Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Կողոսացիներ 1 ։ 1–4 ։ 18
  • Կողոսացիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կողոսացիներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Կողոսացիներ

ՆԱՄԱԿ ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ: Ինձ հետ է մեր եղբայր Տիմոթեոսը:+ 2 Գրում եմ Կողոսայի սրբերին՝* հավատարիմ եղբայրներին, որ միավորված են Քրիստոսի հետ:

Թող Աստված՝ մեր Հայրը, ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորի և խաղաղություն տա ձեզ:

3 Ձեզ համար աղոթելիս մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, 4 քանի որ լսել ենք, թե ինչպիսի հավատ ունեք Քրիստոս Հիսուսի հանդեպ և ինչպիսի սեր՝ բոլոր սրբերի հանդեպ: 5 Այդ ամենը այն բանի շնորհիվ է, որ դուք հույս ունեք ստանալու երկնքում ձեզ համար պահվածը:+ Դուք այս հույսի մասին իմացաք, երբ լսեցիք ճշմարտությունը՝ բարի լուրը: 6 Այդ լուրը, որը հասավ ձեզ, ամբողջ աշխարհում պտուղ է բերում ու տարածվում:+ Եվ այն ձեր մեջ էլ է պտուղ բերում ու տարածվում՝ սկսած այն օրից, երբ լսեցիք և ճշգրտորեն իմացաք, թե իրականում ինչ է Աստծու անզուգական բարությունը: 7 Դուք հենց դա եք սովորել Եպաֆրասից՝+ մեր սիրելի ծառայակցից, որը Քրիստոսի հավատարիմ ծառան է և մեր փոխարեն օգնում է ձեզ: 8 Նա պատմել է այն սիրո մասին, որ ձեր մեջ ձևավորվել է սուրբ ոգու միջոցով:

9 Այն օրվանից սկսած, երբ լսեցինք ձեր հավատի ու սիրո մասին՝ անդադար աղոթում ենք ձեզ համար:+ Մենք խնդրում ենք Աստծուն, որ ճշգրտորեն իմանաք+ նրա կամքը, ունենաք իսկական իմաստություն ու հոգևոր հասկացողություն+ 10 և արդյունքում վարվեք Եհովայի* ծառաներին վայել կերպով,* որպեսզի ամեն հարցում հաճեցնեք նրան՝ շարունակելով լավ պտուղներ բերել և ավելացնել նրա մասին ճշգրիտ գիտելիքները:+ 11 Նաև աղոթում ենք, որ Աստված, ով ահռելի զորություն ունի, ձեզ անհրաժեշտ ուժը տա,+ որպեսզի կարողանաք համբերությամբ և ուրախությամբ դիմանալ ամեն ինչի: 12 Շնորհակալություն հայտնեք Հորը, ով օգնեց ձեզ դառնալու այնպիսի մարդիկ, որ կարողանաք ստանալ լույսի մեջ քայլող սրբերին խոստացված ժառանգությունը:+

13 Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից+ և տեղափոխեց իր սիրելի Որդու թագավորություն: 14 Նրա Որդու շնորհիվ մենք փրկագնով ազատագրվեցինք՝ մեղքերի ներում ստացանք:+ 15 Այդ Որդին անտեսանելի Աստծու պատկերն է՝+ բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը,+ 16 որի մասնակցությամբ ստեղծվեցին երկնքում ու երկրի վրա եղող մնացած ամեն բան՝ տեսանելի և անտեսանելի,+ այդ թվում՝ գահերը, տերությունները, կառավարությունները և իշխանությունները: Այդ ամենը ստեղծվեց նրա միջոցով+ և նրա համար: 17 Նա մնացած ամեն ինչից առաջ է եղել,+ և այդ բոլորը նրա միջոցով են սկսել գոյություն ունենալ: 18 Նա է մարմնի, այսինքն՝ ժողովի գլուխը,+ նա է ամեն ինչի սկիզբը, մահացածներից առաջին հարություն առածը՝ առաջնեկը:+ Այսպիսով՝ նա առաջինն է ամեն ինչում: 19 Աստված կամեցավ, որ ամեն ինչ լիարժեքորեն ամփոփվի Քրիստոսում,+ 20 և ցանկացավ նրա միջոցով՝ տանջանքի սյան* վրա նրա թափած արյան հիման վրա,+ իր հետ հաշտեցնել մնացած բոլորին՝+ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում լինողներին:*

21 Այո՛, դուք մի ժամանակ օտարացած էիք Աստծուց և թշնամի էիք նրան, քանի որ ձեր միտքը կենտրոնացած էր չար գործերի վրա: 22 Բայց հիմա Աստված այդ մեկի մահով՝ նրա մարդկային մարմնի զոհաբերությամբ, հաշտեցրել է ձեզ իր հետ, որ դուք իր աչքում լինեք սուրբ, անարատ և անմեղադրելի,+ 23 եթե, իհարկե, շարունակեք ապրել ձեր հավատի համաձայն,+ հաստատուն մնաք հիմքի վրա,+ լինեք անսասան+ և չշեղվեք այն հույսից, որը ձեռք բերեցիք՝ բարի լուրը լսելով: Այդ բարի լուրը քարոզվեց ողջ աշխարհում,*+ և ես՝ Պողոսս, նշանակվեցի հռչակելու այն:+

24 Հիմա ես ուրախանում եմ ձեզ համար իմ կրած չարչարանքներով+ և դեռ պետք է շարունակեմ Քրիստոսի պես չարչարանքներ կրել նրա մարմնի՝+ ժողովի համար:+ 25 Աստված ինձ հանձնարարություն*+ տվեց հանուն ձեր բարօրության և նշանակեց ծառայելու ժողովին, որ լիարժեքորեն քարոզեմ իր խոսքը, 26 այսինքն՝ սրբազան գաղտնիքը,+ որը դարեր շարունակ* թաքցված է եղել+ անցած սերունդներից, բայց հիմա բացահայտվել է նրա սրբերի համար:+ 27 Աստված կամեցավ նրանց հայտնել այդ սրբազան գաղտնիքը,+ որը փառահեղ գանձ է, և որը հիմա քարոզվում է ազգերի մեջ: Այդ գաղտնիքն այն է, որ Քրիստոսը միավորվել է ձեզ հետ, ինչը ձեզ հույս է տալիս, որ կփառավորվեք նրա հետ:+ 28 Հենց նրա մասին ենք քարոզում, հորդորում բոլորին և ճշմարիտ իմաստությամբ ուսուցանում, որպեսզի ամեն մարդու օգնենք դառնալ Քրիստոսի հոգևորապես հասուն աշակերտ և ներկայացնենք Աստծուն:+ 29 Այս նպատակի համար եմ ես եռանդագին ջանքեր թափում և իմ ձեռքից եկածն անում՝ ապավինելով նրա հզոր ուժին, որը նա տալիս է ինձ:+

2 Ուզում եմ՝ իմանաք, թե ինչ մեծ պայքար եմ մղում ձեզ համար, նաև լաոդիկեցիների+ և մյուս բոլորի համար, ովքեր անձամբ չեն տեսել ինձ: 2 Իմ նպատակն է, որ դուք մխիթարվեք,+ միավորված լինեք սիրո շնորհիվ+ և ձեռք բերեք ճշմարիտ հարստությունը, այսինքն՝ ճշգրտորեն իմանաք ու լիարժեք համոզվածությամբ հստակ հասկանաք Աստծու սրբազան գաղտնիքը, որը Քրիստոսն է:+ 3 Նրա մեջ խնամքով պահված են անգին գանձեր՝ ողջ իմաստությունն ու գիտելիքները:+ 4 Սա ասում եմ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ ճշմարտանման* փաստարկներով: 5 Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ և ուրախանում եմ՝ իմանալով ձեզ մոտ տիրող կարգուկանոնի+ և Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատի մասին:+

6 Ուստի քանի որ հավատացել եք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, շարունակեք ձեր ընթացքը՝ հնազանդվելով նրան, 7 և ինչպես որ սովորել եք, այնպես արեք, որ նրա հանդեպ ձեր հավատը խոր արմատներ ունենա, ամուր կառուցված լինի նրա վրա+ և անսասան մնա:+ Այս ամենի հետ մեկտեղ միշտ շնորհակալություն հայտնեք Աստծուն:+

8 Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չգերի* փիլիսոփայությամբ և սուտ ու փուչ դատողություններով,+ որոնց հիմքում մարդկային ավանդույթներն են և աշխարհի գաղափարները,* ոչ թե Քրիստոսի ուսմունքները: 9 Մինչդեռ Քրիստոսի մեջ են լիարժեքորեն ամփոփված Աստծու բոլոր հատկությունները. նա դրանց մարմնացումն է:+ 10 Նրա միջոցով եք դուք ձեռք բերել ամեն ինչ, նրա, ով ամեն կառավարության և իշխանության գլուխն է:+ 11 Քրիստոսի հետ միավորվելով՝ դուք թլփատվեցիք, բայց ոչ մարդու ձեռքով,+ այլ այնպես, ինչպես Քրիստոսի հետևորդներն են թլփատվում՝ մարմնի մեղավոր ընթացքից ձերբազատվելով:+ 12 Նրա պես մկրտվելով՝ դուք թաղվեցիք նրա հետ+ և նրա միջոցով նաև հարություն առաք+ ու միավորվեցիք նրա հետ, քանի որ հավատացիք Աստծու զորավոր գործերին, ով հարություն տվեց նրան:+

13 Մի ժամանակ դուք ասես մեռած լինեիք, քանի որ հանցանքների մեջ էիք ու թլփատված չէիք, բայց Աստված կենդանացրեց ձեզ, որ միավորվեք Քրիստոսի հետ:+ Նա մեծահոգաբար ներեց բոլորիս հանցանքները+ 14 և ջնջեց հրահանգներից բաղկացած+ ձեռագիր փաստաթուղթը,+ որը մեր դեմ էր վկայում:+ Նա վերացրեց այդ Օրենքը՝ այն մեխելով Քրիստոսի տանջանքի սյանը:*+ 15 Այդ սյան միջոցով* նա զինաթափեց* կառավարություններին ու իշխանություններին և հաղթական երթում նրանց տանելով որպես պարտվածների՝+ ի ցույց դրեց հանրությանը:

16 Հետևաբար ոչ ոք իրավունք չունի ձեզ դատելու՝ ասելով, թե ինչ ուտեք կամ խմեք+ և թե ինչպես վարվեք տոները, ամսամուտը*+ նշելու կամ Շաբաթը պահելու հարցում:+ 17 Դրանք գալիք բաների ստվերն են միայն,+ մինչդեռ բուն իրականությունը Քրիստոսն է:+ 18 Թող ոչ ոք, ում հաճելի է կեղծ խոնարհությունը և հրեշտակներին մատուցվող պաշտամունքը,* չզրկի ձեզ մրցանակից:+ Այդպիսի մարդիկ «հիմնվում են»* իրենց տեսածների վրա և անհիմն հպարտանում իրենց մարմնավոր մտածելակերպով, 19 նաև չեն համագործակցում գլխի հետ,+ այնինչ նրա միջոցով է ամբողջ մարմինը ստանում ամեն անհրաժեշտ բան, ներդաշնակորեն փոխկապակցվում հոդերի ու կապանների օգնությամբ, և նրա միջոցով է Աստված աճեցնում ողջ մարմինը:+

20 Եթե դուք մահացաք Քրիստոսի հետ և այդպիսով մերժեցիք աշխարհի գաղափարները,+ էլ ինչո՞ւ եք ապրում այնպես, ասես դեռ աշխարհի մի մասն եք, և շարունակում ենթարկվել դրա հրահանգներին՝+ 21 «Մի՛ վերցրու», «Մի՛ կեր», «Մի՛ դիպիր»: 22 Այդ հրահանգները մարդկանց կողմից են տրված և առնչվում են այնպիսի բաների, որոնք սպառվում ու վերանում են:+ 23 Դրանք գուցե իմաստուն թվան, բայց ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների դեմ պայքարում: Այդ ամենը մարդկանց հորինած պաշտամունքի ձև է, կեղծ խոնարհության դրսևորում է և տանջահար է անում մարմինը:+

3 Եթե դուք կենդանացել եք ու միավորվել Քրիստոսի հետ,+ ձգտեք ձեռք բերել այն, ինչ երկնքում է, որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում:+ 2 Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա+ և ոչ թե երկրային:+ 3 Չէ՞ որ դուք մահացել եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի մոտ, ով միաբան է Աստծու հետ: 4 Երբ Քրիստոսը՝ մեզ կյանք բերողը,*+ ակնհայտ դարձնի իր զորությունը, այդ ժամանակ ակնհայտ կլինի նաև, որ դուք էլ եք բաժնեկից նրա փառքին:+

5 Ուրեմն սպանեք ձեր հողեղեն մարմնի անդամները,+ որոնք դրդում են վատ բաների՝ անբարոյականության,* անմաքրության, անզուսպ սեռական կրքերի,+ վնասակար ցանկությունների և ագահության, որը կռապաշտություն է: 6 Այսպիսի բաների համար մարդիկ արժանանալու են Աստծու ցասմանը: 7 Մի ժամանակ ձեր ապրելակերպն էլ էր այդպիսին:+ 8 Բայց հիմա պետք է արմատախիլ անեք բոլոր նման բաները՝ ցասումը, բարկությունը, չարությունը,+ նվաստացուցիչ խոսքերը,+ և ոչ մի լկտի խոսք+ չպետք է դուրս գա ձեր բերանից: 9 Մի՛ ստեք իրար:+ Հանեք ձեր վրայից հին անձնավորությունն+ իրեն բնորոշ գործերով 10 և հագեք նոր անձնավորությունը,+ որը ճշգրիտ գիտելիքների միջոցով շարունակ նորոգվում է, որ արտացոլի իր Ստեղծողի պատկերը:+ 11 Այդպիսիների համար այլևս չկա հույն կամ հրեա, թլփատված կամ անթլփատ, օտարական, սկյութ,* ծառա կամ ազատ մարդ, այլ ամեն ինչում և ամենքի համար կա Քրիստոս:*+

12 Որպես Աստծու կողմից ընտրվածներ,+ սուրբ ու սիրելի մարդիկ՝ հագեք ջերմ կարեկցանքը,+ բարությունը, խոնարհամտությունը,+ մեղմությունը+ և համբերատարությունը:+ 13 Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել,+ նույնիսկ եթե մեկդ մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունեք:+ Ինչպես Եհովան* մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք վարվեք:+ 14 Այս ամենից բացի՝ սերը հագեք,+ քանի որ սերը բոլորին կատարելապես միավորող կապն է:+

15 Թող որ Քրիստոսի շնորհիվ ձեռք բերված խաղաղությունը ղեկավարի ձեր սրտերը,+ որովհետև դուք կանչվել եք, որպեսզի մեկ մարմին դառնաք և խաղաղության մեջ լինեք: Նաև երախտագետ եղեք: 16 Թող որ Քրիստոսի խոսքը* լիարժեքորեն գործի ձեր մեջ և իմաստուն դարձնի ձեզ: Շարունակեք իրար սովորեցնել ու քաջալերել սաղմոսներով,+ Աստծուն ուղղված գովաբանություններով ու երախտագիտությամբ լի սրտով հոգևոր երգեր երգելով: Սրտանց գովերգեք Եհովային:+ 17 Եվ ինչ էլ խոսեք կամ անեք, արեք դա Տեր Հիսուսի անունով և նրա միջոցով շնորհակալություն հայտնեք Հորը՝ Աստծուն:+

18 Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին,+ քանի որ դա է պատշաճ Տիրոջ աչքում: 19 Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+ և կոպտությամբ մի՛ վարվեք նրանց հետ:*+ 20 Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում,+ քանի որ դա է հաճելի Տիրոջը: 21 Հայրե՛ր, մի՛ դառնացրեք ձեր երեխաներին,+ որ չվհատվեն: 22 Ծառանե՛ր, ամեն ինչում հնազանդվեք ձեր տերերին*+ և դա մի՛ արեք միայն այն ժամանակ, երբ նրանք տեսնում են, որ չլինի թե պարզապես մարդկանց եք ուզում հաճեցնել, այլ արեք դա անկեղծ սրտով՝ Եհովայի հանդեպ ակնածանքից* մղված: 23 Ինչ որ անում եք, ամբողջ հոգով* արեք, ինչպես Եհովայի համար+ և ոչ թե մարդկանց, 24 որովհետև գիտեք, որ Եհովայից եք ստանալու վարձատրությունը՝ ձեզ համար պահված ժառանգությունը:+ Քրիստոսին՝ ձեր Տիրոջը ծառայեք: 25 Իսկ ամեն ոք, ով սխալ վարվի, հատուցում կստանա դրա համար.+ Աստված կողմնապահություն չի անում:+

4 Տերե՛ր, ճիշտ ու արդար վարվեք ձեր ծառաների հետ: Չէ՞ որ դուք էլ Տեր ունեք երկնքում:+

2 Միշտ աղոթեք+ և այդպես անելով՝ արթուն մնացեք ու երախտագետ եղեք:+ 3 Աղոթեք նաև մեզ համար,+ որ Աստված իր խոսքը քարոզելու դուռ բացի մեր առաջ, և մենք կարողանանք հռչակել Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը, ինչի համար էլ ես բանտարկված եմ:+ 4 Աղոթեք, որ դրա մասին պարզ խոսեմ, ինչպես և հարկն է:

5 Իմաստությամբ վարվեք դրսինների հետ* և ժամանակը ճիշտ օգտագործեք:*+ 6 Թող ձեր խոսքերը միշտ վայելուչ* լինեն՝ աղով համեմված,+ որ միշտ իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք ամեն մարդու:+

7 Իսկ իմ մասին բոլոր լուրերը ձեզ կհայտնի իմ սիրելի եղբայր Տյուքիկոսը՝+ Տիրոջ հավատարիմ ծառան ու մեր ծառայակիցը: 8 Նրան ձեզ մոտ եմ ուղարկում, որ լուր բերի մեր որպիսության մասին և մխիթարի ձեզ: 9 Նա գալիս է Օնեսիմոսի՝+ իմ հավատարիմ և սիրելի եղբոր հետ, որը ձեր կողմերից է: Նրանք կպատմեն ձեզ այստեղ կատարվող ամեն ինչի մասին:

10 Ձեզ ողջունում են իմ բանտակից Արիստարքոսը,+ Բառնաբասի զարմիկ Մարկոսը+ (ում մասին ձեզ ասվել էր, որ ջերմ ընդունեք,+ եթե ձեզ մոտ գա) 11 և Հիսուսը, որին Հուստոս են կոչում: Նրանք թլփատվածներից են: Թլփատվածներից միայն նրանք են, որ համագործակցում են ինձ հետ ի նպաստ Աստծու թագավորության շահերի, և ինձ համար մեծ մխիթարության աղբյուր* են: 12 Ձեզ ողջունում է նաև Եպաֆրասը՝+ Քրիստոս Հիսուսի ծառան, որը նույնպես ձեր կողմերից է: Նա միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար, որպեսզի մնաք հոգևորապես հասուն և ամուր համոզվածություն ունենաք Աստծու կամքին առնչվող ամեն ինչում: 13 Վստահեցնում եմ, որ նա ջանք չի խնայում ձեզ համար, ինչպես նաև Լաոդիկեայում և Հիերապոլիսում ապրող հավատակիցների համար:

14 Մեր սիրելի եղբայրը՝ բժիշկ Ղուկասն+ էլ է բարևում ձեզ, ինչպես նաև Դեմասը:+ 15 Իմ ողջույնները փոխանցեք լաոդիկեցի եղբայրներին, նաև Նիմֆային ու նրա տանը հավաքվող ժողովին:+ 16 Երբ այս նամակը ընթերցվի ձեզ մոտ, հոգ տարեք, որ այն ընթերցվի նաև+ լաոդիկեցիների ժողովում: Նրանց ուղարկված նամակն էլ թող ձեզ մոտ ընթերցվի: 17 Իսկ Արքիպոսին+ ասեք. «Ամեն ջանք գործադրիր, որ բարեխղճորեն կատարես Տիրոջ կողմից քեզ վստահված ծառայությունը»:

18 Սա էլ իմ՝ Պողոսիս ողջույնը, որ գրում եմ իմ ձեռքով:+ Մի՛ մոռացեք ինձ՝ բանտարկյալիս:+ Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ:

Բառարանում տես «Սրբեր»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «քայլեք Եհովային արժանի կերպով»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Կամ՝ «հաշտեցնել մնացած ամեն բան՝ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում եղող բաները»:

Բռց.՝ «երկնքի տակ եղող բոլոր արարածների մեջ»:

Կամ՝ «տնտեսվարի գործ»:

Կամ՝ «անցած համակարգերում»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ՝ «համոզիչ»:

Կամ՝ «ոգով»:

Կամ՝ «չորսա»:

Բռց.՝ «հիմունքները»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Կամ հնարավոր է՝ «Նրա միջոցով»:

Բռց.՝ «մերկացրեց»:

Կամ՝ «նորալուսնի տոնը»:

Կամ հնարավոր է՝ «ով ձևացնում է, թե այնպիսի պաշտամունք է մատուցում, ինչպիսին հրեշտակները»:

Այստեղ մեջբերվում է մի արտահայտություն, որն օգտագործվում էր հեթանոսական խորհրդավոր (նվիրման) ծիսակատարությունների ժամանակ:

Բռց.՝ «մեր կյանքը»:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Այս բառով էին կոչում ոչ բարեկիրթ մարդկանց:

Բռց.՝ «Քրիստոսն է ամենը ամենի մեջ»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «Քրիստոսի մասին խոսքը»:

Կամ՝ «դառնագին մի՛ բարկացեք նրանց վրա»:

Բռց.՝ «մարմնավոր տերերին»:

Բռց.՝ «վախից»:

Բառարանում տես «Հոգի»:

Կամ՝ «նրանց հետ, ովքեր քրիստոնեական ժողովի մաս չեն»:

Բռց.՝ «գնեք ժամանակը»:

Կամ՝ «բարի»:

Կամ՝ «օգնություն»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը