կամ՝ «հանդարտ»:

Բռց.՝ «զիջողամիտ»:

Կամ՝ «հարվածող»: Այստեղ օգտագործված հուն. բառը կարող է նշանակել նաև ուրիշներին իր խոսքերով խոցող:

Կամ՝ «քննադատությանը»:

Կամ՝ «խոսքերի մեջ մոլորեցնող»:

Այսինքն՝ Հիսուսը:

Բռց.՝ «Սակայն ոգին հստակ ասում է»:

Բռց.՝ «ուշադրություն դարձնելով մոլորեցնող ոգիների»:

Կամ՝ «խարանված»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «քաջալերելու»:

Բռց.՝ «Պատվիր»:

Բռց.՝ «իսկապես այրի են»:

Ըստ ամենայնի, վերաբերում է այրիներին և նրանց հարազատներին:

Բռց.՝ «մեկ ամուսնու կին է եղել»:

Աստվածաշնչյան ժամանակներում հյուրի ոտքերը լվանալը հյուրասիրության ու բարության դրսևորում էր համարվում: Բառարանում տես «Սրբեր»:

Բռց.՝ «առաջին հավատը»:

Կամ՝ «ուղղիր»:

Այսինքն՝ ոչ ոքի հապճեպորեն նշանակում մի՛ տուր:

Կամ՝ «միայն ջուր մի՛ խմիր»:

Կամ՝ «Ստրկության լծի տակ եղողները»:

Բռց.՝ «առողջ»:

Կամ՝ «Նա հիվանդագին ձգտում ունի դեպի բանավեճերն ու բառերի շուրջ վիճաբանությունները»:

Կամ՝ «նվաստացուցիչ խոսքեր»:

Կամ հնարավոր է՝ «օթևան»: Բռց.՝ «ծածկ»:

Կամ՝ «համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը