Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 2 Թեսաղոնիկեցիներ 1 ։ 1–3 ։ 18
  • 2 Թեսաղոնիկեցիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 Թեսաղոնիկեցիներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Թեսաղոնիկեցիներ

ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

1 Ես՝ Պողոսս, գրում եմ Թեսաղոնիկեի ժողովին, որը միավորված է Աստծու՝ մեր Հոր, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ինձ հետ են նաև Սիլվանոսը* և Տիմոթեոսը:+

2 Թող Աստված՝ Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:

3 Եղբայրնե՛ր, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար: Եվ դա տեղին է, որովհետև ձեր հավատը ավելի ու ավելի է ամրանում, և միմյանց հանդեպ ձեր սերը մեծանում է:+ 4 Դրա համար էլ մենք ձեր մասին հպարտությամբ ենք խոսում+ Աստծու ժողովներում՝ պատմելով, թե ձեր բոլոր հալածանքների ու դժվարությունների ներքո ինչ դիմացկունություն ու հավատ եք դրսևորում:+ 5 Այդ ամենը փաստում է, որ Աստված արդարացի է դատում, քանի որ ձեզ արժանի է համարում մտնելու իր թագավորություն, որի համար տառապանքներ եք կրում:+

6 Եվ Աստված արդարացի կդատի, երբ ձեզ նեղություն պատճառողներին հատուցի:*+ 7 Իսկ ձեզ՝ նեղություն կրողներիդ, ինչպես նաև մեզ թեթևացում կբերի Տեր Հիսուսի հայտնվելու* ժամանակ,+ երբ նա երկնքից գա իր զորավոր հրեշտակների հետ+ 8 բոցավառ կրակով, որ պատժի* նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին:+ 9 Այդպիսիները կդատապարտվեն հավիտենական կործանման,+ կչքվեն Տիրոջ աչքից և այլևս չեն տեսնի նրա փառահեղ զորությունը: 10 Դա կլինի այն ժամանակ, երբ մեր Տերը գա, որ փառավորվի իր սրբերի* հետ, և այդ օրը բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորել նրա հանդեպ, կհիանան նրանով: Դուք էլ կլինեք նրանց թվում, քանի որ հավատացիք այն ամենին, ինչ հայտնեցինք ձեզ:

11 Ահա թե ինչու մենք միշտ աղոթում ենք ձեզ համար և խնդրում մեր Աստծուն, որ ձեզ արժանի համարի այն կյանքին, ինչի համար կանչել է,+ իր զորությամբ լիովին իրագործի ամեն լավ բան, որ ուզում է անել ձեզ համար, և հավատից մղված ձեր գործերը հաջողությամբ պսակի: 12 Այդպիսով մեր Տեր Հիսուսի անունը կփառավորվի ձեր միջոցով, և նրա հետ միավորված լինելով՝ դուք էլ կփառավորվեք մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության շնորհիվ:

2 Սակայն, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը+ և նրա մոտ մեր միասին հավաքվելուն,+ խնդրում ենք, 2 թույլ մի՛ տվեք, որ ձեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, ոչ էլ խուճապի մեջ ընկեք այն պնդումներից, թե Եհովայի* օրը+ եկել է՝ անկախ նրանից՝ դրանք որպես աստվածային հայտնություն* կներկայացվեն,+ բանավոր կասվեն, թե նամակով (իբրև մեզնից ուղարկված):

3 Թույլ մի՛ տվեք՝ որևէ մեկը մոլորեցնի ձեզ, որովհետև նախքան այդ օրվա գալը դեռ պետք է հավատուրացություն սկսվի,+ և պետք է հայտնվի անօրեն մարդը՝+ կործանման դատապարտվածը:*+ 4 Նա հակառակորդ է և իրեն բարձր է դասում աստված համարվող ամեն մեկից ու մարդկանց պաշտած ամեն բանից: Այդպիսով նա նստում է Աստծու տաճարում՝ հանրորեն ինքն իրեն որպես աստված ներկայացնելով: 5 Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, ասում էի այս ամենի մասին:

6 Հիմա արդեն գիտեք, թե ինչն է արգելք հանդիսանում՝ չթողնելով, որ այդ հակառակորդը բացահայտ գործի իր ժամանակից շուտ: 7 Այո՛, այդ անօրենը արդեն ծածուկ գործում է,+ բայց նրա անօրենությունը ծածուկ կմնա միայն այնքան ժամանակ, մինչև որ հեռանա արգելք հանդիսացողը: 8 Այդ ժամանակ անօրենը ցույց կտա իր երեսը: Եվ երբ Տեր Հիսուսը ակնհայտ դարձնի իր ներկայությունը, նրան կոչնչացնի իր խոսքի զորությամբ*+ ու նրա վերջը կտա:+ 9 Անօրենի գոյությունը* Սատանայի շնորհիվ է:+ Նա է նրան զորություն տալիս՝ ամեն տեսակ զորավոր գործեր, մոլորեցնող նշաններ ու հրաշքներ անելու+ 10 և անիրավ միջոցներով մոլորեցնելու նրանց,+ ովքեր գնում են դեպի կործանում: Կործանվելով նրանք կստանան իրենց արժանի պատիժը այն բանի համար, որ չընդունեցին ու չսիրեցին ճշմարտությունը, որը կարող էր փրկել իրենց: 11 Ուստի Աստված թողնում է, որ նրանք ենթարկվեն այդ մոլորեցնող ազդեցությանն ու հավատան ստին,+ 12 և արդյունքում դատապարտվեն, քանի որ չեն հավատում ճշմարտությանը և հաճույք են ստանում վատ բաներից:

13 Իսկ ձեզ համար, Եհովայի կողմից սիրվա՛ծ եղբայրներ, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն: Չէ՞ որ դուք հավատացիք ճշմարտությանը, և դրա համար էլ Աստված, իր ոգով սրբագործելով,* հենց սկզբից ընտրեց ձեզ+ փրկության համար:+ 14 Մեր հռչակած բարի լուրի միջոցով նա կանչեց ձեզ, որ փրկվեք և մեր Տեր Հիսուս Քրիստոսի պես փառավորվեք:+ 15 Ուրեմն, եղբայրնե՛ր, անսասան մնացեք+ և պինդ բռնեք այն ամենը,* ինչ ձեզ ուսուցանվեց+ թե՛ բանավոր, թե՛ նամակով, որն ուղարկեցինք ձեզ: 16 Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, ով սիրեց մեզ+ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս տվեց,+ 17 մխիթարեն ձեր սրտերը ու զորացնեն* ձեզ, որ միշտ ասեք և անեք այն, ինչ բարի է:

3 Այսպիսով, եղբայրնե՛ր, միշտ աղոթեք մեզ համար,+ որ Եհովայի* խոսքը շարունակի արագորեն տարածվել+ և պատվով ընդունվել, ինչպես որ դուք եք պատվով ընդունել: 2 Նաև աղոթեք, որ Աստված փրկի մեզ վտանգավոր ու չար մարդկանցից,+ որովհետև բոլորը չէ, որ հավատ ունեն:+ 3 Բայց Տերը հավատարիմ է իր խոսքին. նա կզորացնի ձեզ ու կպաշտպանի Չարից: 4 Որպես Տիրոջ հետևորդներ՝ մենք վստահում ենք ձեզ և գիտենք, որ դուք անում եք ու կանեք այն ամենը, ինչ մենք պատվիրում ենք: 5 Թող Տերը շարունակի ձեր սրտերին ճիշտ ուղղություն տալ, այն է՝ որ սեր ունենաք Աստծու հանդեպ+ և Քրիստոսին հետևելու համար դիմացկունություն դրսևորեք:+

6 Եղբայրնե՛ր, Տեր Հիսուս Քրիստոսի անունով ձեզ նաև պատվիրում ենք հեռու մնալ ամեն եղբորից, ով կարգազանց*+ է և չի հետևում այն ամենին,* ինչ սովորեցիք* մեզնից:+ 7 Դուք գիտեք, թե մեր օրինակին հետևելով՝+ ինչպես պետք է վարվեք: Մենք անպատշաճ* վարմունք չենք ունեցել ձեզ մոտ եղած ժամանակ 8 և ձրիակեր չենք եղել,+ այլ օր ու գիշեր քրտնաջան աշխատել ենք, որպեսզի ձեզնից ոչ մեկի համար բեռ չլինենք:+ 9 Պատճառն այն չէ, որ իրավունք չունենք+ ձեզնից մի բան խնդրելու, այլ ուզել ենք օրինակ թողնել, որ նմանվեք մեզ:+ 10 Ձեզ մոտ եղած ժամանակ միշտ պատվիրել ենք. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի»:+ 11 Բայց մեզ լուրեր են հասնում, որ ձեզնից ոմանք կարգազանց են,+ ընդհանրապես չեն աշխատում և խառնվում են իրենց չվերաբերող գործերին:+ 12 Այսպիսիներին Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում և հորդորում ենք, որ իրենց գործով զբաղվեն և իրենց վաստակած հացն ուտեն:+

13 Ինչ վերաբերում է մյուսներիդ, եղբայրնե՛ր, մի՛ հանձնվեք, շարունակեք ճիշտն անել: 14 Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այս նամակում մեր տված հրահանգներին, աչքի տակ առեք նրան ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ,+ որ ամաչի: 15 Սակայն թշնամի մի՛ համարեք նրան, այլ շարունակեք խորհուրդ տալ՝+ որպես ձեր եղբոր:

16 Թող խաղաղություն պարգևող* Տերը ձեզ միշտ խաղաղություն տա ամեն ինչում:+ Թող Տերը բոլորիդ հետ լինի:

17 Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով.+ այս ձեռագրից կարող եք ճանաչել իմ բոլոր նամակները:

18 Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր անզուգական բարությունը դրսևորի ձեր բոլորի հանդեպ:

Հայտնի է նաև որպես Շիղա:

Բռց.՝ «նեղությամբ հատուցի»:

Բռց.՝ «հայտնության»:

Բռց.՝ «վրեժ առնի»:

Բառարանում տես «Սրբեր»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «ներշնչմամբ հաղորդված խոսք», «ոգի»: Բառարանում տես «Ոգի»:

Բռց.՝ «անօրենության մարդը՝ կործանման որդին»:

Բռց.՝ «իր բերանի ոգով»:

Բռց.՝ «ներկայությունը»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «ավանդույթները»:

Կամ՝ «անսասան դարձնեն»:

Տես հավելված Ա5:

Սա կարող է վերաբերել նրան, ով անհնազանդ է, չի ենթարկվում կարգուկանոնին և էապես շեղվել է քրիստոնեական չափանիշներից:

Կամ՝ «ուսուցմանը», «հրահանգներին»: Բռց.՝ «ավանդույթին»:

Կամ հնարավոր է՝ «նրանք սովորեցին»:

Բռց.՝ «կարգազանց»:

Բռց.՝ «խաղաղության»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը