ՆԱՄԱԿ ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ
1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ, գրում եմ ձեզ՝ Եփեսոսի սրբերիդ՝*+ Քրիստոս Հիսուսի հետ միավորված հավատարիմներիդ:
2 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն և խաղաղություն տան ձեզ:
3 Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, ով երկնային ոլորտում մեզ ամեն տեսակ հոգևոր օրհնություններ է տվել, քանի որ միավորված ենք Քրիստոսի հետ:+ 4 Չէ՞ որ նա մարդկության սկզբնավորումից* ի վեր ընտրեց մեզ, որ Քրիստոսի հետ միավորված լինենք և որ իր հանդեպ սիրուց մղված՝ իր առաջ սուրբ ու անբիծ լինենք:+ 5 Աստված նախապես որոշեց+ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրել մեզ,+ ինչպես որ հաճելի էր իրեն և իր կամքն էր:+ 6 Այդպիսով նա իր սիրելի Որդու միջոցով հիասքանչ անզուգական բարություն*+ դրսևորեց մեր հանդեպ, ինչի համար պետք է գովաբանվի:+ 7 Որդու միջոցով՝ նրա արյամբ վճարված փրկագնով, մենք ազատագրվեցինք,+ այո՛, մեղքերի ներում ստացանք:+ Եվ այս ամենը Աստծու անզուգական բարության շնորհիվ է, ինչով հարուստ է նա:
8 Այս բարությունը նա առատորեն դրսևորեց մեր հանդեպ՝ տալով նաև իմաստություն ու հասկացողություն* ամեն հարցում 9 և հայտնելով մեզ իր կամքի վերաբերյալ սրբազան գաղտնիքը:+ Այդ գաղտնիքն այն մասին է, որ նա, ինչպես իրեն է հաճելի, նպատակադրել է 10 նշանակված ժամանակահատվածը լրանալուն պես հաստատել տնօրինման մի գործընթաց, որի նպատակն է Քրիստոսի միջոցով նորից համախմբել բոլորին՝ նրանց, ովքեր երկնքում են, և նրանց, ովքեր երկրի վրա են:*+ Այո՛, ամեն ինչ պետք է համախմբվի Քրիստոսի միջոցով: 11 Մենք միավորված ենք նրա հետ և նշանակվել ենք նրա ժառանգակիցները+ լինելու: Մեզ համար դա նախապես որոշված էր՝ համաձայն նրա նպատակի, ով ամեն ինչ իրագործում է իր որոշած ձևով: 12 Մենք առաջինն էինք, որ հուսացինք Քրիստոսին, և Աստված ընտրեց մեզ, որ մեր միջոցով փառավորվի ու գովաբանվի: 13 Դուք՝ այլազգիներդ, նույնպես հուսացիք նրան, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության մասին բարի լուրը: Եվ երբ հավատացիք, ձեզ վրա նաև խոստացված սուրբ ոգու կնիքը+ դրվեց Քրիստոսի միջոցով: 14 Այդ ոգին մեր ստանալիք ժառանգության գրավականն* է,+ որը նախապես տրվեց մեզ, գրավականն այն բանի, որ Աստված փրկագնով+ կազատի իր ժողովրդին,*+ որպեսզի իրեն փառք ու գովաբանություն տրվի:
15 Դրա համար էլ, ինչ լսել եմ Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և սրբերի հանդեպ ձեր դրսևորած սիրո մասին, 16 անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար: Միշտ հիշատակում եմ ձեզ իմ աղոթքներում և խնդրում եմ, 17 որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեր ստացած ճշգրիտ գիտելիքների հետ մեկտեղ ձեզ տա իմաստություն և իր բացահայտած բաները հասկանալու կարողություն:*+ 18 Աստված բացել է ձեր մտքի* աչքերը, որ ըմբռնեք, թե ձեզ կանչելով՝ ինչ հույս է տվել, թե ինչ փառահեղ հարստություն է պահել սրբերի համար որպես ժառանգություն,+ 19 և թե ինչքան մեծ ու արտասովոր է նրա զորությունը, որ գործում է մեր՝ հավատացյալներիս մեջ:+ Նրա այդ ուժի հզորությունը դրսևորվեց, 20 երբ նա հարություն տվեց Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը՝+ երկնային ոլորտում՝ 21 տալով այնպիսի դիրք, որով նա անհամեմատ բարձր է թե՛ ներկայիս,* թե՛ գալիք բոլոր կառավարություններից, իշխանություններից, զորություն ունեցողներից, տերություններից և մեծ անուն ունեցող ամեն մեկից:+ 22 Աստված նաև ամեն բան հպատակեցրեց Քրիստոսին՝ դնելով նրա ոտքերի տակ,+ և նրան նշանակեց ժողովի գլուխ՝ իշխանություն տալով դրա հետ կապված ամեն ինչի վրա,+ 23 ժողովի, որը նրա մարմինն է,+ որի մեջ ամփոփված են իր բոլոր հատկությունները, և որին նա համալրում է ամեն ինչով:
2 Աստված կենդանացրեց ձեզ, երբ դուք ձեր հանցանքների ու մեղքերի մեջ էիք և ասես մեռած լինեիք:+ 2 Մի ժամանակ դուք այս աշխարհի* մարդկանց պես էիք վարվում+ ու ենթարկվում էիք այն իշխանին,+ որը վերահսկում է օդի պես մեզ շրջապատող մտայնությունը՝ այն ոգին,+ որն այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ: 3 Այո՛, բոլորս էլ մի ժամանակ նրանց պես էինք վարվում՝ իրագործելով մեր մարմնի մեղավոր ցանկություններն ու մեր մտքերը,+ և մյուսների նման մենք էլ ի ծնե արժանի էինք Աստծու բարկությանը:*+ 4 Բայց Աստված, ով հարուստ է գթասրտությամբ,+ մեր հանդեպ իր մեծ սիրուց մղված,+ 5 մեզ կենդանացրեց և Քրիստոսի հետ միավորեց՝ մեզ, որ հանցանքների մեջ էինք ու մեռած:+ Այո՛, դուք փրկվեցիք նրա անզուգական բարության* շնորհիվ: 6 Աստված մեզ՝ Քրիստոս Հիսուսի հետևորդներիս, ոչ միայն կենդանացրեց ու միավորեց նրա հետ, այլև նրա հետ նստեցրեց երկնային ոլորտում:+ 7 Նա արեց դա, որ գալիք ժամանակներում* Քրիստոս Հիսուսի հետ միավորվածներիս հանդեպ մեծահոգաբար անզուգական բարություն դրսևորի անասելի առատությամբ:*
8 Այդ անզուգական բարության շնորհիվ է, որ դուք հավատի միջոցով փրկվեցիք:+ Դա ձեր վաստակը չէ, այլ Աստծու պարգևն է: 9 Այո՛, այդ փրկությունը ձեռք չի բերվում գործերի շնորհիվ,+ այնպես որ ոչ ոք պարծենալու հիմք չունի: 10 Մենք Աստծու ձեռքի գործն ենք և ստեղծվել ենք+ Քրիստոս Հիսուսի հետ միավորվելու միջոցով:+ Ստեղծվել ենք, որ Աստծու նախատեսած բարի գործերն անենք:
11 Հիշեք, որ մի ժամանակ ձեզ՝ ծնունդով* այլազգիներիդ, մարդկանց ձեռքով թլփատվածները անթլփատ էին կոչում: 12 Այդ ժամանակ դուք չգիտեիք Քրիստոսին, օտար էիք Իսրայելի ժողովրդին և օտար լինելով՝ բաժին չունեիք խոստման վրա հիմնված ուխտերի* մեջ:+ Դուք այս աշխարհում ապրում էիք առանց հույսի և առանց Աստծու:+ 13 Բայց այժմ Քրիստոս Հիսուսի հետ միավորված լինելով՝ դուք, որ մի ժամանակ հեռու էիք Աստծուց, մոտեցաք նրան Քրիստոսի արյան շնորհիվ: 14 Քրիստոսը մեզ խաղաղություն բերեց,+ միավորեց երկու կողմերը+ և քանդեց այդ երկուսին բաժանող պատը:+ 15 Նա զոհաբերեց իր մարմինը և այդպիսով վերացրեց թշնամության պատճառը՝ պատվիրաններից ու կանոններից բաղկացած Օրենքը, որպեսզի այդ երկու կողմերից, որ միավորված են իր հետ, մեկ նոր ժողովուրդ* ստեղծի+ և խաղաղություն հաստատի: 16 Տանջանքի սյան* վրա մահանալով՝ նա վերջ դրեց թշնամանքին,+ այս երկու խմբերին լիովին հաշտեցրեց Աստծու հետ+ ու մեկ մարմին դարձրեց նրանց: 17 Նա եկավ ու խաղաղություն ավետեց թե՛ ձեզ՝ հեռու եղողներիդ, և թե՛ մոտ եղողներին: 18 Նրա միջոցով մենք՝ երկու խմբերս էլ կարող ենք ազատորեն աղոթել Հորը, քանի որ նույն սուրբ ոգին ենք ստացել:
19 Հետևաբար դուք այլևս օտարներ ու պանդուխտներ չեք,+ այլ քաղաքացիներ եք,+ ինչպես մյուս բոլոր սրբերը,* և Աստծու ընտանիքի անդամներ եք:+ 20 Դուք կառուցվել եք առաքյալների ու մարգարեների* հիմքի վրա,+ իսկ այդ հիմքի անկյունաքարը հենց ինքը՝ Քրիստոս Հիսուսն է:+ 21 Նրա հետ միավորված՝ ողջ շինությունը, որը ներդաշնակորեն համակցված է,+ դառնում է սուրբ տաճար Եհովայի* համար:+ 22 Այսպիսով՝ քանի որ դուք միավորված եք նրա հետ, Աստված ձեզնով էլ է կառուցում այն տունը, որտեղ բնակվում է իր ոգով:+
3 Հենց այդ պատճառով էլ ես՝ Պողոսս, որ բանտարկված+ եմ հանուն Քրիստոս Հիսուսի ու հանուն ձեզ՝ այլազգիներիդ...* 2 Դուք իհարկե լսել եք, որ ինձ պատասխանատվություն*+ է վստահվել օգնելու ձեզ ճաշակել Աստծու անզուգական բարությունը, 3 և որ Աստված ինձ տված հայտնությամբ բացել է իր սրբազան գաղտնիքը, ինչի մասին արդեն համառոտ գրեցի: 4 Երբ սա կարդաք, կտեսնեք, որ հասկանում եմ Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը:+ 5 Աստված այդ գաղտնիքը անցած սերունդներին չի հայտնել այն չափով, որչափ հիմա է սուրբ ոգու միջոցով հայտնում սուրբ առաքյալներին ու մարգարեներին:+ 6 Այդ գաղտնիքն այն է, որ ուրիշ ազգերի մարդիկ, ընդունելով բարի լուրը և միավորվելով Քրիստոս Հիսուսի հետ, մեզ հետ միասին լինելու են նրա ժառանգակիցները և նույն մարմնի անդամները+ ու մեզ հետ միասին ստանալու են Աստծու խոստացածը: 7 Ես այդ գաղտնիքը պարզաբանող ծառա* դարձա շնորհիվ Աստծու ձրի պարգևի՝ անզուգական բարության,* որը նա դրսևորեց՝ ներգործելով ինձ վրա իր զորությամբ:+
8 Իմ հանդեպ, որ բոլոր սրբերի* մեջ փոքրագույնից էլ փոքր եմ,+ այս անզուգական բարությունը դրսևորվեց,+ որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ Քրիստոսից եկող անհատակ հարստությունների մասին բարի լուրը 9 և օգնեմ մարդկանց տեսնելու, թե ինչպես է Աստված՝ ամեն բան ստեղծողը, վարում սրբազան գաղտնիքին+ առնչվող գործերը, գաղտնիք, որը դարեր շարունակ ծածկված է պահել: 10 Այս ամենն այն բանի համար է, որ երկնային ոլորտում գտնվող կառավարություններին ու իշխանություններին ժողովի միջոցով+ հիմա հայտնի դառնա Աստծու իմաստությունն իր բազում դրսևորումներով:+ 11 Սա ներդաշնակ է նրա հավերժական նպատակին, որը կապված է Քրիստոս Հիսուսի՝+ մեր Տիրոջ հետ: 12 Քրիստոսի միջոցով կարող ենք համարձակորեն խոսել+ և նրա հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ կարող ենք ազատորեն ու վստահությամբ աղոթել Աստծուն: 13 Ուստի, խնդրում եմ, ձեզ համար իմ կրած նեղությունների պատճառով մի՛ վհատվեք, քանի որ դրանք ձեր պարծանքն են:+
14 Այդ պատճառով էլ ծնկի եմ գալիս Հոր առաջ, 15 որին ամեն ընտանիք թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա պարտական է իր գոյությամբ:* 16 Ես աղոթում եմ, որ Աստված, ով մեծափառ է, զորացնի ձեզ*+ իր ոգուց բխող ուժով, 17 և որ ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը բնակվի ձեր սրտում, ձեր սիրտն էլ լցված լինի սիրով:+ Թող որ դուք խոր արմատներ ունենաք+ և կանգնած լինեք ամուր հիմքի վրա,+ 18 որ կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ, 19 և ճանաչեք Քրիստոսի սերը,+ որը բարձր է գիտելիքներից, որպեսզի լիարժեքորեն ունենաք Աստծուց բխող հատկությունները:*
20 Իսկ Աստծուն, ով մեր մեջ գործող իր զորությամբ+ կարող է շատ ավելին անել՝ մեր խնդրածից կամ պատկերացրածից անհամեմատ ավելին,+ 21 թող հավիտյանս հավիտենից սերնդեսերունդ փառք տրվի ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով: Ամեն:
4 Ես՝ հանուն Տիրոջ բանտարկվածս,+ խնդրում եմ, որ վարվեք այնպես, ինչպես վայել է+ կանչվածներին. 2 միշտ եղեք խոնարհամիտ,+ մեղմ ու համբերատար,+ սեր դրսևորելով՝ հանդուրժեք միմյանց թերությունները,+ 3 ամեն կերպ ջանացեք պահպանել սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը՝ միմյանց հետ խաղաղության մեջ ապրելով, քանի որ դա ձեզ միավորող կապն է:+ 4 Մեկն է մարմինը,+ և մեկն է սուրբ ոգին,+ ինչպես որ մեկն է հույսը,+ որի համար դուք կանչվել եք: 5 Կա մեկ Տեր,+ մեկ հավատ, մեկ մկրտություն, 6 մեկ Աստված՝ բոլորի Հայրը, ով իշխանություն ունի բոլորի վրա, գործում է բոլորիս միջոցով և բոլորիս մեջ:
7 Յուրաքանչյուրիս հանդեպ անզուգական բարություն* է դրսևորվել, և այդ ձրի պարգևը մեզ տրվել է այնպես, ինչպես Քրիստոսն է բաշխել:+ 8 Դրա համար էլ ասվում է. «Երբ նա վեր ելավ բարձունքը, գերեվարեց մարդկանց: Նա այդ մարդկանց տվեց որպես պարգևներ»:+ 9 Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ «նա վեր ելավ» արտահայտությունից: Այն, որ մինչ այդ նա իջել էր ներքև՝ երկիր: 10 Եվ այդ իջնողը նաև վեր ելավ՝+ բոլոր երկինքներից էլ վեր,+ որ նրա միջոցով ամեն ինչ իրագործվի:
11 Այդ մարդկանցից ոմանց նա նշանակեց առաքյալներ,+ ոմանց՝ մարգարեներ,+ ոմանց՝ ավետարանիչներ,*+ ոմանց էլ՝ հովիվներ և ուսուցանողներ:+ 12 Նրանք նշանակվել են, որ ուղղեն* սրբերին,* ծառայեն մյուսներին և ամրացնեն Քրիստոսի մարմինը,+ 13 մինչև որ բոլորս հավատի մեջ միաբան լինենք, Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք ու հասունանանք՝*+ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն, 14 և այլևս չլինենք երեխաներ՝ այս ու այն կողմ չքշվենք մարդկանց խորամանկ խաբեությունների ու նենգությամբ հորինած ուսմունքների հողմերից և չտարուբերվենք՝ ասես ալիքների մեջ ընկած:+ 15 Փոխարենը եկեք ապրենք ճշմարտության համաձայն,* սեր դրսևորենք և ամեն ինչում հասունանանք՝ նմանվելով Քրիստոսին, որը մարմնի գլուխն է:+ 16 Նրա շնորհիվ մարմնի բոլոր մասերը+ ներդաշնակորեն փոխկապակցված են և համագործակցում են զանազան հոդերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը աջակցող դեր ունի: Երբ մարմնի յուրաքանչյուր անդամ հարկ եղած ձևով է գործում, ողջ մարմինն աճում է և սիրո շնորհիվ ամրանում:+
17 Ուստի Տիրոջ առաջ ձեզ կոչ եմ անում, որ այլևս չընթանաք ինչպես աշխարհի մարդիկ,+ որոնք իրենց փուչ մտածելակերպով են շարժվում:+ 18 Նրանք չեն ուզում ճանաչել Աստծուն և սրտով անզգա են դարձել, դրա համար էլ մտային առումով խավարի մեջ են և հեռու են այն կյանքից, որ Աստված է առաջարկում: 19 Բարոյականության զգացումը կորցնելով՝ նրանք անձնատուր են եղել լկտիության*+ և ագահաբար ամեն տեսակ անմաքուր բաներ են անում:
20 Բայց դուք սովորել եք ու գիտեք, որ Քրիստոսն այդպիսին չէ, 21 եթե իհարկե լսել եք նրա խոսքերը և սովորել նրանից. չէ՞ որ ճշմարտությունը Հիսուսի մեջ է ամփոփված: 22 Դուք սովորել եք, որ պետք է հանեք ձեր հին անձնավորությունը,+ որը ձևավորվել է ձեր նախկին ապրելակերպի ազդեցության տակ, և որը գնալով ավելի է ապականվում՝ հետևելով իր մոլորեցնող ցանկություններին:+ 23 Նաև պետք է շարունակ ջանք թափեք, որ նոր մտածելակերպ* ձևավորեք+ 24 ու հագնեք նոր անձնավորությունը,+ որը համապատասխան է Աստծու ուզածին, իսկապես արդարությամբ է վարվում և նվիրված է:
25 Ուստի հիմա, երբ հրաժարվել եք ստից, ճիշտն ասեք իրար:+ Չէ՞ որ բոլորս մեկ մարմնի անդամներ ենք:+ 26 Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք:+ Մինչև արևի մայր մտնելը զայրացած մի՛ մնացեք,+ 27 առիթ* մի՛ տվեք Բանսարկուին:+ 28 Ով գողանում է, թող էլ չգողանա, այլ թող տքնաջան աշխատի և ազնիվ աշխատանքով ապրուստ վաստակի,+ որ կարողանա կարիքի մեջ եղողին էլ մի բանով օգնել:+ 29 Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից,+ այլ միայն բարի խոսք, որ զորացնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և օգուտ բերեք լսողներին:+ 30 Նաև մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին,+ որով կնիք դրվեց ձեզ վրա,+ որ ազատագրման օրը փրկագնով ազատվեք:+
31 Արմատախիլ արեք ամեն չարասիրտ դառնություն,+ զայրույթ, ցասում, գոռգոռոց, նվաստացուցիչ խոսքեր+ և այլ վնասակար բաներ:+ 32 Եվ իրար հանդեպ բարի ու խորապես կարեկից եղեք՝+ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ:+
5 Եվ այսպես՝ ընդօրինակեք Աստծուն+ որպես նրա սիրելի զավակներ 2 և շարունակեք սիրել+ այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ*+ ու հանուն մեզ՝* իր անձը որպես անուշաբույր ընծա և զոհ տվեց Աստծուն:+
3 Թող անբարոյականություն,* ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ.+ դա վայել չէ սուրբ մարդկանց:*+ 4 Նաև ձեր մեջ թող չդրսևորվի ամոթալի վարք, չլինեն հիմար խոսակցություններ կամ լկտի կատակներ՝+ բաներ, որոնք պատշաճ չեն. փոխարենը շնորհակալություն հայտնեք Աստծուն:+ 5 Չէ՞ որ դուք գիտեք և լավ հասկանում եք, որ ոչ մի անբարոյական,*+ ոչ մի անմաքուր մարդ և ոչ էլ որևէ ագահ,+ նույնն է թե՝ կռապաշտ, ժառանգություն չի ունենա Քրիստոսի և Աստծու թագավորության մեջ:+
6 Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը խաբի ձեզ փուչ խոսքերով, որովհետև վերը նշված բաների համար անհնազանդ մարդիկ արժանանալու են Աստծու ցասմանը: 7 Ուստի նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք: 8 Մի ժամանակ դուք էլ էիք խավարի մեջ, բայց հիմա, երբ Տիրոջ հետ միավորվել եք,+ լույսի մեջ եք:+ Շարունակեք վարվել լույսի զավակներին վայել ձևով, 9 որովհետև լույսը մեր մեջ առաջ է բերում* այն ամենը, ինչ բարի* է, արդար և ճիշտ:+ 10 Շարունակ հավաստիացեք, թե ինչն է ընդունելի+ Տիրոջը, 11 և այլևս մասնակից մի՛ եղեք խավարի անօգուտ գործերին,+ ընդհակառակը, ցույց տվեք, որ դրանք սխալ են: 12 Նրանք գաղտնաբար այնպիսի բաներ են անում, որ դրանց մասին խոսելն անգամ ամոթ է: 13 Բոլոր այդ դատապարտելի բաները քողազերծվում են լույսով, և ամեն բան, որ քողազերծվում է, դառնում է լուսավորված: 14 Դրա համար էլ ասվում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռածների միջից,+ և Քրիստոսը կլուսավորի քեզ»:+
15 Այնպես որ ամենայն ուշադրությամբ հետևեք ձեր վարքին, որ վարվեք ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ, 16 և ժամանակը ճիշտ օգտագործեք,*+ քանի որ ապրում ենք չարությամբ լի օրերում: 17 Ուստի մի՛ եղեք անխոհեմ, այլ շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի* կամքը:+ 18 Եվ մի՛ հարբեք գինով,+ ինչը տանում է սանձարձակության, այլ շարունակեք լցվել Աստծու ոգով: 19 Քաջալերեք միմյանց* սաղմոսներով և գովաբանեք Աստծուն: Հոգևոր երգերով ու մեղեդիներով+ սրտանց* փառաբանեք Եհովային:+ 20 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով+ ամեն ինչի համար միշտ շնորհակալություն հայտնեք+ մեր Աստծուն և Հորը:
21 Հնազանդվեք մեկդ մյուսիդ՝+ Քրիստոսի հանդեպ խոր հարգանքից մղված: 22 Թող կանայք հնազանդվեն իրենց ամուսիններին,+ ինչպես որ հնազանդվում են Տիրոջը, 23 որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է,+ ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է+ և այդ մարմնի փրկիչը: 24 Ուստի ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին: 25 Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց,+ ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց հանուն նրա:+ 26 Նա արեց դա, որ սրբագործի ժողովը՝ մաքրելով ջրով՝ Աստծու խոսքով,+ 27 որպեսզի այն ողջ շքեղությամբ ներկայանա իր առաջ և չունենա որևէ բիծ, արատ կամ ուրիշ այդպիսի բան,+ այլ լինի սուրբ և անարատ:+
28 Նույնպես էլ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը: Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում: 29 Չէ՞ որ ոչ ոք իր մարմինը չի ատում, այլ կերակրում ու փայփայում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ ժողովին, 30 քանի որ մենք նրա մարմնի անդամներն ենք:+ 31 Սուրբ գրվածքներում ասվում է. «Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և երկուսը մեկ մարմին կլինեն»:+ 32 Խոսքս Քրիստոսին և ժողովին առնչվող այս կարևոր սրբազան գաղտնիքի+ մասին է:+ 33 Այսպիսով՝ ձեզնից ամեն մեկը թող իր կնոջը սիրի այնպես,+ ինչպես ինքն իրեն: Իսկ կինը պետք է խորապես հարգի իր ամուսնուն:+
6 Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին,+ ինչպես որ Տերն է ուզում, քանի որ դա է ճիշտը: 2 «Պատվիր քո հորն ու մորը»:+ Սա առաջին պատվիրանն է, որի հետ նաև խոստացված օրհնություն է նշվում. 3 «Որ քեզ համար լավ լինի ու երկար ապրես երկրի վրա»: 4 Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ դառնացրեք ձեր երեխաներին,+ այլ դաստիարակեք նրանց՝ խրատելով+ ու կրթելով այնպես, ինչպես Եհովան* է ուզում:*+
5 Ծառանե՛ր,* հնազանդվեք ձեր տերերին*+ հարգանքով, ակնածանքով և սրտանց, ինչպես որ Քրիստոսին եք հնազանդվում: 6 Եվ այդպես մի՛ վարվեք միայն այն ժամանակ, երբ տեսնող կա, որ զուտ մարդկանց հաճեցնեք,+ այլ այդպես վարվեք, քանի որ դուք Քրիստոսի ծառաներն եք, ովքեր ամբողջ հոգով* կատարում են Աստծու կամքը:+ 7 Ճիշտ տրամադրվածությամբ ծառայեք, ինչպես Եհովային+ և ոչ թե մարդկանց, 8 քանի որ գիտեք, որ յուրաքանչյուր ոք՝ լինի ծառա, թե ազատ մարդ, իր արած ամեն բարիքի համար վարձատրություն կստանա Եհովայից:+ 9 Դուք էլ, տերե՛ր, նույն սկզբունքով վերաբերվեք ձեր ծառաներին և մի՛ սպառնացեք նրանց, որովհետև գիտեք, որ թե՛ դուք, թե՛ նրանք նույն Տերն ունեք երկնքում,+ իսկ նա կողմնապահ չէ:
10 Եվ վերջում ձեզ այս հորդորն եմ տալիս: Շարունակեք ուժ+ ստանալ Տիրոջից, ով մեծ զորություն ունի: 11 Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը,+ որպեսզի կարողանաք անսասան մնալ Բանսարկուի նենգությունների դեմ, 12 որովհետև մեր պայքարը*+ միս ու արյան դեմ չէ, այլ երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ է, որոնք այս խավար աշխարհը ղեկավարող տիրակալներն են, կառավարություններն ու իշխանությունները:+ 13 Ուստի հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը,+ որ հակառակորդի հարձակման ժամանակ* կարողանաք դիմակայել: Եվ երբ ամբողջովին պատրաստված լինեք, կկարողանաք անսասան մնալ:
14 Այսպիսով՝ ամուր կանգնեք՝ ճշմարտության գոտին ձեր մեջքին կապած,+ արդարության կրծքազրահը հագած+ 15 և ձեր ոտքերին խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը հագած:+ 16 Այս ամենից բացի՝ վերցրեք նաև հավատի մեծ վահանը,+ որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը:+ 17 Ձեր գլխին դրեք փրկության սաղավարտը+ և վերցրեք հոգևոր սուրը,* այսինքն՝ Աստծու խոսքը,+ 18 և ամեն առիթով զանազան աղոթքներ+ ու աղաչանքներ մատուցեք Աստծուն՝ հետևելով սուրբ ոգու ուղղորդմանը:+ Արթուն մնացեք և շարունակ աղաչանք արեք բոլոր սրբերի* համար: 19 Աղոթեք նաև ինձ համար, որ խոսելիս Աստծու օգնությամբ ճիշտ բաներ ասեմ, որպեսզի կարողանամ անվախորեն քարոզել բարի լուրի սրբազան գաղտնիքի մասին:+ 20 Ես այդ լուրը հայտնող դեսպան եմ+ և դրա համար եմ շղթայված: Աղոթեք ինձ համար, որ բարի լուրի մասին համարձակությամբ խոսեմ, ինչպես և պարտավոր եմ անել:
21 Տյուքիկոսը՝+ մեր սիրելի եղբայրը և Տիրոջ հավատարիմ ծառան, կպատմի ձեզ իմ գործերի ու իմ որպիսության մասին:+ 22 Հենց դրա համար եմ նրան ձեզ մոտ ուղարկում, որ լուր բերի մեր մասին ու մխիթարի ձեզ:
23 Թող Հայրը՝ Աստված, և Տեր Հիսուս Քրիստոսը օգնեն մեր բոլոր եղբայրներին ունենալ խաղաղություն, սեր ու հավատ: 24 Թող Աստված անզուգական բարություն դրսևորի բոլոր նրանց հանդեպ, ովքեր անմար սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Կամ՝ «առողջ դատողություն»:
Կամ՝ «համախմբել ամեն բան՝ ինչը որ երկնքում է, և ինչը որ երկրի վրա է»:
Կամ՝ «կանխավճարը»:
Բռց.՝ «իր սեփականությանը»:
Բռց.՝ «իմաստության և հայտնության ոգի»:
Բռց.՝ «սրտի»:
Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «այս աշխարհի համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «բարկության զավակներ էինք»:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Կամ՝ «համակարգերում»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «դրսևորի իր անզուգական բարության գերազանց հարստությունը»:
Բռց.՝ «մարմնում»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «մարդ»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Հավանաբար վերաբերում է քրիստոնյա մարգարեներին:
Տես հավելված Ա5:
Ըստ ամենայնի, միտքը շարունակվում է 14-րդ համարում:
Կամ՝ «տնտեսվարի գործ»:
Բռց.՝ «այս բանի ծառայող»:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «իր անունով»:
Բռց.՝ «ձեր ներքին մարդուն»:
Բռց.՝ «որպեսզի լցվեք Աստծու ողջ լիությամբ»:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Կամ՝ «միսիոներներ»:
Կամ՝ «կրթեն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «դառնանք չափահաս մարդ»:
Կամ՝ «խոսենք ճշմարտությունը»:
Կամ՝ «լկտի վարքին», «անամոթ վարքին»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:
Կամ՝ «միտքն ուղղորդող ուժ»: Բռց.՝ «մտքի ոգի»:
Բռց.՝ «տեղ»:
Կամ հնարավոր է՝ «ձեզ»:
Կամ հնարավոր է՝ «ձեզ»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բռց.՝ «լույսի պտուղն է»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «գնեք ժամանակը»:
Տես հավելված Ա5:
Կամ հնարավոր է՝ «Խոսեք ինքներդ ձեզ հետ»:
Կամ՝ «ձեր սրտում»:
Կամ՝ «միշտ կմնա իր կնոջ հետ»: Եբր. բառը նշանակում է «ամուր կպչել, ասես սոսնձով»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «Եհովայի մտածելակերպը նրանց մեջ սերմանելով», «Եհովայի ուսուցման (հրահանգների) համաձայն»:
Բռց.՝ «Ստրուկնե՛ր»:
Բռց.՝ «մարմնավոր տերերին»:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «գոտեմարտը»:
Բռց.՝ «որ չար օրը»:
Բռց.՝ «ոգու սուրը»:
Բառարանում տես «Սրբեր»: