ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ
1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով կանչվել եմ լինելու Քրիստոս Հիսուսի առաքյալ:+ Ինձ հետ է նաև մեր եղբայր Սոսթենեսը: 2 Գրում եմ Աստծու ժողովին, որ Կորնթոսում+ է՝ ձեզ, որ Քրիստոս Հիսուսի հետ միավորվելով՝ սրբագործվել եք+ ու կանչվել սուրբ լինելու, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ամենուրեք հռչակում* են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունը,+ ով և՛ իրենց Տերն է, և՛ մեր:
3 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:
4 Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նա անզուգական բարություն է դրսևորել ձեր հանդեպ Քրիստոս Հիսուսի միջոցով: 5 Հիսուսի հետ միավորված լինելու շնորհիվ դուք ամեն ինչ առատությամբ ստացել եք, ունեք Աստծու խոսքի լավ իմացություն, այն հարկ եղած ձևով հռչակելու կարողություն,+ 6 և Քրիստոսի+ մասին վկայությունը ամուր արմատներ է գցել ձեր մեջ: 7 Այնպես որ, մինչ փափագով սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն,+ դուք անհրաժեշտ ոչ մի բանի պակասություն չունեք: 8 Աստված կօգնի, որ անսասան մնաք մինչև վերջ, որպեսզի երբ գա մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը, դուք անմեղադրելի լինեք:+ 9 Հավատարիմ է Աստված,+ ով կանչել է ձեզ, որ նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ընկերակիցները լինեք:*
10 Այժմ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով հորդորում եմ, որ բոլորիդ խոսքերը իրար ներդաշնակ լինեն: Թող ձեր մեջ բաժանումներ չլինեն,+ այլ միաբան եղեք և նույն մտածելակերպն ունեցեք:+ 11 Բանն այն է, եղբայրնե՛րս, որ Քլոյեի տնեցիներն ինձ տեղեկացրել են, որ ձեր մեջ պառակտումներ կան: 12 Նկատի ունեմ այն, որ մեկդ ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում»,* մյուսդ՝ «Ես՝ Ապողոսին»,+ մեկը՝ «Ես՝ Կեփասին»,* մյուսն էլ՝ «Իսկ ես՝ Քրիստոսին»: 13 Բայց մի՞թե Քրիստոսը մասերի է բաժանված: Չէ՞ որ Պողո՛սը չի սյանը գամվել ձեզ համար, և չէ՞ որ Պողոսի անունո՛վ չեք մկրտվել: 14 Փառք Աստծուն, որ Կրիսպոսից+ ու Գայոսից+ բացի՝ ուրիշ ոչ մեկիդ չեմ մկրտել, 15 այնպես որ ոչ մեկդ չի կարող ասել, թե իմ անունով է մկրտվել: 16 Մեկ էլ Ստեփանասի տնեցիներին եմ մկրտել:+ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, չեմ հիշում, որ ուրիշ մեկին էլ մկրտած լինեմ: 17 Քրիստոսն ինձ ուղարկել է ոչ թե մկրտելու, այլ բարի լուրը հռչակելու,+ բայց ոչ մարդկային իմաստությամբ,* այլապես տանջանքի սյան* վրա Քրիստոսի մահը անօգուտ կլիներ:
18 Տանջանքի սյան վրա Քրիստոսի մահվան մասին քարոզվող խոսքը հիմարություն է թվում նրանց, ովքեր գնում են դեպի կործանում,+ բայց մեզ՝ փրկության ճանապարհին գտնվողներիս համար դա Աստծու զորության դրսևորումն է:+ 19 Չէ՞ որ գրված է. «Իմաստունների իմաստությունը ոչնչի կվերածեմ և խելացիների բանականությունը կմերժեմ»:+ 20 Ո՞ւր մնաց այս աշխարհի* իմաստունը, ո՞ւր մնաց Օրենքի գիտակը,* ո՞ւր մնաց մտավորականը:* Չէ՞ որ Աստված աշխարհի իմաստությունը հիմարության վերածեց: 21 Քանի որ աշխարհն ապավինեց իր իմաստությանը+ և դրա համար էլ չճանաչեց Աստծուն,+ Աստված իր իմաստությամբ որոշեց փրկել հավատացողներին այն պատգամի միջոցով, որն աշխարհը հիմարություն է համարում:+
22 Հրեաները նշաններ են ուզում,+ հույները իմաստության հետևից են ընկել, 23 իսկ մենք քարոզում ենք սյան վրա մահապատժի ենթարկված Քրիստոսի մասին, ինչը գայթակղության քար է հրեաների համար և հիմարություն՝ ուրիշ ազգերի համար:+ 24 Մինչդեռ կանչվածների համար՝ լինեն հրեա, թե հույն, Քրիստոսը նա է, ում միջոցով դրսևորվել է Աստծու զորությունն ու իմաստությունը:*+ 25 Աստծուց եկող ամեն բան, ինչքան էլ հիմարություն թվա մարդկանց, ավելի իմաստուն է, քան այն ամենը, ինչ նրանք են իմաստուն համարում, և Աստծուց եկող ամեն բան, ինչքան էլ անզոր թվա մարդկանց, ավելի զորեղ է, քան այն ամենը, ինչ նրանք են զորեղ համարում:+
26 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ էլ տեսնում եք, որ ձեր՝ կանչվածներիդ մեջ շատ չեն նրանք, ովքեր մարդկային տեսանկյունից իմաստուն են,+ ոչ էլ շատ են զորավոր կամ ազնվատոհմ մարդիկ,+ 27 այլ Աստված աշխարհի աչքին հիմար թվացողներին* է ընտրել, որ իմաստուններին ամաչեցնի, և աշխարհի աչքին թույլ թվացողներին է ընտրել, որ զորեղներին ամաչեցնի:+ 28 Աստված ընտրել է աշխարհի տեսանկյունից աննշան, արհամարհելի և անկարևոր համարվողներին,* որ կարևոր համարվողներին ոչնչի վերածի,+ 29 և որ իր առաջ ոչ մի մարդ չկարողանա պարծենալ: 30 Աստծու շնորհիվ է, որ դուք միավորվել եք Քրիստոս Հիսուսի հետ, ով մեզ համար բացահայտում է Աստծու իմաստությունը, օգնում է արդար դառնալ Աստծու աչքում,+ սուրբ է դարձնում մեզ+ և փրկագնի միջոցով ազատագրում,+ 31 որպեսզի լինի այնպես, ինչպես գրված է. «Ով պարծենում է, թող Եհովայով* պարծենա»:+
2 Ուստի, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ՝ Աստծու սրբազան գաղտնիքը+ հռչակելու, դա չարեցի վերամբարձ խոսքերով+ կամ իմաստությունս ի ցույց դնելով: 2 Ես վճռել էի ձեր ուշադրությունը հրավիրել միայն Հիսուս Քրիստոսի վրա և այն բանի, որ նա սյան վրա մահապատժի է ենթարկվել:+ 3 Երբ եկա ձեզ մոտ, ինձ անզոր էի զգում և ահուդողի մեջ էի: 4 Խոսելիս ու քարոզելիս չէի դիմում մարդկային իմաստությունից բխող համոզիչ խոսքերին, այլ իմ խոսքում դրսևորվում էր Աստծու ոգու զորությունը,+ 5 որ ձեր հավատը հիմնված լինի ոչ թե մարդկային իմաստության վրա, այլ Աստծու զորության:
6 Հոգևոր հասունների հետ իմաստության մասին խոսելիս+ նկատի չունենք այս աշխարհի* իմաստությունը, ոչ էլ այս աշխարհի ղեկավարներինը, որոնք գնում են դեպի կործանում,+ 7 այլ խոսում ենք Աստծու իմաստության մասին՝ այն թաքցված իմաստության, որն արտահայտված է սրբազան գաղտնիքի+ մեջ: Դարեր առաջ* Աստված նախապես որոշել էր վարվել այդ իմաստության համաձայն, որ մենք փառավորվենք: 8 Այս իմաստությունն է, որ աշխարհի ղեկավարներից ոչ մեկը չըմբռնեց,+ որովհետև եթե ըմբռնեին, փառավոր Տիրոջը սյանը չէին գամի: 9 Եղավ այնպես, ինչպես գրված է. «Ոչ մի աչք չտեսավ, ոչ մի ականջ չլսեց, և ոչ մեկի միտքը* չընկալեց այն ամենը, ինչ Աստված պատրաստել էր իրեն սիրողների համար»:+ 10 Այդ մեզ է Աստված հայտնել+ դրանք իր ոգու միջոցով,+ քանի որ ոգին բացահայտում է ամեն բան, նույնիսկ Աստծու խորունկ մտքերը:+
11 Մի՞թե որևէ մեկը կարող է իմանալ, թե ինչ կա մեկ ուրիշի մտքում: Միայն մարդն ինքը* գիտի իր մտքինը: Այդպես էլ ոչ ոք չի կարող իմանալ Աստծու մտքերը, եթե Աստծու ոգին չբացահայտի դրանք: 12 Մենք առաջնորդվում ենք ոչ թե աշխարհի ոգով, այլ Աստծուց ստացած ոգով,+ որպեսզի ըմբռնենք այն ամենը, ինչ նա բարեսրտորեն շնորհել է մեզ: 13 Այդ ամենի մասին մենք նաև խոսում ենք, բայց ոչ մարդկային իմաստությունից բխող խոսքերով,+ այլ սուրբ ոգու միջոցով սովորած խոսքերով:+ Մենք հոգևոր հարցերը բացատրում ենք սուրբ ոգուց բխող խոսքերով:
14 Բայց մարմնավոր բաներով առաջնորդվող մարդը չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, և նա չի էլ կարող հասկանալ, որովհետև դրանք հնարավոր չէ քննել առանց սուրբ ոգու օգնության: 15 Իսկ ոգով առաջնորդվող մարդը, ամեն բան քննելով, ճիշտ դատողություն է անում,+ մինչդեռ նրա մասին մարմնավոր մարդը* չի կարող ճիշտ դատողություն անել: 16 Չէ՞ որ սուրբ գրվածքներից մեկն ասում է. «Ո՞վ է կարողացել իմանալ Եհովայի* միտքը, որ սովորեցնի նրան»:+ Բայց մենք Քրիստոսի միտքն ունենք:+
3 Ուստի, եղբայրնե՛ր, ես չէի կարող ձեզ հետ խոսել, ինչպես հոգևոր մտածելակերպ ունեցողների հետ,+ այլ խոսում էի այնպես, ինչպես կխոսեի մարմնավոր մտածելակերպ ունեցողների՝ քրիստոնեական հավատի մեջ մանուկների+ հետ: 2 Ես ձեզ կաթով էի սնում, ոչ թե պինդ կերակուրով, որովհետև դուք դեռ պատրաստ չէիք դրան: Իրականում դուք հիմա էլ պատրաստ չեք,+ 3 քանի որ դեռ մարմնավոր մտածելակերպ ունեք:+ Եթե ձեր մեջ նախանձ ու պառակտումներ կան, ուրեմն մի՞թե մարմնավոր չեք+ և մի՞թե այս աշխարհի մարդկանց պես չեք վարվում: 4 Երբ մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում»,* մյուսը՝ «Ես՝ Ապողոսին»,+ մի՞թե մյուս մարդկանց պես չեք վարվում:
5 Ո՞վ է Ապողոսը, կամ ո՞վ է Պողոսը. ընդամենը ծառայողներ,+ որոնք կատարում են Տիրոջ հանձնարարած գործը, և որոնք պարզապես օգնեցին ձեզ դառնալ հավատացյալներ: 6 Ես տնկեցի,+ Ապողոսը ջրեց,+ բայց Աստված է, որ աճեցրեց: 7 Այնպես որ ո՛չ տնկողն է պատվի արժանի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, ով աճեցնում է:+ 8 Թե՛ տնկողը, թե՛ ջրողը նույն նպատակի համար են ջանք գործադրում,* և ամեն մեկը իր ջանքերին համապատասխան վարձատրություն կստանա:+ 9 Այո՛, մենք Աստծու համագործակիցներն ենք: Դուք Աստծո՛ւ արտն եք, որը նա է մշակում, դուք Աստծո՛ւ կառույցն եք:+
10 Իմ հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարության շնորհիվ ես՝ ինչպես մի հմուտ շինարար,* հիմքն եմ դրել,+ մեկ ուրիշն էլ կառուցում է դրա վրա: Ամեն մեկը թող ուշադիր լինի, թե ինչպես է կառուցում դրված հիմքի վրա: 11 Արդեն իսկ դրված հիմքից բացի, որը Հիսուս Քրիստոսն է, ոչ ոք չի կարող որևէ այլ հիմք դնել:+ 12 Այդ հիմքի վրա մեկը գուցե կառուցի ոսկով, արծաթով ու թանկարժեք քարերով, մյուսը՝ փայտով, չոր խոտով, ծղոտով: 13 Երբ օրը գա, յուրաքանչյուրի արած գործը հայտնի կդառնա: Կրակով ամեն ինչ կբացահայտվի,+ և պարզ կդառնա, թե ով ինչպես է կառուցել: 14 Եթե այդ հիմքի վրա որևէ մեկի կառուցածը մնա, նա վարձատրություն կստանա, 15 իսկ եթե այրվի, կորուստ կկրի, ու թեև ինքը կփրկվի, բայց կլինի ասես կրակից հազիվ ազատված:
16 Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճարն եք,+ և որ Աստծու ոգին ձեր մեջ է:+ 17 Եթե որևէ մեկը Աստծու տաճարը կործանի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև Աստծու տաճարը սուրբ է, և այդ տաճարը դուք եք:+
18 Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի. ձեզնից ով որ կարծում է, թե այս աշխարհի* տեսանկյունից իմաստուն է, թող հիմար դառնա, որպեսզի իսկապես իմաստուն լինի: 19 Չէ՞ որ այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու աչքին, ինչպես որ գրված է. «Նա այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը»:+ 20 Նաև գրված է. «Եհովան* գիտի, որ իմաստուն մարդկանց դատողությունները փուչ են»:+ 21 Ուրեմն թող ոչ ոք չպարծենա մարդկանցով, քանի որ ամեն ինչ ձերն է՝ 22 թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը,*+ թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկա բաները և թե՛ գալիք բաները՝ ամենն էլ ձեզ են պատկանում: 23 Դուք էլ ձեր հերթին Քրիստոսին եք պատկանում,+ իսկ Քրիստոսը՝ Աստծուն:
4 Ուզում ենք, որ մարդիկ մեզ համարեն Քրիստոսի սպասավորներ* և տնտեսներ, որոնց վստահվել են Աստծու սրբազան գաղտնիքները:+ 2 Իսկ տնտեսից ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի: 3 Ինձ համար էական չէ, թե ինչպես եք ինձ դատում դուք կամ որևէ մարդկային դատարան: Ես ինքս էլ ինձ չեմ դատում, 4 և չկա մի բան, ինչի համար խիղճս տանջում է: Բայց դա դեռ չի նշանակում, որ ես արդար եմ. միայն Եհովան* կարող է դատել՝ արդար եմ, թե ոչ:+ 5 Ուրեմն ոչ ոքի մի՛ դատեք,+ այլ սպասեք ճիշտ ժամանակին, երբ կգա Տերը: Նա լույս կսփռի խավարում թաքնված գաղտնի բաների վրա և կբացահայտի մարդկանց սրտում եղածը: Այդ ժամանակ ամեն մեկը Աստծուց կստանա իր արժանի գովասանքը:+
6 Եղբայրնե՛ր, այս ամենը իմ ու Ապողոսի+ վրա օրինակ բերեցի, որ դուք օգուտ քաղեք և վարվեք այս սկզբունքի համաձայն. «Գրվածից այն կողմ մի՛ անցեք»: Այդպես վարվելով՝ չեք հպարտանա+ և մեկին մյուսից բարձր չեք դասի: 7 Ի վերջո, ինչո՞վ եք առավել մյուսներից: Ի՞նչ ունեք, որ չեք ստացել:+ Եվ եթե ստացել եք, ինչո՞ւ եք պարծենում, ասես ինքներդ եք ձեռք բերել:
8 Ի՞նչ է, արդեն ամեն ինչ ունե՞ք: Արդեն հարստացե՞լ եք: Առանց մեզ արդեն սկսել եք թագավորե՞լ:+ Ինչ խոսք, կուզենայի, որ սկսած լինեիք թագավորել, որովհետև այդ դեպքում մենք էլ ձեզ հետ կթագավորեինք:+ 9 Ինձ թվում է, որ Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինն է ասպարեզ հանել՝ ի ցույց դնելով որպես մահվան դատապարտվածների:+ Մենք դարձել ենք թատերական ներկայացում ողջ աշխարհի մարդկանց+ ու հրեշտակների համար: 10 Քրիստոսին հետևելու պատճառով մենք հիմար ենք+ համարվում, մինչդեռ դուք, դառնալով Քրիստոսի հետևորդ, ձեզ խելամիտ եք կարծում. մենք թույլ ենք, դուք՝ ուժեղ, մենք պատվազուրկ ենք, դուք՝ հարգված: 11 Մինչև հիմա էլ մենք սովի ենք մատնվում,+ ծարավ ենք լինում+ ու խղճուկ հագնված,* ծեծվում ենք,+ անտուն ենք մնում 12 և տքնաջան աշխատում ենք:+ Երբ մեզ վիրավորում են, մենք բարությամբ ենք արձագանքում,*+ երբ հալածում են, համբերությամբ դիմանում ենք,+ 13 երբ զրպարտում են, մեղմությամբ ենք պատասխանում:+ Աշխարհը մինչև հիմա մեզ աղբ ու թափթփուկ է համարում:
14 Այս ամենը գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու համար, այլ ուղղելու՝ որպես իմ սիրելի զավակների: 15 Նույնիսկ եթե 10 000 դաստիարակ* էլ ունենաք քրիստոնեական կյանքում, դուք հաստատ շատ հայրեր չունեք. ես եմ դարձել ձեր հայրը՝ Քրիստոս Հիսուսի մասին բարի լուրը ձեզ քարոզելով:+ 16 Ուստի աղաչում եմ, հետևեք իմ օրինակին:+ 17 Ես ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին՝ իմ սիրելի և հավատարիմ զավակին ու Տիրոջ ծառային, որ նա ձեզ հիշեցնի այն սկզբունքները,* որոնց հետևում եմ Քրիստոս Հիսուսին ծառայելիս,+ այն նույն սկզբունքները, որոնք սովորեցնում եմ ամենուրեք՝ բոլոր ժողովներում:
18 Ոմանք հպարտացել են և կարծում են, թե ես չեմ գալու ձեզ մոտ: 19 Բայց շուտով կգամ, եթե Եհովան կամենա, և կգամ ոչ թե հպարտացողների խոսքերը լսելու, այլ տեսնելու, թե արդյոք առաջնորդվում են Աստծու զորությամբ: 20 Աստծու թագավորությանը հնազանդ ենք, թե ոչ, երևում է ոչ թե մեր խոսքերից, այլ գործերից, որ անում ենք Աստծու զորությամբ: 21 Ո՞րն եք նախընտրում՝ մահակո՞վ գամ ձեզ մոտ,+ թե՞ սիրով ու մեղմությամբ:
5 Ինձ լուրեր են հասել, որ ձեր մեջ կա մեկը, ով իր հոր կնոջ հետ է կենակցում:+ Դա մի այնպիսի անբարոյականություն*+ է, որ նույնիսկ անհավատների մեջ չկա: 2 Ու դեռ մի բան էլ հպարտանո՞ւմ եք դրանով: Չէ՞ որ փոխարենը պետք է սգայիք+ և այդ բանն անող մարդուն ձեր միջից հեռացնեիք:+ 3 Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ և արդեն դատել եմ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ այդտեղ: 4 Երբ մեր Տեր Հիսուսի անունով հավաքվեք, իմացեք, որ ես՝ մեր Տեր Հիսուսից լիազորվածս, մտովի ձեզ հետ եմ, 5 և այդ մարդուն հանձնեք Սատանային,+ որ վերացնեք նրա մեղսալի ազդեցությունը,* և որ ժողովի լավ ոգին պահպանված մնա Տիրոջ օրը:+
6 Լավ չէ, որ պարծենում եք դրանով: Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը:+ 7 Հեռացրեք հնուց մնացած թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք: Ըստ էության՝ դուք խմորումից զերծ եք, քանի որ Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը,+ արդեն զոհաբերվել է:+ 8 Հետևաբար եկեք նշենք տոնը*+ ոչ թե հնուց մնացած թթխմորով կամ չարության ու մեղքի թթխմորով, այլ անարատության ու ճշմարտության անթթխմոր հացով:
9 Իմ նամակում ձեզ գրել էի, որ դադարեցնեք անբարոյական մարդկանց* հետ շփումը: 10 Եվ ես նկատի չեմ ունեցել, որ պետք է ամբողջովին առանձնանաք այս աշխարհի+ անբարոյական մարդկանցից, ագահներից, շորթողներից կամ կռապաշտներից: Այլապես դուք ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից:+ 11 Իսկ հիմա ձեզ գրում եմ, որ այլևս շփում չունենաք*+ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն անբարոյական մարդ է կամ ագահ է,+ կռապաշտ, չարախոս,* հարբեցող+ կամ էլ շորթող.+ այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք: 12 Իմ ի՞նչ գործն է, որ դրսիններին դատեմ: Չէ՞ որ պետք է ներսիններին դատեք, 13 իսկ դրսիններին Աստված է դատելու:+ Այնպես որ «հեռացրեք չար մարդուն ձեր միջից»:+
6 Երբ մեկդ մյուսիդ դեմ բողոք եք ունենում,+ ինչպե՞ս է մտքներովդ անցնում դատարան դիմել ու կանգնել անհավատների առաջ՝ փոխանակ գնալու սրբերի* մոտ: 2 Չգիտե՞ք, որ սրբերն են դատելու աշխարհը:+ Եվ եթե աշխարհն եք դատելու, մի՞թե ընդունակ չեք չնչին հարցերը լուծելու: 3 Կամ չգիտե՞ք, որ հրեշտակների ենք դատելու:+ Ուրեմն մի՞թե չենք կարող լուծել առօրյա խնդիրները: 4 Եվ եթե այդպիսի խնդիրներ կան, որ լուծման կարիք ունեն,+ ինչո՞ւ եք ձեզ համար դատավորներ ընտրում նրանց, ում ժողովը այդ հարցում համապատասխան չի համարում: 5 Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում: Ի՞նչ է, ձեր մեջ գոնե մեկ իմաստուն մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ վարել: 6 Բանը հասել է նրան, որ եղբայրը եղբորը դատարան է տանում, և անհավատներն են դատում նրանց:
7 Իրականում դուք արդեն իսկ պարտություն եք կրել, եթե մեկդ մյուսիդ դատի եք տալիս: Մի՞թե ավելի լավ չէր լինի, որ ինքներդ վնաս կրեիք+ կամ խաբված դուրս գայիք: 8 Մինչդեռ դուք եք վնաս պատճառում ու խաբում ձեր իսկ եղբորը:
9 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ արատավոր բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու:+ Չխաբվե՛ք: Ո՛չ անբարոյական մարդիկ,*+ ո՛չ կռապաշտները,+ ո՛չ կողակցին դավաճանողները,+ ո՛չ միասեռականները,*+ 10 ո՛չ գողերը, ո՛չ ագահները,+ ո՛չ հարբեցողները,+ ո՛չ չարախոսները,* ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու:+ 11 Ձեզնից ոմանք հենց այդպիսին էին, բայց Աստված ձեզ մաքրեց,+ սրբագործեց+ և արդար հայտարարեց+ իր ոգով ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով:
12 Ամեն ինչ թույլատրելի* է ինձ, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է:+ Ամեն ինչ թույլատրելի է ինձ, բայց ես որևէ բանի գերին չեմ դառնա:* 13 Ուտելիքը ստամոքսի համար է, և ստամոքսը՝ ուտելիքի, սակայն Աստված երկուսին էլ վերջ կդնի:+ Մարմինը ոչ թե անբարոյականության* համար է, այլ Տիրոջ,+ Տերն էլ՝ մարմնի: 14 Ինչպես որ Աստված իր զորությամբ+ հարություն տվեց Տիրոջը,+ այնպես էլ մեզ հարություն կտա:+
15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի մարմնի անդամներն են:+ Ուրեմն ճիշտ կլինի՞ Քրիստոսի մարմնի անդամները վերցնել ու միաձուլել մարմնավաճառին: Իհա՛րկե ոչ: 16 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ով մարմնավաճառի է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև Աստված ասում է. «Երկուսը մեկ մարմին կլինեն»:+ 17 Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ մտքի* է լինում:+ 18 Փախե՛ք անբարոյականությունից:*+ Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնին չի առնչվում, բայց նա, ով անբարոյականություն է անում, իր իսկ մարմնին է վնաս հասցնում:*+ 19 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ դուք բոլորդ կազմում եք մի մարմին՝ այն տաճարը,+ որտեղ բնակվում է սուրբ ոգին, որ ստացել եք Աստծուց:+ Դուք չեք պատկանում ինքներդ ձեզ,+ 20 քանի որ ձեզ համար գին է վճարվել:+ Ուստի ձեր մարմինները+ Աստծուն փառք բերելու համար ծառայեցրեք:+
7 Իսկ հիմա անդրադառնամ այն հարցերին, որոնց մասին գրել էիք: Լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի,* 2 սակայն քանի որ անբարոյականությունը* տարածված է, ամեն տղամարդ թող իր կինն ունենա,+ և ամեն կին՝ իր ամուսինը:+ 3 Թող ամուսինը իր կնոջ պարտքը տա, կինն էլ՝ իր ամուսնու:+ 4 Կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինն է, նմանապես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինն է: 5 Իրար մի՛ զրկեք, և եթե անգամ որոշեք միառժամանակ այդպես վարվել աղոթքին ժամանակ հատկացնելու նպատակով, ապա դա պետք է լինի միայն ձեր փոխադարձ համաձայնությամբ: Հետո դարձյալ իրար մերձեցեք, որ չլինի թե Սատանան փորձի ձեզ, և դուք չկարողանաք ինքնատիրապետում դրսևորել: 6 Ինչ վերաբերում է վերևում ասածիս,* թեև դեմ չեմ, որ այդպես վարվեք, բայց դա մի՛ ընդունեք որպես հրահանգ: 7 Ես կուզեի, որ բոլորը ինձ պես լինեին: Այդուհանդերձ, Աստված ամեն մեկին իր պարգևն է տվել,+ այնպես որ մեկն ամուսնանում է, մյուսն էլ՝ մնում ամուրի:
8 Իսկ չամուսնացածներին և այրիներին ասում եմ, որ ավելի լավ է՝ նրանք ինձ պես մնան:+ 9 Բայց եթե ինքնատիրապետում չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է՝ ամուսնանան, քան նրանց մեջ բուռն կրքեր բորբոքվեն:+
10 Ամուսնացածներին հետևյալ հրահանգներն եմ տալիս, ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Տերը: Կինը չպետք է առանձնանա իր ամուսնուց:+ 11 Բայց եթե առանձնանա, թող առանց ամուսնանալու մնա, իսկ եթե չի ուզում այդպես մնալ, թող հաշտվի իր ամուսնու հետ: Ամուսինն էլ չպետք է թողնի իր կնոջը:+
12 Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ասում եմ (այո՛, ոչ թե Տերը, այլ ես).+ եթե որևէ եղբոր կինը նրա հավատակիցը չէ, բայց համաձայն է ապրել նրա հետ, թող եղբայրը չթողնի նրան: 13 Եթե որևէ կնոջ ամուսինը նրա հավատակիցը չէ, բայց համաձայն է ապրել նրա հետ, թող կինը չթողնի իր ամուսնուն: 14 Հավատը չկիսող ամուսնու հետ միությունը սրբացված է իր կնոջ շնորհիվ, և հավատը չկիսող կնոջ հետ միությունը սրբացված է իր հավատացյալ ամուսնու շնորհիվ, այլապես ձեր երեխաները անմաքուր կլինեին, սակայն հիմա նրանք սուրբ են Աստծու աչքին: 15 Բայց եթե հավատը չկիսող կողակիցը որոշի հեռանալ,* թող հեռանա: Այդ դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորված չէ ապրել նրա հետ: Աստված ձեզ կանչել է, որ խաղաղության մեջ ապրեք:+ 16 Ո՛վ կին, եթե մնաս ամուսնուդ հետ, ի՞նչ գիտես, գուցե փրկես նրան:+ Եվ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, գուցե փրկես կնոջդ:
17 Թող ամեն մեկը ապրի Եհովայից* բաժին ստացած կյանքը, ապրի այն կարգավիճակում, որում գտնվում էր, երբ Աստված կանչեց նրան:+ Այս հրահանգը տալիս եմ բոլոր ժողովներին: 18 Ինչ-որ մեկը թլփատվա՞ծ էր, երբ կանչվեց, թող մնա այդպիսին:+ Ինչ-որ մեկը անթլփա՞տ էր, երբ կանչվեց, թող չթլփատվի:+ 19 Նշանակություն չունի՝ մարդը թլփատված է, թե անթլփատ:+ Կարևորը Աստծու պատվիրանները պահելն է:+ 20 Ինչ կարգավիճակում յուրաքանչյուրը կանչվել է, թող այդպես էլ մնա:+ 21 Երբ կանչվեցիր, ծառա՞* էիր: Թող դա քեզ չմտահոգի:+ Բայց եթե կարող ես ազատ դառնալ, օգտվիր այդ հնարավորությունից: 22 Ցանկացած մեկը, ով, ծառա լինելով, կանչվել է, որ դառնա Տիրոջ աշակերտ, ազատված է ու պատկանում է Տիրոջը:+ Նմանապես նա, ով կանչվել է՝ լինելով ազատ մարդ, Քրիստոսի ծառան է: 23 Ձեզ համար գին է վճարվել:+ Ուստի այլևս մարդկանց ծառա մի՛ դարձեք: 24 Եղբայրնե՛ր, ինչ կարգավիճակում էլ յուրաքանչյուրդ եղել եք, երբ կանչվել եք, այդպես էլ մնացեք Աստծու առաջ:
25 Ինչ վերաբերում է չամուսնացածներին,* ես Տիրոջից ոչ մի հրահանգ չեմ ստացել, այլ իմ կարծիքն եմ արտահայտում+ որպես մեկը, ում հանդեպ Տերը գթասրտություն է դրսևորել, և ում կարելի է վստահել: 26 Կարծում եմ՝ լավագույնն այն է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ կա, քանի որ դժվար ժամանակներում ենք ապրում: 27 Ամուսնությամբ կապվա՞ծ ես կնոջ հետ. ազատություն մի՛ փնտրիր:+ Կին չունե՞ս. կին մի՛ փնտրիր: 28 Բայց եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի: Ամուրին, ով ամուսնանում է, մեղք չի գործում: Սակայն ամուսնացողները նոր դժվարություններ կունենան իրենց կյանքում:* Իսկ ես փորձում եմ զերծ պահել ձեզ այդ ամենից:
29 Եղբայրնե՛ր, նաև ուզում եմ ասել, որ քիչ ժամանակ է մնացել:+ Այսուհետ կին ունեցողները թող լինեն ասես չունեցողներ, 30 սգացողները՝ ասես չսգացողներ, ուրախացողները՝ ասես չուրախացողներ, ինչ-որ բան գնողները՝ ասես դրանք չունեցողներ, 31 և աշխարհից օգտվողները թող լինեն ոչ լիարժեքորեն օգտվողներ, քանի որ այս աշխարհի բեմում տեսարանը փոխվում է: 32 Ես իսկապես ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք: Չամուսնացած տղամարդը Տիրոջ գործով է մտահոգվում՝ ձգտելով Տիրոջ հավանությունը ստանալ: 33 Իսկ ամուսնացած տղամարդը մտահոգվում է աշխարհիկ հոգսերով՝+ ձգտելով իր կնոջ հավանությունը ստանալ, 34 և այդպես երկու կես է լինում: Նմանապես՝ ամուսին չունեցող կինը և կույսը Տիրոջ գործով են մտահոգվում՝+ ջանալով սուրբ լինել թե՛ մարմնով, թե՛ մտքով:* Բայց ամուսնացած կինը աշխարհիկ հոգսերով է մտահոգվում՝ ձգտելով իր ամուսնու հավանությունը ստանալ: 35 Սա ձեր օգտի համար եմ ասում, ոչ թե ձեզ վրա սահմանափակումներ դնելու համար: Ես ցանկանում եմ մղել ձեզ, որ արժանավայել կերպով վարվեք և միշտ ամբողջ սրտով Տիրոջը ծառայեք առանց շեղումների:
36 Բայց եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ամուրի մնալով՝ չի կարող զսպել իր ցանկությունները,* ապա եթե անցել է նրա երիտասարդության ծաղկունքի շրջանը, թող վարվի, ինչպես ուզում է, թող ամուսնանա. նա մեղք գործած չի լինի:+ 37 Իսկ եթե մեկը իր մտքում* որոշել է չամուսնանալ ու հաստատ է իր որոշման մեջ, եթե անհրաժեշտություն չի զգում ամուսնանալու և կարող է տիրապետել իրեն, ապա դա լավ որոշում է:+ 38 Հետևաբար ով ամուսնանում է, լավ է անում, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում:+
39 Կինը ամուսնությամբ կապված է այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը ողջ է:+ Բայց եթե նրա ամուսինը մահանա,* նա ազատ է ամուսնանալու ում հետ որ կամենա, բայց միայն Տիրոջ հետևորդի հետ:*+ 40 Սակայն եթե իմ կարծիքն ասեմ (իսկ ես վստահ եմ, որ ես էլ եմ առաջնորդվում Աստծու ոգով), նա ավելի երջանիկ կլինի, եթե մնա այնպես, ինչպես որ կա:
8 Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված կերակուրին,+ իհարկե բոլորս էլ գիտելիքներ ունենք այդ մասին:+ Բայց իմացեք, որ պարզապես գիտելիք ունենալը հպարտացնում է, մինչդեռ սերը ամրացնում է:+ 2 Մեկը գուցե կարծի, թե գիտի ինչ-որ բան, բայց իրականությունն այն է, որ նա դեռ չգիտի, ինչպես հարկն է: 3 Մինչդեռ եթե մեկը սիրում է Աստծուն, Աստված ճանաչում է նրան:
4 Այսպիսով՝ կարելի՞ է կուռքերին զոհաբերված կերակուր ուտել: Մենք գիտենք, որ կուռքը ոչինչ է,+ և որ միայն մեկ Աստված կա:+ 5 Ճիշտ է, կան կարծեցյալ աստվածներ երկնքում կամ երկրի վրա:+ Բայց ինչքան էլ մարդկանց համար շատ «աստվածներ» ու «տերեր» լինեն, 6 մեզ համար միայն մեկ Աստված կա՝+ Հայրը,+ ով ստեղծել է ամեն բան, ու մենք նրա համար ենք ապրում,+ և կա մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով է ստեղծվել ամեն բան,+ ու մենք էլ նրա միջոցով կյանք ունենք:
7 Բայց բոլորը չէ, որ այդ ամենը գիտակցում են:+ Ոմանք, ովքեր նախկինում կուռքեր են պաշտել, կուռքին զոհաբերված կերակուր ուտելիս համարում են, որ այդպիսով կուռք են պաշտում,+ և նրանց խիղճը, հասուն չլինելով, դատապարտում է նրանց:*+ 8 Բայց կերակուրը որևէ կերպ չի ազդում Աստծու հետ մեր փոխհարաբերությունների վրա.+ չուտելով մեր արժեքը չենք գցում և ուտելով մեր արժեքը չենք բարձրացնում:+ 9 Սակայն զգույշ եղեք, որ որոշելու ձեր իրավունքից օգտվելով՝ ինչ-որ ձևով գայթակղության քար չդառնաք ոչ հասուն խիղճ ունեցողների համար:+ 10 Եթե նման խիղճ ունեցող մեկը տեսնի, որ դու՝ այդ ամենը իմացողդ, կուռքի տաճարում նստած ուտում ես, մի՞թե համարձակությամբ չի լցվի, որ մինչև անգամ կուռքերին զոհաբերվող կերակուր ուտի: 11 Այդպիսով՝ քո իմացությունը պատճառ կլինի, որ հասուն խիղճ չունեցողը կործանվի, այո՛, քո եղբայրը, որի համար Քրիստոսը մահացել է:+ 12 Երբ այս կերպով մեղք եք գործում ձեր եղբայրների դեմ և վնասում եք նրանց ոչ հասուն խիղճը,+ դուք Քրիստոսի դեմ եք մեղք գործում: 13 Հետևաբար, եթե կերակուրը սայթաքելու պատճառ է դառնում եղբորս համար, էլ երբեք միս չեմ ուտի, որ չվնասեմ նրան:+
9 Մի՞թե ես ազատ չեմ անելու իմ ուզածը: Ի՞նչ է, ես առաքյալ չե՞մ: Մի՞թե չեմ տեսել Հիսուսին՝ մեր Տիրոջը:+ Կամ մի՞թե դուք իմ աշխատանքի պտուղը չեք Տիրոջ գործում: 2 Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, ձեզ համար հաստատ որ առաքյալ եմ: Չէ՞ որ դուք Տիրոջ առաքյալ լինելս հաստատող կնիքն եք:
3 Քննադատողներիս հետևյալը կասեմ ի պաշտպանություն ինձ. 4 չէ՞ որ մենք իրավունք ունենք ուտելու և խմելու բան ստանալ ուրիշներից: 5 Չէ՞ որ իրավունք ունենք ամուսնանալու և մեզ հետ վերցնելու մեր քրիստոնյա կանանց,+ ինչպես որ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրներն+ ու Կեփասը:*+ 6 Թե՞ միայն ես ու Բառնաբասն ենք,+ որ չաշխատելու իրավունք չունենք և պարտավոր ենք մեր ապրուստը վաստակել: 7 Ո՞ր զինվորն է իր հաշվին ծառայում: Ո՞ր մի մարդն է խաղողի այգի տնկում, բայց դրա պտղից չի ուտում:+ Կամ ո՞ր մեկն է, որ հոտը հովվում է, բայց չի օգտվում դրա տված կաթից:
8 Իմ ասածը մարդու տեսակետ չէ: Չէ՞ որ Օրենքն էլ է նույն բանն ասում: 9 Մովսեսի օրենքում գրված է. «Կալ անող ցլի բերանին դնչկալ չդնեք»:+ Մի՞թե Աստված միայն ցլերի համար է հոգ տանում: 10 Թե՞ իրականում մեզ համար է ասում: Ըստ էության՝ դա մեզ համար էր գրվել, որովհետև հերկողը բերքից օգտվելու հույսով է հերկում, և կալսողը* դրանից բաժին ունենալու հույսով է կալսում:
11 Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ ենք ցանել, մի՞թե մեծ բան է, եթե ձեզնից նյութական բաներ հնձենք:+ 12 Եթե մյուսները ձեզնից օգնություն ստանալու իրավունք ունեն, չէ՞ որ առավել ևս մենք ունենք: Այդուհանդերձ, մենք չենք օգտվում այդ իրավունքից,+ այլ ամեն հանգամանքի դիմանում ենք, որ ոչ մի խոչընդոտ չստեղծենք Քրիստոսի մասին բարի լուրի տարածման համար:+ 13 Չգիտե՞ք, որ սուրբ պարտականություններ կատարող մարդիկ տաճարից են ստանում իրենց սնունդը, և զոհասեղանի մոտ կանոնավորաբար սպասավորություն անողները դրա վրա զոհաբերվածից իրենց բաժինն են ունենում:+ 14 Նմանապես Տերը պատվիրել է, որ բարի լուրը հռչակողները այդ լուրի քարոզչությամբ էլ ապրուստ ունենան:+
15 Բայց ես նմանատիպ ոչ մի բանից չեմ օգտվել:+ Եվ այս ամենը չեմ գրում նրա համար, որ ինձ այդպիսի օգնություն տրվի, քանի որ հպարտ եմ, որ առանց ուրիշին ծախսի տակ գցելու եմ քարոզում, և կգերադասեի մեռնել, քան զրկվել այսպես պարծենալով խոսելու իրավունքից:+ 16 Բայց այն, որ հռչակում եմ բարի լուրը, ինձ համար պարծենալու պատճառ չէ, քանի որ ինձ վրա պարտավորություն է դրված: Եվ վա՜յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը:+ 17 Եթե ես հոժար կամքով եմ դա անում, վարձատրություն ունեմ, բայց եթե իմ կամքին հակառակ էլ անեմ, միևնույն է, դա ինձ վստահված պատասխանատվություն* է, որ պետք է կատարեմ:+ 18 Իսկ ո՞րն է իմ վարձատրությունը. այն, որ բարի լուրը հռչակելիս կարողանում եմ դա անել ձրի և չեմ չարաշահում իմ իրավասությունը, որ ունեմ որպես բարի լուրի քարոզիչ:
19 Թեև ես ոչ մի մարդու ոչինչ պարտական չեմ, սակայն բոլորի ծառան դարձա, որպեսզի կարողանամ հնարավորինս շատ մարդկանց օգնել:* 20 Հրեաների համար եղա ինչպես հրեա, որ հրեաներին օգնեմ:+ Օրենքի տակ լինողների համար եղա ինչպես Օրենքի տակ լինող մարդ, որ Օրենքի տակ լինողներին օգնեմ, թեև ինքս Օրենքի տակ չեմ:+ 21 Նրանց համար, ովքեր չեն ապրում Օրենքի համաձայն, եղա ինչպես օրենք չունեցող մարդ, որ Օրենք չունեցողներին օգնեմ, թեև Աստծու աչքին ես առանց օրենքի չեմ, այլ Քրիստոսի օրենքի տակ եմ:+ 22 Թույլերի* համար եղա ինչպես թույլ մեկը, որ թույլերին օգնեմ:+ Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա, որ ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ: 23 Բայց ինչ էլ որ անում եմ, բարի լուրը ուրիշներին քարոզելու համար եմ անում:+
24 Դուք գիտեք, որ մրցավազքում բոլոր մասնակիցներն էլ վազում են, բայց մրցանակը միայն մեկն է ստանում: Այնպես վազեք, որ ստանաք այն:+ 25 Մրցումներին մասնակցողները* ամեն ինչում ինքնատիրապետում են դրսևորում: Միայն թե նրանք դա անում են թառամող պսակ ստանալու համար,+ մինչդեռ մենք՝ անթառամ պսակ ստանալու համար:+ 26 Ուստի վազելիս ես աննպատակ չեմ վազում+ և բռնցքահարելիս հարվածներս այնպես եմ ուղղում, որ օդի մեջ հարվածող չլինեմ: 27 Ես ճնշում եմ* իմ մարմինը+ և ստիպում, որ ծառայի պես ինձ ենթարկվի, որպեսզի չլինի թե ես, որ ուրիշներին քարոզում եմ, ինքս ինչ-որ պատճառով Աստծու բարեհաճությունից զրկվեմ:*
10 Եղբայրնե՛ր, ուզում եմ՝ հիշեք, որ մեր նախնիները բոլորն էլ ամպի հովանու տակ+ անցան ծովի միջով,+ 2 և բոլորն էլ, հետևելով Մովսեսին որպես առաջնորդի, ամպի հովանու տակ լինելով և ծովի միջով անցնելով, ասես մկրտվեցին:* 3 Նրանք բոլորն էլ Աստծու տված նույն կերակուրը կերան,+ 4 խմեցին նույն ջրից, որ Աստված տվեց:+ Նրանք խմեցին այն ժայռից, որն ասես գնում էր նրանց հետևից, այն ժայռից, որն Աստծուց էր և ներկայացնում էր Քրիստոսին:*+ 5 Այդուհանդերձ, նրանց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն, դրա համար էլ նրանք սպանվեցին անապատում:+
6 Այս ամենը մեզ համար դաս է,* որ վատ բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան,+ 7 ոչ էլ դառնանք կռապաշտներ, ինչպես որ նրանցից ոմանք դարձան, ում մասին գրված է. «Ժողովուրդը.... նստեց կերուխում անելու, իսկ հետո սկսեց զվարճանալ»:+ 8 Նաև չպետք է անբարոյականություն* անենք, ինչպես որ նրանցից ոմանք արեցին, և մեկ օրվա մեջ 23 000 հոգի մահացավ:+ 9 Չպետք է փորձենք Եհովայի* համբերությունը,+ ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի խայթոցից մեռան:+ 10 Եվ չպետք է լինենք տրտնջացողներ, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին+ և սպանվեցին կործանողի* ձեռքով:+ 11 Նրանց հետ տեղի ունեցած այս դեպքերը նախազգուշական օրինակներ են+ այս ժամանակաշրջանի* վերջին օրերում ապրողներիս համար:
12 Ուստի ով կարծում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի:+ 13 Ձեզ հանդիպող փորձությունները* այնպիսի փորձություններ են, որոնց ուրիշ մարդիկ էլ են բախվում:+ Բայց հավատարիմ է Աստված. նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք,+ փորձության ժամանակ նաև ելք կբացի ձեր առաջ ու կօգնի դիմանալ:+
14 Այսպիսով, սիրելինե՛րս, փախեք կռապաշտությունից:+ 15 Դիմում եմ ձեզ՝ որպես հասկացողություն ունեցող մարդկանց. ասածներիս վերաբերյալ դատողություններ արեք՝ ճիշտ եմ ասում, թե ոչ: 16 Երբ խմում ենք այն բաժակից, որի համար շնորհակալություն ենք հայտնում Աստծուն,* մի՞թե բոլորս էլ օգուտ չենք քաղում Քրիստոսի արյունից:+ Երբ ուտում ենք այն հացից, որը մասերի ենք բաժանում, մի՞թե բոլորս էլ օգուտ չենք քաղում Քրիստոսի մարմնից:+ 17 Հացը մեկն է, ուրեմն մենք, թեև շատ ենք, իրականում մեկ մարմին ենք,+ քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից ենք օգտվում:
18 Նկատի առեք իսրայելացիներին: Մի՞թե զոհասեղանի վրա մատուցվածից օգտվողները ինչ-որ առումով Աստծու սեղանակիցները չեն:+ 19 Սա ասելով՝ արդյո՞ք նկատի ունեմ, որ կուռքին զոհաբերվածն էլ ինչ-որ կարևորություն ունի, կամ որ կուռքը ինչ-որ էական բան է: 20 Ո՛չ, դա նկատի չունեմ: Բայց ուզում եմ ասել, որ այն, ինչ այլազգիները զոհաբերում են կուռքերին, դևերին են զոհաբերում, ոչ թե Աստծուն:+ Իսկ ես չեմ ուզում, որ դուք որևէ առնչություն ունենաք դևերի հետ:+ 21 Չեք կարող խմել և՛ Եհովայի բաժակից, և՛ դևերի բաժակից. չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից»,+ և՛ դևերի սեղանից: 22 Ի՞նչ է, «ուզում ենք Եհովայի խա՞նդը շարժել»:+ Մի՞թե նրանից ուժեղ ենք:
23 Ամեն ինչն էլ թույլատրելի* է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է: Ամեն ինչ թույլատրելի է, բայց ամեն ինչ չէ, որ հոգևորապես ամրացնում է:+ 24 Թող ամեն մեկը ոչ թե իր օգտի մասին մտածի, այլ դիմացինի օգտի:+
25 Ինչ որ վաճառվում է մսի շուկայում, առանց հարցուփորձ անելու, հանգիստ խղճով կերեք, 26 որովհետև «Եհովայինն է երկիրը և դրա վրա եղած ամեն ինչ»:+ 27 Եթե Քրիստոսին չհետևող որևէ մեկը ձեզ ճաշի հրավիրի, և դուք որոշեք գնալ, ինչ որ դրվի ձեր առջև, առանց հարցուփորձ անելու, հանգիստ խղճով կերեք: 28 Բայց եթե մեկն ասի ձեզ՝ «Այս միսը զոհաբերված է եղել կուռքերին», մի՛ կերեք հանուն այն մարդու, որը տեղեկացրեց ձեզ՝ հաշվի առնելով խղճի հանգամանքը:+ 29 Նկատի չունեմ ձեր խիղճը, այլ դիմացինի խիղճը: Թեև ես ազատություն ունեմ անելու այն, ինչ կուզեմ, ինչո՞ւ անեմ մի բան, ինչի համար դիմացինի խիղճը կդատապարտի ինձ:+ 30 Նույնիսկ եթե ես Աստծուն շնորհակալություն հայտնելով եմ ուտում, տեղի՞ն է, որ ուտեմ, եթե պետք է դրա համար մեղադրվեմ:+
31 Ուրեմն ուտեք թե խմեք կամ ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծուն փառք բերելու համար արեք:+ 32 Գայթակղության քար մի՛ եղեք ո՛չ հրեաների համար, ո՛չ հույների և ո՛չ էլ Աստծու ժողովի,+ 33 այլ վարվեք ինչպես ես, որ փորձում եմ ամեն ինչում հաճեցնել բոլորին՝ մտածելով ոչ թե իմ օգտի մասին,+ այլ շատ-շատերի, որպեսզի նրանք փրկվեն:+
11 Ընդօրինակեք ինձ, ինչպես ես էլ՝ Քրիստոսին:+
2 Գովում եմ ձեզ, որովհետև միշտ հիշում եք իմ օրինակը և ամուր կառչած եք այն ամենին,* ինչ սովորեցրի ձեզ: 3 Սակայն ուզում եմ՝ իմանաք նաև, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է,+ կնոջ գլուխը տղամարդն է,+ իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված:+ 4 Ամեն տղամարդ, ով գլուխը ծածկած է աղոթում կամ մարգարեանում,* անպատվություն է բերում իր գլխին, 5 և ամեն կին, ով աղոթում կամ մարգարեանում+ է առանց գլուխը ծածկելու, անպատվություն է բերում իր գլխին, որովհետև դա նույնն է, թե նրա գլուխը սափրված լիներ:* 6 Իսկ եթե չի ծածկում գլուխը, ուրեմն թող կարճ կտրի իր մազերը, բայց քանի որ կնոջ համար ամոթ է մազերը կարճ կտրելը կամ գլուխը սափրելը, ուրեմն թող գլուխը ծածկի:
7 Տղամարդը չպետք է իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն է+ ու փառք է բերում նրան, իսկ կինը տղամարդուն է փառք բերում: 8 Չէ՞ որ ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ մարմնից, այլ կինը ստեղծվեց տղամարդու մարմնից:+ 9 Ավելին՝ ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար:+ 10 Ահա թե ինչու կինը պետք է, ի նշան հնազանդության, ծածկի իր գլուխը. չէ՞ որ հրեշտակներն էլ են դա տեսնում:+
11 Բայցևայնպես, Տիրոջ հետևորդների մեջ այսպես է. կինն անկախ չէ տղամարդուց, տղամարդն էլ՝ կնոջից, 12 քանի որ կինը ստեղծվել է տղամարդու մարմնից,+ տղամարդն էլ ծնվում է կնոջից: Իսկ ամեն բան ստեղծողն Աստված է:+ 13 Ինքներդ դատեք. կնոջը վայե՞լ է առանց գլուխը ծածկելու աղոթել Աստծուն: 14 Չէ՞ որ բնական է, որ եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար, 15 մինչդեռ կնոջ համար երկար մազեր ունենալը պատվաբեր է, որովհետև մազերը տրված են նրան որպես գլխի ծածկոց: 16 Բայց եթե որևէ մեկն ուզում է առարկել և մեկ այլ կարգի է կողմ, նրան ասեք, որ մենք ուրիշը չունենք, ոչ էլ Աստծու ժողովներն ունեն:
17 Այս հրահանգները տալու հետ մեկտեղ ես ձեզ չեմ գովում, որովհետև միասին հավաքվելով՝ դուք ավելի շատ վնասում եք իրար, քան օգուտ տալիս: 18 Նախ անդրադառնամ ինձ հասած այն լուրերին, որ ձեր հանդիպումների ժամանակ ձեր մեջ պառակտումներ են լինում: Ես ինչ-որ չափով հավատում եմ այդ լուրերին: 19 Ինչ խոսք, ձեր մեջ կլինի աղանդավորություն,+ որ այդպիսով նաև ակնհայտ լինի, թե ձեզնից ովքեր ունեն Աստծու հավանությունը:
20 Նաև երբ հավաքվում եք Տիրոջ ընթրիքի+ համար, պատշաճ վարմունք չեք ունենում: 21 Տիրոջ ընթրիքի ժամանակ ոմանք նախևառաջ իրենց բերած ընթրիքն են ուտում, այնպես որ ստացվում է, որ մեկը հարբած է լինում, մինչդեռ մյուսը՝ քաղցած: 22 Ի՞նչ է, տուն չունե՞ք, որ տանը ուտեք ու խմեք: Թե՞ հարգանք չունեք Աստծու ժողովի հանդեպ և ուզում եք ամաչեցնել չունևորներին: Ի՞նչ ասեմ ձեզ: Գովե՞մ: Դա գովելու բան չէ:
23 Ես ձեզ սովորեցրել եմ այն, ինչ Տիրոջից եմ ստացել. իր մատնվելու գիշերը+ Տեր Հիսուսը վերցրեց հացը, 24 շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց ու ասաց. «Այս հացը խորհրդանշում է իմ մարմինը,+ որը տրվելու է ձեզ համար: Սա արեք ինձ հիշելու համար»:+ 25 Նմանապես, երբ Պասեքի ընթրիքն արդեն ավարտել էին, նա բաժակն+ էլ փոխանցեց նրանց ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը,+ որը վավերացվելու է իմ արյունով:+ Շարունակեք անել սա՝ հիշելով ինձ ամեն անգամ, երբ խմեք դրանից»:+ 26 Ամեն անգամ այս հացը ուտելով և այս բաժակից խմելով՝ դուք շարունակում եք հռչակել Տիրոջ մահը, մինչև որ նա գա:
27 Ուստի ով, արժանի չլինելով, ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, անհարգալից վերաբերմունք դրսևորած կլինի Տիրոջ մարմնի և արյան նկատմամբ: 28 Թող մարդ նախ ինքնաքննություն անելով հավաստիանա, որ արժանի է,+ և հետո միայն ուտի հացը ու խմի բաժակից: 29 Նա, ով ուտում և խմում է առանց ըմբռնելու, թե ինչ կարևոր նշանակություն ունի այդ մարմինը, իր վրա դատապարտություն է բերում: 30 Զարմանալի չէ, որ ձեր մեջ շատերը թուլացած են ու հիվանդ, շատերն էլ մեռած են:*+ 31 Բայց եթե ինքնաքննություն անեինք, դատապարտության չէինք արժանանա: 32 Սակայն երբ արժանանում ենք Եհովայի* դատապարտությանը, նա խրատում է մեզ,+ որ աշխարհի հետ դատաստանի չենթարկվենք:+ 33 Այսպիսով, եղբայրնե՛րս, երբ հավաքվում եք այդ ընթրիքն ուտելու, սպասեք, մինչև բոլորը հավաքվեն: 34 Ով էլ որ քաղցած է, թող տանը ուտի, որ ձեր միասին հավաքվելը դատապարտության առիթ չլինի:+ Իսկ մնացած հարցերը կկարգավորեմ, երբ գամ:
12 Եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին,+ ուզում եմ, որ դրանց վերաբերյալ ամեն ինչ լավ հասկանաք: 2 Երբ դեռ քրիստոնյա չէիք, թույլ էիք տալիս, որ ձեզ վրա ազդեցություն բանեցնեն, և ներքաշվում էիք համր կուռքերի պաշտամունքի մեջ:+ 3 Բայց հիմա ասեմ ձեզ, որ Աստծու ոգու ազդեցությամբ խոսող ոչ մի մարդ չի ասի՝ «Հիսուսն անիծվա՛ծ է»: Եվ միայն սուրբ ոգու ազդեցությամբ խոսող մարդը կարող է ասել՝ «Հիսուսը Տե՛ր է»:+
4 Ոգու միջոցով տրված պարգևները զանազան են, բայց ոգին մեկն է,+ 5 ծառայությունները զանազան են,+ բայց բոլորն էլ մեկ Տիրոջ են մատուցվում, 6 արվող գործերը զանազան են, բայց բոլորին զորացնողը մեկն է՝ Աստված:+ 7 Յուրաքանչյուրի արածի մեջ էլ հստակ երևում է ոգու աջակցությունը, որն Աստված տալիս է հանուն բոլորի բարօրության:+ 8 Մեկին ոգու միջոցով տրվում է իմաստությամբ խոսելու կարողություն,* մյուսին այդ նույն ոգով՝ անհայտ բաներ իմանալու կարողություն,* 9 մեկ ուրիշին այդ նույն ոգով տրվում է հավատ,*+ մյուսին էլ՝ բուժելու պարգևներ+ հենց այդ ոգով, 10 մեկին տրվում է զորավոր գործեր անելու կարողություն,+ մեկ ուրիշին՝ մարգարեանալու պարգև, մեկին՝ ունակություն՝ հասկանալու, թե ինչ աղբյուրից են ներշնչմամբ հաղորդված խոսքերը,+ մյուսին՝ տարբեր լեզուներով խոսելու պարգև,+ և մեկ ուրիշին էլ՝ թարգմանելու կարողություն:+ 11 Այս ամենը տրվում է միևնույն ոգով, ամեն մեկին՝ այն պարգևը, որն Աստված է կամենում:
12 Ինչպես որ մեկ մարմինը ունի շատ անդամներ, և այդ բոլոր անդամները թեև շատ են, բայց մեկ մարմին են կազմում,+ այնպես էլ Քրիստոսի մարմինն է: 13 Մենք բոլորս՝ հրեա թե հույն, ծառա թե ազատ, մեկ ոգով մկրտվեցինք՝ կազմելով մեկ մարմին, և մեզ բոլորիս մեկ ոգի տրվեց:*
14 Այսպիսով՝ մարմինը կազմված է ոչ թե մեկ, այլ շատ անդամներից:+ 15 Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ես ձեռք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», դա չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ: 16 Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ ես աչք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», դա չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ: 17 Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, ինչո՞վ էր լսելու: Եթե այն ամբողջությամբ ականջ լիներ, ինչո՞վ էր հոտ առնելու: 18 Սակայն Աստված անդամներից յուրաքանչյուրին տեղադրել է մարմնի մեջ, ինչպես որ կամեցել է:
19 Եթե բոլորը միևնույն անդամը լինեին, մի՞թե մարմինը մարմին կլիներ: 20 Այո՛, կան տարբեր անդամներ, բայց մարմինը մեկն է: 21 Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Դու ինձ պետք չես», և գլուխը չի կարող ոտքերին ասել՝ «Դուք ինձ պետք չեք»: 22 Ընդհակառակը, մարմնի անկարևոր թվացող անդամները իրականում անհրաժեշտ են, 23 և մարմնի այն մասերը, որոնք այնքան էլ պատվաբեր չենք համարում, ավելի մեծ ուշադրությամբ ենք շրջապատում,+ այնպես որ մեր մարմնի աչքի չընկնող* մասերը ավելի հոգատար վերաբերմունքի են արժանանում, 24 մինչդեռ մեր վայելուչ մասերը այդպիսի հոգածության կարիք չունեն: Աստված մարմինն այնպես կազմեց, որ առավել պատիվ տրվի այն մասերին, որոնք ավելի քիչ պատվի են արժանանում, 25 որպեսզի բաժանություն չլինի մարմնի մեջ, այլ որ դրա անդամները հոգատարություն դրսևորեն միմյանց նկատմամբ:+ 26 Եթե մեկ անդամը ցավ է զգում, մյուս բոլոր անդամներն էլ են ցավ զգում նրա հետ,+ կամ եթե մեկ անդամին պատիվ է տրվում, մյուս բոլոր անդամներն էլ են ուրախանում նրա հետ:+
27 Այսպիսով՝ դուք միասին Քրիստոսի մարմինն եք կազմում,+ և յուրաքանչյուրդ, առանձին վերցրած, դրա անդամն եք:+ 28 Աստված տարբեր անդամների իրենց տեղն է հատկացրել ժողովում. առաջինը՝ առաքյալներին,+ երկրորդը՝ մարգարեներին,+ երրորդը՝ ուսուցանողներին,+ հետո՝ զորավոր գործեր անողներին,+ ապա՝ բուժելու պարգև ունեցողներին,+ օգնություն ցույց տվողներին, առաջնորդելու կարողություն ունեցողներին,+ տարբեր լեզուներով խոսողներին:+ 29 Մի՞թե բոլորը առաքյալներ են: Մի՞թե բոլորը մարգարեներ են: Մի՞թե բոլորը ուսուցանողներ են: Մի՞թե բոլորը զորավոր գործեր են անում: 30 Մի՞թե բոլորը բուժելու պարգևներ ունեն: Մի՞թե բոլորը լեզուներով են խոսում:+ Մի՞թե բոլորը թարգմանողներ են:+ 31 Ջանադրաբար ձգտեք ավելի մեծ պարգևների:+ Բայց հիմա ես ձեզ ցույց կտամ այդ ամենին գերազանցող մի բան:+
13 Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ զնգացող կոչնազանգ և աղմկող ծնծղա: 2 Եթե մարգարեանալու պարգև ունենամ, հասկանամ բոլոր սրբազան գաղտնիքներն ու ձեռք բերեմ բոլոր գիտելիքները,+ եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ անգամ լեռներ տեղափոխեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ:+ 3 Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար+ և եթե նույնիսկ կյանքս* էլ տամ, որ պարծենալու պատճառ ունենամ, բայց սեր չունենամ,+ ի՞նչ օգուտ այդ ամենից:
4 Սերը+ համբերատար+ է ու բարի:+ Սերը նախանձոտ* չէ,+ այն չի պարծենում, չի հպարտանում,+ 5 անպատշաճ* վարմունք չի ունենում,+ իր շահի մասին չի մտածում,*+ հեշտությամբ չի բարկանում,+ վիրավորանքները* չի հաշվում:+ 6 Սխալ բաների համար չի ուրախանում,+ այլ ուրախանում է ճշմարտության համար: 7 Ամեն ինչ տանում է,+ ամեն ինչի հավատում է,*+ ամեն իրավիճակում հույս ունի,+ ամեն ինչի դիմանում է:+
8 Սերը երբեք չի վերջանում:* Իսկ ինչ վերաբերում է մարգարեանալու, լեզուներով խոսելու,* անհայտ բաներն իմանալու պարգևներին, դրանց վերջ կդրվի: 9 Հիմա մենք որոշ չափով իմացություն+ և որոշ չափով մարգարեանալու կարողություն ունենք, 10 բայց երբ ամբողջական իմացություն ունենանք, այդ որոշ չափովն այլևս չի լինի: 11 Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա, այդ մանկական բաներին վերջ դրեցի: 12 Հիմա մենք աղոտ պատկեր ենք տեսնում, ինչպիսին արտացոլվում է մետաղյա հայելու մեջ, բայց հետագայում հստակ կտեսնենք, ասես երես առ երես: Ներկայումս իմ իմացությունը սահմանափակ է, բայց հետո ամբողջական* կլինի, ճիշտ ինչպես Աստված ամբողջությամբ գիտի ինձ: 13 Այսպիսով՝ կմնան այս երեքը՝ հավատ, հույս և սեր. բայց սրանցից մեծագույնը սերն է:+
14 Ամեն կերպ ձգտեք սեր դրսևորել միմյանց նկատմամբ և ջանադրաբար հետամուտ եղեք հոգևոր պարգևների, հատկապես մարգարեանալու* պարգևին:+ 2 Տարբեր լեզուներով խոսողը թեև սրբազան գաղտնիքներ+ է հայտնում ոգու միջոցով, բայց ոչ ոք չի հասկանում նրան, այլ միայն Աստված:+ 3 Մինչդեռ մարգարեացողը իր խոսքերով ամրացնում է մարդկանց հավատը, քաջալերում ու մխիթարում է նրանց: 4 Տարբեր լեզուներով խոսողը միայն իր հավատն է ամրացնում, բայց մարգարեացողը ժողովի հավատն է ամրացնում: 5 Իհարկե կուզեի, որ բոլորդ էլ լեզուներով խոսեք,+ սակայն գերադասում եմ, որ մարգարեանաք:+ Իրականում մարգարեացողը ավելի շատ օգուտ է տալիս, քան լեզուներով խոսողը, որովհետև եթե վերջինիս ասածները չթարգմանվեն, ժողովը ոչ մի օգուտ չի քաղի: 6 Եղբայրնե՛ր, հիմա եթե գամ ձեզ մոտ և լեզուներով խոսեմ, ի՞նչ օգուտ տված կլինեմ, եթե դրա հետ մեկտեղ գործի չդնեմ հայտնությամբ+ խոսելու պարգևը, իմացության+ պարգևը, մարգարեանալու պարգևը կամ էլ ուսուցանելու պարգևը:
7 Որպես օրինակ վերցնենք ձայն հանող անշունչ առարկաները, ինչպիսիք են սրինգը կամ քնարը: Եթե դրանց արձակած ձայնի մեջ հստակ զանազանելի ելևէջներ չլինեն, ապա ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ մեղեդի է հնչում: 8 Կամ եթե շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կպատրաստվի պատերազմի: 9 Նմանապես, եթե ձեր ասելիքը հասկանալի չլինի, մարդիկ ինչպե՞ս կիմանան, թե ինչ եք ուզում ասել: Իրականում դուք օդի մեջ խոսողներ կլինեք: 10 Աշխարհում շատ լեզուներով են խոսում, և բոլորն էլ հնարավոր է հասկանալ: 11 Բայց եթե ես չեմ հասկանում ասվածի իմաստը, ուրեմն խոսողն օտարական է ինձ համար, ես էլ՝ խոսողի: 12 Ուստի դուք, որ փափագում եք ոգու տված պարգևները, ձգտեք առատորեն ունենալ այնպիսի պարգևներ, որոնք կնպաստեն ժողովի ամրապնդմանը:+
13 Հետևաբար նա, ով օտար լեզվով է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել:+ 14 Երբ ես աղոթում եմ օտար լեզվով, ինձնից չեմ խոսում, այլ ոգու միջոցով ինձ տրված պարգևի շնորհիվ եմ խոսում: Դրա համար էլ չեմ հասկանում ասածիս իմաստը: 15 Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր անել: Ես կաղոթեմ՝ գործի դնելով ոգու տված պարգևը, բայց և կաղոթեմ այնպես, որ ասածս հասկանամ: Ես կգովերգեմ Աստծուն՝ գործի դնելով ոգու տված պարգևը, բայց և կգովերգեմ այնպես, որ հասկանալի լինի: 16 Այլապես, երբ ոգու տված պարգևի միջոցով գովաբանական աղոթք անես, անիրազեկ մարդը ինչպե՞ս «ամեն» կասի քո աղոթքին, եթե չհասկանա, թե ինչ ես ասում: 17 Ճիշտ է, գուցե դու լավ ես մատուցում քո գովաբանական աղոթքը, բայց մյուսների հավատը դրանից չի ամրանում: 18 Փա՛ռք Աստծու, որ ես ավելի շատ լեզուներով եմ խոսում, քան դուք բոլորդ: 19 Այդուհանդերձ, գերադասում եմ ժողովում հինգ հասկանալի խոսք ասել, որ ուրիշներին էլ սովորեցնեմ, քան թե ուրիշներին անհասկանալի լեզվով տասը հազար խոսք ասեմ:+
20 Եղբայրնե՛ր, հասկացողության հարցում երեխա մի՛ եղեք,+ այլ եղեք չափահաս:+ Երեխա եղեք վատ բաների հարցում:+ 21 Օրենքում գրված է. ««Օտար լեզուներով և օտարների շուրթերով կխոսեմ այս ժողովրդի հետ, բայց այդ ժամանակ էլ նրանք չեն ուզենա լսել ինձ»,– ասում է Եհովան»:*+ 22 Հետևաբար լեզուներով խոսելը ոչ թե հավատացյալներին սովորեցնելու համար է, այլ այն բանի, որ հավատացյալ չեղողները հավատան:+ Մինչդեռ մարգարեանալը ոչ թե հավատացյալ չեղողների համար է, այլ հավատացյալների: 23 Այսպիսով, եթե ամբողջ ժողովը մեկտեղ հավաքվի, և բոլորը խոսեն այլ լեզուներով, և անիրազեկ մարդիկ կամ հավատացյալ չեղողները ներս մտնեն, չե՞ն ասի՝ խելագարվել եք: 24 Բայց եթե դուք բոլորդ մարգարեանաք, և մի անիրազեկ մարդ կամ հավատացյալ չեղող մարդ ներս մտնի, ձեր խոսքերը ցույց կտան, թե որ հարցերում է նա սխալ, ու կմղեն ինքնաքննություն անելու: 25 Նրա սրտի ծածուկ բաները ի հայտ կգան, և նա, ծնկի գալով, մինչև գետին կխոնարհվի, կերկրպագի Աստծուն ու կասի. «Իրոք որ, Աստված ձեզ հետ է»:+
26 Ուրեմն, եղբայրնե՛ր, ի՞նչ է հարկավոր անել: Երբ միասին հավաքվում եք, և մեկը սաղմոս է ասում, մյուսը սովորեցնում է, մյուսը իրեն տրված հայտնության մասին է պատմում, մեկ ուրիշը օտար լեզվով է խոսում, մեկ ուրիշն էլ թարգմանում է,+ ամեն ինչ արեք այնպես, որ միմյանց հավատն ամրացնեք: 27 Եվ եթե այլ լեզուներով խոսողներ կան, թող երկու կամ ամենաշատը երեք հոգի խոսեն, այն էլ՝ հերթով: Ինչ-որ մեկն էլ պետք է թարգմանի:+ 28 Սակայն եթե թարգմանող չկա, պետք է լուռ մնան ժողովում ու իրենց մտքում խոսեն Աստծու հետ: 29 Եթե կան մարգարեացողներ,+ թող երկուսը կամ երեքը խոսեն, իսկ մյուսները թող լսեն, որ հասկանան իմաստը: 30 Սակայն եթե այնտեղ նստած մեկ ուրիշին հայտնություն տրվի, թող այդ պահին խոսողը լռի, որ նա խոսի: 31 Այդպիսով բոլորդ կկարողանաք հերթով մարգարեանալ, որ լսողները սովորեն ու քաջալերվեն:+ 32 Ովքեր ոգուց ստացած մարգարեանալու պարգև ունեն, պետք է վերահսկեն, թե ինչպես են օգտագործում այդ պարգևը: 33 Աստված չի ցանկանում, որ անկարգություն լինի, նա խաղաղություն է սիրում:*+
Ինչպես սրբերի* բոլոր ժողովներում ընդունված կարգն է, 34 կանայք թող ժողովում լուռ մնան, քանի որ նրանց թույլատրված չէ խոսել:*+ Թող նրանք հնազանդություն դրսևորեն, ինչպես ասվում է նաև օրենքում:+ 35 Իսկ եթե ինչ-որ բան չեն հասկանում, թող տանը իրենց ամուսիններին հարցնեն, քանի որ կնոջը վայել չէ խոսել ժողովում:
36 Կորնթացինե՛ր, մի՞թե Աստծու խոսքը ձեզնից է տարածվել կամ մի՞թե միայն ձեզ է տրվել:
37 Եթե որևէ մեկը իրեն համարում է մարգարե կամ ոգու տված պարգև ունեցող մարդ, պետք է ընդունի, որ այն, ինչ գրում եմ ձեզ, Տերն է պատվիրել: 38 Բայց ով մերժի սա, ինքն էլ մերժված կլինի:* 39 Ուստի, եղբայրնե՛րս, շարունակեք ջանադրաբար հետամուտ լինել մարգարեանալու պարգևին,+ բայց լեզուներով խոսելն էլ մի՛ արգելեք:+ 40 Միայն թե ամեն ինչ թող պատշաճ ձևով ու կարգուկանոնով արվի:+
15 Եղբայրնե՛ր, հիշեցնում եմ ձեզ այն բարի լուրը, որը հռչակեցի,+ և որը դուք ընդունեցիք ու հաստատակամորեն պաշտպանեցիք: 2 Եթե ամուր կառչած եք մնում իմ հռչակած այդ բարի լուրին, ուրեմն փրկության ճանապարհին եք, իսկ եթե ոչ, ապա զուր տեղն եք հավատացյալ դարձել:
3 Ձեզ փոխանցած ամենակարևոր բաների թվում, որոնք ինքս էլ ստացել եմ, այն է, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասվել էր սուրբ գրքերում,+ 4 և որ նա, գրվածի համաձայն,+ թաղվեց+ ու երրորդ օրը+ հարություն առավ:+ 5 Նա երևաց Կեփասին,*+ ապա՝ 12 առաքյալներին:+ 6 Դրանից հետո միանգամից ավելի քան 500 եղբայրների երևաց,+ որոնցից մի քանիսը ննջել են մահվան քնով, բայց շատերը մինչև հիմա դեռ մեզ հետ են: 7 Այնուհետև երևաց Հակոբոսին,+ ապա՝ բոլոր առաքյալներին,+ 8 իսկ ամենքից հետո երևաց նաև ինձ՝+ իբրև վաղաժամ ծնվածի:
9 Բանն այն է, որ ես առաքյալների մեջ փոքրագույնն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածել եմ Աստծու ժողովը:+ 10 Սակայն Աստծու անզուգական բարության շնորհիվ ես այն եմ, ինչ կամ: Եվ իմ հանդեպ նրա դրսևորած այդ բարությունը ապարդյուն չի եղել. ես մյուս բոլորից ավելի շատ գործ եմ արել: Բայց ինչ էլ որ արել եմ, ոչ թե իմ շնորհիվ եմ արել, այլ Աստծու անզուգական բարության, որ դրսևորվել է իմ հանդեպ: 11 Բոլորս էլ՝ թե՛ ես, թե՛ նրանք, նույն բանն ենք քարոզում, և դուք հավատացել եք այդ լուրին:
12 Ուրեմն եթե քարոզվում է, որ Քրիստոսը հարություն է առել,+ ինչպե՞ս են ձեզնից ոմանք ասում, թե մահացածների հարություն չկա: 13 Եթե իսկապես մահացածների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: 14 Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզչությունն իզուր է, և ձեր հավատն էլ է իզուր: 15 Դեռ ավելին՝ մենք նաև Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս,+ որովհետև վկայել ենք, թե Աստված հարություն է տվել Քրիստոսին,+ ինչը, փաստորեն, չի կարող ճիշտ լինել, եթե մահացածները իրականում հարություն չեն առնելու: 16 Չէ՞ որ եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: 17 Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն անիմաստ է, դուք դեռ մնում եք ձեր մեղքերի մեջ,+ 18 և նրանք էլ, ովքեր, լինելով Քրիստոսի հետևորդ, ննջեցին մահվան քնով, մեկընդմիշտ կորան:+ 19 Եթե մենք միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք:
20 Բայց իրողությունն այն է, որ Քրիստոսը հարություն է առել. նա ննջեցյալների մեջ առաջին պտուղն է:+ 21 Ինչպես որ մարդու միջոցով ի հայտ եկավ մահը,+ այնպես էլ մարդու միջոցով մահացածների հարություն կլինի:+ 22 Այո՛, ինչպես Ադամի պատճառով բոլորը մահանում են,+ այնպես էլ Քրիստոսի շնորհիվ բոլորը կյանքի կբերվեն:+ 23 Բայց կա այսպիսի հերթականություն. առաջին հարություն առածը* Քրիստոսն է,+ հետո՝ նրա ներկայության ժամանակ, հարություն կառնեն նրանք, ովքեր Քրիստոսինն են:+ 24 Իսկ վերջում, երբ Քրիստոսը ոչնչացրած լինի բոլոր կառավարությունները, բոլոր իշխանությունները և ուժերը, նա Թագավորությունը կհանձնի իր Աստծուն ու Հորը:+ 25 Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի:+ 26 Եվ վերջին թշնամին, որ պետք է ոչնչացվի, մահն է:+ 27 Սուրբ գրվածքներում ասվում է, որ Աստված «ամեն բան հպատակեցրեց նրան՝ դնելով նրա ոտքերի տակ»:+ Բայց երբ ասվում է, որ ամեն բան հպատակեցվեց,+ պարզ է, որ ամեն բան՝ բացի Աստծուց՝ հպատակեցնողից:+ 28 Երբ ամեն բան հպատակեցվի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի ամեն բան իրեն հպատակեցնողին՝ Աստծուն,+ որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի համար:+
29 Եթե մահացածների հարություն չկա, ի՞նչ կլինի նրանց, ովքեր մկրտվում են մահ ճաշակելու համար:+ Ուրեմն էլ ինչո՞ւ են դրա համար մկրտվում: 30 Կամ ինչո՞ւ ենք մշտապես վտանգի ենթարկվում:+ 31 Ամեն օր ես մահվան առաջ եմ կանգնում: Եղբայրնե՛ր, հավաստիացնում եմ ձեզ, որ դա իրողություն է, ճիշտ ինչպես այն փաստը, որ ես հպարտանում եմ ձեզնով՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի աշակերտներով: 32 Ի՞նչ օգուտ, որ Եփեսոսում գազանների հետ կռվեցի, ինչպես այլ մարդիկ:*+ Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»:+ 33 Չխաբվե՛ք: Վատ ընկերակցությունները քայքայում են օգտակար սովորությունները:*+ 34 Սթափվեք ու ճիշտ վարվեք, մեղք մի՛ գործեք: Ձեզնից ոմանք Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ չունեն: Սա ձեզ ամաչեցնելու համար եմ ասում:
35 Բայց գուցե մեկն ասի. «Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու: Կամ ինչպիսի՞ մարմնով են հարություն առնելու»:+ 36 Ո՛վ անխոհեմ մարդ, չգիտե՞ս, որ ցանածը չի բուսնի, մինչև որ չքայքայվի: 37 Եվ ինչ որ ցանվում է, բույսը* չէ, որը հետագայում աճելու է, այլ լոկ հատիկը՝ լինի ցորենի, թե մեկ այլ բանի, 38 սակայն Աստված այն աճեցնում է՝ տալով դրան իր ուզած մարմինը, սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը: 39 Բոլորի մարմինները նույնը չեն. մարդկանց մարմինը ուրիշ է, անասունների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ: 40 Նաև կան երկնքում բնակվողներ+ և երկրի վրա բնակվողներ,+ բայց երկնքում բնակվողների մարմնի շքեղությունն ուրիշ է, և երկրի վրա բնակվողների մարմնինը՝ ուրիշ: 41 Ուրիշ է արևի շքեղությունը, ուրիշ է լուսնինը,+ և ուրիշ է աստղերինը: Աստղերն էլ իրենց շքեղությամբ տարբերվում են մեկը մյուսից:
42 Այդպես է նաև մահացածների հարությունը: Ցանվում է մարմին, որը քայքայվում է, հարություն է առնում չքայքայվող մարմին:+ 43 Ցանվում է անպատվության ենթարկված մարմին, հարություն է առնում փառավորված մարմին:+ Ցանվում է թույլ մարմին, հարություն է առնում զորեղ մարմին:+ 44 Ցանվում է ֆիզիկական մարմին, հարություն է առնում ոգեղեն մարմին: Եթե կա ֆիզիկական մարմին, կա նաև ոգեղեն մարմին: 45 Գրված է. «Առաջին մարդ Ադամը կենդանի էակ* դարձավ»:+ Իսկ վերջին Ադամը դարձավ կյանք տվող ոգի:+ 46 Առաջինը ոգեղեն մարմինը չէր, այլ ֆիզիկականն էր: Ոգեղենը հետո եկավ: 47 Առաջին մարդը երկրից էր և հողից էր կազմավորված,+ իսկ երկրորդ մարդը երկնքից է:+ 48 Երկրի վրա ապրողները նման են նրան, ով հողից էր կազմված, իսկ երկնքում եղողները նման են երկնքից եկածին:+ 49 Եվ ինչպես որ հողեղենին ենք նման,+ այնպես էլ կնմանվենք երկնայինին:+
50 Եղբայրնե՛ր, ասեմ, որ միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորություն մտնել, քայքայվող մարմինը չի կարող ժառանգել այն, ինչը չի քայքայվում: 51 Մի սրբազան գաղտնիք հայտնեմ ձեզ. բոլորս չէ, որ կննջենք մահվան քնով, բայց բոլորս կփոխվենք+ 52 հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին շեփորի հնչելու ժամանակ: Շեփորը կհնչի,+ և մահացածները հարություն կառնեն՝ ստանալով չքայքայվող մարմին, և մենք կփոխվենք: 53 Քայքայվող մարմինը պետք է փոխարինվի չքայքայվող մարմնով,+ և այս մահկանացու մարմինը՝ անմահ մարմնով:+ 54 Եվ երբ քայքայվող մարմինը փոխարինվի չքայքայվող մարմնով, և մահկանացու մարմինը՝ անմահ մարմնով, այդ ժամանակ կկատարվեն այս գրվածները. «Մահն առհավետ վերացվեց»:+ 55 «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը: Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը»:+ 56 Խայթոցը, որ մահ է բերում, մեղքն է,+ իսկ մեղքի զորությունը բացահայտվեց Օրենքի շնորհիվ:*+ 57 Բայց շնորհակալ ենք Աստծուն, որ մահվան դեմ հաղթանակ է տալիս մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:+
58 Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն,+ անսասան և միշտ զբաղված եղեք*+ Տիրոջ գործում՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ծառայության մեջ ձեր ջանքերը իզուր չեն:+
16 Ինչ վերաբերում է սրբերի* համար փող հավաքելուն,+ ապա դուք էլ կարող եք հետևել այն հրահանգներին, որ տվել եմ Գաղատիայի ժողովներին: 2 Ձեզնից ամեն մեկը թող շաբաթվա առաջին օրը իր հնարավորությունների սահմաններում ինչ-որ բան մի կողմ դնի, որ հավաքելը չսկսվի այն ժամանակ, երբ ես գամ: 3 Իսկ երբ գամ, նամակներում ձեր երաշխավորած մարդկանց կուղարկեմ+ Երուսաղեմ, որ տանեն ձեր սրտագին նվերը: 4 Բայց եթե նպատակահարմար լինի, որ ես էլ գնամ այնտեղ, նրանք ինձ հետ կգան:
5 Որոշել եմ անցնել Մակեդոնիայի տարածքով, այնտեղից էլ կգամ ձեզ մոտ:+ 6 Հնարավոր է՝ մի որոշ ժամանակ մնամ ձեզ մոտ և նույնիսկ ձմեռը այդտեղ անցկացնեմ: Իսկ հետո ուր որ գնալու լինեմ, ճանապարհի մի մասը գուցե ուղեկցեք ինձ: 7 Չեմ ուզում հիմա գալ, որովհետև այցս կարճատև կլինի: Հույս ունեմ որոշ ժամանակ ձեզ մոտ մնալ,+ եթե Եհովան* թույլ տա: 8 Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում,+ 9 որովհետև գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ,+ թեև հակառակորդները շատ են:
10 Եթե Տիմոթեոսը+ գա այդտեղ, այնպես արեք, որ մտավախություններ չունենա: Նա էլ ինձ պես Եհովայի գործն է անում:+ 11 Ուստի ոչ ոք թող վերևից չնայի նրան: Երբ ինձ մոտ գալու լինի, ճանապարհեք նրան, որ ապահով տեղ հասնի: Ես սպասում եմ նրան եղբայրների հետ:
12 Իսկ ինչ վերաբերում է Ապողոսին՝+ մեր եղբորը, նրան հորդորեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց նա որոշեց հիմա չգալ. կգա, երբ հանգամանքները թույլ տան:
13 Արթուն մնացեք,+ հավատի մեջ հաստատուն եղեք,+ քաջ եղեք,*+ զորացեք:+ 14 Թող ձեր բոլոր գործերի մեջ սեր լինի:+
15 Եղբայրնե՛ր, ինչպես գիտեք, Ստեփանասի տնեցիները Աքայայում առաջին հավատացյալներն են* և իրենց անձերը նվիրել են սրբերին օգնելուն:* Ուստի հորդորում եմ ձեզ, 16 որ նաև շարունակեք հպատակվել այդպիսի մարդկանց և բոլոր նրանց, ովքեր համագործակցում են մեզ հետ ու շատ ջանք են թափում:+ 17 Ես ուրախ եմ, որ Ստեփանասը,+ Ֆորտունատոսը և Աքայիկոսը եկել են ինձ մոտ, որովհետև նրանք լրացնում են ձեր այստեղ չլինելու բացը: 18 Նրանք թե՛ ինձ, թե՛ ձեզ համար քաջալերանքի աղբյուր եղան: Գնահատեք այդպիսի մարդկանց:
19 Ասիայի ժողովները բարևներ են ուղարկում ձեզ: Իրենց ջերմ քրիստոնեական ողջույններն են հղում նաև Ակյուղասը, Պրիսկան և իրենց տանը հավաքվող ժողովը:+ 20 Բոլոր եղբայրները բարևում են ձեզ: Ողջունեք միմյանց ջերմ* համբույրով:
21 Սա էլ իմ՝ Պողոսիս ողջույնը, որ գրում եմ իմ ձեռքով:
22 Ով չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի: Ո՛վ մեր Տեր, ե՛կ: 23 Թող Տեր Հիսուսը շարունակի անզուգական բարություն դրսևորել ձեր հանդեպ: 24 Միշտ հիշեք, որ սիրում եմ բոլորիդ՝ Քրիստոս Հիսուսի աշակերտներիդ:
Բռց.՝ «կանչում»:
Կամ՝ «մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասնության մեջ լինեք»:
Բռց.՝ «Ես Պողոսին եմ պատկանում»:
Հայտնի է նաև որպես Պետրոս:
Կամ՝ «խելացի խոսքերով»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «դպիրը»:
Կամ՝ «բանավիճողը»:
Բռց.՝ «Քրիստոսը Աստծու զորությունն է և Աստծու իմաստությունը»:
Կամ՝ «հիմար թվացող բաները»:
Կամ՝ «անկարևոր համարվող բաները»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «Համակարգերից առաջ»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «սիրտը»:
Բռց.՝ «մարդու ոգին»:
Բռց.՝ «ոչ ոք»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «Ես Պողոսին եմ պատկանում»:
Բռց.՝ «մեկ են»:
Կամ՝ «շինարարության գործի իմաստուն ղեկավար»:
Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Տես հավելված Ա5:
Հայտնի է նաև որպես Պետրոս:
Կամ՝ «ենթականեր»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «մերկ»:
Բռց.՝ «օրհնում ենք»:
Կամ՝ «պաշտպան», «խնամակալ»:
Կամ՝ «մեթոդները»: Բռց.՝ «իմ ճանապարհները»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «ոգով»:
Բռց.՝ «մարմնի կործանման համար»:
Խոսքը Անթթխմոր հացերի տոնի մասին է:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բռց.՝ «չխառնվեք»:
Կամ՝ «վիրավորական խոսքեր ասող»:
Բառարանում տես «Սրբեր»:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բնագրում օգտագործված է երկու տարբեր բառ: Մեկը վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր թույլ են տալիս, որ իրենց հանդեպ նույնասեռական գործողություններ անեն, իսկ մյուսը՝ այդպիսի գործողություններ անողներին:
Կամ՝ «վիրավորական խոսքեր ասողները»:
Բռց.՝ «օրինավոր»:
Կամ՝ «ես թույլ չեմ տա, որ որևէ բան ինձ իր իշխանության տակ պահի»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «մեկ ոգի»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բռց.՝ «իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում»:
Խոսքը սեռական հարաբերություն չունենալու, այսինքն՝ չամուսնանալու մասին է:
Հուն. պոռնեյա-ի հոգնակի ձևը: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Ըստ ամենայնի, խոսքը 2-րդ համարում ասվածի մասին է:
Կամ՝ «առանձնանալ»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «ստրո՞ւկ»:
Բռց.՝ «կույսերին»: Վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց:
Բռց.՝ «նեղություն կունենան մարմնում»:
Կամ՝ «ոգով»:
Բռց.՝ «որ սխալ է վարվում իր կուսության հանդեպ»:
Բռց.՝ «սրտում»:
Բռց.՝ «ննջի»:
Բռց.՝ «Տիրոջով»:
Բռց.՝ «թույլ լինելով՝ պղծվում է»:
Հայտնի է նաև որպես Պետրոս:
«Կալսել» նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Կամ՝ «տնտեսվարի գործ»:
Բռց.՝ «շահել»:
Սա ներառում է նաև ոչ հասուն խիղճ ունեցողներին:
Կամ՝ «Մարզիկները»:
Կամ՝ «պատժի եմ ենթարկում», «խստորեն դաստիարակում եմ»: Բռց.՝ «հարվածում եմ»:
Կամ՝ «որակազրկվեմ»:
Բռց.՝ «ամպով ու ծովով մկրտվեցին Մովսեսի մեջ»:
Կամ՝ «Քրիստոսն էր»:
Բռց.՝ «օրինակներ են»:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Տես հավելված Ա5:
Ըստ երևույթին, խոսքը Աստծու հրեշտակի մասին է:
Կամ՝ «այս համակարգերի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «գայթակղությունները»:
Բռց.՝ «օրհնության բաժակից, որն օրհնում ենք»:
Բռց.՝ «օրինավոր»:
Բռց.՝ «ավանդույթներին»:
Սա կարող է վերաբերել ապագան կանխատեսելուն, Աստծու պատգամը հայտնելուն:
Գլուխը սափրելը պատիժ էր անբարոյականություն գործելու համար:
Բռց.՝ «ննջել են»: Ըստ ամենայնի, խոսքը հոգևոր մահվան մասին է:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «իմաստության խոսք»:
Բռց.՝ «իմացության խոսք»: Ըստ ամենայնի, խոսքը հրաշքով տրված իմացության մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը հրաշքով տրված անսասան համոզվածության մասին է, որն օգնում էր մեծ խոչընդոտներ հաղթահարել:
Բռց.՝ «խմել տրվեց»:
Կամ՝ «անվայելուչ»:
Բռց.՝ «մարմինս»:
Կամ՝ «խանդոտ»:
Կամ՝ «կոպիտ»:
Կամ՝ «իր շահը չի փնտրում»:
Կամ՝ «սխալները»:
Այսինքն՝ կասկածամիտ չէ:
Կամ՝ «միշտ լավ արդյունք է բերում»:
Խոսքը հրաշքով տրված ունակության մասին է:
Բռց.՝ «ճշգրիտ»:
Սա կարող է վերաբերել ապագան կանխատեսելուն, Աստծու պատգամը հայտնելուն կամ մարգարությունները բացատրելուն:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «խաղաղության Աստված է»:
Բառարանում տես «Սրբեր»:
Համատեքստից երևում է, որ սա վերաբերում է ժողովին խոսք ուղղելուն:
Կամ հնարավոր է՝ «ով անգետ է, անգետ կմնա»:
Հայտնի է նաև որպես Պետրոս:
Բռց.՝ «առաջին պտուղը»:
Կամ հնարավոր է՝ «եթե մարդկային մտածելակերպով դատեի»:
Կամ՝ «լավ վարքը», «բարձր բարոյական արժեքները»:
Բռց.՝ «մարմինը»:
Կամ՝ «հոգի»:
Բռց.՝ «մեղքի զորությունը Օրենքն է»:
Կամ՝ «շատ անելիք ունեցեք»:
Բառարանում տես «Սրբեր»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «տղամարդու պես վարվեք»:
Բռց.՝ «առաջին պտուղներն են»:
Բռց.՝ «սրբերին ծառայելուն»:
Բռց.՝ «սուրբ»: