ՆԱՄԱԿ ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ
1 Ես՝ Պողոսս, ու Տիմոթեոսը՝ Քրիստոս Հիսուսի ծառաներս, ողջունում ենք Փիլիպպեում+ գտնվող բոլոր սրբերին՝* Քրիստոս Հիսուսի աշակերտներին,* այդ թվում՝ վերակացուներին ու ծառայող օգնականներին:+
2 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն և խաղաղություն տան ձեզ:
3 Ամեն անգամ ձեզ հիշելիս շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն 4 ջերմեռանդ աղոթքներիս մեջ: Ես միշտ ուրախությամբ եմ աղոթում բոլորիդ համար,+ 5 որովհետև դուք աջակցում* եք բարի լուրի տարածմանը այն ընդունելու առաջին իսկ օրվանից մինչև հիմա: 6 Վստահ եմ, որ Աստված, ով ձեր մեջ լավ գործ է սկսել, ավարտին կհասցնի+ այն մինչև Հիսուս Քրիստոսի օրը:+ 7 Միանգամայն բնական է, որ այսպես եմ մտածում ձեր բոլորիդ մասին, քանի որ դուք իմ սրտում եք, դուք, որ ինձ աջակցում եք թե՛ բանտի կապանքներիս մեջ,+ թե՛ բարի լուրը պաշտպանելու և այն քարոզելու իրավունքը օրենքով հաստատելու հարցում:+ Այդպիսով ես էլ, դուք էլ վայելում ենք Աստծու անզուգական բարությունը:
8 Վկա է Աստված, թե որքան եմ կարոտում ձեզ բոլորիդ, որովհետև ձեր հանդեպ ունեմ նույնպիսի ջերմ սեր, ինչպիսին Քրիստոս Հիսուսն ունի: 9 Շարունակ աղոթում եմ, որ Աստծու կամքի ճշգրիտ իմացության+ և խոր հասկացողության+ հետ միասին ձեր սերը ավելի ու ավելի աճի,+ 10 և որ դուք միշտ ընտրեք այն, ինչն ավելի կարևոր է,*+ որպեսզի մինչև Քրիստոսի օրը մնաք անբիծ և չխարխլեք ուրիշների հավատը:+ 11 Նաև աղոթում եմ, որ Հիսուս Քրիստոսի օգնությամբ կարողանաք առատությամբ լավ* պտուղներ բերել,+ որպեսզի այդպիսով Աստված փառավորվի ու գովաբանվի:
12 Եղբայրնե՛ր, ուզում եմ՝ իմանաք, որ իմ այս իրավիճակը, ըստ էության, նպաստեց բարի լուրի տարածմանը: 13 Ողջ պրետորական գվարդիան և մյուս բոլոր մարդիկ իմացան,+ որ ես Քրիստոսի հետևորդը լինելու համար եմ հայտնվել բանտի կապանքների մեջ:+ 14 Բանտարկյալի իմ իրավիճակը մեր եղբայրների՝ Տիրոջ ծառաների մեծ մասին վստահություն է ներշնչել, և նրանք, ավելի մեծ համարձակությամբ լցված, անվախորեն քարոզում են Աստծու խոսքը:
15 Ճիշտ է, ոմանք Քրիստոսի մասին քարոզում են՝ նախանձից ու մրցակցելու ցանկությունից դրդված, բայց մյուսները դա անում են լավ մղումներով: 16 Վերջիններս գիտեն, որ ես Աստծու կողմից նշանակվել եմ բարի լուրը պաշտպանելու համար: Նրանք սիրուց մղված են հռչակում Քրիստոսի մասին,+ 17 մինչդեռ այն առաջինները չարամտությամբ* են դա անում, ոչ թե մաքուր մղումներով. այդպես նրանք ուզում են ավելացնել սրտնեղությունս, որ առանց այն էլ ունեմ բանտարկության մեջ: 18 Եվ ի՞նչ է լինում արդյունքում. մղումները մաքուր են, թե ոչ, ամեն դեպքում Քրիստոսի մասին լուրը հռչակվում է, և ես ուրախ եմ դրա համար: Դեռ ավելին՝ կշարունակեմ ուրախ լինել, 19 որովհետև գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի տված ոգու օգնությամբ+ և ձեր աղաչանքների շնորհիվ ազատ կարձակվեմ:*+ 20 Ես մեծ ակնկալիք և հույս ունեմ, որ ոչ մի դեպքում ամոթով չեմ մնա, այլ կկարողանամ խոսելու լիարժեք ազատությամբ փառավորել Քրիստոսին, ինչպես որ նախկինում եմ միշտ արել: Ողջ լինեմ, թե մեռած՝ ես* պատիվ կբերեմ Քրիստոսին:+
21 Թե ապրեմ, Քրիստոսի համար կապրեմ,+ բայց եթե մահանամ էլ, դա իմ օգտին կլինի:+ 22 Եթե հիմա դեռ պետք է ապրեմ երկրի վրա,* կշարունակեմ պտուղ բերել իմ գործում: Իսկ եթե ընտրելու լինեի տարբերակներից որևէ մեկը, միևնույն է, չէի հայտնի այդ մասին: 23 Ես տարակուսանքի մեջ եմ, որովհետև երկուսն էլ ձգում են ինձ. իսկապես ցանկանում եմ ազատվել այս մարմնից, որ Քրիստոսի հետ լինեմ,+ ինչն, անկասկած, շատ ավելի լավ է,+ 24 բայց առավել անհրաժեշտ է, որ ողջ* մնամ հանուն ձեր բարօրության: 25 Ես դա լավ եմ հասկանում, դրա համար էլ գիտեմ, որ դեռ ողջ կմնամ ու ձեզ բոլորիդ հետ կլինեմ, որ առաջադիմեք ու վայելեք այն ուրախությունը, որը բխում է ձեր հավատից: 26 Եվ երբ կրկին գամ* ձեզ մոտ, ձեր մեծ ուրախությունը, որը վայելում եք որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ավելի կշատանա:
27 Միայն թե վարվեք* այնպես, ինչպես վայել է Քրիստոսի մասին բարի լուրը հայտնողներին,+ որպեսզի, անկախ նրանից՝ կգամ ձեզ տեսնելու, թե ոչ, ձեր մասին լսեմ, որ դուք ամուր կանգնած եք՝ միաբան,* մեկ մարդու պես*+ և կողք կողքի պայքարում եք բարի լուրի վրա հիմնված հավատի համար 28 ու բոլորովին չեք վախենում ձեր հակառակորդներից: Այս ամենը երաշխիք է, որ նրանք կկործանվեն,+ իսկ դուք կփրկվեք,+ և այդ երաշխիքն Աստծուց է: 29 Ձեզ պատիվ է ընձեռվել ոչ միայն հավատալ Քրիստոսին, այլև տառապել հանուն նրա:+ 30 Ահա թե ինչու դուք էլ նույն դժվարություններն եք կրում,*+ որոնք ես էի կրում, և որոնք, ինչպես գիտեք, դեռ կրում եմ:
2 Եթե Քրիստոսի հետ միավորված լինելով՝ կարող եք քաջալերել միմյանց, սիրուց մղված՝ մխիթարել, միմյանց հետ հոգևոր ընկերակցություն վայելել, իրար հանդեպ ջերմ սեր ու կարեկցանք դրսևորել, 2 ուրեմն այդպես էլ արեք, որպեսզի իմ ուրախությունը լիարժեք լինի. միևնույն մտքի եղեք, փոխադարձ սեր ունեցեք, եղեք լիովին միաբան ու համերաշխ:+ 3 Մի՛ եղեք կռվասեր*+ ու ինքնահավան,+ այլ խոնարհամիտ եղեք և ուրիշներին ձեզանից բարձր համարեք:+ 4 Մի՛ մտածեք միայն ձեր մասին,*+ մտածեք նաև ուրիշների մասին:+
5 Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին Քրիստոս Հիսուսն ուներ.+ 6 թեև նա նման էր Աստծուն,*+ բայց երբևիցե նրա մտքով անգամ չանցավ փորձել հավասար լինել նրան:+ 7 Ընդհակառակը, նա զրկեց իրեն ամեն ինչից, դարձավ ծառայի նման մեկը,+ դարձավ մարդ:*+ 8 Դեռ ավելին՝ մարդ դառնալուց հետո էլ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ ընդհուպ մինչև մահ,+ այն էլ մահ՝ տանջանքի սյան* վրա:+ 9 Եվ հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան+ և սիրով տվեց այնպիսի հեղինակություն,* որը վեր է մյուս բոլորի հեղինակությունից:+ 10 Աստված արեց դա, որպեսզի Հիսուսի հեղինակության առաջ ծնկի գան բոլորը՝ երկնքում լինողները, երկրի վրա լինողները և գետնի տակ լինողները,+ 11 և որպեսզի ամեն ոք* հանրորեն ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է,+ և այդպիսով Աստված՝ Հայրը, փառավորվի:
12 Ուստի, սիրելինե՛րս, ինչպես որ միշտ եք հնազանդվել՝ թե՛ իմ ներկայության ժամանակ, թե՛ առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, շարունակեք այդպես անել և ահուդողով ամեն ջանք գործադրեք, որ փրկության հասնեք: 13 Չէ՞ որ Աստված է ձեզ եռանդով լցնում՝ տալով գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ, քանի որ դա հաճելի է նրան: 14 Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտնջալու+ և վիճելու,+ 15 որ լինեք Աստծու անմեղադրելի ու աննենգ զավակները+ և անարատ մնաք՝ ապրելով այս խոտորված ու ապականված սերնդի մեջ:+ Նրանց մեջ դուք ասես լուսատուներ լինեք, որ շողում եք այս աշխարհում:+ 16 Պինդ բռնեք Աստծու կենսատու խոսքերը,+ և այդ դեպքում, երբ գա Քրիստոսի օրը, ես ուրախանալու պատճառ կունենամ՝ իմանալով, որ իզուր չեմ վազել կամ եռանդագին ջանք թափել: 17 Ես երջանիկ եմ և ուրախանում եմ բոլորիդ հետ, նույնիսկ եթե ինքս ինձ որպես ըմպելիքի ընծա+ ամբողջությամբ տալիս եմ՝ թիկունք կանգնելով այն զոհաբերությանն+ ու սուրբ ծառայությանը,* որ դուք անում եք հավատից մղված: 18 Ուրեմն դուք էլ երջանիկ եղեք և ինձ հետ ուրախացեք:
19 Հուսով եմ, որ Տեր Հիսուսի կամքով շուտով կկարողանամ ձեզ մոտ ուղարկել Տիմոթեոսին,+ որ նրանից ձեր մասին տեղեկություն ստանալով՝ քաջալերվեմ: 20 Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով: Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս: 21 Մնացած բոլորը իրենց անձնական շահն են հետապնդում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը: 22 Մինչդեռ նա, ինչպես գիտեք, փաստել է, որ այդպիսին չէ. ինչպես երեխան+ հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ տքնաջան ծառայել է բարի լուրի տարածման գործում: 23 Դրա համար էլ նրան եմ ուզում ուղարկել ձեզ մոտ, հենց որ ինձ հետ կապված ինչ-որ բան պարզվի: 24 Թեև վստահ եմ, որ Տիրոջ կամքով ես ինքս շուտով կկարողանամ գալ ձեզ մոտ:+
25 Իսկ հիմա հարկ եմ համարում հետ ուղարկել ձեզ մոտ Եպաֆրոդիտոսին՝ իմ եղբորը, համագործակցին, որն ինձ պես Քրիստոսի զինվոր է, և որին դուք ուղարկել էիք հոգ տանելու ինձ:*+ 26 Նա շատ է ուզում տեսնել բոլորիդ և խիստ ընկճված է, որովհետև իր հիվանդության մասին լուրը հասել էր ձեզ: 27 Եվ իսկապես, նա ծանր հիվանդացել էր ու քիչ էր մնում՝ մահանար, բայց Աստված գթասիրտ գտնվեց նրա հանդեպ և ոչ միայն նրա, այլև իմ հանդեպ, որպեսզի իմ ցավերին ևս մեկը չավելանա: 28 Ուստի նրան հնարավորինս շուտ ձեզ մոտ եմ ուղարկում, որ կրկին տեսնեք նրան և ուրախանաք, ու որ ես էլ այդքան չանհանգստանամ: 29 Մեծ ուրախությամբ ընդունեք նրան, ինչպես որ միշտ եք ընդունում Տիրոջը ծառայողներին, և այդպիսի մարդկանց թանկ համարեք:+ 30 Չէ՞ որ Քրիստոսի* գործն անելու համար նա հասավ մահվան դուռը և իր կյանքը* վտանգի ենթարկեց, որ ձեր այստեղ չլինելու բացը լրացնի ու ձեր փոխարեն օգնի ինձ:+
3 Ուրեմն, եղբայրնե՛րս, շարունակեք ուրախանալ՝ ծառայելով Տիրոջը:+ Ես չեմ հոգնում ձեզ միևնույն բաները գրելուց, քանի որ դա ձեր պաշտպանության համար է:
2 Զգուշացեք անմաքուր մարդկանցից,* զգուշացեք ուրիշներին վնասողներից, զգուշացեք նրանցից, ովքեր կառչած են թլփատությանը:*+ 3 Իսկական թլփատվածները մենք ենք՝ մենք,+ որ սուրբ ծառայություն ենք մատուցում Աստծուն նրա ոգու օգնությամբ, Քրիստոս Հիսուսով ենք պարծենում+ և մեր վստահությունը չենք հիմնում այն բաների վրա, ինչի վրա մարդիկ են հիմնվում,* 4 թեև ես առավել, քան որևէ մեկը, հիմքեր ունեմ այդպիսի բաների հարցում վստահություն ունենալու:
Այո՛, եթե մեկը կարծում է, թե նման վստահություն ունենալու հիմքեր ունի, առավել ևս ես ունեմ. 5 թլփատվել եմ ութերորդ օրը,+ Իսրայելի ազգից եմ՝ Բենիամինի ցեղից, եբրայեցի եմ՝ եբրայեցի ծնողների զավակ,+ ինչ վերաբերում է Օրենքը պահելուն, որպես փարիսեցի՝ խստորեն պահել եմ այն,+ 6 ինչ վերաբերում է նախանձախնդիր լինելուն, հալածել եմ ժողովը,+ ինչ վերաբերում է Օրենքի հիման վրա արդար համարվելուն, փաստել եմ, որ անմեղադրելի եմ: 7 Բայց այն ամենը, ինչ օգուտ էր ինձ, ես անօգուտ եմ համարում* հանուն Քրիստոսի:+ 8 Այո՛, ամեն բան անարժեք եմ համարում, երբ համեմատում եմ իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին անգին գիտելիքների հետ: Հանուն նրա՝ ես կրել եմ այդ ամենի կորուստը և դրանք աղբ եմ համարում: Այդպես եմ վարվել, որ ձեռք բերեմ Քրիստոսի հավանությունը* 9 ու նրա հետ միավորված լինեմ՝ արդար համարվելով ոչ թե Օրենքին հետևելու, այլ Քրիստոսին+ հավատալու շնորհիվ:+ Չէ՞ որ Աստված հավատի հիման վրա է արդար համարում մարդուն:+ 10 Ես ցանկանում եմ ճանաչել Քրիստոսին և այն զորությունը, որով նրան հարություն է տրվել,*+ նրա պես չարչարվել+ ու մահանալ այնպիսի մահով, որով նա մահացավ:+ 11 Այդպիսով հույս ունեմ հասնել մահացածների վաղ հարությանը:+
12 Ես դեռ չեմ ստացել մրցանակը, ոչ էլ կատարյալ եմ դարձել, այլ շարունակում եմ ամեն ջանք գործադրել,+ որ ձեռք բերեմ այն, ինչի համար Քրիստոս Հիսուսն ընտրել է ինձ:+ 13 Եղբայրնե՛ր, ես չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան հաստատ է. մոռանալով հետևում եղած բաները+ և ձգտելով դեպի առջևում եղածները՝+ 14 ջանք եմ գործադրում, որ հասնեմ նպատակին, այսինքն՝ ստանամ մրցանակը՝+ երկնային կյանքը,+ որն Աստված տալու է նրանց, ում կանչել է Քրիստոս Հիսուսի միջոցով: 15 Ուրեմն մեզնից նրանք, ովքեր հասուն են,+ թող այսպես մտածեն, իսկ եթե այլ կերպ եք մտածում, Աստված կօգնի ձեզ, որ ճիշտ մտածելակերպ ունենաք: 16 Ամեն դեպքում, ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով* շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով:
17 Եղբայրնե՛ր, ընդօրինակեք ինձ,+ նաև ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր վարվում են մեր թողած օրինակի համաձայն, 18 որովհետև կան շատ մարդիկ, ովքեր այժմ վարվում են որպես Քրիստոսի տանջանքի սյունը* արհամարհող թշնամիներ: Նրանց մասին ես հաճախ եմ հիշատակել, բայց հիմա նաև արցունքներով եմ հիշատակում: 19 Նրանց վերջը կործանումն է, նրանց աստվածն իրենց ցանկություններն են,* նրանք հպարտանում են իրենց արած ամոթալի բաներով, և նրանց ուշքն ու միտքը երկրային բաներն են:+ 20 Իսկ մենք երկնքի+ քաղաքացիներ ենք+ և փափագով փրկչի ենք սպասում՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որը երկնքում է:+ 21 Իր մեծ զորությամբ, որով կարող է ամեն բան իրեն հպատակեցնել,+ նա կվերափոխի մեր թշվառ մարմինը, որ այն իր փառահեղ մարմնի պես լինի:+
4 Եղբայրնե՛րս, դուք իմ ուրախությունն ու պսակն* եք:+ Ես ձեզ սիրում եմ ու շատ եմ կարոտում: Սիրելինե՛ր, իմ տված հորդորի համաձայն վարվեք+ և շարունակեք հավատարիմ մնալ Տիրոջը:*
2 Եվոդիային ու Սյունտիքին հորդորում եմ, որ միաբան* լինեն՝ ծառայելով Տիրոջը:+ 3 Իմ հավատարի՛մ համագործակից,* քեզ էլ խնդրում եմ, որ շարունակես օգնել այս կանանց, որոնք Կղեմեսի և իմ մյուս համագործակիցների հետ միասին կողք կողքի տքնաջան աշխատել են* ինձ հետ բարի լուրի տարածման գործում: Նրանց բոլորի անունները գրված են կյանքի գրքում:+
4 Միշտ ուրախ եղեք՝ ծառայելով Տիրոջը:* Նորից եմ ասում՝ ուրախ եղեք:+ 5 Թող ձեր խոհեմությունը*+ ակնհայտ լինի բոլորին: Հիշեք, որ Տերը մոտ է: 6 Ոչ մի բանի համար մի՛ մտահոգվեք,+ այլ ամեն ինչի մասին աղոթեք Աստծուն. օգնություն աղերսեք, միշտ շնորհակալական խոսքեր ասեք ու ձեր խնդրանքները հայտնեք նրան,+ 7 և Աստված ձեզ այնպիսի խաղաղություն+ կտա, որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից: Այն կպահպանի ձեր սիրտն+ ու միտքը Քրիստոս Հիսուսի միջոցով:
8 Այսպիսով, եղբայրնե՛ր, շարունակ մտածեք այն մասին, ինչը որ ճիշտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ ներդաշնակ է Աստծու արդար չափանիշներին,* ինչը որ մաքուր է, ինչը որ մղում է սիրելու, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ վեհ է, և ինչը որ գովելի է:+ 9 Կիրառեք այն ամենը, ինչ իմացաք ու ընդունեցիք ինձնից և ինչ տեսաք իմ մեջ ու լսեցիք:+ Այդ դեպքում խաղաղություն տվող* Աստվածը ձեզ հետ կլինի:
10 Ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Տիրոջը, որ դուք կրկին ցույց տվեցիք իմ հանդեպ ձեր հոգատարությունը:+ Գիտեմ, որ միշտ էլ մտահոգվել եք իմ մասին, բայց հնարավորություն չեք ունեցել դա ցույց տալու: 11 Ես սա չեմ ասում այն պատճառով, որ կարիքի մեջ եմ, քանի որ ինչպիսի հանգամանքներում էլ որ լինեմ, սովորել եմ գոհ լինել:*+ 12 Ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը,+ և ինչ է բարեկեցիկ կյանքով ապրելը: Եվ սովորել եմ գաղտնիքը, այն է՝ գոհ լինել ամեն ինչում և ցանկացած հանգամանքում՝ կուշտ, թե քաղցած, լիության մեջ, թե կարիքի մեջ: 13 Ինձ զորացնողի շնորհիվ ես ի զորու եմ անելու ամեն ինչ:+
14 Այնուամենայնիվ, դուք լավ վարվեցիք, որ օգնեցիք ինձ իմ նեղության մեջ: 15 Դեռ ավելին, փիլիպպեցի՛ եղբայրներ, դուք էլ գիտեք, որ երբ առաջին անգամ լսեցիք բարի լուրը, և դրանից հետո ես հեռացա Մակեդոնիայից, ինձնից օգնություն ստացած ուրիշ ոչ մի ժողով չաջակցեց ինձ՝* բացի ձեզնից:+ 16 Երբ Թեսաղոնիկեում էի, դուք երկու անգամ օգնություն ուղարկեցիք իմ կարիքները հոգալու համար: 17 Հարցն այն չէ, թե ես նվեր եմ ակնկալում, պարզապես ուզում եմ, որ բարի գործեր անեք, որպեսզի գանձեր ավելացնեք ձեր հաշվին:* 18 Իսկ ես ունեմ ինձ անհրաժեշտ ամեն բան և նույնիսկ ավելին: Հիմա, երբ Եպաֆրոդիտոսից+ ստացել եմ ձեր ուղարկածը, ես ամեն ինչով ապահովված եմ: Ձեր նվերը անուշաբույր զոհ է,+ որը հաճելի և ընդունելի է Աստծուն: 19 Անսպառ գանձերի տեր իմ Աստվածն էլ իր հերթին լիովին կհոգա ձեր կարիքները+ Քրիստոս Հիսուսի միջոցով: 20 Փա՜ռք մեր Աստծուն և Հորը հավիտյանս հավիտենից: Ամեն:
21 Իմ կողմից ողջունեք Քրիստոս Հիսուսի բոլոր աշակերտներին՝ սուրբ ծառաներին: Ինձ մոտ գտնվող եղբայրները նույնպես բարևում են ձեզ: 22 Ձեզ ողջունում են բոլոր սրբերը,* հատկապես նրանք, որ կայսրի արքունիքից են:+
23 Թող Տեր Հիսուս Քրիստոսը անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ ձեր ցուցաբերած ոգու համար:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «Քրիստոսի հետ միավորվածներին»: Բռց.՝ «Քրիստոսում միավորվածներին»:
Կամ՝ «մասնակցում»:
Կամ՝ «հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր»:
Բռց.՝ «արդար»:
Կամ՝ «տարաձայնություններ առաջացնելու ցանկությունից մղված»:
Բռց.՝ «փրկություն կստանամ»:
Բռց.՝ «իմ մարմինը»:
Բռց.՝ «մարմնում»:
Բռց.՝ «մարմնում»:
Բռց.՝ «ներկա լինեմ»:
Կամ՝ «վարվեք որպես քաղաքացիներ»:
Բռց.՝ «մեկ ոգով»:
Բռց.՝ «մեկ հոգով»:
Կամ՝ «պայքարն եք մղում»:
Կամ՝ «Ոչինչ մի՛ արեք մրցակցությունից կամ փառասիրությունից դրդված»:
Կամ՝ «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք»:
Այսինքն՝ ոգեղեն էակ էր, ինչպես որ Աստված:
Բռց.՝ «դարձավ մարդկանց նման»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Բռց.՝ «անուն»:
Բռց.՝ «ամեն լեզու»:
Կամ՝ «մարդկանց օգուտ բերող ծառայությանը»:
Կամ՝ «ծառայելու իմ կարիքներին»:
Կամ հնարավոր է՝ «Տիրոջ»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «շներից»: Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց ուսմունքների պատճառով Աստծու աչքին անմաքուր են դարձել:
Կամ՝ «խեղում են մարմինը»:
Բռց.՝ «մարմնավոր բաների վրա»:
Կամ հնարավոր է՝ «պատրաստակամորեն թողել եմ»:
Բռց.՝ «շահեմ Քրիստոսին»:
Բռց.՝ «նրա հարության զորությունը»:
Կամ՝ «սահմանված կարգով»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Բռց.՝ «որովայնն է»:
Այսինքն՝ մրցանակը:
Բռց.՝ «հաստատ կանգնել Տիրոջ մեջ»:
Բռց.՝ «միևնույն մտքի»:
Բռց.՝ «լծակից»:
Կամ՝ «ծանր պայքար են մղել»:
Բռց.՝ «Տիրոջ մեջ»:
Բռց.՝ «զիջողամտությունը»:
Բռց.՝ «արդար է»:
Բռց.՝ «խաղաղության»:
Կամ՝ «ինքս բավարարել իմ կարիքները»:
Բռց.՝ «ինձ հետ բաժնեկից չեղավ տալու և ստանալու մեջ»:
Խոսքը Աստծու առաջ նրանց ունեցած լավ համբավի մասին է:
Բառարանում տես «Սրբեր»: