Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Հռոմեացիներ 1 ։ 1–16 ։ 27
  • Հռոմեացիներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հռոմեացիներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հռոմեացիներ

ՆԱՄԱԿ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս,* որ կանչվել եմ առաքյալ լինելու և ընտրվել* եմ՝ հռչակելու Աստծու բարի լուրը,+ 2 որը Աստված իր մարգարեների միջոցով նախապես հայտնել է սուրբ գրքերում: 3 Այդ լուրը նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է, որը ծնվեց որպես մարդ Դավթի+ սերնդից: 4 Երբ սուրբ ոգու զորությամբ նա հարություն առավ,+ այդպես հաստատվեց, որ նա Աստծու Որդին է:+ 5 Նրա միջոցով իմ* հանդեպ անզուգական բարություն դրսևորվեց, և ես առաքյալ նշանակվեցի,+ որպեսզի բոլոր ազգերի մարդկանց օգնեմ, որ հավատան ու հնազանդվեն նրան+ և այդպիսով փառավորեն նրա անունը: 6 Դուք էլ եք այդ ազգերի մարդկանցից, որ հրավեր եք ստացել լինելու Հիսուս Քրիստոսի հետևորդը:* 7 Գրում եմ բոլորիդ, որ Հռոմում եք, ում Աստված սիրել է ու կանչել՝ իր սուրբ ժողովուրդը լինելու:

Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:

8 Նախևառաջ ուզում եմ ասել, որ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին ողջ աշխարհն է խոսում: 9 Աստված, ում ես սրտանց* սուրբ ծառայություն եմ մատուցում՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է, որ միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում:+ 10 Ես աղերսում եմ Աստծուն, որ եթե նրա կամքն է, հնարավորություն ունենամ վերջապես գալ ձեզ մոտ: 11 Շատ եմ ուզում տեսնել ձեզ, որ հոգևորապես օգնեմ* ու ամրացնեմ, 12 կամ, ավելի շուտ, որ քաջալերվենք+ մեկս մյուսիս հավատով, ես՝ ձեր հավատով, դուք էլ՝ իմ:

13 Իմացեք, եղբայրնե՛րս, որ շատ անգամ եմ մտադրվել ձեզ մոտ գալ, բայց միշտ մի խանգարող բան է եղել: Ուզում էի, որ իմ քարոզչությունը ձեր մեջ էլ պտուղներ բերի, ինչպես որ մյուս ազգերի մեջ է բերել: 14 Իմ պարտքն է քարոզել թե՛ հույներին ու մյուս ազգերի մարդկանց* և թե՛ գիտուններին ու անուսումներին:* 15 Այնպես որ մեծ ցանկություն ունեմ բարի լուրը քարոզել նաև ձեզ՝ Հռոմում գտնվողներիդ:+ 16 Ես չեմ ամաչում այն հռչակել.+ չէ՞ որ բարի լուրը այն զորեղ միջոցն է, որով Աստված փրկություն է շնորհում բոլոր հավատ ունեցողներին,+ նախ՝ հրեաներին,+ հետո՝ հույներին:+ 17 Բարի լուրի միջոցով հավատ ունեցողները տեսնում են Աստծու արդարությունը, և դա ամրացնում է նրանց հավատը,+ ինչպես որ գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»:+

18 Աստված երկնքից դրսևորում է իր ցասումը+ նրանց հանդեպ, ովքեր չեն հնազանդվում իրեն, անարդար գործեր են անում և անարդարացիորեն խանգարում են մարդկանց իմանալ ճշմարտությունը:+ 19 Բանն այն է, որ ինչ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց աչքի առաջ է. Աստված հստակ ցույց է տվել նրանց:+ 20 Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները:+ Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին+ և փաստում են, որ նա իսկապես Աստված է:+ Դրա համար էլ այս փաստերն անտեսողները ոչ մի արդարացում չունեն: 21 Այդպիսի մարդիկ թեև գիտեն Աստծուն, բայց չեն տալիս նրան այն փառքը, որին նա արժանի է, և ոչ էլ շնորհակալություն են հայտնում նրան, այլ դարձել են դատարկամիտ ու հասկացողությունից զուրկ:*+ 22 Նրանք պնդում են, թե իմաստուն են, բայց իրականում հիմար են, 23 և փոխանակ մեծարեն անմահ* Աստծուն՝ մեծարում են կուռքերի, որոնք կերտված են մահկանացու* մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերով:+

24 Դրա համար էլ Աստված երես է թեքել նրանցից՝ թողնելով, որ վարվեն իրենց սրտի անմաքուր ցանկությունների համաձայն և այդպիսով անարգեն իրենց մարմինը: 25 Նրանք Աստծու մասին ճշմարտությունը ստի հետ են փոխել, մեծարում* ու ծառայում են ստեղծվածներին, ոչ թե Ստեղծողին, ով հավիտյան արժանի է փառքի: Ամեն: 26 Այդ իսկ պատճառով Աստված մերժել է նրանց՝ թողնելով, որ տրվեն խայտառակ կրքերի:+ Կանայք բնական սեռական հարաբերությունները փոխել են անբնականի հետ:+ 27 Նույնպես էլ տղամարդիկ, կանանց հետ բնական սեռական հարաբերությունները թողած, բուռն կրքերով միմյանց են փափագում, տղամարդիկ տղամարդկանց հետ նողկալի բաներ են անում:+ Նրանք կստանան իրենց սխալ վարքին արժանի լիարժեք հատուցումը:+

28 Քանի որ նրանք հարկ չհամարեցին հաշվի առնել Աստծուն,* Աստված էլ թողեց նրանց, որ իր համար անընդունելի մտավիճակի տրվեն և անվայել բաներ անեն:+ 29 Նրանք լիովին տրվել են ամեն տեսակ անարդարության, անօրինության,+ ագահության,+ չարության, նախանձի,+ սպանության,+ գժտության, խաբեության,+ չարամտության:+ Այդ մարդիկ բամբասողներ են, 30 ուրիշներին վատաբանողներ,+ Աստծուն ատողներ, անպատկառներ, գոռոզներ, պարծենկոտներ, չար բաներ ծրագրողներ, ծնողներին անհնազանդ,+ 31 հասկացողությունից զուրկ,+ խոստումները դրժող, ընտանիքի անդամների հանդեպ կապվածություն չունեցող և անգութ: 32 Թեև նրանք շատ լավ գիտեն Աստծու արդար դատավճիռը, որ այսպիսի բաներ անողները մահվան են արժանի,+ սակայն ոչ միայն շարունակում են անել այդ ամենը, այլև հավանություն են տալիս անողներին:

2 Այդուհանդերձ, դու, ո՛վ մարդ, ով էլ որ լինես,+ եթե դատում ես ուրիշին, արդարացում չունես, քանի որ ինքդ էլ նույն վատ բաներն ես անում. իրականում ուրիշին դատելով՝ ինքդ քեզ ես դատապարտում:+ 2 Մենք գիտենք, որ Աստված դատապարտում է այդպիսի բաներ անողներին, և նրա դատաստանն արդարացի է:*

3 Հիմա, ո՛վ մարդ, դու, որ դատում ես այդպիսիներին, մինչդեռ ինքդ էլ նույն բաներն ես անում, կարծում ես՝ կխուսափե՞ս Աստծու դատաստանից: 4 Մի՞թե քեզ համար արժեք չունի այն բարությունը,+ մեծահոգությունն+ ու համբերատարությունը,+ որ Աստված առատորեն դրսևորում է: Չգիտե՞ս, որ իր բարությամբ նա օգնում է քեզ զղջալ:+ 5 Բայց դու, համառ լինելով ու չցանկանալով զղջալ, քեզ վրա Աստծու ցասումն ես դիզում: Այն կթափվի քեզ վրա Աստծու ցասման օրը, երբ նա արդար դատաստան տեսնի:+ 6 Եվ նա կհատուցի ամեն մեկին՝ ըստ իր գործերի.+ 7 հավիտենական կյանք կտա նրանց, ովքեր շարունակաբար բարի գործեր են անում՝ ձգտելով հասնել փառքի, պատվի և անապականության,+ 8 իսկ նրանց, ովքեր կռվասեր են, չեն վարվում ճշմարտության համաձայն և անում են այն, ինչ սխալ է, կարժանացնի իր մեծ բարկությանը, իր ցասմանը:+ 9 Չար բաներ անող բոլոր մարդկանց վրա նեղություն ու աղետ կգա, նախ՝ հրեաների վրա, ապա՝ հույների: 10 Իսկ բարին անող բոլոր մարդկանց փառք, պատիվ և խաղաղություն կտրվի, նախ՝ հրեաներին,+ ապա՝ հույներին:+ 11 Չէ՞ որ Աստված անկողմնակալ է:+

12 Օրենք չունեցող բոլոր մարդիկ, ովքեր մեղք են գործել, միևնույն է, կմահանան, անգամ եթե Օրենքի տակ չեն,+ իսկ բոլոր նրանք, ովքեր Օրենքի տակ լինելով են մեղք գործել, այդ Օրենքով կդատվեն:+ 13 Աստված արդար է համարում ոչ թե նրանց, ովքեր պարզապես լսում են Օրենքը, այլ ովքեր կատարում են այն:+ 14 Երբ այլազգի մարդիկ, Օրենք չունենալով,+ բնածին հակումով անում են Օրենքով պահանջվածը, դրանից երևում է, որ թեև չգիտեն Օրենքը, բայց այն իրենց մեջ է: 15 Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր իրենց գործերով ցույց են տալիս, որ Օրենքի սկզբունքները գրված են իրենց սրտերում: Նրանց խիղճը վկայում է՝ արարքը ճիշտ է, թե սխալ, և իրենց մտքում նրանք կա՛մ մեղադրում են իրենց, կա՛մ արդարացնում: 16 Համաձայն այն բարի լուրի, որ ես հռչակում եմ՝ այսպիսին կլինի դատաստանը այն օրը, երբ Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով դատի մարդկանց՝ նրանց գաղտնի մտքերի ու արարքների հիման վրա:+

17 Դու ասում ես, որ հրեա ես,+ ու հիմնվում ես Օրենքի վրա, հպարտանում ես, որ Աստծու ժողովրդից ես, 18 գիտես նրա կամքը և կարողանում ես զանազանել ամենաարժեքավոր բաները, քանի որ կրթվել ես Օրենքի համաձայն:+ 19 Դու համոզված ես, որ առաջնորդ ես կույրերի համար, լույս՝ խավարի մեջ գտնվողների համար, 20 ունակ ես խրատելու անխոհեմներին և ուսուցանելու մանուկներին,* քանի որ գիտես Օրենքի հիմունքներն ու հասկանում ես դրանում ամփոփված ճշմարտությունը... 21 Հիմա դու, որ ուրիշին սովորեցնում ես, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում:+ Դու, որ քարոզում ես՝ «Մի՛ գողացիր»,+ ի՞նքդ ես գողանում: 22 Դու, որ ասում ես՝ «Մի՛ շնացիր»,*+ ի՞նքդ ես շնանում: Դու, որ ասում ես, թե գարշում ես կուռքերից, տաճարնե՞ր ես կողոպտում: 23 Դու, որ հպարտանում ես, թե գիտես Աստծու օրենքը, խախտո՞ւմ ես այն՝ այդպիսով անարգելով Աստծուն: 24 Դրա համար էլ, ինչպես որ գրված է, «Ձեր պատճառով Աստծու անունը անարգվում է ազգերի մեջ»:+

25 Իրականում թլփատությունը+ արժեք ունի միայն այն դեպքում, երբ կատարում ես Օրենքը:+ Բայց եթե խախտում ես այն, քո թլփատությունը արժեզրկվում է: 26 Իսկ եթե անթլփատ մարդը+ պահում է Օրենքի արդար պահանջները, ապա թեև անթլփատ է, թլփատված կհամարվի:+ 27 Եվ ֆիզիկապես անթլփատ մարդը, կատարելով Օրենքը, մեղավոր կհանի քեզ, որ գրված օրենքն ունենալով ու թլփատված լինելով հանդերձ՝ խախտում ես օրենքը: 28 Իսկական հրեան արտաքին բաներով չի բնորոշվում,+ և իսկական թլփատությունն այն չէ, որ արտաքուստ է՝ մարմնի վրա արված:+ 29 Իսկական հրեան բնորոշվում է իր սրտում եղածով,+ և իսկական թլփատությունը սրտի թլփատությունն է՝+ արված սուրբ ոգու միջոցով, ոչ թե համաձայն գրավոր օրենքի:+ Այդպիսի մարդը գովասանք է ստանում ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց:+

3 Ուրեմն ո՞րն է հրեաների առավելությունը, կամ ո՞րն է թլփատության օգուտը: 2 Դրանք շատ են: Նախևառաջ առավելությունն այն է, որ Աստծու սրբազան պատգամները նրանց վստահվեցին:+ 3 Բայց եթե նրանցից ոմանք հավատ չցուցաբերեցին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված հավատարիմ չի մնա իր խոսքին: 4 Իհա՛րկե ոչ: Անգամ եթե բոլոր մարդիկ ստախոս դուրս գան,+ միևնույն է, Աստված միշտ ճիշտ կլինի,+ ինչպես և գրված է. «Դու ճիշտ կլինես քո խոսքերում և հաղթող դուրս կգաս, երբ քո դեմ մեղադրանք ներկայացնեն»:+ 5 Մեր մեղավոր գործերի շնորհիվ ավելի ակնհայտ է դառնում, որ Աստված ճիշտ է վարվում: Բայց այդ դեպքում ի՞նչ ասենք: Մի՞թե Աստված անարդարացի է, երբ իր ցասումն է թափում մեզ վրա (ինչպես կարծում են որոշ մարդիկ): 6 Ամենևի՛ն: Եթե Աստված անարդար է, ինչպե՞ս կարող է դատել աշխարհը:+

7 Նաև եթե իմ ստելու շնորհիվ ավելի ցայտուն է դառնում Աստծու ճշմարտախոսությունը, և դա փառք է բերում նրան, այդ դեպքում էլ ինչո՞ւ է Աստված ինձ մեղավոր ճանաչում: 8 Եվ ինչո՞ւ չասենք՝ «Եկեք վատ բաներ անենք, որ լավ արդյունք լինի»՝ խոսքեր, որ որոշ մարդիկ ստելով մեզ են վերագրում: Այսպիսի բաներ ասողները կստանան իրենց արժանի հատուցումը:+

9 Եվ հիմա ի՞նչ: Արդյո՞ք մենք՝ հրեաներս, ավելի լավ վիճակում ենք: Բոլորովի՛ն: Արդեն նշել եմ, որ բոլորն էլ մեղքի տակ են՝ թե՛ հրեաները, թե՛ հույները,+ 10 ինչպես որ գրված է. «Արդար մարդ չկա, գեթ մեկն էլ չկա:+ 11 Չկա մեկը, որ խորությամբ ըմբռնի, չկա մեկը, որ Աստծուն փնտրի: 12 Բոլորն էլ ճանապարհից շեղվել են, բոլորն էլ անպիտան են դարձել, բարություն անող մարդ չկա, նույնիսկ մեկը չկա»:+ 13 «Նրանց բերանը բաց գերեզման է, նրանց լեզուն խաբեության գործիք է»:+ «Իժի թույն կա նրանց շուրթերին»:+ 14 «Եվ նրանց բերանը լի է անեծքով ու դառը խոսքերով»:+ 15 «Նրանց ոտքերը շտապում են արյուն թափելու»:+ 16 «Նրանք կործանում ու թշվառություն են սփռում իրենց ճանապարհին, 17 և խաղաղության տանող ուղին անծանոթ է նրանց»:+ 18 «Նրանց ոչինչ Աստծու հանդեպ վախ* չի ներշնչում»:+

19 Մենք գիտենք, որ այն ամենը, ինչ Օրենքն ասում է, ուղղված է Օրենքի տակ լինողներին: Այն տրվել է, որ ոչ ոք չասի, թե անմեղ է, և հստակ դառնա, որ ողջ աշխարհը ենթակա է Աստծու պատժին:+ 20 Այնպես որ կատարելով Օրենքի պահանջները՝ ոչ ոք չի կարող նրա առաջ արդար հայտարարվել:+ Իրականում Օրենքն օգնում է հստակ հասկանալ, թե ինչ է մեղքը:*+

21 Իսկ հիմա հայտնի է դարձել, որ հնարավոր է Աստծու աչքում արդար համարվել առանց Օրենքը պահելու:+ Դրա մասին ասվում է նաև Օրենքում ու մարգարեների գրվածքներում:+ 22 Այո՛, բոլորն էլ, ունենալով հավատ՝ հավատ Հիսուս Քրիստոսի հանդեպ, կարող են Աստծու աչքում արդար համարվել, քանի որ Աստված խտրականություն չի դնում մարդկանց մեջ:+ 23 Բոլորն էլ մեղավոր են ու չեն կարողանում արտացոլել Աստծու վեհ հատկությունները:*+ 24 Եվ այն, որ Քրիստոս Հիսուսի վճարած փրկագնի հիման վրա+ նրանք կարող են ազատվել մեղքից և արդար հայտարարվել, ձրի պարգև է,+ որ Աստված տվել է նրանց իր անզուգական բարությամբ:*+ 25 Աստված Քրիստոսին տվել է որպես զոհ,+ որ մարդիկ կարողանան հաշտվել իր հետ՝* հավատ ընծայելով նրա արյանը:+ Աստված դա արել է ցույց տալու համար, որ չի խախտել արդարության իր չափանիշները, երբ մեծահոգաբար ներել է անցյալում մեղք գործած մարդկանց, 26 և որ հիմա էլ չի խախտում արդարության իր չափանիշները,+ երբ արդար է հայտարարում Հիսուսի հանդեպ հավատ ունեցողին:+

27 Ուրեմն կա՞ արդյոք պարծենալու որևէ պատճառ: Չկա: Ո՞ր օրենքն է օգնում, որ չպարծենանք: Այն օրենքը, որը գործե՞ր է պահանջում:+ Ո՛չ, այն օրենքը, որը հավատ է պահանջում: 28 Մենք գիտենք, որ մարդ արդար է հայտարարվում հավատի շնորհիվ՝ առանց Օրենքով պահանջված գործերն անելու:+ 29 Մի՞թե Աստված միայն հրեաների Աստվածն է:+ Ի՞նչ է, մյուս ազգերի մարդկանց Աստվածն էլ չէ՞:+ Այո՛, մյուս ազգերի մարդկանցն էլ է:+ 30 Եվ քանի որ Աստված մեկն է,+ նա հավատի հիման վրա արդար կհայտարարի+ թե՛ թլփատվածներին, թե՛ անթլփատներին:+ 31 Ուրեմն դա նշանակում է, որ մեր հավատով չեղյա՞լ ենք դարձնում Օրենքը: Ոչ մի դեպքում: Ընդհակառակը, հաստատում ենք այն:+

4 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր նախահայր Աբրահամի մասին: 2 Եթե նա արդար հայտարարվեր գործերի շնորհիվ, պարծենալու պատճառ կունենար, բայց ոչ Աստծու առաջ: 3 Սուրբ գրվածքներում ի՞նչ է ասվում. «Աբրահամը հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»:+ 4 Գործ անողին տրված վարձը նվեր* չի համարվում. դա նրա հասանելիքն է:* 5 Իսկ եթե մարդը հույսը չի դնում իր գործերի վրա, այլ Աստծուն է հավատում, Աստված, ով մեղսագործներին արդար է հայտարարում, նրան արդար կհայտարարի հավատի հիման վրա:+ 6 Դավիթն էլ է խոսում այն մարդու մասին, որին Աստված արդար է համարում, բայց ոչ գործերի հիման վրա: Դավիթը այդպիսի մարդուն երջանիկ է կոչում՝ ասելով. 7 «Երջանիկ են նրանք, ում անօրեն գործերը ներվել են, ում մեղքերը ջնջվել* են: 8 Երջանիկ է այն մարդը, ում մեղքը Եհովան բնավ չի պահի իր մտքում»:+

9 Արդյո՞ք այդ երջանկությունը միայն թլփատվածներն են վայելում, թե՞ անթլփատներն էլ:+ Ինչպես արդեն նշել ենք, «Աբրահամը արդար համարվեց իր հավատի շնորհիվ»:+ 10 Իսկ նա ե՞րբ արդար համարվեց. երբ արդեն թլփատվա՞ծ էր, թե՞ երբ դեռ չէր թլփատվել: Այն ժամանակ, երբ դեռ չէր թլփատվել: 11 Թլփատվելու պատվերը նա հետո ստացավ: Թլփատությունը մի նշան էր,+ որը որպես կնիք* հաստատում էր, որ նա, դեռևս լինելով անթլփատ, արդար է հայտարարվել իր հավատի շնորհիվ: Այդպիսով Աբրահամը դարձավ բոլոր նրանց հայրը, ովքեր անթլփատ լինելով հանդերձ՝ արդար են հայտարարվում իրենց հավատի շնորհիվ:+ 12 Նա դարձավ նաև թլփատվածների հայրը, բայց ոչ թե պարզապես թլփատվածների, այլ իր պես հավատ դրսևորողների, հավատ, որ մեր հայր Աբրահամը+ դեռ չթլփատված էլ ուներ:

13 Աշխարհը* ժառանգելու խոստումը Աբրահամին և նրա սերնդին տրվեց+ ոչ թե Օրենքը պահելու շնորհիվ, այլ շնորհիվ այն բանի, որ նա հավատ դրսևորեց ու դրա հիման վրա արդար հայտարարվեց:+ 14 Եթե միայն Օրենքը պահողները լինեին ժառանգներ, ապա հավատն անօգուտ կլիներ, և այդ խոստումն անվավեր կդառնար: 15 Օրենքի խախտումը Աստծու ցասումն է արթնացնում,+ իսկ երբ օրենք չկա, օրենքի խախտում էլ չկա:+

16 Ահա թե ինչու Աբրահամին խոստումը տրվեց նրա հավատի շնորհիվ, և դա Աստծու անզուգական բարության* դրսևորումն էր:+ Այդպես եղավ, որ խոստման կատարումը հաստատ տեսնեն նրա բոլոր սերունդները՝+ ոչ միայն նրանք, ովքեր պահում են օրենքը, այլև նրանք, ովքեր հավատ ունեն, ինչպիսին ուներ Աբրահամը, որը մեր բոլորի հայրն է:+ 17 (Ինչպես որ գրված է. «Քեզ ընտրել եմ, որ շատ ազգերի հայր դարձնեմ»):+ Նա իր հավատը դրսևորեց Աստծու աչքի առաջ՝ Նրա, ով կենդանացնում է մահացածներին և դեռ չեղած բաների մասին խոսում է այնպես, ասես դրանք արդեն կան:* 18 Թեև թվում էր՝ ոչ մի հույս չկա, բայց նա հույս ուներ և հավատում էր, որ դառնալու է շատ ազգերի հայր, քանի որ Աստված ասել էր. «Քո սերունդը այդքան շատ կլինի»:+ 19 Չնայած Աբրահամը համարում էր, որ իր մարմինն արդեն մեռած է (քանի որ մոտ 100 տարեկան էր),+ և Սառայի արգանդն էլ է մեռած,*+ բայց նրա հավատը չթուլացավ: 20 Աստծու խոստման վրա հիմնվելով՝ նա երբեք չկասկածեց և հավատը չկորցրեց, այլ հավատի շնորհիվ ուժով լցվեց և փառք տվեց Աստծուն: 21 Աբրահամը լիովին համոզված էր, որ Աստված կարող է կատարել այն, ինչ խոստացել է,+ 22 և «դրա համար արդար համարվեց»:+

23 Բայց «արդար համարվեց» խոսքերը չեն վերաբերում միայն Աբրահամին:+ 24 Դրանք մեզ էլ են վերաբերում. մենք նույնպես արդար կհամարվենք, քանի որ հավատում ենք Նրան, ով հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը:+ 25 Հիսուսը մահվան մատնվեց մեր հանցանքների համար+ և հարություն առավ, որ մենք արդար հայտարարվենք:+

5 Ուրեմն հիմա, երբ արդար ենք հայտարարվել հավատի շնորհիվ,+ եկեք պահպանենք Աստծու հետ մեր խաղաղությունը,* որ ձեռք ենք բերել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:+ 2 Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ մեր առջև դուռ է բացվել մոտենալու Աստծուն և մեզ վրա զգալու նրա անզուգական բարությունը, որն այժմ վայելում ենք:+ Եկեք ցնծանք,* քանի որ հույս ունենք, որ Աստված փառքի կարժանացնի մեզ: 3 Նաև եկեք ցնծանք,* երբ նեղությունների ենք բախվում՝+ իմանալով, որ նեղություն կրելը մեր մեջ դիմացկունություն է ձևավորում,+ 4 դիմացկունության շնորհիվ Աստծու հավանությանն ենք արժանանում,+ նրա հավանությունն ունենալու շնորհիվ հույսով ենք լցվում,+ 5 իսկ այդ հույսը փայփայելով՝ մենք չենք հիասթափվի.+ չէ՞ որ Աստված սուրբ ոգու միջոցով մեր սրտերը լցրել է իր սիրով:+

6 Աստծու նշանակած ժամանակ Քրիստոսը մահացավ մեղսագործների համար: Նա մահացավ մեզ համար, երբ մենք անօգնական* էինք:+ 7 Առհասարակ հազիվ թե որևէ մեկը մահանա արդարի համար: Բարի* մարդու համար գուցե և ինչ-որ մեկը պատրաստ լինի մահանալ: 8 Այնինչ մենք դեռ մեղսագործներ էինք, երբ Քրիստոսը մահացավ մեզ համար, և դրանով Աստված իր սերը դրսևորեց մեր հանդեպ:+ 9 Ուրեմն հիմա, երբ արդար ենք հայտարարվել Քրիստոսի արյան շնորհիվ,+ կարող ենք առավել ևս վստահ լինել, որ նրա միջոցով կփրկվենք Աստծու ցասումից:+ 10 Եթե դեռևս Աստծու թշնամիները լինելով՝ նրա Որդու մահով հաշտվեցինք նրա հետ,+ ապա հիմա, երբ արդեն հաշտվել ենք, կարող ենք առավել ևս վստահ լինել, որ կփրկվենք շնորհիվ այն բանի, որ Որդին ողջ է:* 11 Հիմա մենք նաև ցնծում ենք Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերություններով, ում հետ հաշտվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:+

12 Բանն այն է, որ մեկ մարդու միջոցով աշխարհ մտավ մեղքը, մեղքի միջոցով էլ՝ մահը,+ և քանի որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան,* մահը տարածվեց բոլորի վրա...+ 13 Այսպիսով՝ մեղքն արդեն աշխարհում էր նախքան Օրենքի լինելը: Բայց երբ օրենք չկա, ոչ ոք չի մեղադրվում մեղքի մեջ:+ 14 Այդուհանդերձ, սկսած Ադամի օրերից մինչև Մովսեսի օրերը՝ մահը թագավորել է նույնիսկ նրանց վրա, ովքեր չէին գործել այնպիսի մեղք, ինչպիսին Ադամի օրինազանցությունն էր, Ադամի, ով որոշ առումներով նման է նրան, ով պետք է գար:+

15 Ի տարբերություն այդ օրինազանցության՝ Աստծու պարգևի բերած արդյունքը բոլորովին այլ է: Եթե մեկ մարդու օրինազանցության պատճառով շատերը մահանում են, ապա Աստծու անզուգական բարության և նրա ձրի պարգևի շնորհիվ, որ տրվել է մեկ մարդու՝+ Հիսուս Քրիստոսի անզուգական բարությամբ, շատերը առատ օրհնություններ են ստանում:+ 16 Ի տարբերություն մարդու գործած մեղքի՝ Աստծու ձրի պարգևի բերած արդյունքը բոլորովին այլ է նաև մեկ այլ առումով. մեկ օրինազանցության արդյունքում մարդիկ+ մեղավոր են ճանաչվել,+ իսկ Աստծու պարգևի շնորհիվ, որը տրվեց շատերի օրինազանցություններից հետո, մարդիկ արդար են հայտարարվում:+ 17 Եթե մեկ մարդու օրինազանցության պատճառով՝ մեկի միջոցով, մահը սկսեց թագավորել,+ ապա կարող ենք վստահ լինել, որ Աստծու լիառատ անզուգական բարության ու ձրի պարգևի շնորհիվ, որով նա արդար է հայտարարում մեզ,+ մենք մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի+ միջոցով կյանք կունենանք ու կթագավորենք:+

18 Ուրեմն ինչպես մեկ օրինազանցության արդյունքում ամեն տեսակ մարդկանց վրա դատապարտություն եկավ,+ այդպես էլ մեկ ճիշտ արարքի* արդյունքում ամեն տեսակ մարդիկ+ կարող են արդար հայտարարվել և կյանք ստանալ:+ 19 Եվ ինչպես մեկ մարդու անհնազանդության պատճառով շատերը մեղավորներ դարձան,+ այդպես էլ մեկ մարդու հնազանդության շնորհիվ շատերը արդարներ կդառնան:+ 20 Օրենքը տրվեց ցույց տալու համար, թե որքան մեղավոր են մարդիկ:+ Բայց որքան շատացան մեղքերը, այնքան Աստծու անզուգական բարությունն ավելի շատ դրսևորվեց: 21 Ինչի՞ համար: Որպեսզի ինչպես մեղքն է մահվան հետ թագավորում,+ այնպես էլ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու անզուգական բարությունը թագավորի, որ մարդիկ արդար հայտարարվեն* և այդպիսով հավիտենական կյանք ստանան:+

6 Ուրեմն ի՞նչ ասենք: Շարունակե՞նք մեղք գործել, որ Աստծու անզուգական բարությունն* ավելի շատ դրսևորվի մեր հանդեպ: 2 Իհա՛րկե ոչ: Ինչպե՞ս կարող ենք շարունակել մեղքի մեջ ապրել,+ երբ մեղք գործելու հարցում մենք մեզ մեռած ենք համարում:+ 3 Չգիտե՞ք, որ երբ բոլորս մկրտվեցինք Քրիստոս Հիսուսի հետ միավորվելու համար,*+ մկրտվեցինք նաև նրա մահվանը բաժնեկից լինելու համար:*+ 4 Եվ քանի որ մկրտվեցինք Քրիստոսի մահվանը բաժնեկից լինելու համար, նրա հետ էլ թաղվեցինք,+ որպեսզի նոր կյանքով ապրենք, ինչպես Քրիստոսը, որին Հայրը հարություն տվեց իր փառահեղ զորությամբ:+ 5 Եթե նրա հետ միավորվեցինք՝ մահանալով նրա պես,*+ ապա, անկասկած, նրա հետ կմիավորվենք նաև, երբ հարություն առնենք նրա պես:+ 6 Մենք գիտենք, որ մեր հին անձնավորությունը Քրիստոսի հետ միասին սյանը գամվեց,+ որպեսզի մեր մեղավոր մարմինը չիշխի մեզ վրա+, և այլևս չլինենք մեղքի ծառան:+ 7 Չէ՞ որ նա, ով մահանում է, ազատվում է մեղքից:*

8 Քանի որ մահացանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նաև կապրենք նրա հետ: 9 Գիտենք, որ Քրիստոսը, ով արդեն հարություն է առել,+ այլևս չի մահանա.+ մահն այլևս իշխանություն չունի նրա վրա: 10 Նա մահացավ, որ վերացնի մեղքը, ու էլ երբեք չի մահանա:+ Եվ հիմա նա ապրում է Աստծու կամքը կատարելու համար: 11 Այդպես էլ դուք համարեք, որ մեռած եք մեղք գործելու հարցում և պետք է ապրեք Աստծու կամքն անելու համար որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ:+

12 Այնպես որ թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի իշխել* ձեզ վրա+ և ստիպի ձեզ հնազանդվել ձեր մարմնի ցանկություններին: 13 Ձեր մարմինները մի՛ ծառայեցրեք մեղքին որպես սխալն անելու գործիքներ,* այլ հանձնեք Աստծուն, որ ծառայեցնեք որպես ճիշտն անելու գործիքներ՝* գիտակցելով, որ կենդանացել եք մահացածների միջից:+ 14 Չպետք է թույլ տաք, որ մեղքը ձեր տերը դառնա, ինչ է թե Օրենքի տակ չեք,+ այլ Աստծու անզուգական բարությունն եք վայելում:+

15 Եթե մենք Օրենքի տակ չենք և Աստծու անզուգական բարությունն ենք վայելում, մի՞թե պետք է եզրակացնենք, որ կարող ենք մեղք գործել:+ Իհա՛րկե ոչ: 16 Չգիտե՞ք, որ եթե ինքներդ ձեզ հանձնում եք ինչ-որ մեկին՝ նրան հնազանդվելով ինչպես ծառա, ապա ում որ հնազանդվում եք, նրա ծառան էլ դառնում եք:+ Եթե մեղքի ծառան եք,+ կգնաք դեպի մահ,+ իսկ եթե Աստծու ծառան եք ու հնազանդվում եք նրան, ապա կգնաք դեպի արդարություն: 17 Բայց շնորհակալ ենք Աստծուն, որ թեև մի ժամանակ մեղքի ծառաներ էիք, սակայն հիմա ի սրտե հնազանդվում եք Աստծուն և հետևում եք այն ամենին, ինչ նա սովորեցրել է ձեզ:* 18 Այո՛, ազատվելով մեղքից՝+ դուք արդարության ծառաներ եք դարձել:+ 19 Քանի որ անկատար եք, կյանքից վերցրած օրինակներով եմ խոսում. ինչպես որ ձեր մարմինը ծառայեցնում էիք անմաքրությանն ու անօրենությանը և արդյունքում անօրեն գործեր էիք անում, այնպես էլ հիմա ձեր մարմինը ծառայեցրեք արդարությանը, որ սուրբ գործեր անեք:+ 20 Երբ մեղքի ծառաներ էիք, պարտավորված չէիք ճիշտն անել:

21 Ի՞նչ պտուղներ էիք բերում այդ ժամանակ: Բաներ, որոնց համար հիմա ամաչում եք, և որոնց վերջը մահ է:+ 22 Սակայն հիմա, երբ ազատվել եք մեղքից և դարձել եք Աստծու ծառա, ձեր բերած պտուղները սուրբ գործեր են,+ որոնց վերջը հավիտենական կյանք է:+ 23 Մեղքը մեզ որպես վճար մահ է տալիս,+ իսկ Աստված մեզ որպես պարգև հավիտենական կյանք է տալիս+ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով:+

7 Եղբայրնե՛ր, մի՞թե չգիտեք, որ Օրենքը նման է մի տիրոջ, որն իշխում է մարդու վրա, քանի դեռ կենդանի է (չէ՞ որ խոսում եմ օրենք իմացողների հետ): 2 Բերեմ մի օրինակ. ամուսնացած կինը օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը ողջ է, բայց երբ նա մահանում է, կինը ազատվում է ամուսնու օրենքից:*+ 3 Ուստի քանի դեռ ամուսինը ողջ է, կինը դավաճանած կլինի նրան, եթե ուրիշի հետ ամուսնանա:+ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատված կլինի նրա օրենքից, ուստի և դավաճանած չի լինի նրան, եթե ուրիշի հետ ամուսնանա:+

4 Եղբայրնե՛րս, մենք էլ կապված էինք Օրենքին, բայց Քրիստոսի զոհաբերության* շնորհիվ այլևս կապված չենք* և կարող ենք պատկանել ուրիշին՝+ հարություն առած Քրիստոսին:+ Այդպիսով կարող ենք Աստծուն փառավորող պտուղներ բերել:+ 5 Երբ ապրում էինք՝ ենթարկվելով մեր մեղավոր մարմնին, մեզ վրա մարմնական ցանկություններն էին իշխում, որոնց մեղսածին լինելը բացահայտեց Օրենքը, և մենք մահվան տանող պտուղներ էինք բերում:+ 6 Բայց հիմա ազատվել ենք Օրենքից,+ քանի որ մեզ իր կապանքներում պահող այդ Օրենքի իշխանության տակ չենք: Այնպես որ կարող ենք Աստծու ծառաները լինել նոր ձևով՝ հետևելով ոգու ուղղորդմանը,+ ոչ թե հին ձևով՝ հետևելով գրավոր Օրենքին:+

7 Հիմա մի՞թե ուզում ենք ասել, թե Օրենքը չարդարացրեց իրեն:* Ամենևի՛ն: Եթե չլիներ Օրենքը, ես չէի իմանա՝ իրականում ինչ է մեղքը:+ Օրինակ, եթե Օրենքում չասվեր՝ «Մի՛ ցանկացիր այն, ինչ պատկանում է ուրիշին», չէի իմանա, որ այդպիսի ցանկությունը սխալ է:+ 8 Մեղքը այս պատվիրանի միջոցով իմ մեջ ակնհայտ դարձրեց ամեն տեսակ եսասիրական ցանկություն:* Իսկ առանց օրենքի՝ մեղքը մեռած էր:+ 9 Մի ժամանակ, երբ դեռ Օրենքը չկար, ես ողջ էի, բայց երբ պատվիրանը տրվեց, մեղքը կենդանացավ, իսկ ես մահացա:+ 10 Ես հասկացա, որ պատվիրանը, որի նպատակը ինձ դեպի կյանք տանելն էր,+ իրականում ինձ մահվան է արժանացնում, 11 որովհետև մեղքը հրապուրեց ինձ ու սպանեց պատվիրանի միջոցով: 12 Այդուհանդերձ, օրենքն ինքնին սուրբ է, դրա պատվիրանն էլ է սուրբ, արդար ու լավը:+

13 Այդ դեպքում կարելի՞ է ասել, թե լավ բանը պատճառ եղավ իմ մահվան: Իհա՛րկե ոչ: Պատճառը մեղքն էր: Իսկ այդ լավ բանը բացահայտեց, որ մեղքը ինձ մահվան է տանում:+ Այո՛, պատվիրանը ցույց տվեց, թե ինչ ահավոր բան է մեղքը:+ 14 Գիտենք, որ Օրենքն Աստծուց է,* այդ ես եմ, որ անկատար* եմ՝ որպես ստրուկ ծախված մեղքին:+ 15 Ինչ որ անում եմ, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու եմ անում, որովհետև անում եմ ոչ թե այն, ինչը ուզում եմ, այլ այն, ինչը ատում եմ: 16 Ես համաձայն եմ, որ Օրենքը լավն է, այդուհանդերձ, անում եմ այնպիսի բաներ, որ չեմ ուզում անել: 17 Ուստի անողը իրականում ես չեմ, այլ իմ մեջ եղող մեղքը:+ 18 Գիտեմ, որ իմ մեջ՝ իմ անկատար մարմնում, ոչ մի լավ բան չկա: Ես լավն անելու ցանկություն ունեմ, բայց չեմ կարողանում անել:+ 19 Լավը, որ ուզում եմ անել, չեմ անում, իսկ վատը, որ չեմ ուզում անել, անում եմ: 20 Եվ եթե անում եմ այն, ինչը չեմ ուզում, ուրեմն անողը ես չեմ, այլ իմ մեջ եղող մեղքը:

21 Այսպիսով՝ իմ դեպքում այս օրինաչափությունն եմ տեսնում. երբ ուզում եմ ճիշտն անել, զգում եմ, որ իմ ներսում կա սխալն անելու հակում:+ 22 Իմ ներքին անձնավորությունն իսկապես սիրում է Աստծու օրենքը,+ 23 բայց հասկանում եմ, որ իմ մարմնում ուրիշ օրենք կա, որը պատերազմում է իմ միտքը ղեկավարող օրենքի դեմ,+ և իմ մարմնում գործող այդ մեղքի օրենքը ինձ գերի է վերցնում:+ 24 Ի՜նչ թշվառ մարդ եմ ես: Ո՞վ ինձ կազատի այս մարմնից, որը մահվան* է տանում: 25 Շնորհակալ եմ Աստծուն, ով կազատի ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ այսպես՝ մտքով ես ծառա եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին:+

8 Քրիստոս Հիսուսի հետ միավորվածները չեն դատապարտվում որպես մեղավորներ: 2 Ոգու օրենքը,* որը կյանք է տալիս ձեզ՝ Քրիստոս Հիսուսի հետ միավորվածներիդ, ազատել է ձեզ+ մեղքի ու մահվան օրենքի կապանքներից: 3 Այն, ինչ մարդկանց անկատարության պատճառով+ Օրենքը չկարողացավ իրագործել,+ Աստված իրագործեց իր Որդու միջոցով. մեղքը վերացնելու համար նա երկիր ուղարկեց նրան+ որպես մարդ:*+ Այդպես դատապարտեց մարդկանց մեջ եղող մեղքը: 4 Ուստի ենթարկվելով Աստծու ոգու ուղղորդմանը և ոչ թե մարմնի ցանկություններին՝+ կկարողանանք կատարել Օրենքի արդար պահանջները:+ 5 Մարմնի ցանկություններին ենթարկվողները իրենց միտքը կենտրոնացնում են մեղավոր* բաների վրա,+ իսկ Աստծու ոգու ուղղորդմանը ենթարկվողները իրենց միտքը կենտրոնացնում են հոգևոր բաների վրա:*+ 6 Միտքը մեղավոր բաների վրա կենտրոնացնելը մահվան է տանում,+ իսկ հոգևոր բաների վրա կենտրոնացնելը տանում է դեպի կյանք և խաղաղություն:+ 7 Բանն այն է, որ միտքը մեղավոր բաների վրա կենտրոնացնողները Աստծու թշնամին են դառնում,+ քանի որ չեն հնազանդվում նրա օրենքին և չեն էլ կարող հնազանդվել: 8 Այսպիսով՝ մեղավոր մարմնի ցանկություններն անողները չեն կարող հաճելի լինել Աստծուն:

9 Սակայն եթե Աստծու ոգին իսկապես գործում է ձեր մեջ, դուք վարվում եք ոչ թե մեղավոր մարմնի ցանկությունների համաձայն, այլ ոգու ուղղորդման:+ Քրիստոսի մտայնությունը* չունեցող մարդը չի կարող Քրիստոսինը լինել: 10 Իսկ եթե միավորված եք Քրիստոսի հետ,+ ապա ոգին ձեզ կյանք է տալիս ձեր արդար հայտարարվելու հիման վրա, թեև ձեր մարմինը մեռած է մեղքի պատճառով: 11 Եթե ձեր մեջ գործում է այն ոգին, որով Աստված հարություն տվեց Հիսուսին, ապա նա՝ Քրիստոս Հիսուսին հարություն տվողը,+ իր այդ ոգով ձեր մահկանացու մարմինն էլ կկենդանացնի:+

12 Ուստի, եղբայրնե՛ր, մենք պարտավորություն ունենք, բայց ոչ մարմնի առաջ, մենք պարտավոր չենք դրա ցանկություններն անել:+ 13 Եթե ապրենք՝ վարվելով մարմնի ցանկությունների համաձայն, ապա մեզ միանշանակ մահ է սպասում:+ Բայց եթե ոգու օգնությամբ վերջ դնենք մեղավոր գործերին, կյանք կունենանք:+ 14 Իրականում բոլոր նրանք, ովքեր Աստծու ոգով են առաջնորդվում, Աստծու որդիներն են:+ 15 Աստծու ոգին, որը ստացանք, մեզ չի գցում ստրկության մեջ, որ նորից վախով ապրենք, այլ այդ ոգու շնորհիվ մենք որդեգրվում ենք՝ դառնալով Աստծու որդիներ, և այդ ոգին մղում է մեզ բացականչելու. «Աբբա՜,* Հա՜յր»:+ 16 Աստծու ոգին հստակ հասկացնում է մեզ,*+ որ մենք Աստծու զավակներն ենք:+ 17 Եվ եթե զավակներ ենք, ուրեմն նաև ժառանգներ ենք, այո՛, Աստծու ժառանգները և Քրիստոսի ժառանգակիցները:+ Բայց նախ պետք է չարչարվենք նրա պես,+ որ նրա պես էլ փառավորվենք:+

18 Այդուհանդերձ, կարծում եմ, որ ներկայիս չարչարանքները ոչինչ են՝ համեմատած մեզ սպասող այն փառքի հետ, որ հայտնի կդառնա ապագայում:+ 19 Ստեղծվածները մեծ փափագով սպասում են այն ժամանակին, երբ Աստված հայտնի կդարձնի, որ իր որդիները փառավորվել են:+ 20 Բանն այն է, որ ստեղծվածները դատապարտվել են փուչ կյանքի,+ բայց ոչ իրենց կամքով. դա թույլ է տվել նա, ով դատապարտել է, բայց և հույս է տվել՝ 21 հույս, որ ստեղծվածները ազատագրվելու են+ մեղքի ու մահվան ստրկությունից* և վայելելու են այնպիսի փառահեղ ազատություն, ինչպիսին ունենում են Աստծու զավակները: 22 Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները ցավի մեջ են ու հառաչում են: 23 Բացառություն չենք նաև մենք, որ ստացել ենք ոգին՝ գալիք բաների առաջին պտուղը. մեր սրտերն էլ են հառաչում,+ մինչ փափագով սպասում ենք մեր որդեգրմանը,+ երբ փրկագնի շնորհիվ կազատվենք մեր մարմիններից: 24 Մենք ձեռք բերեցինք այդ հույսը, երբ Աստված փրկեց մեզ մեղքից: Իրականում, երբ մարդն արդեն ստանում է այն, ինչի համար հույս ունի, էլ դրա հույսը չի փայփայում. չէ՞ որ եթե հույսն իրականացել է, հուսալու կարիք այլևս չկա: 25 Իսկ եթե դեռ չենք տեսնում այն,+ ինչի համար հույս ունենք,+ ապա փափագով սպասելով դրան՝ դիմակայում ենք դժվարություններին:+

26 Երբ տկարությունների մեջ ենք, մեզ օգնում է նաև սուրբ ոգին:+ Երբեմն գուցե չիմանանք՝ ինչ ասել մեր աղոթքում, թեև հասկանում ենք, որ պետք է աղոթենք: Եվ այդպիսի պահերին, երբ բառեր չենք գտնում մեր անխոս հառաչանքներն արտահայտելու համար, մեր փոխարեն ոգին է աղերսում: 27 Իսկ սրտեր քննող+ Աստված հասկանում է այն, ինչ ասվում է ոգու միջոցով, քանի որ իր սրբերի* համար արվող ոգու աղերսանքները ներդաշնակ են իր կամքին:

28 Մենք գիտենք, որ Աստված այնպես է համաձայնեցնում իր բոլոր գործերը, որ դրանք օգուտ բերեն իրեն սիրողներին՝ նրանց, ում կանչել է՝ համաձայն իր նպատակի:+ 29 Նա հենց սկզբից նախատեսեց, որ լինելու են այդպիսիք, և որոշեց, որ նրանք պետք է նմանվեն իր Որդուն՝+ նրան, ով առաջնեկն+ է իր բազում եղբայրների մեջ:+ 30 Իսկ հետո կանչեց նրանց,+ ովքեր պետք է նմանվեին իր Որդուն,+ և ում որ կանչեց, նրանց նաև արդար հայտարարեց,+ և ում որ արդար հայտարարեց, նրանց նաև փառավորեց:+

31 Ուրեմն ի՞նչ ասենք այս ամենի մասին: Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է դեմ կանգնել մեզ:+ 32 Եթե նա մեզ բոլորիս համար նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց և տվեց որպես զոհ,+ ապա մի՞թե սիրով չի տա նաև մնացած ամեն բան: 33 Աստված ինքն է արդար հայտարարում իր ընտրածներին,+ և ուրեմն ո՞վ կարող է մեղադրանք ներկայացնել նրանց դեմ:+ 34 Ո՞վ կարող է դատապարտել մեզ: Չէ՞ որ Քրիստոս Հիսուսը մահացավ, հարություն առավ և հիմա Աստծու աջ կողմում է+ ու բարեխոսում է մեզ համար:+

35 Ի՞նչը կարող է զրկել մեզ Քրիստոսի սիրուց.+ նեղությո՞ւնը, տառապա՞նքը, հալածա՞նքը, սո՞վը, աղքատությո՞ւնը,* վտա՞նգը, թե՞ սուրը:+ 36 Սուրբ գրվածքներում ասվում է. «Հանուն քեզ՝ շարունակ մահվան առաջ ենք կանգնում, մեզ մորթվելու ենթակա ոչխարներ են համարում»:+ 37 Բայց այդ ամենի միջից մենք հաղթանակած ենք դուրս գալիս+ նրա օգնությամբ, ով սիրեց մեզ: 38 Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ ուժերը,+ 39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը և ո՛չ էլ ստեղծվածներից որևէ մեկը կամ որևէ բան չեն կարող մեզ զրկել Աստծու սիրուց, որ դրսևորվում է մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով:

9 Որպես Քրիստոսի հետևորդ՝ ես ճշմարտությունն եմ ասում, չեմ ստում: Սուրբ ոգով առաջնորդվող խիղճս էլ է վկայում, 2 որ մեծ վիշտ ու մշտական ցավ ունեմ իմ սրտում: 3 Երանի՜ ինքս զատված լինեի Քրիստոսից, և ինքս դատապարտված լինեի կործանման* իմ եղբայրների՝ իմ ազգակիցների փոխարեն, 4 այսինքն՝ իսրայելացիների, որոնց Աստված որդեգրեց+ ու փառավորեց, որոնց հետ ուխտեր* կապեց,+ որոնց տվեց Օրենքը,+ խոստումները+ և իրեն սուրբ ծառայություն+ մատուցելու պատիվը, 5 որոնք առաջ եկան այն նահապետներից,+ որոնցից Քրիստոսն է սերել որպես մարդ:+ Աստված, ով տիրում է ամենի վրա, թող հավիտյան փառաբանվի: Ամեն:

6 Սակայն սա չի նշանակում, թե Աստծու խոսքը չի կատարվել: Բանն այն է, որ Իսրայելից սերածներից ոչ բոլորն են, որ իսկապես Իսրայելի մաս են կազմում:+ 7 Եվ Աբրահամից ծնված ոչ բոլոր զավակներն են, որ Աստծու աչքում իսկապես նրա սերունդն են:+ Չէ՞ որ ասվել է. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու»:+ 8 Այսինքն՝ Աբրահամի ոչ բոլոր մարմնավոր զավակներն են Աստծու զավակներ.+ իրականում սերունդ են համարվում այն զավակները, ովքեր Աստծու խոստման համաձայն են ծնվել:+ 9 Այդ խոստումը հետևյալն էր. «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»:+ 10 Խոստումը տրվեց նաև, երբ Ռեբեկան մեր նախահայր Իսահակից հղիացավ երկվորյակներով:+ 11 Երբ նրանք դեռ չէին ծնվել և լավ կամ վատ ոչինչ չէին արել, Աստված ցույց տվեց, թե նրանցից ում է ընտրում: Նաև ցույց տվեց, որ իր նպատակի համաձայն՝ ընտրում է, ում որ ուզում է՝ անկախ մարդու գործերից: 12 Աստված ասաց Ռեբեկային. «Մեծը փոքրի ծառան կլինի»:+ 13 Եվ ինչպես գրված է, նաև ասաց. «Ես Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի»:+

14 Հիմա ի՞նչ ասենք: Աստված անարդա՞ր է: Իհա՛րկե ոչ:+ 15 Ահա թե ինչ է Աստված ասում Մովսեսին. «Ես գթասիրտ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ գթասիրտ լինել, ու կարեկից կլինեմ, ում հանդեպ որ կամենամ կարեկից լինել»:+ 16 Եվ ուրեմն Աստծու ընտրությունը ո՛չ մարդու ցանկությունից է կախված և ո՛չ էլ ջանքերից,* այլ Աստծու գթասրտությունից:+ 17 Գրված է, որ Աստված փարավոնին ասել է.* «Հենց սրա համար եմ թողել՝ ողջ մնաս, որ քո միջոցով ցույց տամ իմ զորությունը, և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ»:+ 18 Այնպես որ Աստված է որոշում՝ ում հանդեպ գթասիրտ լինի և ում թողնի համառ դառնալ:+

19 Սակայն գուցե ինչ-որ մեկն ասի. «Դե եթե ոչ ոք չի կարող դեմ գնալ Աստծու կամքին, էլ ինչո՞ւ է Աստված մեղադրում ինձ»: 20 Բայց ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ հակաճառես Աստծուն:+ Մի՞թե պատրաստված իրը կասի իրեն պատրաստողին. «Ինչո՞ւ ինձ այսպիսին պատրաստեցիր»:+ 21 Մի՞թե բրուտը իրավասություն չունի կավի+ միևնույն զանգվածից պատրաստելու պատվավոր նպատակով գործածվող անոթ և ոչ պատվավոր նպատակով գործածվող անոթ: 22 Ուրեմն ի՞նչ տարբերություն. Աստված էլ կամենում է իր ցասումը թափել պատժի արժանի մարդկանց վրա, ովքեր նման են ոչնչացման ենթակա անոթների, և ցանկանում է այդպիսով ցույց տալ իր զորությունը: Բայց նա դեռ մեծ համբերատարությամբ հանդուրժում է նրանց, 23 քանի որ կամենում է իր վեհաշուք փառահեղությունը ցույց տալ իր գթասրտությանը արժանի մարդկանց,+ ովքեր նման են փառավոր նպատակի համար պատրաստված անոթների: 24 Խոսքը մեր մասին է՝ նրանց, ում Աստված կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև մյուս ազգերի:+ 25 Օսեեի գրքում նա ասում է. «Նրան, ով իմ ժողովուրդը չէ,+ «իմ ժողովուրդ» կկոչեմ, և նրան, ով սիրելի չէր, «սիրելի» կկոչեմ,+ 26 և որտեղ նրանց ասվեց՝ «Դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ նրանք «կենդանի Աստծու որդիներ» կկոչվեն»:+

27 Իսկ Եսայիան Իսրայելի մասին ցավով ասում է. «Անգամ եթե իսրայելացիները ծովի ավազի չափ շատ լինեն, միայն մի փոքր մնացորդ կփրկվի:+ 28 Եհովան* հաշիվ կպահանջի երկրի վրա բնակվողներից և իր դատավճիռը կիրագործի անհապաղ ու վերջնականապես»:+ 29 Եսայիան նաև ավելացնում է. «Եթե Զորքերի տեր Եհովան մեր սերունդներից ոմանց ողջ չթողներ, մեր վերջը Սոդոմի ու Գոմորի պես կլիներ»:+

30 Եվ ուրեմն ի՞նչ հետևության ենք գալիս: Թեև ուրիշ ազգերի մարդիկ չէին ջանում արդար համարվել,+ բայց արդար համարվեցին հավատի հիման վրա:+ 31 Մինչդեռ իսրայելացիները, որ ջանում էին արդար համարվել՝ պահելով Օրենքը,* չկարողացան հասնել այդ նպատակին: 32 Ի՞նչն էր պատճառը: Պատճառն այն էր, որ նրանք ձգտում էին հասնել այդ նպատակին գործերի միջոցով, ոչ թե հավատով: Ուստի նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին»,+ 33 որի մասին գրված է. «Սիոնում ես գայթակղության քար+ եմ դնում՝ ժայռ, որը խոչընդոտ է նրանց ճանապարհին, բայց նրան հավատացողը չի հիասթափվի»:+

10 Եղբայրնե՛ր, սրտանց ցանկանում եմ, որ իսրայելացիները փրկվեն, և թախանձագին աղոթում եմ Աստծուն այդ մասին:+ 2 Կարող եմ հաստատ ասել, որ նրանք Աստծուն ծառայելու հարցում եռանդ ունեն,+ բայց լիովին չեն հասկանում նրա կամքը,* 3 որովհետև չեն հասկանում, թե ինչի հիման վրա է Աստված մարդուն արդար համարում:+ Նրանք փորձում են իրենց ձևով հասնել դրան+ և չեն համապատասխանում արդար համարվելու Աստծու չափանիշին:+ 4 Քրիստոսով Օրենքը հասավ իր վերջնակետին,+ այնպես որ հիմա հավատ դրսևորող ամեն ոք կարող է արդար համարվել:+

5 Օրենքի համաձայն արդար գործեր անելու մասին Մովսեսն ասել է, որ այն մարդը, ով անի այդ ամենը, դրա շնորհիվ կապրի:+ 6 Բայց սուրբ գրվածքները նաև ցույց են տալիս, որ արդար համարվելու համար մարդուն հավատ է պետք: Այնտեղ ասվում է. «Ձեր մտքում մի՛ ասեք՝+ «Ո՞վ կբարձրանա երկինք»+ (այսինքն՝ որ Քրիստոսին իջեցնի այնտեղից) 7 կամ «Ո՞վ կիջնի անդունդը»+ (այսինքն՝ որ Քրիստոսին հետ բերի մահացածների միջից)»: 8 Այսպիսով՝ ի՞նչ են ասում սուրբ գրվածքները. «Այս պատգամը մոտ է ձեզ՝ ձեր շուրթերին* է ու ձեր սրտում»:+ Խոսքը հավատ պահանջող «պատգամի» մասին է, որը քարոզում ենք: 9 Եթե ձեր բերանով հրապարակորեն հռչակեք, որ Հիսուսը Տեր է,+ և ձեր սրտում հավատաք, որ Աստված հարություն է տվել նրան, կփրկվեք: 10 Բանն այն է, որ մարդ պետք է իր սրտում հավատա արդար հայտարարվելու համար, իսկ բերանով պետք է հրապարակորեն հռչակի+ փրկվելու համար:

11 Սուրբ գրվածքներում Քրիստոսի մասին ասվում է. «Նրան հավատացողը չի հիասթափվի»:+ 12 Ոչ մի տարբերություն չկա հրեայի և հույնի միջև:+ Բոլորի Տերը մեկն է՝ նա, ով առատորեն օրհնում է իրեն օգնության կանչող բոլոր մարդկանց: 13 Չէ՞ որ գրված է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի* անունը, կփրկվի»:+ 14 Բայց ինչպե՞ս կանչեն, եթե չհավատան նրան: Ինչպե՞ս հավատան, եթե նրա մասին չլսեն: Ինչպե՞ս լսեն, եթե քարոզող չլինի, 15 և ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն:+ Այդ մասին գրված է. «Որքա՜ն հաճելի է տեսնել նրանց,* ովքեր հռչակում են բարի լուրը»:+

16 Սակայն ոչ բոլորն ընդունեցին բարի լուրը, ինչպես որ Եսայիան է ասում. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին»:+ 17 Եվ այսպես՝ հավատալու համար նախ պետք է լսեն,+ իսկ կլսեն այն դեպքում, երբ ինչ-որ մեկը քարոզի Քրիստոսի մասին: 18 Բայց հարց. մի՞թե իսրայելացիները հնարավորություն չունեցան լսելու: Իհա՛րկե ունեցան: Իրականում «այդ վկայությունը տարածվեց ողջ երկրով մեկ, և այն, ինչ պատմվում է, անգամ աշխարհի ծայրերը հասավ»:+ 19 Եվ ուրեմն նորից եմ հարցնում. մի՞թե իսրայելացիները չիմացան:+ Նախ՝ Մովսեսը հայտնեց նրանց Աստծու ասածները. «Ես ձեր խանդը կշարժեմ նրանցով, որ ժողովուրդ չեն, ձեր մեջ ցասում կբորբոքեմ մի անմիտ ազգի միջոցով»:+ 20 Հետո էլ՝ Եսայիան մեծ համարձակությամբ հայտնեց Աստծու խոսքերը. «Նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, գտան ինձ:+ Ես հայտնի դարձա նրանց, ովքեր չէին հարցնում իմ մասին»:+ 21 Իսրայելի մասին էլ հետևյալն ասաց. «Ամեն օր, ձեռքերս տարածած, ինձ մոտ եմ կանչել մի ժողովրդի, որն անհնազանդ է ու համառ»:+

11 Եվ այսպես հարցնում եմ. մի՞թե Աստված մերժել է իսրայելացիներին:+ Ամենևի՛ն: Չէ՞ որ ես նույնպես իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից: 2 Աստված չի մերժել իր ժողովրդին, որին ընտրել է ի սկզբանե:+ Չգիտե՞ք՝ սուրբ գրվածքներում ինչ է ասվում այն մասին, թե ինչպես Եղիան Աստծուն բողոքեց իսրայելացիներից. 3 «Եհո՛վա,* նրանք սպանել են քո մարգարեներին, քանդել են քո զոհասեղանները: Միայն ես եմ մնացել, և հիմա էլ իմ կյանքն* են ուզում խլել»:+ 4 Սակայն ի՞նչ պատասխանեց Աստված. «Իսրայելում դեռ 7 000 մարդ ունեմ, որոնք ծնկի չեն եկել Բահաղի առաջ»:+ 5 Հիմա նույնպես կա իսրայելացիների մի փոքր խումբ,*+ որին Աստված ընտրել է իր անզուգական բարությամբ: 6 Ուստի եթե ընտրությունը Աստծու անզուգական բարությամբ է,*+ նշանակում է, որ նրանց գործերի շնորհիվ չէ,+ հակառակ դեպքում դա այլևս անզուգական բարության դրսևորում չէր լինի:

7 Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս: Ինչին որ Իսրայելը ջանադրաբար ձգտում էր, այդպես էլ չհասավ: Միայն քչերը հասան դրան՝ նրանք, ում ընտրեց Աստված:+ Իսկ մյուսների սիրտը անընկալունակ դարձավ,+ 8 ինչպես որ գրված է. «Աստված թողել է, որ նրանք խոր քնի մեջ ընկնեն,*+ այնպես որ մինչ օրս նրանց աչքերը չեն տեսնում, և նրանց ականջները չեն լսում»:+ 9 Նաև Դավիթն է ասում. «Թող նրանց ճաշկերույթի սեղանը իրենց համար ծուղակ ու թակարդ դառնա, թող դառնա մի քար, որին բախվելով՝ կսայթաքեն ու կպատժվեն, 10 թող նրանց աչքերը խավարեն, որ ոչինչ չտեսնեն, և թող նրանց մեջքը միշտ բեռի տակ կքված լինի»:+

11 Եվ հիմա հարց. մի՞թե իսրայելացիների սայթաքելը նրանց համար վերջնական անկում էր նշանակում: Իհա՛րկե ոչ: Բայցևայնպես, նրանց սխալը առիթ եղավ, որ փրկության դուռ բացվի ուրիշ ազգերի մարդկանց համար: Եվ դա շարժեց իսրայելացիների խանդը:+ 12 Եթե նրանց սխալը առատ օրհնությունների դուռ է բացում աշխարհի համար, եթե նրանց թվի նվազելու շնորհիվ ուրիշ ազգերի մարդիկ առատորեն օրհնվում են,+ ապա որքան ավելի շատ օրհնություններ կլինեն, երբ նրանց թիվը համալրվի:

13 Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ձեզ՝ ուրիշ ազգերի մարդկանց: Լինելով ուրիշ ազգերի մոտ ուղարկված առաքյալ՝+ ես շատ բարձր եմ գնահատում* իմ ծառայությունը+ 14 և հույս ունեմ որևէ կերպ շարժել ազգակիցներիս խանդը, որ փրկեմ նրանցից ոմանց: 15 Նրանց մերժվելը+ Աստծու հետ հաշտվելու դուռ բացեց աշխարհի համար: Իսկ երբ Աստված հետ ընդունի նրանց, դա ինչի՞ նման կլինի: Նրանց համար դա նման կլինի մահացած վիճակից կենդանանալուն: 16 Եթե սուրբ է խմորի մի մասը, որը վերցված է առաջին բերքի ընծայի համար, ապա խմորի ողջ զանգվածն էլ է սուրբ, և եթե ծառի արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ:

17 Բայց Աստված կտրեց ձիթենու ճյուղերից մի քանիսն ու դրանց տեղը պատվաստեց ձեզ՝ վայրի ձիթենու ճյուղերիդ, և դուք սկսեցիք դրա մյուս ճյուղերի հետ սնվել արմատից եկող կենսահյութով: 18 Սակայն մի՛ հպարտացեք՝ կարծելով, թե կտրված ճյուղերից ավելի լավն եք: Իսկ եթե, այնուամենայնիվ, հպարտանում եք,+ հիշեք, որ դո՛ւք չեք պահում արմատը, այլ արմատն է պահում ձեզ: 19 Բայց ձեզնից ոմանք կասեն. «Չէ՞ որ այդ ճյուղերը կտրվեցին, որ մենք պատվաստվենք»:+ 20 Այո՛, ճիշտ է: Նրանք կտրվեցին, որովհետև հավատ չունեին,+ իսկ դուք ձեր հավատի շնորհիվ հաստատուն եք մնում:+ Բայց մի՛ հպարտացեք, այլ երկյուղ ունեցեք, 21 որովհետև եթե Աստված չխնայեց բնականորեն աճած ճյուղերին, ձեզ էլ չի խնայի: 22 Ինչպես տեսնում եք, Աստված և՛ բարություն է դրսևորում,+ և՛ խստություն. խստություն՝ նրանց հանդեպ, ովքեր հաստատուն չմնացին,+ և բարություն՝ ձեր հանդեպ, եթե միայն շարունակեք այնպես վարվել, որ նա չզրկի ձեզ իր բարությունից: Հակառակ դեպքում դուք էլ կկտրվեք: 23 Իսկ նրանք, եթե դադարեն անհավատություն դրսևորել, կպատվաստվեն,+ չէ՞ որ Աստված կարող է պատվաստելով վերականգնել նրանց: 24 Եթե դուք, վայրի ձիթենուց կտրված ճյուղեր լինելով, պատվաստվել եք մշակովի ձիթենուն, ինչը սովորաբար չեն անում, ապա որքան առավել բուն ձիթենու ճյուղերը կարող են կրկին միացվել իրենց իսկ ծառին:

25 Եղբայրնե՛ր, տեղին չէ, որ ինքներդ ձեզ չափազանց իմաստուն կարծեք, դրա համար էլ ուզում եմ, որ հասկանաք այս սրբազան գաղտնիքը,+ այսինքն՝ որ իսրայելացիների մի մասի սրտերը կմնան անընկալունակ, և ուրիշ ազգերի մարդիկ կշարունակեն գալ, մինչև որ թիվը լրանա: 26 Այս կերպով ամբողջ Իսրայելը+ կփրկվի: Սուրբ գրվածքներում ասվում է. «Ազատարարը* կգա Սիոնից,+ և նրա շնորհիվ Հակոբի սերունդները այլևս աստվածանարգ գործեր չեն անի: 27 Եվ երբ ջնջեմ նրանց մեղքերը,+ ուխտ կկապեմ նրանց հետ»:+ 28 Ճիշտ է, նրանցից ոմանք, մերժելով բարի լուրը, թշնամացան Աստծու հետ, և դա ձեր օգտին ծառայեց, բայց հանուն նրանց նախահայրերին տված խոստման՝ Աստված ընտրեց նրանցից ոմանց, որ ընկերանան իր հետ:+ 29 Իսկ Աստված չի ափսոսա այն բանի համար, թե ինչ պարգևներ է տվել և թե ում է կանչել: 30 Դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն,+ սակայն այժմ հրեաների անհնազանդության+ արդյունքում ձեր հանդեպ գթասրտություն դրսևորվեց:+ 31 Եվ քանի որ նրանց անհնազանդության արդյունքում Աստված ձեր հանդեպ գթասրտություն դրսևորեց, ապա նրանց հանդեպ էլ կարող է գթասիրտ լինել: 32 Քանի որ բոլորը անհնազանդ են, Աստված նրանց համարում է անհնազանդության կապանքներում գտնվողներ,+ որպեսզի բոլորի հանդեպ գթասրտություն դրսևորի:+

33 Որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու իմացությունը: Հնարավոր չէ լիովին ըմբռնել նրա որոշումները և հասկանալ նրա գործերը, 34 ինչպես որ գրված է՝ «Ո՞վ կարող է իմանալ Եհովայի մտքերը, կամ ո՞վ կարող է նրա համար խորհրդատու լինել»+ 35 և «Ո՞վ է երբևէ* նրան մի բան տվել, որ նա էլ փոխհատուցի»:+ 36 Չէ՞ որ ամեն ինչ Աստծուց է, Աստծու միջոցով և Աստծու համար: Նա հավիտյան արժանի է փառքի: Ամեն:

12 Եվ ուրեմն, եղբայրնե՛ր, քանի որ Աստված ձեր հանդեպ կարեկցանք է դրսևորել, հորդորում եմ, որ ձեր մարմինները Աստծուն տաք+ որպես կենդանի, սուրբ+ և նրան ընդունելի զոհ, այսինքն՝ որ սուրբ ծառայություն մատուցեք նրան՝ գործի դնելով ձեր բանականությունը:+ 2 Եվ այլևս թույլ մի՛ տվեք, որ այս աշխարհը* ձևավորի ձեզ, այլ հիմնովին փոխելով ձեր մտածելակերպը՝ վերափոխեք ձեր անձնավորությունը:+ Այդ դեպքում դուք անձամբ կհավաստիանաք,+ թե որն է Աստծու կամքը, և որ այն լավագույնն է, ընդունելի է և ամենաճիշտն է:

3 Քանի որ Աստված իմ հանդեպ անզուգական բարություն* է դրսևորել, ձեզանից յուրաքանչյուրին հորդորում եմ, որ իր մասին չմտածի ավելին, քան պետք է,+ այլ ողջամիտ մտածելակերպ ունենա՝ հիշելով, որ Աստված է օգնել յուրաքանչյուրին ունենալ այնքան հավատ, որքան որ ունի:*+ 4 Մեր մարմինը կազմված է շատ անդամներից,+ որոնք տարբեր դեր են կատարում: 5 Նմանապես՝ մենք շատ ենք, սակայն Քրիստոսի հետ միավորված լինելով՝ մեկ մարմին ենք կազմում և որպես առանձին անդամներ՝ մեկս մյուսից կախում ունենք:*+ 6 Մեր հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարության շնորհիվ մենք զանազան պարգևներ ունենք:+ Եթե մեր պարգևը մարգարեանալն է, եկեք մեր ունեցած հավատին համապատասխան շարունակենք մարգարեանալ, 7 եթե ուրիշներին ծառայություն մատուցելն է, եկեք ջանադրաբար ծառայություն մատուցենք, եթե ուսուցանելն է, եկեք ջանադրաբար ուսուցանենք:+ 8 Իսկ ում պարգևը քաջալերելն է, թող քաջալերի,+ ումը որ ուրիշներին բաժին հանելն է, թող առատաձեռնությամբ բաժին հանի,+ ումը որ առաջնորդելն է, թող բարեխղճորեն անի դա,+ իսկ ումը որ գթասրտություն ցուցաբերելն է, թող սրտանց անի դա:+

9 Թող ձեր սերը ձևական չլինի:*+ Զզվեք չարից,+ սիրեք բարին:* 10 Միմյանց հանդեպ եղբայրական սեր և անկեղծ ջերմություն դրսևորեք: Իրար պատվելու հարցում առաջինը եղեք:+ 11 Եղեք աշխատասեր,* մի՛ ծուլացեք:+ Սուրբ ոգու միջոցով լցվեք բուռն խանդավառությամբ:*+ Ջանադրաբար ծառայեք Եհովային:*+ 12 Ձեր ունեցած հույսով ուրախացեք: Դիմակայեք դժվարություններին:+ Շարունակաբար աղոթեք:+ 13 Ձեր ունեցածից բաժին հանեք սրբերին,* որոնք ինչ-որ բանի կարիք ունեն:+ Հյուրասեր լինելը սովորություն դարձրեք:+ 14 Օրհնեք* ձեզ հալածողներին.+ օրհնեք, ոչ թե անիծեք:+ 15 Ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լաց եղեք: 16 Ուրիշների հանդեպ ունեցեք այն նույն վերաբերմունքը, որ ունեք ինքներդ ձեր հանդեպ: Մի՛ մեծամտացեք,* այլ խոնարհամիտ եղեք:+ Ինքներդ ձեզ չափազանց խելացի մի՛ համարեք:+

17 Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք:+ Հաշվի առեք, թե ինչն է լավ բոլոր մարդկանց համար:* 18 Եթե հնարավոր է, բոլորի հետ խաղաղություն պահպանեք, որքանով որ ձեզանից է կախված:+ 19 Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, սիրելինե՛ր, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը,+ որովհետև գրված է. ««Ե՛ս եմ վրեժ առնողը: Ե՛ս կհատուցեմ»,– ասում է Եհովան»:+ 20 Փոխարենը վարվեք այս հորդորի համաձայն. «Եթե թշնամիդ քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան: Այդպես դու նրա գլխին այրվող ածուխներ կդիզես»:*+ 21 Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին:+

13 Թող ամեն անձ հպատակվի իշխանություններին,*+ որովհետև ոչ մի իշխանություն գոյություն չէր ունենա, եթե Աստված թույլ չտար:+ Աստված գոյություն ունեցող իշխանություններին հարաբերական դիրք* է տվել:+ 2 Ուստի ով հակառակվում է իշխանությանը, դեմ է գնում Աստծու սահմանած կարգին, իսկ այդ կարգին դեմ գնացողները դատաստանի կարժանանան: 3 Իշխանություններից վախենալու պատճառ ունեն չարն անողները, ոչ թե բարին անողները:+ Ուզում ես իշխանություններից չվախենա՞լ. բարին արա+ և նրանցից գովասանք կստանաս: 4 Չէ՞ որ նրանք գործում են որպես Աստծու սպասավոր՝ ձեր բարօրության համար: Սակայն եթե չարն ես անում, վախեցիր, որովհետև նրանք զուր տեղը չեն սուր կրում. նրանք գործում են որպես Աստծու սպասավոր, որ հատուցեն չարն անողին՝ ցասում թափելով նրա վրա:*

5 Նրանց ենթարկվելու ծանրակշիռ պատճառ կա. հարկավոր է ենթարկվել ոչ միայն ցասումից խուսափելու, այլև մաքուր խիղճ ունենալու համար:+ 6 Դրա համար էլ դուք նաև հարկեր եք վճարում: Վերջիվերջո, նրանք գործում են որպես Աստծու սպասավոր՝ միշտ ծառայություն մատուցելով հասարակությանը: 7 Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը,+ որին տուրք՝ տուրքը, որին հարգանք՝ հարգանքը,+ որին պատիվ՝ պատիվը:+

8 Ոչ ոքի ոչինչ պարտք մի՛ եղեք, այլ թող ձեր պարտքը լինի միայն իրար սիրելը:+ Դրացուն սիրողը, ըստ էության, կատարում է Օրենքը,+ 9 որովհետև Օրենքի պահանջները՝ «Մի՛ շնացիր,*+ մի՛ սպանիր,+ մի՛ գողացիր,+ մի՛ ցանկացիր այն, ինչ պատկանում է ուրիշին»,+ և մյուս բոլոր պատվիրանները հետևյալ հրահանգի մեջ են ամփոփվում. «Սիրիր դրացուդ քո անձի պես»:+ 10 Այո՛, դրացուն սիրողը նրա հանդեպ չար բան չի անի:+ Հետևաբար սիրելը Օրենքի կատարումն է:+

11 Այսպես վարվեք, քանի որ գիտեք, թե ինչ ժամանակներում եք ապրում: Արդեն հասել է քնից արթնանալու ժամը.+ հիմա մեր փրկությունն ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացյալ դարձանք: 12 Գիշերն ուր որ է կանցնի, լուսաբացն արդեն մոտ է: Ուրեմն եկեք ձերբազատվենք խավարի գործերից+ և հագնենք լույսի սպառազինությունը:+ 13 Եկեք պատշաճ ձևով վարվենք,+ ինչպես օրը ցերեկով. հեռու մնանք սանձարձակ խրախճանքներից ու հարբեցողությունից, անբարո սեռական հարաբերություններից ու լկտի վարքից,*+ գժտություններից ու նախանձից:+ 14 Ձեզ վրա, ասես հագուստ, Տեր Հիսուս Քրիստոսի էությունը հագեք+ և մի՛ մտածեք* մարմնի ցանկությունները կատարելու մասին:+

14 Սիրով ընդունեք իր հավատի մեջ ոչ այնքան հասուն մարդուն+ և մի՛ քննադատեք նրանց, ում կարծիքը տարբերվում է ձեր կարծիքից:* 2 Մեկը համոզված է, որ կարող է ամեն ինչ ուտել, իսկ մյուսը անվստահ է և միայն բանջարեղեն է ուտում: 3 Ուտողը թող վերևից չնայի չուտողին, իսկ չուտողը թող չդատի ուտողին,+ որովհետև Աստված ընդունել է նրան: 4 Ո՞վ ես դու, որ դատես ուրիշի ծառային:+ Նրա տերն է որոշում՝ նա ճիշտ է վարվում, թե սխալ:*+ Եհովան* կօգնի նրան արժանանալ իր հավանությանը:

5 Մեկի համար մի օրը մյուսից կարևոր է,+ իսկ մյուսի համար բոլոր օրերն էլ նույնն են:+ Թող յուրաքանչյուր մարդ լիովին հավաստիանա, որ այն, ինչին հավատում է, ճիշտ է: 6 Որևէ օր կարևոր համարողը դա անում է Եհովային հաճեցնելու համար: Ամեն տեսակ կերակուր ուտողն էլ է մտածում Եհովային հաճեցնելու մասին+ և շնորհակալություն է հայտնում նրան: Ով էլ որ չի ուտում, Եհովային հաճեցնելու համար չի ուտում, և նա էլ է շնորհակալություն հայտնում նրան:+ 7 Իրականում ոչ մեկս միայն մեզ համար չենք ապրում+ և միայն մեզ համար չենք մահանում: 8 Եթե ապրում ենք, Եհովայի համար ենք ապրում,+ և եթե մահանում ենք, Եհովայի համար ենք մահանում: Այնպես որ թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովայինն ենք:+ 9 Քրիստոսն էլ մահացավ ու հարություն առավ, որ իշխանություն ունենա թե՛ մահացածների, թե՛ ողջերի վրա:+

10 Ուրեմն ինչո՞ւ ես դատում եղբորդ:+ Կամ ինչո՞ւ ես եղբորդ վերևից նայում: Բոլորս էլ Աստծու դատաստանի* առաջ ենք կանգնելու:+ 11 Գրված է. «Երդվում եմ իմ գոյությամբ,+– ասում է Եհովան,– բոլորը իմ առաջ ծնկի կգան, և բոլորը բացեիբաց կընդունեն, որ ես եմ Աստված»:+ 12 Այսպիսով՝ մեզնից յուրաքանչյուրը իր համար հաշիվ կտա Աստծուն:+

13 Դրա համար եկեք այլևս չդատենք միմյանց:+ Փոխարենը եկեք վճռենք չանել մի բան, ինչի պատճառով մեր եղբայրը մեղքի մեջ կընկնի, կամ նրա հավատը կթուլանա:+ 14 Որպես Տեր Հիսուսի հետևորդ՝ ես գիտեմ ու համոզված եմ, որ ոչ մի կերակուր ինքնին անմաքուր չէ,+ բայց եթե մարդ ինչ-որ բան անմաքուր է համարում, նրա պարագայում դրանից ուտելը սխալ կլինի:* 15 Եթե որևէ կերակուրից օգտվելով՝ վիրավորում ես եղբորդ զգացմունքները, այլևս սեր չես դրսևորում:+ Հանուն կերակուրի՝ մի՛ կործանիր եղբորդ, ում համար Քրիստոսը մահացավ:+ 16 Հետևաբար անգամ այն, ինչ գիտես, որ ճիշտ է, մի՛ արա, եթե դրա պատճառով մյուսները վատը կխոսեն քո մասին: 17 Աստծու թագավորություն մտնելը կապ չունի ինչ-որ բան ուտելու կամ խմելու հետ:+ Այլ մարդ պետք է սուրբ ոգու օգնությամբ անի այն, ինչ ճիշտ է, խաղաղության մեջ լինի ուրիշների* հետ և ուրախություն ունենա: 18 Ով այսպես է ծառայում Քրիստոսին, հաճելի է Աստծուն և արժանանում է մարդկանց հավանությանը:

19 Հետևաբար եկեք հնարավոր ամեն բան անենք, որ նպաստենք խաղաղությանը+ և զորացնենք միմյանց:+ 20 Ընդամենը կերակուրի համար մի՛ ավերեք Աստծու արածը:+ Ճիշտ է, ամեն կերակուր մաքուր է, բայց սխալ կլինի ուտել մի բան, ինչի պատճառով ուրիշի հավատը կթուլանա:+ 21 Ավելի լավ է ընդհանրապես ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ առհասարակ անել մի բան, ինչի պատճառով եղբորդ հավատը կարող է թուլանալ:+ 22 Այսպիսի հարցերում ձեր համոզմունքը* թող մնա ձեր և Աստծու միջև: Երջանիկ է նա, ով մեղավորության զգացում չի ունենում այն բանի համար, ինչը ճիշտ է համարում: 23 Սակայն եթե կասկածներ ունի և ուտում է, նա արդեն իսկ մեղավոր է, քանի որ կերել է առանց համոզված լինելու, որ դա ճիշտ է:* Ցանկացած արարք, որի հիմքում չկա համոզվածություն,* մեղք է:

15 Մենք՝ հավատի մեջ ուժեղներս, պետք է հաշվի առնենք* նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն,+ և չպետք է միայն ինքներս մեզ գոհացնենք:+ 2 Եկեք ամեն մեկս անենք այն, ինչը կուրախացնի դիմացինին, կնպաստի նրա բարօրությանն ու կզորացնի նրան:+ 3 Նույնիսկ Քրիստոսը չմտածեց ինքն իրեն գոհացնելու մասին:+ Նրա առնչությամբ գրված է. «Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը»:+ 4 Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց,+ որ կարողանանք դիմանալ,+ սուրբ գրքերից մխիթարություն ստանալ և այդ ամենի շնորհիվ հույս ունենալ:+ 5 Թող Աստված, ով դիմանալու ուժ և մխիթարություն է տալիս, օգնի, որ բոլորդ ունենաք նույն մտածելակերպը, ինչ Քրիստոս Հիսուսն ուներ, 6 որպեսզի դուք միահամուռ կերպով+ և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը:

7 Ուստի սրտանց ընդունեք միմյանց,+ ինչպես Քրիստոսն ընդունեց ձեզ,+ որ այդպիսով փառք բերեք Աստծուն: 8 Ուզում եմ՝ իմանաք. Քրիստոսը թլփատվածների համար ծառա դարձավ,+ որպեսզի փաստի, որ Աստծու բոլոր ասածները ճշմարտացի են, և նրանց նախահայրերին տված նրա խոստումները վստահարժան են:+ 9 Դա արեց նաև, որպեսզի ուրիշ ազգերի մարդիկ փառավորեն Աստծուն իրենց հանդեպ դրսևորած նրա գթասրտության համար,+ ինչպես որ գրված է. «Դրա համար բացեիբաց փառք կտամ քեզ ազգերի մեջ և քո անունը կգովերգեմ»:+ 10 Նաև ասվում է. «Ուրախացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ»:+ 11 Եվ կրկին. «Գովաբանե՛ք Եհովային,* ո՛վ բոլոր ազգեր: Թող բոլոր ժողովուրդները փառաբանեն նրան»:+ 12 Եսայիան էլ ասում է. «Կհայտնվի Հեսսեի արմատը՝+ նա, ով գալու է, որ իշխի ազգերին.+ ազգերը իրենց հույսը նրա վրա կդնեն»:+ 13 Քանի որ ապավինում եք Աստծուն՝ հույսի աղբյուրին, թող նա ձեր սրտերը մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ լցնի: Եվ թող սուրբ ոգու տված զորության շնորհիվ ձեր հույսը ամուր լինի:+

14 Եղբայրնե՛րս, համոզված եմ, որ դուք պատրաստ եք բարին անելու, լիարժեք գիտելիքներ ունեք և կարող եք ուղղել* միմյանց: 15 Այնուամենայնիվ, այս նամակում ես որոշ հարցերի վերաբերյալ ավելի ուղիղ եմ խոսում՝ տալով հավելյալ հիշեցում: Այդպես եմ անում, քանի որ Աստված, իմ հանդեպ անզուգական բարություն դրսևորելով, 16 նշանակել է ինձ՝ լինելու Քրիստոս Հիսուսի ծառան և բարի լուրը հռչակելու ուրիշ ազգերի մարդկանց:+ Ես ջանադրաբար եմ անում այս սուրբ գործը,+ որ ուրիշ ազգերի մարդկանց օգնեմ ընդունելի լինել Աստծուն ասես մի զոհ, որը սրբագործվել է սուրբ ոգու միջոցով:

17 Ես շատ ուրախ եմ, որ Քրիստոս Հիսուսի աշակերտն եմ և Աստծու հանձնարարած գործն եմ անում: 18 Ես կհամարձակվեմ խոսել ոչ թե իմ արած որևէ բանի մասին, այլ միայն այն ամենի մասին, ինչ Քրիստոսն արել է իմ միջոցով, որպեսզի օգնի ազգերին հնազանդվել իրեն: Նա օգնել է նրանց իմ խոսքերի ու գործերի միջոցով, 19 Աստծու ոգով արված ապշեցուցիչ գործերի ու մեծ հրաշքների միջոցով:+ Ես հիմնովին քարոզել եմ Քրիստոսի մասին բարի լուրը՝ շրջագայելով Երուսաղեմից մինչև Իլլիրիկ:+ 20 Եվ ամեն կերպ ձգտել եմ խուսափել բարի լուրը այն տեղերում հռչակելուց, որտեղ Քրիստոսի անվան մասին արդեն հայտնել էին, քանի որ չեմ ցանկացել ուրիշի դրած հիմքի վրա կառուցել: 21 Ուզում էի, որ լինի այնպես, ինչպես գրված է. «Ում չի հռչակվել նրա մասին, նրանք կիմանան, և ովքեր չեն լսել, կհասկանան»:+

22 Հենց դա է բազմիցս խանգարել ինձ, որ գամ ձեզ մոտ: 23 Բայց հիմա այս կողմերում այլևս չի մնացել տարածք, որտեղ քարոզած չլինեմ: Եվ քանի որ արդեն տարիներ է, ինչ շատ եմ ցանկանում գալ ձեզ մոտ, 24 Իսպանիա ուղևորվելիս ուզում եմ այցելել ձեզ և մի որոշ ժամանակ վայելել ձեր ընկերակցությունը: Իսկ հետո, հուսով եմ, ճանապարհի մի մասը կուղեկցեք ինձ: 25 Բայց հիմա պատրաստվում եմ մեկնել Երուսաղեմ, որ օգնություն հասցնեմ այնտեղի սրբերին:*+ 26 Բանն այն է, որ Մակեդոնիա և Աքայա պրովինցիաների հավատակիցները իրենց ունեցածից մեծ սիրով նվիրաբերություն են արել Երուսաղեմում ապրող կարիքավոր սրբերի համար:+ 27 Ընդ որում՝ ուրախությամբ են արել դա: Իրականում նրանք պարտական են Երուսաղեմի եղբայրներին, որովհետև եթե վերջիններս բաժին հանեցին նրանց իրենց հոգևոր բարիքներից, ապա նրանք էլ պարտավոր են օգնել այդ եղբայրներին իրենց նյութական բարիքներով:+ 28 Այդ նվիրաբերությունը* ապահով տեղ հասցնելուց հետո կուղևորվեմ Իսպանիա և ճանապարհին կայցելեմ ձեզ: 29 Երբ ձեզ մոտ գամ, լիառատ օրհնություններ կբերեմ, որ Քրիստոսից եմ ստացել:

30 Իսկ հիմա, եղբայրնե՛րս, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և այն սիրո, որ Աստծու ոգին առաջացրել է մեր մեջ՝ հորդորում եմ ձեզ, որ ինձ հետ միասին ջերմեռանդորեն աղոթեք Աստծուն ինձ համար,+ 31 որ Հրեաստանում չընկնեմ Հիսուսին չհավատացողների ձեռքը,+ և որ Երուսաղեմում ապրող սրբերը սիրով ընդունեն իմ տարած այս նվիրաբերությունը:+ 32 Եվ այդ ժամանակ Աստծու կամքով ես ուրախությամբ ձեզ մոտ կգամ, և մենք միմյանց կքաջալերենք: 33 Թող Աստված, ով խաղաղություն է տալիս, ձեզ հետ լինի:+ Ամեն:

16 Ես ներկայացնում եմ ձեզ Ֆիբեին՝ մեր քրոջը, որը ծառայում է Կենքրայի+ ժողովում: 2 Ընդունեք նրան այնպես, ինչպես հարկ է ընդունել Տիրոջ սրբերին,* և օգնեք նրան, եթե ինչ-որ բանի կարիք ունենա,+ քանի որ նա ինքն էլ օգնել է* շատերին և հենց ինձ էլ:

3 Իմ կողմից ողջույններ փոխանցեք Պրիսկային* և Ակյուղասին՝+ Քրիստոս Հիսուսի գործում իմ համագործակիցներին, 4 որոնք իմ կյանքը* փրկելու համար իրենց գլուխը վտանգի տակ դրեցին:+ Նրանց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև այլազգիների ժողովները: 5 Բարևներ փոխանցեք նաև նրանց տանը հավաքվող ժողովին:+ Բարևեք իմ սիրելի Եպենետոսին, որը Ասիայում առաջիններից էր, որ դարձավ Քրիստոսի հետևորդ, 6 նաև Մարիամին, որը շատ ջանք է թափել ձեզ համար: 7 Բարևեք իմ ազգականներ+ Անդրոնիկոսին և Հունիասին, որոնք ինձ հետ բանտարկված են եղել, և որոնց մասին առաքյալները լավ կարծիքի են: Նրանք ինձնից էլ շուտ են դարձել Քրիստոսի հետևորդ:

8 Ողջույններս փոխանցեք նաև Ամպլիատոսին՝ իմ սիրելի եղբորը և Տիրոջ հետևորդին: 9 Բարևեք Ուրբանոսին՝ Քրիստոսի գործում մեր համագործակցին, ինչպես նաև իմ սիրելի Ստաքիսին: 10 Բարևեք Ապելեսին՝ Քրիստոսի նվիրված ծառային, նաև նրանց, ովքեր Արիստոբուլոսի տնեցիներից են: 11 Բարևներ փոխանցեք Հերովդիոնին՝ իմ ազգականին, նաև Նարկիսոսի տնեցիներից նրանց, ովքեր Տիրոջ հետևորդ են: 12 Բարևեք Տրիֆենային և Տրիֆոսային՝ Տիրոջ գործում ջանասեր այդ քույրերին: Բարևեք նաև մեր սիրելի քույր Պերսիսին, որը շատ ջանք է ներդրել Տիրոջ գործում: 13 Բարևեք Ռուֆոսին՝ Տիրոջ ընտիր ծառային, և նրա մորը, որն ինձ համար էլ է մայր դարձել: 14 Բարևեք Ասյունկրիտոսին, Ֆլեգոնին, Հերմեսին, Պատրոբասին, Հերմասին և նրանց հետ եղող եղբայրներին: 15 Բարևեք Ֆիլոլոգոսին և Յուլիային, Ներեոսին և նրա քրոջը, նաև Օլիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին: 16 Եղբայրական* համբույրով ողջունեք հավատակիցներին: Քրիստոսի բոլոր ժողովները բարևում են ձեզ:

17 Եվ մի բան էլ, եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ աչքի տակ առնել նրանց, ովքեր, դեմ գնալով այն ուսմունքին, որ սովորել եք, բաժանումներ են առաջ բերում և կործանում են մյուսների հավատը. նրանցից հեռո՛ւ մնացեք:+ 18 Այդպիսիները ոչ թե մեր Տեր Քրիստոսի ծառաներն են, այլ իրենց ցանկությունների:* Նրանք իրենց ճարտար լեզվով ու շողոքորթությամբ մոլորեցնում են պարզահոգի մարդկանց: 19 Ինչ վերաբերում է ձեզ, ձեր հնազանդությունը բոլորն են տեսնում, և ես շատ եմ ուրախանում ձեզնով: Ուզում եմ, որ լավն իմանալու հարցում իմաստուն լինեք, իսկ վատի հարցում՝ անփորձ:+ 20 Աստված էլ, ով խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային՝+ գցելով նրան ձեր ոտքերի տակ: Թող մեր Տեր Հիսուսը շարունակի անզուգական բարություն դրսևորել ձեր հանդեպ:

21 Ձեզ բարևում են նաև իմ համագործակից Տիմոթեոսը և իմ ազգականները՝+ Ղուկիոսը, Հասոնն ու Սոսիպատրոսը:

22 (Ես՝ Տիրոջ ծառա Տերտիոսս էլ եմ բարևում ձեզ՝ նա, ով գրի առավ այս նամակը):

23 Ձեզ բարևում է նաև Գայոսը՝+ ինձ և ամբողջ ժողովին հյուրընկալողը: Բարևներ են ուղարկում նաև Երաստոսը՝ քաղաքի գանձապետը,* և նրա եղբայր Կվարտոսը: 24 ....*

25 Թող փառք տրվի Աստծուն, ով կարող է ձեզ անսասան դարձնել իմ հռչակած բարի լուրի և Հիսուս Քրիստոսի մասին քարոզչության միջոցով: Այդ լուրը կապված է սրբազան գաղտնիքի բացահայտման հետ,+ որը երկար ժամանակ թաքցված էր, 26 բայց հիմա հավիտենական Աստծու հրամանով բացահայտվել է և սուրբ գրքերի մարգարեությունների միջոցով հայտնի է դարձվել բոլոր ազգերին, որպեսզի նրանք, հավատալով Աստծուն, հնազանդվեն նրան: 27 Հիսուս Քրիստոսի միջոցով թող հավիտյան փառք լինի Աստծուն՝ միակ ամենաիմաստուն անձնավորությանը:+ Ամեն:

Բռց.՝ «ստրուկս»:

Բռց.՝ «զատվել»:

Բռց.՝ «մեր»:

Բռց.՝ «պատկանելու Հիսուս Քրիստոսին»:

Կամ՝ «իմ ոգով»:

Բռց.՝ «հոգևոր նվեր փոխանցեմ»:

Կամ՝ «ոչ հույներին»: Բռց.՝ «բարբարոսներին»:

Բռց.՝ «իմաստուններին ու անմիտներին»:

Բռց.՝ «ու նրանց սիրտը խավարել է»:

Բռց.՝ «անապականելի»:

Բռց.՝ «ապականելի»:

Կամ՝ «պաշտում»:

Կամ՝ «ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին»:

Բռց.՝ «ներդաշնակ է ճշմարտությանը»:

Խոսքը թերևս այն մարդկանց մասին է, ովքեր դեռ կարիք ունեին գիտելիքներ ստանալու և աճելու հասկացողության մեջ:

Բառարանում տես «Շնություն»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Կամ՝ «որ մենք մեղավոր ենք»:

Կամ՝ «Աստծու փառքը»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Կամ՝ «տվել է որպես զոհ՝ քավության համար»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «անզուգական բարության դրսևորում»:

Կամ՝ «այն է, ինչ պարտք են նրան»:

Կամ՝ «ներվել»: Բռց.՝ «ծածկվել»:

Կամ՝ «երաշխիք»:

Կամ՝ «Նոր աշխարհը»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Կամ հնարավոր է՝ «և այնպես է անում, որ գոյություն չունեցող բաները գոյություն ունենան»:

Կամ՝ «անպտուղ»:

Կամ հնարավոր է՝ «մենք վայելում ենք խաղաղություն Աստծու հետ»:

Կամ հնարավոր է՝ «Մենք ցնծում ենք»:

Կամ հնարավոր է՝ «մենք ցնծում ենք»:

Բռց.՝ «թույլ»:

Կամ՝ «Բարեսեր»: Բառարանում տես «Բարեսիրություն»:

Բռց.՝ «կփրկվենք նրա կյանքով»:

Բռց.՝ «մեղք գործեցին»:

Կամ՝ «արդարացնող արարքի»: Խոսքը Հիսուսի զոհաբերության, ինչպես նաև նրա կյանքի ողջ ընթացքի մասին է:

Բռց.՝ «իշխի արդարության միջոցով»: Սա կարող է վերաբերել նաև Քրիստոսի արդար ընթացքին:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Բռց.՝ «մկրտվեցինք Քրիստոս Հիսուսում»:

Բռց.՝ «նրա մահվան մեջ»:

Բռց.՝ «նրա հետ»:

Կամ՝ «նրա մեղքը ներվում է»:

Կամ՝ «իշխել որպես թագավոր»:

Բռց.՝ «անարդարության զենքեր»:

Բռց.՝ «արդարության զենքեր»:

Բռց.՝ «հնազանդվում եք այն ուսմունքին, որին դուք հանձնվեցիք»:

Կամ՝ «իշխանությունից»:

Բռց.՝ «մարմնի»:

Կամ՝ «մեռած ենք Օրենքի հանդեպ»:

Բռց.՝ «[թե] Օրենքը մեղք է»:

Բռց.՝ «ամեն տեսակ սխալ ցանկություն առաջացրեց իմ մեջ»:

Բռց.՝ «հոգևոր է»:

Բռց.՝ «մարմնավոր»:

Բռց.՝ «այս մահվան»: Խոսքը այն մահվան մասին է, որը ժառանգած մեղքի հետևանք է:

Սա վերաբերում է սուրբ ոգու զորեղ ազդեցությանը:

Բռց.՝ «մեղավոր մարմնի նմանությամբ»:

Կամ՝ «մարմնավոր»:

Կամ՝ «այն բաների վրա, որ ոգին է մղում անելու»:

Կամ՝ «ոգին»: Հուն.՝ պնեումա:

Եբր. կամ արամ. բառ, որով երեխաները ջերմ, բայց և հարգալից ձևով դիմում են իրենց հորը: Համարժեք է «հայրիկ» բառին:

Բռց.՝ «վկայություն է տալիս մեր ոգու հետ»:

Բռց.՝ «քայքայման ստրկությունից»:

Բառարանում տես «Սրբեր»:

Բռց.՝ «մերկությո՞ւնը»:

Բռց.՝ «անիծված լինեի»:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «ո՛չ ցանկացողից է, ո՛չ վազողից»:

Բռց.՝ «Գրվածքն ասում է փարավոնին»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «հետամուտ էին լինում արդարության օրենքին»:

Կամ՝ «բայց այն չեն դրսևորում ճշգրիտ գիտելիքների համաձայն»:

Բռց.՝ «բերանում»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «մնացորդ»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Բռց.՝ «Աստված նրանց խոր քնի ոգի է տվել»:

Կամ՝ «փառավորում եմ»:

Կամ՝ «Փրկիչը»:

Բռց.՝ «առաջինը»:

Կամ՝ «այս համակարգը»: Բառարանում տես «Աշխարհ»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Բռց.՝ «համաձայն հավատի այն չափի, որ Աստված տվել է յուրաքանչյուրին»:

Կամ՝ «պատկանում ենք միմյանց»:

Բռց.՝ «կեղծավորությունից զերծ լինի»:

Բռց.՝ «սոսնձված եղեք բարուն»:

Կամ՝ «եռանդուն»:

Բռց.՝ «Ոգով եռացեք»:

Տես հավելված Ա5:

Բառարանում տես «Սրբեր»:

Կամ՝ «Բարիք մաղթեք»:

Կամ՝ «Փառասիրական նպատակներ մի՛ հետապնդեք»:

Կամ՝ «տեսանկյունից»:

Խոսքը մարդու կարծրացած սիրտը փափկացնելու մասին է:

Բռց.՝ «իրենից վեր եղող իշխանություններին»:

Այսինքն՝ միմյանցից բարձր կամ ցածր, բայց Աստծու համեմատ՝ միշտ ստորադաս:

Կամ՝ «պատժելով նրան»:

Բառարանում տես «Շնություն»:

Կամ՝ «անամոթ վարքի դրսևորումներից»: Հուն. ասելգեյա բառի հոգնակի ձևը: Բառարանում տես «Լկտի վարք»:

Բռց.՝ «մի՛ ծրագրեք»:

Կամ հնարավոր է՝ «ովքեր ներքին կասկածներ ունեն»:

Բռց.՝ «նա կկանգնի, թե կընկնի»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «Աստծու դատավորական աթոռի»:

Բռց.՝ «նրա համար այն անմաքուր կլինի»:

Կամ հնարավոր է՝ «Աստծու»:

Բռց.՝ «քո ունեցած հավատը»:

Կամ՝ «առանց հավատի»:

Բռց.՝ «հավատ»:

Բռց.՝ «տանենք»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «սովորեցնել»:

Բառարանում տես «Սրբեր»:

Բռց.՝ «պտուղը»:

Կամ՝ «ինչպես որ Տիրոջ սրբերը պետք է ընդունեն մարդուն»: Բառարանում տես «Սրբեր»:

Բռց.՝ «պաշտպան է եղել»:

Հայտնի է նաև որպես Պրիսկիղա:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «Սուրբ»:

Կամ՝ «փորի»:

Կամ՝ «տնտեսը»:

Տես հավելված Ա3:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը