Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 1 Թեսաղոնիկեցիներ 1 ։ 1–5 ։ 28
  • 1 Թեսաղոնիկեցիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 Թեսաղոնիկեցիներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Թեսաղոնիկեցիներ

ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

1 Ես՝ Պողոսս, գրում եմ Թեսաղոնիկեի ժողովին, որը միավորված է Աստծու՝ Հոր, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ինձ հետ են նաև Սիլվանոսը*+ և Տիմոթեոսը:+

Թող Աստված ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորի և խաղաղություն տա ձեզ:

2 Մեր աղոթքներում ձեր բոլորի մասին հիշատակելիս մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն:+ 3 Մեր Աստծու՝ Հոր առաջ միշտ հիշում ենք, թե ինչպես եք հավատով ծառայում, սիրուց մղված՝ ջանքեր թափում և դիմակայում դժվարություններին՝ ձեր հույսը+ դնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա: 4 Աստծու կողմից սիրվա՛ծ եղբայրներ, մենք գիտենք, որ նա ընտրել է ձեզ: 5 Երբ ձեզ քարոզել ենք բարի լուրը, պարզապես ինչ-որ խոսքեր չենք ասել, այլ խոսել ենք սուրբ ոգու օգնությամբ և ամուր համոզվածությամբ: Դա զորեղ ազդեցություն է թողել ձեզ վրա: Դուք գիտեք, թե այդտեղ եղած ժամանակ ինչպիսին ենք եղել, որ նպաստենք ձեր բարօրությանը: 6 Դուք ընդունել եք խոսքը՝ սուրբ ոգու տված ուրախությամբ դիմանալով բազմաթիվ նեղությունների+ և այդպիսով ընդօրինակելով մեզ+ ու Տիրոջը:+ 7 Դրանով նաև օրինակ եք թողել Մակեդոնիայի և Աքայայի բոլոր հավատացյալներին:

8 Փաստն այն է, որ ձեր քարոզչության շնորհիվ ոչ միայն Մակեդոնիայում և Աքայայում է տարածվել Եհովայի* խոսքը, այլև ամեն տեղ են մարդիկ լսել Աստծու հանդեպ ձեր հավատի մասին,+ ուստի էլ կարիք չի լինում, որ մենք որևէ բան ասենք: 9 Հենց իրենք են պատմում, թե մենք ինչպես ենք առաջին անգամ հանդիպել ձեզ, թե ինչպես եք դուք հրաժարվել կուռքերից՝+ կենդանի ու ճշմարիտ Աստծուն ծառայելու համար, 10 և որ դուք սպասում եք երկնքից նրա Որդու գալուն,+ ում նա հարություն տվեց, այսինքն՝ Հիսուսին, ով փրկելու է մեզ գալիք ցասումից:+

2 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ էլ գիտեք, որ մեր այցելությունը ապարդյուն չի եղել:+ 2 Ինչպես գիտեք, թեև Փիլիպպեում չարչարանքներ էինք կրել և անարգվել,+ բայց Աստծու օգնությամբ համարձակությամբ լցվեցինք, որ նրա բարի լուրը հայտնենք ձեզ՝+ չնայած մեծ հակառակությանը:* 3 Հորդորը, որ տալիս ենք ձեզ, հիմնված չէ սխալ գաղափարների վրա, և դրա հետևում չկան վատ մղումներ* կամ խաբեություն: 4 Աստված է հավանություն տվել, որ մեզ վստահվի բարի լուրը քարոզելը: Ուստի մենք խոսում ենք ոչ թե մարդկանց հաճեցնելու համար, այլ Աստծուն, ով քննում է մեր սրտերը:+

5 Դուք գիտեք, որ մենք երբևէ չենք շողոքորթել ձեզ և կեղծավորություն չենք արել շահադիտական նպատակներով.+ Աստված է վկա: 6 Նաև չենք ձգտել փառք ստանալ մարդկանցից՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից: Ճիշտ է, որպես Քրիստոսի առաքյալներ կարող էինք ձեզ վրա գցել մեր ծախսերը հոգալու բեռը,+ 7 բայց այդպես չվարվեցինք, այլ քնքշությամբ վերաբերվեցինք ձեզ, ինչպես կերակրող մայրն է քնքշորեն հոգ տանում իր մանկանը: 8 Եվ քանի որ այդպիսի ջերմ սեր ունեինք ձեր հանդեպ, և դուք շատ սիրելի էիք դարձել մեզ,+ մենք սրտանց պատրաստ էինք ոչ միայն Աստծու բարի լուրը հայտնել, այլ նույնիսկ մեր անձը տալ ձեզ համար:+

9 Եղբայրնե՛ր, անշուշտ դուք էլ եք հիշում, թե որքան ծանր ենք աշխատել ու ջանք թափել. Աստծու բարի լուրը քարոզելու հետ մեկտեղ օր ու գիշեր աշխատել ենք, որ ձեզնից ոչ մեկի համար բեռ չլինենք:+ 10 Դուք ձեր աչքով եք տեսել, և Աստված էլ է վկա, թե ինչպիսին է եղել մեր վարմունքը ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ. մենք նվիրված ենք եղել, արդարությամբ ենք վարվել և անմեղադրելի վարք ենք ունեցել: 11 Դուք լավ գիտեք, որ մենք միշտ հորդորել ենք ձեզնից յուրաքանչյուրին, քաջալերել ու խորհուրդ ենք տվել,+ ինչպես հայրը՝+ իր զավակին: 12 Դա արել ենք, որ դուք շարունակեք վարվել այնպես, ինչպես հաճելի է Աստծուն,*+ ով կանչել է ձեզ՝ մտնելու իր թագավորություն+ և փառք ստանալու իրենից:+

13 Մենք անդադար շնորհակալություն ենք հայտնում Աստծուն,+ որ դուք, նրա խոսքը մեզնից լսելով, ընդունել եք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ որպես Աստծու խոսք, քանի որ իրականում այն հենց նրա խոսքն է, որը ներգործում է ձեզ՝ հավատացյալներիդ վրա: 14 Եղբայրնե՛ր, դուք բախվում եք նույն դժվարություններին, ինչ Հրեաստանի քրիստոնեական ժողովները, որ Աստծունն են: Դուք չարչարանքների եք ենթարկվում ձեր իսկ հայրենակիցների կողմից,+ ինչպես որ նրանք են չարչարվում հրեաների կողմից, 15 որոնք մեզ էլ են հալածել և նույնիսկ սպանել են Տեր Հիսուսին+ ու մարգարեներին:+ Նրանք հաճելի չեն Աստծուն ու գործում են ի վնաս բոլորի՝ 16 փորձելով խանգարել մեզ այլազգի մարդկանց քարոզել այն լուրը, որի միջոցով նրանք կարող են փրկվել:+ Այդպիսով մշտապես ավելացնում են իրենց մեղքերը: Բայց արդեն հասել է ժամանակը, որ Աստծու ցասումը թափվի նրանց վրա:+

17 Եղբայրնե՛ր, երբ ստիպված եղանք կարճ ժամանակով ձեզնից բաժանվել (թեև ֆիզիկապես էինք հեռու, ոչ թե սրտով), ամեն ինչ անում էինք, որ գանք ձեզ մոտ, քանի որ շատ էինք ցանկանում տեսնել ձեզ: 18 Ես ինքս երկու անգամ փորձեցի գալ, բայց Սատանան կտրեց մեր ճանապարհը: Սակայն մենք իսկապես ուզում էինք գալ ձեզ մոտ: 19 Ուրիշ ո՞վ է մեր հույսը, մեր ուրախությունն ու մեր պսակը, որով հպարտանալու ենք մեր Տեր Հիսուսի առաջ նրա ներկայության ժամանակ: Մի՞թե դուք չեք:+ 20 Այո՛, դուք եք մեր փառքը և ուրախությունը:

3 Ձեր մասին տեղեկություն չունենալով՝ այլևս չկարողացանք* համբերել ու որոշեցինք այսպես վարվել. մենք մնանք Աթենքում,+ 2 իսկ Տիմոթեոսին՝+ մեր եղբորը և Աստծու ծառային,* որը Քրիստոսի մասին բարի լուրն է հռչակում, ուղարկենք ձեզ մոտ: Ուղարկեցինք, որ զորացնի ու մխիթարի ձեզ՝ այդպիսով ամրացնելով ձեր հավատը, 3 որպեսզի չսասանվեք այդ նեղություններից: Դուք ինքներդ էլ գիտեք, որ չենք կարող խուսափել նման բաներից:+ 4 Չէ՞ որ երբ ձեզ հետ էինք, նախազգուշացնում էինք, որ պետք է նեղություններ կրենք, և հիմա, ինչպես տեսնում եք, հենց այդպես էլ լինում է:+ 5 Դրա համար, ձեզնից լուր չունենալով, այլևս չկարողացա համբերել և Տիմոթեոսին ուղարկեցի հավաստիանալու, որ հավատարիմ եք:+ Ես մտավախություն ունեի, որ միգուցե Փորձիչը ձեզ ինչ-որ ձևով+ մեղքի մեջ գցած լինի, և մեր կատարած աշխատանքն ապարդյուն լինի:

6 Բայց Տիմոթեոսը, ով հենց նոր է վերադարձել ձեր մոտից,+ լավ լուր է բերել՝ պատմելով ձեր հավատարմության ու սիրո մասին: Նա ասում է, որ դուք միշտ ջերմությամբ եք հիշում մեզ և շատ եք ուզում մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ՝ ձեզ: 7 Ուստի, եղբայրնե՛ր, չնայած մեր նեղությանը և դժվարություններին՝ ձեր հավատարմության մասին լուրը մխիթարեց մեզ:+ 8 Հիմա երբ գիտենք, որ դուք՝ որպես Տիրոջ հետևորդներ, հաստատ կանգնած եք, կյանքով ենք լցվել: 9 Այնքա՜ն մեծ ուրախություն եք պատճառել մեզ, որ չգիտենք՝ ինչպես շնորհակալություն հայտնենք Աստծուն դրա համար: 10 Մենք գիշեր-ցերեկ Աստծուն թախանձագին աղերսում ենք, որ կարողանանք տեսնել ձեզ և փոխանցել այն, ինչ պակասում է ձեր հավատն ամրացնելու համար:+

11 Թող որ Աստված՝ մեր Հայրը, և մեր Տեր Հիսուսը ճանապարհ հարթեն մեզ համար, որ կարողանանք գալ ձեզ մոտ: 12 Եվ թող Տերը օգնի, որ ձեր սերը ավելանա, այո՛, որ շատ սիրեք իրար+ և մյուս բոլոր մարդկանց, ինչպես մենք ենք ձեզ շատ սիրում: 13 Այդպիսով դուք* անկոտրում կդառնաք և սուրբ ու անմեղադրելի կլինեք մեր Աստծու՝ Հոր առաջ+ մեր Տեր Հիսուսի ներկայության ժամանակ,+ երբ նրա բոլոր սրբերը* իր հետ լինեն:

4 Եղբայրնե՛ր, մենք ձեզ սովորեցրել ենք, թե ինչպես պետք է վարվեք, որ հաճելի լինեք Աստծուն,+ և դուք հենց այդպես էլ վարվում եք: Հիմա Տեր Հիսուսի անունով խնդրում ու հորդորում ենք, որ շարունակեք ավելի բարելավվել այդ հարցում: 2 Դուք գիտեք, թե ինչ ենք սովորեցրել* ձեզ Տեր Հիսուսի անունով:

3 Աստծու կամքն է, որ դուք սուրբ լինեք+ և հեռու մնաք անբարոյականությունից:*+ 4 Յուրաքանչյուրդ պետք է իմանա, թե ինչպես տիրապետի իր մարմնին,*+ որ այն լինի սուրբ+ ու պատվական, 5 և չտրվի անհագ սեռական կրքերին,+ ինչպես Աստծուն չճանաչող մարդիկ* են անում:+ 6 Ոչ ոք այս հարցում չպետք է անցնի պատշաճության սահմանները և վնաս պատճառի իր եղբորը, որովհետև, ինչպես նախապես ասել ենք ձեզ և լրջորեն նախազգուշացրել, Եհովան* պատժում է այսպիսի բաներ անողներին: 7 Չէ՞ որ նա կանչել է մեզ, որ սուրբ լինենք,+ ոչ թե անմաքուր կյանքով ապրենք: 8 Հետևաբար ամեն ոք, ով արհամարհում է այս զգուշացումները, ոչ թե մարդուն է արհամարհում, այլ Աստծուն,+ ով իր սուրբ ոգին տալիս է ձեզ:+

9 Իսկ ինչ վերաբերում է եղբայրասիրությանը,+ կարիք չկա, որ մենք ձեզ գրենք այդ մասին, քանի որ Աստված ինքն է ձեզ սովորեցնում սիրել միմյանց:+ 10 Դուք արդեն իսկ սեր եք դրսևորում Մակեդոնիայի բոլոր եղբայրների հանդեպ: Բայց, եղբայրնե՛ր, հորդորում ենք, որ ավելի շատ սեր դրսևորեք: 11 Նպատակ դրեք խաղաղ կյանք վարել,+ միայն ձեր գործով զբաղվել+ և ձեր աշխատանքով ապրուստ վաստակել,+ ինչպես որ սովորեցրել ենք ձեզ, 12 որպեսզի ձեր պատշաճ վարքով արժանանաք մարդկանց հարգանքին+ և ոչ մի բանի կարիք չունենաք:

13 Նաև, եղբայրնե՛ր, ուզում ենք՝ հասկանաք,* թե ինչ է սպասում ննջեցյալներին,+ որպեսզի վշտահար չլինեք հույս չունեցող մարդկանց նման:+ 14 Եթե հավատում ենք, որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ,+ ուրեմն նաև հավատում ենք, որ Աստված կյանքի կբերի մահվան քնով ննջած այն մարդկանց, ովքեր հավատարիմ են եղել Հիսուսին, կյանքի կբերի, որ նրա* հետ լինեն:+ 15 Եհովայի խոսքի հիման վրա ասում ենք, որ մեզնից նրանք, ովքեր ողջ կլինեն Տիրոջ ներկայության ժամանակ, ոչ մի դեպքում առաջ չեն անցնի ննջեցյալներից, 16 որովհետև երբ Տերը, Աստծու շեփորը ձեռքին, իջնի երկնքից և ազդու ձայնով արձակի իր կոչը՝ հրեշտակապետի+ կոչը, նախ հարություն կառնեն Քրիստոսի մահացած աշակերտները:+ 17 Դրանից հետո մենք՝ կենդանի մնացածներս, կվերցվենք-կտարվենք ամպերի մեջ,+ որպեսզի նրանց հետ լինենք ու երկնքում հանդիպենք Տիրոջը:+ Եվ այդպես մենք միշտ Տիրոջ հետ կլինենք:+ 18 Շարունակ մխիթարեք միմյանց այս խոսքերով:

5 Եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է Աստծու սահմանած ժամանակներին և ժամանակահատվածներին, կարիք չկա, որ ձեզ ինչ-որ բան գրվի: 2 Դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի* օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը՝ գիշերով:+ 3 Երբ ասեն՝ «Խաղաղություն է և անվտանգություն», այդ ժամանակ կործանումը հանկարծակի վրա կհասնի նրանց,+ ինչպես որ հղի կնոջ ծննդաբերության ցավերն են բռնում, և նրանք ոչ մի կերպ չեն կարողանա խուսափել դրանից: 4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը հանկարծակիի բերի ձեզ, ինչպես լուսաբացը՝ գողին, 5 որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք՝ ցերեկվա որդիներ:+ Այո՛, մենք գիշերվա կամ խավարի որդիներ չենք:+

6 Ուրեմն եկեք չքնենք ուրիշների պես,+ այլ արթուն լինենք+ ու պահպանենք մեր սթափ դատողությունը:+ 7 Քնողները գիշերն են քնած, հարբողները գիշերն են հարբած,+ 8 իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, եկեք պահպանենք մեր սթափ դատողությունը, կրենք հավատի ու սիրո կրծքազրահը և փրկության հույսի սաղավարտը:+ 9 Չէ՞ որ Աստված ընտրել է մեզ, որ ոչ թե իր ցասումը թափի մեզ վրա, այլ որ փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10 ով մահացավ մեզ համար,+ որպեսզի ողջ լինենք, թե մահանանք,* կարողանանք ապրել նրա հետ միասին:+ 11 Ուստի շարունակեք քաջալերել* ու զորացնել միմյանց,+ ինչպես որ անում եք:

12 Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեզ համար, առաջնորդում են ձեզ Տիրոջ գործում ու խորհուրդներ են տալիս ձեզ: 13 Նրանց հանդեպ մեծ գնահատանք ու սեր դրսևորեք իրենց կատարած աշխատանքի համար:+ Միմյանց հետ խաղաղություն պահպանեք:+ 14 Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, նախազգուշացում* տվեք կարգազանցներին,*+ սփոփեք վհատվածներին, աջակցեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ:+ 15 Ոչ մեկդ չարիքի դիմաց չարիքով մի՛ հատուցեք,+ այլ միշտ ձգտեք բարին գործել թե՛ մեկդ մյուսիդ, թե՛ մյուս բոլոր մարդկանց հանդեպ:+

16 Միշտ ուրախ եղեք:+ 17 Միշտ աղոթեք:+ 18 Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք:+ Աստծու կամքն է, որ դուք անեք այս ամենը, քանի որ Քրիստոս Հիսուսի հետևորդն եք: 19 Մի՛ հանգցրեք սուրբ ոգու բորբոքած կրակը:+ 20 Արհամարհանքով մի՛ վերաբերվեք Աստծու ներշնչմամբ տրված պատգամներին:*+ 21 Ստուգեք ամեն ինչ,+ տեսեք՝ ինչն է ճիշտ, և ամուր բռնեք այն: 22 Հեռու մնացեք ամեն վատ բանից:+

23 Թող ինքը՝ խաղաղություն տվող* Աստվածը, ամբողջությամբ սրբագործի* ձեզ՝ իրեն ծառայելու համար: Եղբայրնե՛ր, թող ձեր ոգին, կյանքն* ու մարմինը ամեն ինչում մաքուր ու անարատ մնան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ:+ 24 Ձեզ կանչողը հավատարիմ է, և նա, անկասկած, հոգ կտանի այդ մասին:

25 Եղբայրնե՛ր, շարունակ աղոթեք մեզ համար:+

26 Ողջունեք բոլոր եղբայրներին ջերմ* համբույրով:

27 Տիրոջ անունով լրջորեն պարտավորեցնում եմ ձեզ, որ այս նամակը կարդաք բոլոր եղբայրների համար:+

28 Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր անզուգական բարությունը դրսևորի ձեր հանդեպ:

Հայտնի է նաև որպես Շիղա:

Տես հավելված Ա5:

Կամ հնարավոր է՝ «մեծ պայքարով»:

Բռց.՝ «անմաքրություն»:

Բռց.՝ «քայլել Աստծուն արժանի կերպով»:

Թերևս Պողոսը այստեղ իր մասին հոգնակի թվով է խոսում:

Կամ հնարավոր է՝ «Աստծու համագործակցին»:

Բռց.՝ «ձեր սրտերը»:

Բառարանում տես «Սրբեր»:

Կամ՝ «ինչ հրահանգներ ենք տվել»:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Բռց.՝ «անոթին»:

Բռց.՝ «ազգերը»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «անտեղյակ չլինեք»:

Այսինքն՝ Հիսուսի:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «արթուն լինենք, թե քնած»:

Կամ՝ «մխիթարել»:

Կամ՝ «հորդոր»:

Սա կարող է վերաբերել նրանց, ովքեր անհնազանդ են, չեն ենթարկվում կարգուկանոնին և էապես շեղվել են քրիստոնեական չափանիշներից:

Կամ՝ «մարգարեություններին»:

Բռց.՝ «խաղաղության»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «հոգին»: Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «սուրբ»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը