Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Գործեր 1 ։ 1–28 ։ 31
  • Գործեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գործեր
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Գործեր

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ

1 Ո՛վ Թեոֆիլոս, առաջին գրքում ես գրեցի այն ամենի մասին, ինչ Հիսուսն անում ու սովորեցնում էր+ 2 մինչև այն օրը, երբ իր ընտրած առաքյալներին սուրբ ոգու միջոցով հրահանգներ տալուց+ հետո երկինք բարձրացավ:+ 3 Տառապանքներ կրելուց հետո նա հիմնավոր ապացույցներով փաստեց, որ ողջ է:+ Նա 40 օրերի ընթացքում երևաց նրանց և խոսեց Աստծու թագավորության մասին:+ 4 Մի անգամ, երբ Հիսուսը նրանց հետ էր, պատվիրեց. «Մի՛ հեռացեք Երուսաղեմից,+ այլ սպասեք Հոր խոստացածին,+ ինչի մասին ես ձեզ ասել եմ: 5 Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մի քանի օրից սուրբ ոգով եք մկրտվելու»:+

6 Երբ նրանք կրկին հավաքվել էին, հարցրին նրան. «Տե՛ր, Իսրայելի թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»:+ 7 Նա պատասխանեց. «Կարիք չկա, որ իմանաք ժամանակները կամ ժամանակահատվածները, որոնք Հոր իշխանության տակ են:*+ 8 Բայց երբ սուրբ ոգին իջնի ձեզ վրա, դուք զորություն կստանաք+ և իմ վկաները կլինեք+ Երուսաղեմում,+ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում+ և ողջ աշխարհում»:*+ 9 Այս բաներն ասելուց հետո նրանք տեսան, թե նա ինչպես սկսեց համբարձվել: Եվ ահա մի ամպ ծածկեց Հիսուսին, ու նրանք այլևս չկարողացան տեսնել նրան:+ 10 Մինչ իրենց աչքերը դեպի երկինք էին հառել, երբ նա համբարձվում էր, սպիտակ հագուստով+ երկու տղամարդ հայտնվեցին նրանց կողքին 11 ու ասացին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկնքին: Հիսուսը, որը երկինք բարձրացավ, վերադառնալու է այն նույն ձևով, ինչպես որ տեսաք նրան համբարձվելիս»:

12 Դրանից հետո նրանք Ձիթենյաց կոչվող լեռից վերադարձան Երուսաղեմ:+ (Այդ լեռից Երուսաղեմ ընկած հեռավորությունն այնքան է, որքան թույլատրվում է անցնել Շաբաթ օրը):* 13 Տեղ հասնելով՝ նրանք բարձրացան վերնասենյակ, որտեղ մնում էին: Նրանք էին Պետրոսն ու Հովհաննեսը, Հակոբոսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոնը, որին «նախանձախնդիր» էին կոչում, և Հակոբոսի որդի Հուդան:+ 14 Նրանք բոլորը միասին հավաքվում էին և անդադար աղոթում. նրանց հետ էին նաև մի քանի կանայք,+ Հիսուսի եղբայրներն ու նրա մայրը՝ Մարիամը:+

15 Մի օր Պետրոսը կանգնեց եղբայրների առաջ (հավաքվածների թիվը մոտ 120 էր) ու ասաց. 16 «Եղբայրնե՛ր, պետք է կատարվե՛ր այն, ինչ սուրբ ոգին Դավթի միջոցով մարգարեացել էր Հուդայի մասին,+ որն ուղեկցեց Հիսուսին ձերբակալողներին.+ 17 նա մեզանից մեկն էր+ և մեզ հետ ծառայում էր: 18 (Չարագործության դիմաց ստացած վարձով+ այս մարդը մի արտ գնեց: Նա գլխիվայր ընկավ, նրա որովայնը պատռվեց, և փորոտիքը դուրս թափվեց:+ 19 Այդ մասին իմացան Երուսաղեմի բոլոր բնակիչները, և այդ արտը իրենց լեզվով Ակելդամա կոչվեց, այսինքն՝ արյան արտ): 20 «Սաղմոսներ» գրքում գրված է. «Թող նրա բնակության վայրը ամայի դառնա, թող այնտեղ բնակվող չլինի»+ և «Նրա պատասխանատվությունը* թող ուրիշը ստանձնի»:+ 21 Ուրեմն անհրաժեշտ է, որ նրա փոխարեն ընտրվի մեկն այն մարդկանցից, ովքեր մեզ հետ են եղել Տեր Հիսուսի ամբողջ ծառայության ընթացքում՝ 22 սկսած այն օրից, երբ Հովհաննեսը մկրտեց նրան,+ մինչև այն օրը, երբ նա երկինք համբարձվեց:+ Այդ մարդը մեզ հետ պետք է վկայի Հիսուսի հարության մասին»:+

23 Ուստի նրանք առաջադրեցին երկուսին՝ Բարսաբա կոչվող Հովսեփին, որին նաև Հուստոս էին կոչում, և Մատաթիային: 24 Հետո նրանք աղոթեցին. «Ո՛վ Եհովա,* դու գիտես բոլորի սրտերը,+ ուստի ցույց տուր, թե այս երկուսից որ մեկին ես ընտրել 25 առաքելական ծառայության համար, որը Հուդան թողեց, որպեսզի իր ճամփով գնա»:+ 26 Ապա նրանք վիճակ* գցեցին:+ Վիճակն ընկավ Մատաթիային, և նա միացավ 11 առաքյալներին:

2 Պենտեկոստեի տոնի+ ժամանակ աշակերտները հավաքված էին մեկտեղ: 2 Հանկարծ երկնքից սաստիկ հողմի ձայնի նման աղմուկ լսվեց, որով լցվեց ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին:+ 3 Նրանց երևացին կրակե լեզուների պես բաներ, որոնք բաժանվեցին իրարից, և նրանցից յուրաքանչյուրի վրա մի լեզու իջավ: 4 Բոլորը սուրբ ոգով լցվեցին+ ու ոգու զորության շնորհիվ սկսեցին տարբեր լեզուներով խոսել:+

5 Այդ ժամանակ Երուսաղեմում տարբեր երկրներից աստվածավախ հրեաներ կային:+ 6 Երբ այդ աղմուկը լսվեց, մի բազմություն հավաքվեց: Բոլորը շփոթության մեջ ընկան, որովհետև յուրաքանչյուրը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին աշակերտները խոսում: 7 Նրանք ապշահար ասում էին. «Չէ՞ որ այս մարդիկ գալիլեացիներ են:+ 8 Այդ ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր իսկ մայրենի լեզուն: 9 Մենք պարթևներ ենք, մարեր,+ էլամացիներ,+ Միջագետքի, Հրեաստանի, Կապադովկիայի, Պոնտոսի, Ասիայի,*+ 10 Փռյուգիայի, Պամփյուլիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Լիբիայի՝ Կյուրենիայի մոտ գտնվող շրջանների բնակիչներ, Հռոմից եկած թե՛ հրեաներ, թե՛ պրոզելիտներ,*+ 11 կրետացիներ ու արաբիացիներ և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծամեծ գործերի մասին են խոսում»: 12 Բոլորը ապշահար ու շփոթված հարցնում էին իրար. «Սա ի՞նչ է նշանակում»: 13 Սակայն ոմանք ծաղրանքով ասում էին. «Գինի* են խմել ու հարբել»:

14 Բայց Պետրոսը 11 առաքյալների+ հետ առաջ եկավ ու բարձրաձայն ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում: 15 Այս մարդիկ ամենևին էլ հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, որովհետև մոտավորապես ժամը ինն է:* 16 Ձեր աչքերի առաջ Հովել մարգարեի այս խոսքերն են կատարվում. 17 «Վերջին օրերում,– ասում է Աստված,– ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարդկանց վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, իսկ ձեր տարեցները՝ երազներ:+ 18 Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա, և նրանք կմարգարեանան:+ 19 Ես հրաշքներ կանեմ վերևում՝ երկնքում, և նշաններ ցույց կտամ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն, կրակ ու ծխի ամպեր: 20 Նախքան Եհովայի* մեծ ու փառահեղ օրվա գալը արևը խավարի մեջ կընկղմվի, իսկ լուսինը՝ արյան: 21 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»:+

22 Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Աստված նազարեթցի Հիսուսի միջոցով ձեր մեջ նշաններ, զարմանահրաշ գործեր և հրաշքներ արեց, ինչը դուք ինքներդ էլ գիտեք, և այդպիսով ցույց տվեց, որ ինքն է ուղարկել նրան:+ 23 Այդ մարդուն, որը ձեր ձեռքը մատնվեց Աստծու որոշմամբ ու կանխագիտությամբ,+ դուք անօրենների ձեռքով սյանը գամեցիք ու սպանեցիք:+ 24 Բայց Աստված հարություն տվեց նրան՝+ ազատելով մահվան իշխանությունից,* որովհետև անհնար էր, որ մահը պահեր նրան իր ճիրաններում:+ 25 Դավիթը նրա մասին ասում է. «Եհովային միշտ իմ մտքում* եմ պահում: Նա իմ աջ կողմում է, որպեսզի ես երբեք չսասանվեմ: 26 Դրա համար սիրտս ուրախանում է, և շուրթերս ցնծությամբ են խոսում: Ես կապրեմ հույսով,* 27 որովհետև դու ինձ* չես թողնի գերեզմանում.* դու թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի:*+ 28 Դու սովորեցրիր ինձ կյանքի ճանապարհները: Քո ներկայությամբ ինձ ուրախությամբ կլցնես»:+

29 Եղբայրնե՛ր, ուղիղ խոսեմ ձեզ հետ. Դավիթ նահապետը մահացավ ու թաղվեց,+ և նրա գերեզմանը մինչ օրս էլ կա: 30 Նա մարգարե էր և գիտեր, որ Աստված երդվել էր, որ իր սերնդից* մեկին կնստեցնի իր գահին:+ 31 Ուստի նախապես իմանալով Քրիստոսի հարության մասին՝ նա ասաց, որ Աստված նրան չթողեց գերեզմանում,* ու նրա մարմինը չապականվեց:+ 32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, ինչի վկաներն ենք բոլորս:+ 33 Նա բարձրացվեց ու նստեց Աստծու աջ կողմը+ և Հորից ստանալով խոստացված սուրբ ոգին՝ թափեց այն մեզ վրա:+ Եվ հենց դա եք դուք հիմա տեսնում ու լսում: 34 Դավիթը չի բարձրացել երկինք, բայց նա ասել է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, 35 մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»»:+ 36 Ուստի թող ողջ Իսրայելը հաստատ իմանա, որ Աստված Հիսուսին,+ որին դուք սյանը գամեցիք,+ և՛ Տեր, և՛ Քրիստոս դարձրեց»:

37 Երբ սա լսեցին, նրանք իրենց սրտի խորքում մեծ ցավ զգացին ու հարցրին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Եղբայրնե՛ր, ի՞նչ անենք»: 38 Պետրոսը պատասխանեց. «Զղջացեք,+ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի+ Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի ձեր մեղքերը ներվեն,+ և դուք պարգև կստանաք՝ սուրբ ոգին: 39 Այս խոստումը+ ձեզ և ձեր երեխաներին է տրված, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հեռու են, և ում մեր Աստված Եհովան իր մոտ է կանչելու»:+ 40 Ուրիշ շատ բաներ ասելով՝ Պետրոսը հիմնովին վկայություն տվեց, ապա հորդորեց. «Փրկվե՛ք այս ապականված սերնդից»:+ 41 Ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին.+ այդ օրը մոտ 3 000 հոգի ավելացավ աշակերտների թվին:+ 42 Նրանք շարունակ ջանադրաբար սովորում էին առաքյալներից, միասին ժամանակ էին անցկացնում,* հաց էին ուտում+ և աղոթում:+

43 Բոլորը Աստծու հանդեպ ակնածանքով* էին լցված. առաքյալները շատ հրաշքներ ու զորավոր գործեր էին անում:+ 44 Նրանք, ովքեր հավատացյալներ դարձան, միասին էին, և իրենց ողջ ունեցածը ընդհանուր էր: 45 Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն+ ու մնացած ունեցվածքը և փողը բաժանում էին բոլորին՝ ըստ յուրաքանչյուրի կարիքի:+ 46 Աշակերտները ամեն օր միասին հավաքվում էին տաճարում, միմյանց տներում ճաշում էին՝ մեծ ուրախությամբ ու սրտանց կիսելով իրենց ուտելիքը, 47 և գովաբանում Աստծուն: Նրանք վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը: Եվ Եհովան օրեցօր ավելացնում էր փրկվողների թիվը:+

3 Մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսը աղոթքի ժամին՝ մոտավորապես երեքին,* գնում էին տաճար: 2 Այդ ժամանակ մի մարդու բերեցին, որն ի ծնե կաղ էր: Ամեն օր նրան թողնում էին տաճարի այն դարպասի մոտ, որը Գեղեցիկ էր կոչվում, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրի: 3 Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, սկսեց ողորմություն խնդրել նրանցից: 4 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին նրան, ու Պետրոսն ասաց. «Մե՛զ նայիր»: 5 Նա էլ իր հայացքը հառեց նրանց՝ ակնկալելով, որ ինչ-որ բան կտան: 6 Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, այն եմ տալիս. նազարեթցի Հիսուս Քրիստոսի անունով վե՛ր կաց ու քայլի՛ր»:+ 7 Ապա բռնեց նրա աջ ձեռքն ու բարձրացրեց նրան:+ Հենց այդ պահին նրա ոտքերն ամրացան,+ 8 և նա ցատկելով կանգնեց+ ու սկսեց քայլել: Հետո նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, թռչկոտելով ու Աստծուն գովաբանելով: 9 Բոլորը տեսան, որ նա քայլում է ու գովաբանում Աստծուն, 10 և ճանաչեցին, որ նա տաճարի՝ Գեղեցիկ կոչվող դարպասի մոտ նստող մուրացկանն էր:+ Նրանք շատ զարմացան ու ապշեցին տեղի ունեցածի պատճառով:

11 Այս մարդը Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը ապշահար վազեց նրանց մոտ՝ դեպի Սողոմոնի սյունասրահ կոչվող վայրը:+ 12 Սա տեսնելով՝ Պետրոսը ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, ինչո՞ւ եք զարմանում և այնպես նայում մեզ, ասես մեր իսկ զորության կամ Աստծու հանդեպ մեր նվիրվածության շնորհիվ նա քայլեց: 13 Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝+ մեր նախահայրերի Աստվածը, փառավորեց իր Ծառային՝+ Հիսուսին,+ որին դուք մահվան մատնեցիք+ և ուրացաք Պիղատոսի առաջ, չնայած որ վերջինս որոշել էր ազատ արձակել նրան: 14 Այո՛, դուք ուրացաք նրան, ով սուրբ էր ու արդար, և խնդրեցիք, որ ազատ արձակվի մի մարդասպան:+ 15 Դուք սպանեցիք կյանք պարգևող գլխավոր Առաջնորդին,+ բայց Աստված հարություն տվեց նրան, ինչի վկաներն ենք մենք:+ 16 Հիսուսի անվան ու դրա հանդեպ մեր հավատի շնորհիվ է, որ այս մարդու ոտքերն ամրացան: Հիսուսի հանդեպ մեր հավատի շնորհի՛վ այս մարդը, որին դուք տեսնում ու ճանաչում եք, առողջացավ ձեր աչքի առաջ: 17 Եղբայրնե՛ր, գիտեմ, որ դուք անգիտությամբ վարվեցիք,+ ինչպես և ձեր առաջնորդները:+ 18 Բայց այդպիսով Աստված կատարեց այն, ինչ նախօրոք իր բոլոր մարգարեների միջոցով հայտնել էր. իր Քրիստոսը պետք է չարչարվեր:+

19 Ուրեմն զղջացե՛ք+ և դարձի՛ եկեք,+ որ ձեր մեղքերը ջնջվեն,+ որ Եհովան* թարմություն* տա ձեզ 20 և ուղարկի ձեզ համար նշանակված Քրիստոսին՝ Հիսուսին: 21 Նա պետք է մնա երկնքում, մինչև որ գան բոլոր բաների վերականգնման ժամանակները, ինչի մասին Աստված ասել է հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով: 22 Մովսեսն ասել է. «Ձեր Աստված Եհովան ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ:+ Դուք պետք է լսեք նրան, ինչ էլ որ ասի ձեզ:+ 23 Եվ յուրաքանչյուր ոք,* ով չլսի այդ Մարգարեին, կբնաջնջվի Աստծու ժողովրդի միջից»:+ 24 Բոլոր մարգարեները, սկսած Սամուելից, նույնպես հստակ կերպով հայտնել են այս օրերի մասին:+ 25 Դուք մարգարեների որդիներն եք և ժառանգները այն ուխտի,* որն Աստված կապեց ձեր նախահայրերի հետ,+ երբ Աբրահամին ասաց. «Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն»:+ 26 Աստված իր Ծառային նախ ձեզ մոտ ուղարկեց,+ որպեսզի օրհնի ձեզ՝ օգնելով ամեն մեկիդ վերջ տալ ձեր չար գործերին»:

4 Մինչ Պետրոսն ու Հովհաննեսը խոսում էին ժողովրդի հետ, ավագ քահանաները, տաճարի վերահսկիչն ու սադուկեցիները+ մոտեցան նրանց: 2 Նրանք զայրացած էին, որովհետև առաքյալները ուսուցանում էին ժողովրդին և բացահայտ հռչակում էին Հիսուսի հարության մասին:*+ 3 Ուստի նրանց ձերբակալեցին ու բանտում պահեցին+ մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկո էր: 4 Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և այդ մարդկանց թիվը շուրջ 5 000-ի հասավ:+

5 Հաջորդ օրը Երուսաղեմում հավաքվեցին ժողովրդի ղեկավարները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները,* 6 նաև ավագ քահանա Հաննան,+ Կայիափան,+ Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և ավագ քահանայի բոլոր ազգականները: 7 Նրանք Պետրոսին ու Հովհաննեսին կանգնեցրին իրենց մեջտեղը և հարցրին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դա»: 8 Այդ ժամանակ Պետրոսը, սուրբ ոգով լցված,+ ասաց.

«Ո՛վ ժողովրդի ղեկավարներ ու երեցներ, 9 եթե մեզ այսօր հարցաքննում եք այն պատճառով, որ մի հաշմանդամ մարդու համար բարի գործ ենք կատարել,+ և ուզում եք իմանալ, թե ով առողջացրեց այս մարդուն, 10 ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ողջ ժողովրդին, որ այս մարդը առողջացավ նազարեթցի Հիսուս Քրիստոսի անունով,+ որին դուք սյանը գամեցիք,+ բայց որին Աստված հարություն տվեց:+ Այո՛, հենց Հիսուսի շնորհիվ է նա կանգնած ձեր առաջ: 11 Հիսուսն է «այն քարը, որին դուք՝ շինարարներդ, արհամարհեցիք, բայց որը դարձավ գլխավոր անկյունաքարը»:*+ 12 Եվ նրանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող փրկել մեզ,+ որովհետև երկնքի տակ՝ մարդկանց մեջ, չկա մեկ ուրիշ անուն, որի շնորհիվ կարող ենք փրկվել»:+

13 Տեսնելով Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը ու հասկանալով, որ անուսում* և հասարակ մարդիկ են՝+ նրանք զարմանում էին: Բայց հետո գլխի ընկան, որ այս մարդիկ Հիսուսի հետ են եղել:+ 14 Նրանք նայում էին բուժված մարդուն, որը կանգնած էր նրանց հետ,+ ու ոչինչ չէին կարողանում ասել ի պատասխան:+ 15 Ուստի նրանց հրամայեցին Սինեդրիոնի* դահլիճից դուրս գալ ու սկսեցին խորհրդակցել իրար հետ. 16 «Ի՞նչ անենք այս մարդկանց.+ չէ՞ որ իրականում նրանք հրաշք են գործել, որը հայտնի է դարձել Երուսաղեմի բոլոր բնակիչներին,+ իսկ մենք չենք կարող ժխտել դա: 17 Որպեսզի ժողովրդի մեջ այս լուրը ավելի շատ չտարածվի, եկեք սպառնանք նրանց և հրամայենք, որ այլևս ոչ ոքի հետ այդ մարդու անունով չխոսեն»:+

18 Ապա առաքյալներին կանչեցին և հրամայեցին, որ մի բառ անգամ չխոսեն ու չսովորեցնեն Հիսուսի անունով: 19 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին նրանց. «Ինքներդ դատեք. Աստծու տեսանկյունից ո՞րն է ճիշտ՝ ձե՞զ հնազանդվել, թե՞ իրեն: 20 Ուստի մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին»:+ 21 Նրանք մեկ անգամ էլ սպառնացին առաքյալներին, ինչից հետո ազատ արձակեցին, քանի որ նրանց պատժելու հիմք չգտան: Բացի այդ՝ ժողովրդից էլ էին վախենում,+ որովհետև բոլորը տեղի ունեցածի համար փառաբանում էին Աստծուն: 22 Այդ մարդը, որը հրաշքով բուժվել էր, 40-ն անց էր:

23 Ազատ արձակվելուց հետո առաքյալները գնացին հավատակիցների մոտ և պատմեցին այն ամենը, ինչ ավագ քահանաներն ու երեցները ասել էին իրենց: 24 Նրանց պատմածը լսելով՝ բոլորը միասնաբար աղոթեցին Աստծուն.

«Գերիշխա՛ն Տեր, դու ես ստեղծել երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան:+ 25 Սուրբ ոգու միջոցով դու մեր նախահայր Դավթի՝ քո ծառայի շուրթերով ասել ես.+ «Ազգերն ինչո՞ւ իրարանցման մեջ ընկան, և ժողովուրդները փուչ բաների մասին խորհեցին: 26 Երկրի թագավորները վեր կացան, ղեկավարները համախմբվեցին և Եհովայի* ու նրա օծյալի* դեմ դուրս եկան»:+ 27 Հերովդեսն ու Պոնտացի Պիղատոսը+ այլազգի մարդկանց և Իսրայելի ժողովրդի հետ այս քաղաքում համախմբվել են քո սուրբ ծառա Հիսուսի դեմ, որին դու օծել ես,+ 28 որպեսզի անեն այն, ինչ քո զորությամբ* ու կամքով կանխորոշել էիր:+ 29 Եվ հիմա, ո՛վ Եհովա, լսիր նրանց սպառնալիքները և օգնիր ծառաներիդ, որ համարձակությամբ քարոզեն քո խոսքը: 30 Թող քո ձեռքը շարունակի բուժել, և թող քո սուրբ ծառա Հիսուսի անունով+ զորավոր գործեր ու հրաշքներ կատարվեն»:+

31 Նրանց աղերսագին աղոթքից հետո այն տունը, որտեղ հավաքվել էին, ցնցվեց, ու բոլորը սուրբ ոգով լցվեցին,+ ինչից հետո սկսեցին համարձակությամբ Աստծու խոսքը քարոզել:+

32 Հավատացյալների բազմությունը միաբանված էր,* և մեկն անգամ չէր ասում, թե իր ունեցածը իր սեփականն է. նրանց ողջ ունեցածը ընդհանուր էր:+ 33 Առաքյալները շարունակում էին արդյունավետորեն քարոզել Տեր Հիսուսի հարության մասին,+ և Աստված իր անզուգական բարությամբ առատորեն օրհնում էր նրանց: 34 Նրանց մեջ կարիքավոր մարդ չկար,+ որովհետև բոլորը, ովքեր ագարակներ ու տներ ունեին, վաճառում էին դրանք և փողը բերում 35 ու տալիս էին առաքյալներին,+ իսկ նրանք այն բաշխում էին բոլորին՝ ըստ յուրաքանչյուրի կարիքի:+ 36 Հովսեփը, որը ղևտացի էր ու ծագումով՝ Կիպրոսից, և որին առաքյալները նաև կոչում էին Բառնաբաս+ (թարգմանաբար նշանակում է «մխիթարության որդի»), 37 մի հողակտոր ուներ, որը վաճառեց և փողը տվեց առաքյալներին:+

5 Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սաֆիրայի հետ նույնպես մի արտ վաճառեց: 2 Սակայն նա փողի միայն մի մասը տվեց առաքյալներին, իսկ մնացածը թաքուն իր մոտ պահեց, ինչի մասին կինն էլ գիտեր:+ 3 Բայց Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ Սատանան դրդի քեզ ստել+ սուրբ ոգուն+ և արտի փողի մի մասը թաքցնել: 4 Մի՞թե նախքան վաճառելը այն քոնը չէր, և մի՞թե վաճառելուց հետո փողը քո տնօրինության տակ չէր: Ինչպե՞ս մտքովդ անցավ նման բան անել: Դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»: 5 Այս խոսքերը լսելով՝ Անանիան վայր ընկավ ու մահացավ: Բոլոր նրանք, ովքեր իմացան այս մասին, անչափ վախեցան: 6 Մի քանի երիտասարդներ մոտեցան, կտորներով փաթաթեցին նրան, դուրս տարան ու թաղեցին:

7 Մոտ երեք ժամ հետո նրա կինը, որը չգիտեր պատահածի մասին, ներս մտավ: 8 Պետրոսը հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, այսինչ գնո՞վ վաճառեցիք արտը»: Նա էլ պատասխանեց. «Այո՛, այդ գնով»: 9 Պետրոսն ասաց. «Ինչո՞ւ իրար հետ պայմանավորվեցիք փորձել Եհովայի* ոգին: Ահա քո ամուսնուն թաղած մարդիկ դռան մոտ են. նրանք քեզ էլ դուրս կտանեն»: 10 Հենց այդ պահին Սաֆիրան ընկավ նրա ոտքերի մոտ ու մահացավ: Երբ երիտասարդները ներս մտան ու տեսան, որ նա մեռած է, նրան դուրս տարան և ամուսնու մոտ թաղեցին: 11 Ամբողջ ժողովը և բոլոր նրանք, ովքեր լսեցին այս մասին, շատ վախեցան:

12 Առաքյալները շարունակում էին շատ հրաշքներ ու զորավոր գործեր անել ժողովրդի մեջ+ և միասին հավաքվում էին Սողոմոնի սյունասրահում:+ 13 Ու թեև ուրիշ ոչ ոք չէր համարձակվում միանալ նրանց, սակայն ժողովուրդը մեծ հարգանքով էր խոսում նրանց մասին: 14 Տիրոջը հավատացող տղամարդկանց ու կանանց թիվը շարունակ ավելանում էր:+ 15 Մարդիկ հիվանդներին հանում էին գլխավոր փողոցներ և մահիճներով ու պատգարակներով դնում էին այնտեղ, որպեսզի երբ Պետրոսն անցնի, գոնե նրա ստվերն ընկնի նրանցից որևէ մեկի վրա:+ 16 Նաև շրջակա քաղաքներից մեծ թվով մարդիկ էին գալիս Երուսաղեմ՝ իրենց հետ բերելով հիվանդների ու չար* ոգիներից տանջվողների, և բոլորը բուժվում էին:

17 Բայց քահանայապետն ու նրա կողմնակիցները, ովքեր սադուկեցիների աղանդից էին, նախանձով լցված՝ 18 առաքյալներին ձերբակալեցին ու բանտ գցեցին:+ 19 Սակայն գիշերը Եհովայի հրեշտակը բանտի դռները բացեց,+ նրանց դուրս բերեց ու ասաց. 20 «Գնացե՛ք տաճար և շարունակեք պատմել ժողովրդին կյանքի մասին»: 21 Այս խոսքերին հնազանդվելով՝ նրանք լուսաբացին մտան տաճար ու սկսեցին ուսուցանել:

Երբ քահանայապետը և նրա կողմնակիցները միասին հավաքվեցին, կանչեցին Սինեդրիոնն ու Իսրայելի երեցների ամբողջ խորհուրդը և ապա պահապաններին ուղարկեցին բանտ, որ առաքյալներին բերեն: 22 Բայց երբ պահապանները տեղ հասան, տեսան, որ առաքյալներն այնտեղ չեն, ուստի հետ դարձան և տեղեկացրին. 23 «Բանտի դռներն ամուր փակված էին, և բանտապահները՝ դրանց մոտ կանգնած, բայց երբ բացեցինք դռները, ներսում ոչ ոք չկար»: 24 Երբ տաճարի վերահսկիչն ու ավագ քահանաները լսեցին այս խոսքերը, շփոթվեցին՝ չիմանալով, թե սրա վերջն ինչ է լինելու: 25 Սակայն մի մարդ եկավ ու ասաց. «Այն մարդիկ, որոնց դուք բանտ էիք գցել, տաճարում սովորեցնում են ժողովրդին»: 26 Այդ ժամանակ տաճարի վերահսկիչը և պահապանները գնացին ու բերեցին նրանց, սակայն բռնություն չգործադրեցին, քանի որ վախենում էին, որ ժողովուրդը կքարկոծի իրենց:+

27 Առաքյալներին բերեցին ու կանգնեցրին Սինեդրիոնի առաջ, և քահանայապետը հարցաքննեց նրանց 28 ու ասաց. «Մենք ձեզ խստիվ պատվիրեցինք չսովորեցնել այս անունով,+ մինչդեռ դուք Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով և որոշել եք այդ մարդու մահվան համար մեզ մեղադրել»:+ 29 Պետրոսն ու մյուս առաքյալները պատասխանեցին. «Մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք,* ոչ թե մարդկանց:+ 30 Մեր նախահայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք, սյանը* գամելով, սպանեցիք:+ 31 Աստված նրան՝ որպես գլխավոր Առաջնորդի+ ու Փրկչի,+ բարձրացրեց ու իր աջ կողմը նստեցրեց,+ որ Իսրայելը կարողանա զղջալ ու մեղքերի ներում ստանալ:+ 32 Այս բաների վկաներն ենք մենք:+ Վկա է նաև սուրբ ոգին,+ որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»:

33 Երբ նրանք լսեցին այս խոսքերը, կատաղությամբ լցվեցին և ուզում էին սպանել նրանց: 34 Բայց Գամաղիել+ անունով մի փարիսեցի՝ Օրենքի ուսուցիչ,* որը հարգված էր ժողովրդի կողմից, վեր կացավ Սինեդրիոնում և հրամայեց, որ այդ մարդկանց կարճ ժամանակով դուրս տանեն: 35 Ապա ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, լա՛վ մտածեք նախքան այս մարդկանց ինչ-որ բան անելը: 36 Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Թևդասը վեր կացավ՝ ասելով, թե ինքը երևելի մեկն է, և մեծ թվով մարդիկ՝ մոտ 400 հոգի, նրա շարժմանը միացան: Բայց նա սպանվեց, և նրա բոլոր հետևորդները ցրվեցին, ու նրանց ծրագրերը խափանվեցին: 37 Նրանից հետո՝ մարդահամարի օրերում, գալիլեացի Հուդան վեր կացավ և մի խումբ մարդկանց իր հետևից տարավ: Սակայն այս մարդն էլ սպանվեց, ու նրա բոլոր հետևորդները ցիրուցան եղան: 38 Ուստի ասում եմ ձեզ. գործ չունեք այս մարդկանց հետ, հանգի՛ստ թողեք նրանց: Որովհետև եթե այս ծրագիրը կամ գործը մարդկանցից է, կխափանվի, 39 բայց եթե Աստծուց է, չեք կարողանա խափանել:+ Հնարավոր է անգամ Աստծու դեմ կռվողներ լինեք»:+ 40 Նրանք լսեցին նրա խորհուրդը: Ապա առաքյալներին կանչելով՝ ծեծեցին նրանց,+ հրամայեցին, որ այլևս չխոսեն Հիսուսի անունով, և բաց թողեցին:

41 Առաքյալները հեռացան Սինեդրիոնից՝ ուրախանալով,+ որ արժանի եղան Հիսուսի անվան համար անարգվելու: 42 Նրանք ամեն օր տաճարում և տնից տուն+ շարունակում էին ուսուցանել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել:+

6 Աշակերտների թիվը օրեցօր մեծանում էր: Այդ օրերին հունախոս հրեաները սկսեցին բողոքել եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիները մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ անտեսվում էին:+ 2 Ուստի 12 առաքյալներն իրենց մոտ կանչեցին բոլոր աշակերտներին ու ասացին. «Ճիշտ չի լինի, որ դադարենք Աստծու խոսքը ուսուցանել և սկսենք մթերք բաժանել:+ 3 Ուրեմն, եղբայրնե՛ր, ձեր միջից ոգով և իմաստությամբ լի՝+ բարի համբավ ունեցող յոթ մարդ ընտրեք,+ որպեսզի նրանց հանձնարարենք այս կարևոր գործը:+ 4 Իսկ մենք մեզ ամբողջությամբ կտրամադրենք աղոթքին և Աստծու խոսքն ուսուցանելուն»: 5 Առաքյալների ասածը բոլորին դուր եկավ, և նրանք ընտրեցին Ստեփանոսին, որը սուրբ ոգով լցված և մեծ հավատի տեր մարդ էր, Փիլիպոսին,+ Պրոքորոսին, Նիկանորին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքցի Նիկողայոսին, որը պրոզելիտ* էր: 6 Նրանց բերեցին առաքյալների մոտ, որոնք էլ աղոթելուց հետո իրենց ձեռքերը նրանց վրա դրեցին:+

7 Աստծու խոսքը շարունակում էր տարածվել,+ ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ մեծանում էր+: Եվ բազմաթիվ քահանաներ ընդունեցին հավատը:+

8 Ստեփանոսը, որին Աստված զորություն էր տվել, և որն ուներ նրա հավանությունը, հրաշքներ ու զորավոր գործեր էր անում ժողովրդի մեջ: 9 Բայց «Ազատագրվածների ժողովարան» կոչվող խմբից մի քանիսը, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի, Կիլիկիայի և Ասիայի բնակիչներից ոմանք սկսեցին վիճաբանել նրա հետ: 10 Սակայն նրանք չէին կարողանում հակառակվել Ստեփանոսի իմաստությանը և սուրբ ոգուն, որը մղում էր նրան խոսելու:+ 11 Ուստի գաղտնի համոզեցին մարդկանց, որ ասեն. «Մենք լսել ենք, թե նա ինչպես է անարգական խոսքեր ասում Մովսեսի և Աստծու հասցեին»: 12 Եվ ժողովրդին, երեցներին և Օրենքի ուսուցիչներին* հրահրեցին նրա դեմ ու հանկարծակի նրա վրա հասնելով՝ բռնի ուժով տարան Սինեդրիոն: 13 Նրանք կեղծ վկաներ բերեցին, որոնք ասացին. «Այս մարդը չի դադարում սուրբ վայրի և Օրենքի դեմ խոսելուց: 14 Մենք լսել ենք, որ ասում էր, թե նազարեթցի Հիսուսը քանդելու է այս վայրը և փոխելու է այն սովորույթները, որոնք Մովսեսը փոխանցել է մեզ»:

15 Սինեդրիոնում բոլոր ներկաները նայեցին նրան ու տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է:*

7 Իսկ քահանայապետը հարցրեց. «Ինչ որ ասում են, ճի՞շտ է»: 2 Ստեփանոսն էլ պատասխանեց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսե՛ք: Երբ մեր նախահայր Աբրահամը Միջագետքում էր ու դեռ բնակություն չէր հաստատել Խառանում,+ փառքի Աստվածը հայտնվեց նրան 3 և ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ»:+ 4 Ուստի նա դուրս եկավ քաղդեացիների երկրից ու բնակվեց Խառանում: Իսկ նրա հոր մահից հետո+ Աստված փոխեց նրա բնակության վայրը՝ առաջնորդելով նրան այս երկիր, որտեղ դուք հիմա բնակվում եք:+ 5 Այդ ժամանակ նա ոչ մի ժառանգություն չտվեց նրան, նույնիսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ, որ այս տարածքը որպես սեփականություն կտա նրան ու նրա սերունդներին,+ թեև նա դեռ երեխա չուներ: 6 Աստված ասաց, որ նրա սերունդները պանդուխտ են լինելու օտար երկրում, և այնտեղի ժողովուրդը նրանց ստրկացնելու է ու 400 տարի չարչարելու:+ 7 «Նրանց ստրկացրած ազգին ես դատելու եմ,+– ասաց Աստված,– և դրանից հետո նրանք դուրս են գալու այնտեղից ու այս վայրում սուրբ ծառայություն են մատուցելու ինձ»:+

8 Աստված նաև նրա հետ թլփատության ուխտը կապեց:+ Երբ Աբրահամը ունեցավ Իսահակին,+ ութերորդ օրը թլփատեց նրան:+ Իսահակը ունեցավ Հակոբին, Հակոբն էլ՝ 12 որդիներին,* որոնք ցեղապետներ* դարձան: 9 Հովսեփի եղբայրները, նախանձից դրդված,+ վաճառեցին նրան, ու նա տարվեց Եգիպտոս:+ Բայց Աստված նրա հետ էր+ 10 ու ազատեց նրան բոլոր նեղություններից: Նա իմաստություն տվեց նրան և այնպես արեց, որ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի հաճությունն ունենա: Փարավոնը նրան նշանակեց Եգիպտոսի ու իր պալատի կառավարիչ:+ 11 Հետո ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով սկսվեց՝ մեծ նեղություն. մեր նախահայրերը ուտելու բան չունեին:+ 12 Հակոբը լսեց, որ Եգիպտոսում սնունդ* կա, և մեր նախահայրերին առաջին անգամ ուղարկեց այնտեղ:+ 13 Երբ Հովսեփի եղբայրները երկրորդ անգամ եկան, նա հայտնեց նրանց իր ով լինելը, և փարավոնը իմացավ Հովսեփի ընտանիքի մասին:+ 14 Հովսեփը կանչել տվեց իր հայր Հակոբին և իր բոլոր ազգականներին՝+ ընդհանուր հաշվով՝ 75 հոգու:+ 15 Հակոբը գնաց Եգիպտոս+ և այնտեղ էլ մահացավ:+ Մահացան նաև մեր նախահայրերը:+ 16 Նրանց ոսկորները տեղափոխեցին Սյուքեմ ու թաղեցին այն գերեզմանում, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից:+

17 Մոտենում էր այն ժամանակը, երբ Աստված իրականացնելու էր Աբրահամին տված իր խոստումը: Ժողովրդի թիվը Եգիպտոսում շարունակում էր խիստ ավելանալ: 18 Եգիպտոսում սկսեց իշխել մեկ ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում:+ 19 Նա նենգաբար վարվեց մեր ժողովրդի հետ և ստիպեց մեր հայրերին թողնել իրենց նորածիններին, որպեսզի մահվան մատնվեն:+ 20 Հենց այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն անչափ գեղեցիկ էր:* Երեք ամիս նրան իր հոր տանը հոգ տարան:+ 21 Բայց երբ նրան ստիպված եղան թողնել,+ փարավոնի դուստրը վերցրեց նրան ու մեծացրեց իր հարազատ որդու պես:+ 22 Մովսեսը սովորեց եգիպտացիների ողջ իմաստությունը, և նրա խոսքերն ու գործերը զորավոր էին:+

23 Երբ նա 40 տարեկան դարձավ, որոշեց գնալ ու տեսնել, թե ինչպես են ապրում իր եղբայրները՝ իսրայելացիները:+ 24 Եվ երբ տեսավ, որ մի եգիպտացի անարդարացիորեն է վարվում նրանցից մեկի հետ, պաշտպանեց վերջինիս և սպանեց եգիպտացուն՝ նրա վրեժն առնելով: 25 Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր միջոցով փրկում է նրանց, բայց նրանք չհասկացան: 26 Հաջորդ օրը նա եկավ նրանց մոտ ու տեսավ, որ երկու հոգի կռիվ են անում: Փորձելով հաշտեցնել նրանց՝ նա ասաց. «Ախր դուք եղբայրներ եք: Ինչո՞ւ եք կռվում»: 27 Բայց իր ընկերոջը ծեծողը հրեց նրան՝ ասելով. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել մեզ վրա: 28 Չլինի՞ թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես երեկ այն եգիպտացուն սպանեցիր»: 29 Այս խոսքերը լսելով՝ Մովսեսը փախավ ու բնակվեց Մադիանում, որտեղ էլ ծնվեցին նրա երկու որդիները:+

30 Քառասուն տարի անց անապատում՝ Սինա լեռան մոտ, նրան մի հրեշտակ հայտնվեց այրվող փշաթփի բոցի մեջ:+ 31 Մովսեսը զարմացավ այդ տեսարանի վրա, ու երբ մոտենում էր նայելու, լսեց Եհովայի* ձայնը. 32 «Ես եմ քո նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»:+ Մովսեսը, դողով բռնված, այլևս չհամարձակվեց նայել: 33 Եհովան ասաց նրան. «Հանի՛ր սանդալներդ, որովհետև սուրբ հողի վրա ես կանգնած: 34 Ես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրա հառաչանքը+ ու իջա, որ ազատեմ: Հիմա ես քեզ կուղարկեմ Եգիպտոս»: 35 Ժողովուրդը ուրացավ Մովսեսին՝ ասելով. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել»:+ Բայց հենց նրա՛ն Աստված փշաթփի մեջ հայտնված հրեշտակի միջոցով ուղարկեց,+ որ լինի իշխան և ազատարար: 36 Նա դուրս բերեց նրանց՝+ հրաշքներ ու զորավոր գործեր անելով Եգիպտոսում,+ Կարմիր ծովի մոտ+ և 40 տարի՝ անապատում:+

37 Մովսեսն էր, որ իսրայելացիներին ասաց. «Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ»:+ 38 Նա էր անապատում Իսրայելի ժողովրդի՝ մեր նախահայրերի հետ: Նրա՛ հետ Սինա լեռան վրա խոսեց+ հրեշտակը,+ և նա՛ ստացավ կենդանի սուրբ խոսքերը, որպեսզի մեզ տա:+ 39 Մեր նախահայրերը չցանկացան հնազանդվել Մովսեսին ու մերժեցին նրան+ և սրտով վերադարձան Եգիպտոս:+ 40 Նրանք Ահարոնին ասացին. «Մեզ համար աստվածներ շինիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այդ Մովսեսին, որը հանեց մեզ Եգիպտոսից»:+ 41 Նրանք մի հորթ շինեցին և զոհ մատուցեցին այդ կուռքին, դրա պատվին տոն կազմակերպեցին ու սկսեցին զվարճանալ:+ 42 Ուստի Աստված երես թեքեց նրանցից ու թույլ տվեց, որ պաշտեն երկնքի զորքին,*+ ինչպես որ ասվում է մարգարեների գրվածքներում. «Ո՛վ Իսրայել, 40 տարիների ընթացքում, երբ անապատում էիր, մի՞թե ինձ էիր զոհեր ու ընծաներ մատուցում: 43 Ո՛չ, դու Մողոքի խորանն+ ու Հռեմփա աստծու աստղի քանդակն էիր քեզ հետ տանում՝ այն կուռքերը, որոնք շինեցիր դրանց պաշտելու համար: Այդ պատճառով ես քեզ Բաբելոն կաքսորեմ»:+

44 Մեր նախահայրերը անապատում վկայության խորանն ունեին, որը Աստված Մովսեսին պատվիրել էր պատրաստել՝ նրա տեսած օրինակի համաձայն:+ 45 Մեր նախահայրերը ժառանգեցին խորանը և Հեսուի հետ այն բերեցին մի երկիր,+ որտեղ ապրող ազգերին Աստված քշեց նրանց առաջից:+ Այնտեղ էլ այն մնաց մինչև Դավթի օրերը: 46 Դավիթն Աստծու բարեհաճությանն արժանացավ և խնդրեց, որ իրեն պատիվ ընձեռվի Հակոբի Աստծու համար բնակվելու տեղ կառուցել:+ 47 Սակայն Նրա համար Սողոմո՛նը տուն կառուցեց:+ 48 Բայց Բարձրյալը ձեռակերտ տներում չի բնակվում,+ ինչպես որ մարգարեն է ասել. 49 «Երկինքն իմ գահն է,+ և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը:+ Այդ ի՞նչ տուն պիտի կառուցեք ինձ համար,– ասում է Եհովան:– Կամ որտե՞ղ է իմ բնակության վայրը: 50 Մի՞թե իմ ձեռքով չի ստեղծվել այս ամենը»:+

51 Համա՛ռ, փա՛կ սրտով և լսելու անընդունա՛կ* մարդիկ, դուք միշտ հակառակվում եք սուրբ ոգուն. ինչպես ձեր նախահայրերն արեցին, այնպես էլ դուք եք անում:+ 52 Մարգարեներից ո՞ր մեկին ձեր նախահայրերը չհալածեցին:+ Նրանք սպանեցին այն մարդկանց, ովքեր նախապես հայտնեցին արդարի գալու մասին,+ որին դուք մատնեցիք ու սպանեցիք,+ 53 դո՛ւք, որ ստացաք հրեշտակների միջոցով փոխանցված Օրենքը,+ բայց չպահեցիք այն»:

54 Այս խոսքերը լսելով՝ նրանք կատաղեցին ու սկսեցին կրճտացնել իրենց ատամները: 55 Բայց Ստեփանոսը, սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և տեսավ Աստծու փառքը, նաև Հիսուսին, որը կանգնած էր Աստծու աջ կողմում,+ 56 ապա ասաց. «Ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն՝+ Աստծու աջ կողմում կանգնած»:+ 57 Իսկ նրանք ձեռքերով փակեցին իրենց ականջները և ողջ ձայնով բղավելով՝ բոլորը միասին հարձակվեցին նրա վրա: 58 Հետո նրան քաղաքից դուրս հանեցին և սկսեցին քարկոծել:+ Իսկ կեղծ վկաները+ իրենց վերնահագուստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի մոտ:+ 59 Երբ Ստեփանոսին քարկոծում էին, նա աղերսեց. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ կյանքը»:* 60 Ապա ծնկի գալով՝ աղաղակեց. «Եհո՛վա, այս մեղքի համար հաշիվ մի՛ պահանջիր նրանցից»:+ Սա ասելուց հետո նա մահացավ:*

8 Սողոսը նույնպես կողմ էր Ստեփանոսի սպանությանը:+

Այդ օրվանից Երուսաղեմի ժողովի դեմ մեծ հալածանք սկսվեց, և բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ:+ 2 Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին տարան թաղեցին և շատ սգացին նրա համար: 3 Իսկ Սողոսը սկսեց դաժանորեն հալածել ժողովը: Նա ներխուժում էր տները, տղամարդկանց ու կանանց դուրս քաշում և բանտարկել էր տալիս:+

4 Սակայն ովքեր ցիրուցան էին եղել, շրջում էին այդ տեղանքներում և հռչակում էին բարի լուրը՝ Աստծու խոսքը:+ 5 Փիլիպոսը գնաց Սամարիա*+ և սկսեց Քրիստոսի մասին քարոզել: 6 Բազմաթիվ մարդիկ, լսելով Փիլիպոսին ու տեսնելով նրա արած զարմանահրաշ գործերը, մեծ ուշադրություն էին դարձնում նրա ասածներին: 7 Շատերի միջից չար* ոգիները բարձրաձայն աղաղակում և դուրս էին գալիս:+ Նաև կաղ ու անդամալույծ շատ մարդիկ բուժվում էին: 8 Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն էր տիրում:

9 Սամարիայում Սիմոն անունով մի մարդ էր ապրում, որը զբաղվում էր մոգությամբ: Նա զարմացնում էր սամարացիներին և ասում, որ ինքը զորավոր մարդ է: 10 Բոլորը՝ թե՛ հասարակ և թե՛ անվանի մարդիկ,* լսում էին նրան ու ասում. «Այս մարդը Աստծու՝ Մեծ կոչվող զորությունն է»: 11 Նրան լսում էին, քանի որ երկար ժամանակ իր մոգությամբ զարմացնում էր նրանց: 12 Բայց երբ հավատացին Փիլիպոսին, որը Աստծու թագավորության և Հիսուս Քրիստոսի անվան մասին բարի լուրն էր քարոզում,+ մկրտվեցին՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:+ 13 Սիմոնն ինքն էլ հավատացյալ դարձավ: Մկրտվելուց հետո նա Փիլիպոսի+ հետ էր շրջում և ապշում էր՝ տեսնելով նրա արած հրաշքներն ու զորավոր գործերը:

14 Երբ Երուսաղեմում եղող առաքյալները լսեցին, որ Սամարիայի բնակիչներն ընդունել են Աստծու խոսքը,+ Պետրոսին ու Հովհաննեսին նրանց մոտ ուղարկեցին: 15 Նրանք էլ գնացին այնտեղ և աղոթեցին, որ սամարացիները սուրբ ոգի ստանան:+ 16 Վերջիններս մկրտվել էին Տեր Հիսուսի անունով, բայց նրանցից դեռ ոչ մեկի վրա այն չէր իջել:+ 17 Պետրոսն ու Հովհաննեսը իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա,+ և նրանք սուրբ ոգի ստացան:

18 Սիմոնը, տեսնելով, որ մարդիկ սուրբ ոգի են ստանում, երբ առաքյալները իրենց ձեռքերը դնում են նրանց վրա, առաքյալներին փող առաջարկեց՝ 19 ասելով. «Ինձ էլ տվեք այդ իշխանությունը, որ ում վրա ձեռքերս դնեմ, սուրբ ոգի ստանա»: 20 Բայց Պետրոսն ասաց նրան. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր, թե կարող ես Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել:+ 21 Դու ոչ մի մասնակցություն չես կարող ունենալ այս գործում, որովհետև Աստված տեսնում է, որ քո սիրտը անկեղծ չէ: 22 Ուրեմն զղջա քո այդ վատ մտքերի համար և աղաչիր Եհովային,* որ, եթե հնարավոր է, չար մտադրությունդ ներվի, 23 քանի որ տեսնում եմ, որ դառը թույն* ես ու անարդարության ստրուկ»: 24 Սիմոնն էլ պատասխանեց. «Աղաչեք ինձ համար Եհովային, որպեսզի ձեր ասածներից ոչ մեկը չպատահի ինձ»:

25 Հիմնովին վկայություն տալուց ու Եհովայի խոսքը քարոզելուց հետո նրանք վերադարձան Երուսաղեմ՝ ճանապարհին բարի լուրը հռչակելով սամարական շատ գյուղերում:+

26 Եհովայի հրեշտակը+ պատվիրեց Փիլիպոսին. «Վե՛ր կաց ու գնա՛ դեպի հարավ այն ճանապարհով, որը Երուսաղեմից իջնում է Գազա»: (Սա անապատային ճանապարհ է): 27 Փիլիպոսն էլ վեր կացավ ու գնաց: Նա հանդիպեց եթովպացի մի պալատականի,* որը կանդակի՝* եթովպացիների թագուհու բարձրաստիճան պաշտոնյաներից էր՝ նրա գանձապահը: Նա գնացել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու,+ 28 և հետ դառնալիս, իր կառքում նստած, բարձրաձայն կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը: 29 Ոգին ասաց Փիլիպոսին. «Հասի՛ր այդ կառքին»: 30 Փիլիպոսն էլ հասավ կառքին և դրա կողքով վազելիս լսեց, որ պալատականը բարձրաձայն կարդում է Եսայիա մարգարեի գիրքը, ու հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»: 31 Նա ասաց. «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե մեկը չբացատրի ինձ»: Եվ Փիլիպոսին հրավիրեց, որ կառք բարձրանա ու իր մոտ նստի: 32 Գրքի այն հատվածը, որը նա կարդում էր, սա էր. «Ինչպես մի ոչխար, նա մորթվելու բերվեց, և նա չի բացում իր բերանը, ինչպես մի գառ, որը ձայն չի հանում իրեն խուզողի առաջ:+ 33 Նրան նվաստացրին և անարդարացիորեն դատապարտեցին:+ Ո՞վ կպատմի նրա ծագման մասին. չէ՞ որ երկրի վրա նրա կյանքին վերջ է դրվել»:+

34 Պալատականն ասաց Փիլիպոսին. «Խնդրում եմ, ասա ինձ՝ մարգարեն ո՞ւմ մասին է խոսում՝ ի՞ր մասին, թե՞ մեկ ուրիշի»: 35 Եվ գրքի այդ հատվածից սկսելով՝ Փիլիպոսը քարոզեց նրան Հիսուսի մասին բարի լուրը: 36 Մի փոքր ճանապարհ անցնելուց հետո նրանք հասան մի տեղ, որտեղ ջուր կար, և պալատականն ասաց. «Ահա և ջուր, ի՞նչն է ինձ խանգարում մկրտվել»: 37 ....* 38 Նա հրամայեց կանգնեցնել կառքը: Պալատականը Փիլիպոսի հետ մտավ ջուրը, և Փիլիպոսը մկրտեց նրան: 39 Երբ նրանք ջրից դուրս եկան, Եհովայի ոգին Փիլիպոսին իսկույն տարավ այնտեղից, և պալատականն այլևս չտեսավ նրան: Նա ուրախ շարունակեց իր ճանապարհը: 40 Իսկ Փիլիպոսը հայտնվեց Ազոտոսում: Նա այդ տարածքում բարի լուրն էր հռչակում բոլոր քաղաքներում, մինչև որ հասավ Կեսարիա:+

9 Սողոսը, որը դեռ ատելությամբ էր լցված և ցանկանում էր սպանել Տիրոջ աշակերտներին,+ գնաց քահանայապետի մոտ 2 և նրանից նամակներ խնդրեց՝ ուղղված Դամասկոսի ժողովարաններին, որպեսզի ցանկացած մեկի, ով հետևում է Ճանապարհին՝*+ տղամարդ թե կին, կապի և Երուսաղեմ բերի:

3 Երբ Սողոսը մոտենում էր Դամասկոսին, հանկարծ երկնքից մի լույս փայլատակեց նրա վրա:+ 4 Նա գետին ընկավ ու մի ձայն լսեց. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»: 5 Նա հարցրեց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Նա էլ պատասխանեց. «Ես Հիսուսն եմ,+ որին դու հալածում ես:+ 6 Վե՛ր կաց ու գնա՛ քաղաք, և քեզ կասվի, թե ինչ պիտի անես»: 7 Նրա հետ ճամփորդող մարդիկ պապանձված կանգնած էին. նրանք ինչ-որ ձայն էին լսում, սակայն ոչ ոքի չէին տեսնում:+ 8 Սողոսը վեր կացավ, ու թեև նրա աչքերը բաց էին, նա ոչինչ չէր տեսնում: Ուստի նրան, ձեռքից բռնած, ուղեկցեցին Դամասկոս: 9 Երեք օր նա ոչինչ չէր տեսնում+ և ո՛չ ուտում էր, ո՛չ էլ խմում:

10 Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար:+ Տեսիլքում Տերը նրան ասաց. «Անա՛նիա»: Նա էլ ասաց. «Այո՛, Տե՛ր»: 11 Տերն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛ Ուղիղ կոչվող փողոց՝ Հուդայի տուն, և այնտեղ հարցրու Սողոս անունով մի տարսոնացու:+ Հիմա նա աղոթում է: 12 Տեսիլքում նա Անանիա անունով մի մարդու է տեսել, որը մտել է ու ձեռքերը իր վրա դրել, որպեսզի տեսողությունը վերականգնվի»:+ 13 Սակայն Անանիան պատասխանեց. «Տե՛ր, այդ մարդու մասին ես շատերից եմ լսել. լսել եմ, որ բազմաթիվ վնասներ է պատճառել քո սրբերին* Երուսաղեմում: 14 Նա ավագ քահանաներից իշխանություն է ստացել այստեղ էլ ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կանչում են քո անունը»:+ 15 Բայց Տերն ասաց նրան. «Գնա՛, որովհետև ես ընտրել եմ այդ մարդուն,*+ որ նա իմ անունը հայտնի մյուս ազգերին,+ ինչպես նաև թագավորներին+ ու իսրայելացիներին: 16 Նրան ցույց եմ տալու, թե ինչքան չարչարանքներ պիտի կրի իմ անվան համար»:+

17 Ուստի Անանիան գնաց ու մտավ այդ տունը և ձեռքերը նրա վրա դնելով՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը, որ քեզ երևաց այն ճանապարհին, որով գալիս էիր, ինձ ուղարկեց, որպեսզի կրկին կարողանաս տեսնել և սուրբ ոգով լցվես»:+ 18 Հենց այդ պահին Սողոսի աչքերից թեփուկի նման ինչ-որ բաներ ընկան, և նա սկսեց տեսնել: Նա մկրտվեց, 19 ապա հաց կերավ ու զորացավ:

Մի քանի օր նա Դամասկոսում աշակերտների հետ մնաց:+ 20 Նա անմիջապես սկսեց ժողովարաններում քարոզել, որ Հիսուսն է Աստծու Որդին: 21 Իսկ նրան լսողները զարմանում էին ու ասում. «Սա այն մարդը չէ՞, որ Երուսաղեմում կատաղի հալածում էր նրանց, ովքեր այդ անունն են կանչում,+ և հիմա եկել է այստեղ, որ նրանց ձերբակալի ու ավագ քահանաների մոտ տանի»:+ 22 Բայց Սողոսը ավելի ու ավելի արդյունավետորեն էր քարոզում և տրամաբանորեն ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը՝ պապանձեցնում էր Դամասկոսի հրեաներին:+

23 Որոշ ժամանակ անց հրեաները դավադրություն ծրագրեցին Սողոսի դեմ, որ սպանեն նրան:+ 24 Սակայն Սողոսը իմացավ նրանց դավադրության մասին: Ու քանի որ նրանք գիշեր-ցերեկ ուշադիր հսկում էին դարպասները, որպեսզի սպանեին Սողոսին, 25 նրա աշակերտները գիշերը զամբյուղով պարսպի պատուհանից ցած իջեցրին նրան:+

26 Երբ նա Երուսաղեմ եկավ,+ շատ ջանքեր գործադրեց, որ միանա աշակերտներին, սակայն բոլորը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, որ նա աշակերտ է դարձել: 27 Բայց Բառնաբասը+ նրան օգնության եկավ: Նա Սողոսին տարավ առաքյալների մոտ և նրանց մանրամասնորեն պատմեց, թե նա ինչպես էր ճանապարհին տեսել Տիրոջը,+ որը խոսել էր նրա հետ, և թե ինչպես էր Դամասկոսում համարձակորեն խոսել Հիսուսի անունով:+ 28 Ուստի Սողոսը մնաց նրանց հետ և շրջում էր Երուսաղեմում՝ քաջությամբ խոսելով Տիրոջ անունով: 29 Նա զրուցում ու բանավիճում էր հունախոս հրեաների հետ: Նրանք փորձեր արեցին սպանել նրան,+ 30 բայց երբ եղբայրներն իմացան այդ մասին, նրան տարան Կեսարիա, իսկ հետո ուղարկեցին Տարսոն:+

31 Այնուհետև ամբողջ Հրեաստանի, Գալիլեայի ու Սամարիայի ժողովների+ համար խաղաղ ժամանակներ եկան: Ժողովներն ամրանում էին, և աշակերտների թիվն ավելանում էր, քանի որ նրանք ապրում էին Եհովայի հանդեպ վախով* և սուրբ ոգու միջոցով մխիթարություն էին ստանում:+

32 Պետրոսը, երբ ճամփորդում էր ողջ շրջանով, գնաց նաև Լիդդայում ապրող սրբերի մոտ:+ 33 Այնտեղ նա Ենեաս անունով մի մարդու տեսավ, որը անդամալույծ էր և ութ տարի էր, ինչ գամված էր անկողնուն: 34 Պետրոսն ասաց նրան. «Ենեա՛ս, Հիսուս Քրիստոսը բուժում է քեզ:+ Վե՛ր կաց և հարդարի՛ր անկողինդ»:+ Եվ նա իսկույն վեր կացավ: 35 Երբ Լիդդայում ու Սարոնի հարթավայրում բնակվողները տեսան նրան, հավատացին Տիրոջը:

36 Մի աշակերտ կար Հոպպեում՝ Տաբիթա անունով, որը հունարեն թարգմանվում է Դորկաս:* Նա բազմաթիվ բարի գործեր էր անում և առատաձեռնորեն օգնում էր աղքատներին: 37 Բայց այնպես պատահեց, որ հենց այդ օրերին նա հիվանդացավ ու մահացավ: Ուստի նրան լողացրին ու պառկեցրին վերնասենյակում: 38 Քանի որ Լիդդան մոտ էր Հոպպեին, երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսը այնտեղ է, երկու հոգու ուղարկեցին նրա մոտ, որ ասեն. «Խնդրում ենք, շուտ մեզ մոտ արի»: 39 Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ: Երբ նա տեղ հասավ, նրան ուղեկցեցին վերնասենյակ: Բոլոր այրիները հավաքվեցին նրա մոտ: Նրանք լաց լինելով ցույց էին տալիս այն վերնազգեստներն ու հագուստները, որոնք Դորկասը պատրաստել էր: 40 Պետրոսը խնդրեց, որ բոլորը դուրս գան,+ ապա ծնկի եկավ, աղոթեց ու շրջվելով դեպի մահացածը՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»: Նա բացեց աչքերը և տեսնելով Պետրոսին՝ վեր կացավ նստեց:+ 41 Իր ձեռքը տալով՝ Պետրոսը օգնեց նրան կանգնել, ապա կանչեց սրբերին, այդ թվում՝ այրիներին, և նրանք տեսան, որ նա ողջ է:+ 42 Այս դեպքը հայտնի դարձավ ամբողջ Հոպպեում, և շատերը հավատացին Տիրոջը:+ 43 Պետրոսը որոշ ժամանակ մնաց Հոպպեում՝ Սիմոն անունով մի կաշեգործի մոտ:+

10 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, որն «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետներից էր: 2 Նա և իր տան բոլոր անդամները բարեպաշտ և աստվածավախ մարդիկ էին: Նա բարի գործեր էր անում աղքատների համար ու միշտ աղոթում էր Աստծուն: 3 Ցերեկվա ժամը մոտ երեքին*+ տեսիլքում նա պարզ տեսավ Աստծու հրեշտակի, որը ներս մտավ ու ասաց. «Կոռնելիո՛ս»: 4 Նա էլ վախեցած նրան նայեց ու ասաց. «Այո՛, Տե՛ր»: Հրեշտակը պատասխանեց. «Աստծուն հաճելի եղան քո աղոթքները, և նա տեսավ աղքատների համար քո արած բարի գործերը:+ 5 Այժմ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոն անունով այն մարդուն, որին Պետրոս են կոչում: 6 Նրան հյուրընկալել է կաշեգործ Սիմոնը, որի տունը ծովի մոտ է»: 7 Երբ նրա հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց իր ծառաներից երկուսին և իր սպասավորներից մի բարեպաշտ զինվորի, 8 ամեն ինչ պատմեց նրանց և ուղարկեց Հոպպե:

9 Հաջորդ օրը, երբ նրանք մոտենում էին քաղաքին, ցերեկվա մոտ ժամը 12-ին* Պետրոսը տանիք բարձրացավ աղոթելու: 10 Բայց նա ուժեղ քաղց զգաց և ուտել ուզեց: Մինչ կերակուրը պատրաստում էին, նրան տեսիլք տրվեց:+ 11 Նա տեսավ երկինքը բացված և կտավե մեծ կտորի պես մի բան,* որը, չորս ծայրերից կախված, իջնում էր երկրի վրա: 12 Դրա մեջ կային ամեն տեսակի չորքոտանի կենդանիներ, սողուններ ու երկնքի թռչուններ: 13 Հետո մի ձայն լսեց. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: 14 Բայց Պետրոսն ասաց. «Ոչ մի դեպքում, Տե՛ր: Ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»:+ 15 Եվ երկրորդ անգամ այդ ձայնը լսեց, որն ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր»: 16 Նույնը եղավ նաև երրորդ անգամ, և այն անմիջապես երկինք բարձրացվեց:

17 Պետրոսը մեծ շփոթության մեջ էր. մտածում էր, թե այդ տեսիլքը ինչ կարող է նշանակել: Այդ ժամանակ Կոռնելիոսի կողմից ուղարկված մարդիկ, Սիմոնի տան մասին հարցուփորձ անելով, եկան կանգնեցին դարպասի մոտ:+ 18 Նրանք ձայն տվեցին ու հարցրին, թե Սիմոնը, որին Պետրոս են կոչում, այդտե՞ղ է հյուրընկալվել: 19 Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, երբ ոգին+ ասաց. «Երեք հոգի քեզ է փնտրում: 20 Իջի՛ր և առանց երկմտելու նրանց հետ գնա, որովհետև ես եմ ուղարկել նրանց»: 21 Պետրոսն էլ այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ձեր փնտրած մարդը ես եմ: Ի՞նչ հարցով եք եկել այստեղ»: 22 Նրանք ասացին. «Հարյուրապետ Կոռնելիոսը,+ որը արդար ու աստվածավախ մարդ է և ամբողջ հրեա ազգի մեջ լավ համբավ ունի, սուրբ հրեշտակի միջոցով Աստծուց հրահանգ ստացավ մարդ ուղարկել քեզ մոտ, որ դու իր տուն գաս, և որ ինքը լսի այն, ինչ ասելու ես»: 23 Այդ ժամանակ Պետրոսը ներս հրավիրեց նրանց և հյուրընկալեց:

Հաջորդ օրը նա վեր կացավ ու գնաց նրանց հետ: Հոպպեում բնակվող եղբայրներից ոմանք նրա հետ գնացին: 24 Մյուս օրը նա հասավ Կեսարիա: Կոռնելիոսն անշուշտ սպասում էր նրանց. նա կանչել էր իր ազգականներին ու մտերիմ ընկերներին: 25 Երբ Պետրոսը եկավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով՝ խոնարհվեց նրա առաջ: 26 Բայց Պետրոսը բարձրացրեց նրան՝ ասելով. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»:+ 27 Կոռնելիոսի հետ խոսելով՝ նա տուն մտավ ու տեսավ, որ շատ մարդ է հավաքվել: 28 Պետրոսն ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, որ հրեաներին արգելվում է շփվել օտարազգիների հետ կամ նրանց տուն գնալ:+ Բայց Աստված ցույց տվեց ինձ, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր համարեմ:+ 29 Դրա համար էլ, երբ իմ հետևից մարդ ուղարկվեց, ես առանց հակառակվելու եկա: Հիմա ասեք, թե ինչու եք կանչել ինձ»:

30 Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ՝ մոտավորապես այս ժամին՝ ժամը երեքին,* երբ տանը աղոթում էի, փայլուն հագուստով մի մարդ կանգնեց իմ առաջ 31 ու ասաց. «Աստծուն հաճելի եղան քո աղոթքները, և նա տեսավ աղքատների համար քո արած բարի գործերը: 32 Այժմ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում: Նա հյուրընկալվում է կաշեգործ Սիմոնի տանը, որը ծովի մոտ է»:+ 33 Ես էլ անմիջապես մարդ ուղարկեցի քո հետևից, և ի՜նչ լավ է, որ եկար: Հիմա մենք բոլորս, Աստծու առաջ կանգնած, պատրաստ ենք լսելու այն ամենը, ինչ Եհովան* քեզ պատվիրել է ասել»:

34 Այդ ժամանակ Պետրոսն ասաց. «Հիմա իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ,+ 35 և ցանկացած ազգի պատկանող մարդ, ով վախենում է նրանից ու ճիշտն է անում, հաճելի է նրան:+ 36 Նա իսրայելացիներին հայտնեց խաղաղության մասին բարի լուրը, խաղաղություն,+ որը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը:+ 37 Դուք գիտեք, թե Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո ինչի մասին խոսվեց ամբողջ Հրեաստանով մեկ՝ սկսած Գալիլեայից.+ 38 այն մասին, որ Աստված սուրբ ոգով օծեց նազարեթցի Հիսուսին+ ու զորություն տվեց նրան, և որ նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով Բանսարկուի կողմից կեղեքվածներին:+ Նա կարողանում էր անել այդ ամենը, որովհետև Աստված նրա հետ էր:+ 39 Մենք վկա եղանք այն ամենին, ինչ նա արեց Երուսաղեմում և հրեաների ողջ երկրում, իսկ նրանք, սյանը* գամելով, սպանեցին նրան: 40 Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց+ և թույլ տվեց, որ նրան տեսնեն, 41 բայց ոչ թե բոլոր մարդիկ, այլ միայն Աստծու կողմից նախապես որոշված վկաները՝ մենք, որ նրա հարություն առնելուց հետո կերանք ու խմեցինք նրա հետ:+ 42 Նա նաև պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք ու հիմնովին վկայություն տանք+ այն մասին, որ ինքն է Աստծու կողմից նշանակված՝ ողջերի ու մահացածների դատավորը:+ 43 Բոլոր մարգարեները վկայում են նրա մասին՝+ ասելով, որ նրան հավատացող յուրաքանչյուր մարդ մեղքերի ներում կստանա նրա անվան միջոցով»:+

44 Մինչ Պետրոսը խոսում էր, սուրբ ոգին իջավ խոսքը* լսողների վրա:+ 45 Թլփատված հավատացյալները, որոնք եկել էին Պետրոսի հետ, ապշեցին, քանի որ Աստծու պարգևը՝ սուրբ ոգին, թափվում էր նաև այլազգի մարդկանց վրա: 46 Նրանք լսում էին, թե վերջիններս ինչպես են տարբեր լեզուներով խոսում և Աստծուն մեծարում:+ Այդ ժամանակ Պետրոսն ասաց. 47 «Ո՞վ կարող է արգելել, որ այս մարդիկ, ովքեր մեզ նման ստացան սուրբ ոգին, ջրում մկրտվեն»:+ 48 Եվ նրանց պատվիրեց, որ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեն:+ Հետո նրանք խնդրեցին, որ մի քանի օր այնտեղ մնա:

11 Հրեաստանում գտնվող եղբայրներն ու առաքյալները լսեցին, որ այլազգի մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը: 2 Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության կողմնակիցները+ սկսեցին քննադատել նրան՝* 3 ասելով. «Դու մտել ես անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց ես կերել»: 4 Պետրոսն էլ սկսեց մանրամասնորեն պատմել ամեն բան.

5 «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. կտավե մեծ կտորի պես մի բան,* չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից և հասավ մինչև ինձ:+ 6 Ես ուշադիր դրա մեջ նայեցի ու տեսա չորքոտանի կենդանիներ, գազաններ, սողուններ ու երկնքի թռչուններ: 7 Նաև մի ձայն լսեցի. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: 8 Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան բերանս չեմ առել»: 9 Երկնքից երկրորդ անգամ լսեցի այդ ձայնը, որն ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր»: 10 Նույնը եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ երկինք բարձրացվեց: 11 Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք մնում էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել:+ 12 Ոգին ինձ ասաց, որ առանց երկմտելու նրանց հետ գնամ: Այս վեց եղբայրները նույնպես եկան ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն:

13 Նա մեզ պատմեց, որ իր տանը տեսել է մի հրեշտակի, որն ասել է. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում,+ 14 և նա քեզ կպատմի, թե դու և քո ընտանիքը ինչպես կարող եք փրկվել»: 15 Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ սկզբում մեզ վրա էր իջել:+ 16 Եվ ես հիշեցի Տիրոջ խոսքերը. «Հովհաննեսը ջրով մկրտեց,+ բայց դուք սուրբ ոգով եք մկրտվելու»:+ 17 Ուրեմն եթե Աստված այն պարգևը, որը տվել էր մեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներիս, տվեց նաև նրանց, ո՞վ էի ես, որ խանգարեի Աստծուն»:+

18 Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին Պետրոսի հետ և փառաբանեցին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց նույնպես զղջալու հնարավորություն է տվել, որպեսզի կյանք ստանան»:+

19 Նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը+ հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել և հասել էին մինչև Փյունիկիա, Կիպրոս և Անտիոք, քարոզում էին միայն հրեաներին:+ 20 Այնուամենայնիվ, Կիպրոսից և Կյուրենիայից ոմանք եկան Անտիոք ու սկսեցին Տեր Հիսուսի մասին բարի լուրը քարոզել հունախոսներին: 21 Եհովան* նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը և նրա հետևորդները դարձան:+

22 Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմի ժողովին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք: 23 Երբ նա եկավ ու տեսավ, թե Աստված ինչպես է անզուգական բարություն դրսևորել աշակերտների հանդեպ, ուրախացավ: Բառնաբասը սկսեց քաջալերել բոլորին, որ շարունակեն ամբողջ սրտով նվիրված մնալ Տիրոջը,+ 24 քանի որ բարի մարդ էր, մեծ հավատ ուներ և լցված էր սուրբ ոգով: Եվ մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը:+ 25 Հետո նա գնաց Տարսոն, որպեսզի Սողոսին փնտրի,+ 26 ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք: Մի ամբողջ տարի նրանք աշակերտների հետ հավաքվում էին ժողովում և ուսուցանում էին շատերին: Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները Աստծու կամքով քրիստոնյաներ կոչվեցին:+

27 Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ եկան Անտիոք: 28 Նրանցից մեկը, որի անունը Ագաբոս էր,+ ոգու ուղղորդմամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ողջ երկրում,+ ինչը եղավ Կլավդիոսի օրերում: 29 Ուստի աշակերտները որոշեցին օգնություն ուղարկել+ Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով:+ 30 Նրանք այդպես էլ արեցին. Բառնաբասի ու Սողոսի միջոցով այն ուղարկեցին երեցներին:+

12 Այդ օրերին Հերովդես թագավորը ժողովից մի քանիսին սկսեց հալածել:+ 2 Նա սրով սպանեց+ Հակոբոսին՝+ Հովհաննեսի եղբորը: 3 Տեսնելով, որ դա հրեաներին դուր եկավ՝ նա ձերբակալեց Պետրոսին: (Անթթխմոր հացերի տոնի օրերն էին):+ 4 Պետրոսին բռնելուց և բանտ նետելուց+ հետո Հերովդեսը հրամայեց, որ չորսական զինվոր չորս հերթափոխով հսկեն նրան, որովհետև մտադիր էր Պասեքից հետո նրան ժողովրդի առաջ բերել:* 5 Պետրոսը բանտում էր, իսկ ժողովը նրա համար ջերմեռանդորեն աղոթում էր Աստծուն:+

6 Հաջորդ օրը Հերովդեսը պատրաստվում էր դուրս բերել նրան: Սակայն գիշերը, երբ Պետրոսը, երկու զինվորներին շղթաներով կապված, քնած էր նրանց մեջտեղում, իսկ պահապանները դռան առաջ բանտն էին հսկում, 7 Եհովայի* հրեշտակը հայտնվեց, և բանտախցում լույս շողաց:+ Նա Պետրոսի կողը բոթելով՝ արթնացրեց նրան ու ասաց՝ «Շո՛ւտ արա, վե՛ր կաց», և շղթաներն ընկան նրա ձեռքերից:+ 8 Հրեշտակն ասաց. «Հագնվի՛ր* ու սանդալներդ հագի՛ր»: Պետրոսն այդպես էլ արեց: Ապա հրեշտակն ավելացրեց. «Հագի՛ր վերնահագուստդ և արի՛ իմ հետևից»: 9 Պետրոսը դուրս եկավ ու գնաց նրա հետևից, բայց չգիտեր, որ այն, ինչ հրեշտակն անում էր, իրականություն է: Նա կարծում էր, թե տեսիլք է տեսնում: 10 Անցնելով առաջին պահակակետը և ապա՝ երկրորդը՝ նրանք հասան երկաթե դարպասին, որը քաղաք էր տանում. այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ: Նրանք դուրս եկան մի փողոց, և փոքր-ինչ քայլելուց հետո հրեշտակն իսկույն հեռացավ: 11 Երբ Պետրոսը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, ասաց. «Հիմա հաստատ գիտեմ, որ Եհովան իր հրեշտակին ուղարկեց ու փրկեց ինձ Հերովդեսի ձեռքից և թույլ չտվեց, որ ինձ պատահի այն, ինչ հրեաներն ակնկալում էին»:+

12 Դրանից հետո նա գնաց Մարիամի տուն, որը Մարկոս կոչվող Հովհաննեսի+ մայրն էր: Այնտեղ շատ աշակերտներ հավաքվել ու աղոթում էին: 13 Երբ Պետրոսը թակեց դարպասը, Ռոդե անունով մի աղախին մոտեցավ իմանալու, թե ով է, 14 և ճանաչելով նրա ձայնը՝ այնքան ուրախացավ, որ դուռը բացելու փոխարեն ներս վազեց ու հավաքվածներին ասաց, որ Պետրոսը կանգնած է դարպասի մոտ: 15 Նրանք ասացին նրան. «Գժվե՞լ ես, ինչ է»: Բայց նա պնդում էր, որ ճիշտ է ասում: Նրանք էլ սկսեցին ասել. «Նրա հրեշտա՛կն է»: 16 Իսկ Պետրոսը, այնտեղ կանգնած, թակում էր դարպասը: Երբ նրանք բացեցին այն, տեսան նրան ու ապշեցին: 17 Բայց նա ձեռքով նշան արեց, որ լուռ մնան, և մանրամասն պատմեց, թե Եհովան ինչպես իրեն դուրս բերեց բանտից, ապա ասաց. «Այս մասին տեղեկացրեք Հակոբոսին+ ու մյուս եղբայրներին»: Հետո դուրս եկավ և ուրիշ տեղ գնաց:

18 Երբ օրը բացվեց, զինվորների մեջ մեծ իրարանցում սկսվեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Պետրոսը: 19 Հերովդեսը փնտրեց նրան, բայց չգտավ: Ապա պահապաններին հարցաքննելուց հետո հրամայեց, որ նրանց պատժեն,+ իսկ ինքը Հրեաստանից գնաց Կեսարիա ու մի որոշ ժամանակ մնաց այնտեղ:

20 Հերովդեսը բարկությամբ էր լցված Տյուրոսի և Սիդոնի բնակիչների հանդեպ: Ուստի նրանք միաբանված եկան թագավորի մոտ և արքունական տան կառավարիչ Բլաստոսին համոզելուց հետո մտան նրա մոտ ու խաղաղություն խնդրեցին, որովհետև թագավորի երկիրն էր իրենց սննդով ապահովում: 21 Որոշված մի օր, երբ ժողովուրդը հավաքված էր, Հերովդեսը թագավորական հագուստով նստեց դատավորական աթոռին ու սկսեց խոսել նրանց առաջ: 22 Իսկ ժողովուրդը գոչում էր. «Սա աստծո՛ւ ձայն է, ոչ թե մարդու»: 23 Հենց այդ պահին Եհովայի հրեշտակը Հերովդեսին հարվածեց հիվանդությամբ, որովհետև նա փառքը Աստծուն չտվեց: Որդերը կերան նրան, ու նա մեռավ:

24 Իսկ Եհովայի խոսքը տարածվում էր, և շատերը հավատացյալներ դարձան:+

25 Բառնաբասն+ ու Սողոսը օգնությունը Երուսաղեմ հասցնելու հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո+ վերադարձան՝ իրենց հետ վերցնելով Հովհաննեսին, որին նաև Մարկոս էին կոչում:+

13 Անտիոքի ժողովում մարգարեներ և ուսուցիչներ կային՝+ Բառնաբասը, Շմավոնը, որը Նիգեր էր կոչվում, կյուրենացի Ղուկիոսը, Մանայենը, որը կրթություն էր ստացել շրջանի կառավարիչ Հերովդեսի* հետ, նաև Սողոսը: 2 Երբ նրանք ծառայություն էին մատուցում Եհովային* և ծոմ էին պահում, սուրբ ոգին ասաց. «Նշանակեք* Բառնաբասին ու Սողոսին,+ որպեսզի կատարեն այն գործը, որի համար նրանց ընտրել եմ»:+ 3 Ուստի ծոմ պահելուց և աղոթելուց հետո նրանք իրենց ձեռքերը դրեցին Բառնաբասի ու Սողոսի վրա և ուղարկեցին:

4 Սուրբ ոգուց ուղարկված այս տղամարդիկ գնացին Սելևկիա, իսկ այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս: 5 Երբ հասան Սալամիս, սկսեցին Աստծու խոսքը քարոզել հրեաների ժողովարաններում: Նրանց հետ գնացել էր նաև Հովհաննեսը՝ որպես օգնական:+

6 Ամբողջ կղզին շրջելով՝ նրանք հասան Պափոս: Այնտեղ հանդիպեցին Բարեհեսու անունով մի հրեայի, որը կախարդ էր և կեղծ մարգարե: 7 Նա ծառայում էր պրոկոնսուլ* Սերգիոս Պողոսին, որը խելացի մարդ էր: Սերգիոս Պողոսն իր մոտ կանչեց Բառնաբասին ու Սողոսին, քանի որ շատ էր ուզում լսել Աստծու խոսքը: 8 Բայց Ելիմասը* (այս անունը նշանակում է կախարդ) սկսեց հակառակվել նրանց, որպեսզի պրոկոնսուլին խանգարի հավատալ Տիրոջը: 9 Սողոսը, որին նաև Պողոս էին կոչում, սուրբ ոգով լցվելով, սևեռուն հայացքով նայեց նրան 10 ու ասաց. «Ո՛վ խաբեությամբ ու չարությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի,+ արդարությա՛ն թշնամի, դեռ ինչքա՞ն պիտի խեղաթյուրես Եհովայի ուղիղ ճանապարհները: 11 Եհովան կպատժի քեզ, և դու կկուրանաս ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»: Այդ պահին նրա աչքերի առաջ մթնեց, և թանձր մշուշ պատեց նրան. նա սկսեց խարխափելով փնտրել ինչ-որ մեկի, ով, ձեռքից բռնած, կուղեկցեր իրեն: 12 Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը հավատաց Տիրոջը, քանի որ անչափ տպավորված էր այն ամենով, ինչ իմացել էր Եհովայի խոսքից:

13 Պողոսն ու նրա ուղեկիցները Պափոսից ծով դուրս ելան ու գնացին Պերգե, որը Պամփյուլիայում է: Բայց Հովհաննեսը+ նրանցից հեռացավ ու վերադարձավ Երուսաղեմ:+ 14 Իսկ նրանք Պերգեից շարունակեցին ճանապարհը և հասան Անտիոք, որը Պիսիդիայում է: Շաբաթ օրը նրանք մտան ժողովարան+ ու նստեցին: 15 Երբ ներկաների առջև ընթերցվեցին Օրենքն+ ու մարգարեների գրվածքները, ժողովարանի պետերը նրանց հաղորդեցին այս խոսքերը. «Եղբայրնե՛ր, եթե քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասեք»: 16 Ուստի Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց.

«Իսրայելացինե՛ր և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց, լսեք: 17 Իսրայելի ժողովրդի Աստվածը ընտրեց մեր նախահայրերին ու Եգիպտոսում եղած ժամանակ, որտեղ նրանք ապրում էին որպես օտարականներ, հզոր ժողովուրդ դարձրեց և զորեղ* բազկով հանեց այնտեղից:+ 18 Նա շուրջ 40 տարի հանդուրժեց նրանց անապատում:+ 19 Քանանում յոթ ազգեր կործանելուց հետո նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց մեր նախահայրերին:+ 20 Այս ամենը եղավ մոտ 450 տարիների ընթացքում:

Դրանից հետո նրանց համար դատավորներ նշանակեց մինչև Սամուել մարգարեի օրերը:+ 21 Բայց հետո նրանք թագավոր պահանջեցին,+ և Աստված նրանց 40 տարով Կիսի որդուն՝ Սավուղին տվեց, որը Բենիամինի ցեղից էր:+ 22 Նրան հեռացնելուց հետո նրանց համար Դավթին թագավոր նշանակեց,+ որի մասին վկայեց՝ ասելով. «Ես ընտրել եմ Հեսսեի որդի Դավթին,+ որն իմ սրտին հաճելի մարդ է:+ Նա կկատարի այն ամենը, ինչ ես կամենում եմ»: 23 Աստված, իր խոստման համաձայն, նրա սերնդից Իսրայելին փրկիչ տվեց՝ Հիսուսին:+ 24 Նախքան նրա գալը Հովհաննեսը Իսրայելի ողջ ժողովրդին հանրորեն քարոզում էր մկրտվել՝ որպես զղջման խորհրդանիշ:+ 25 Հովհաննեսն իր ծառայության վերջին շրջանում ասում էր. «Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ եմ ես: Ես նա չեմ, ում դուք սպասում եք: Սակայն ինձնից հետո գալիս է մեկը, որի սանդալների կապերն անգամ արժանի չեմ արձակելու»:+

26 Եղբայրնե՛ր, Աբրահամի սերունդնե՛ր և դո՛ւք, աստվածավա՛խ մարդիկ, փրկության մասին այս խոսքը մեզ է ուղարկվել:+ 27 Սակայն Երուսաղեմի բնակիչներն ու նրանց առաջնորդները չընդունեցին նրան:* Եվ երբ դատեցին նրան, այդպիսով իրագործեցին մարգարեների խոսքերը,+ որոնք ամեն Շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում են: 28 Թեև նրան մահվան դատապարտելու համար ոչ մի հիմք չգտան,+ սակայն Պիղատոսից պահանջեցին մահապատժի ենթարկել նրան:+ 29 Իսկ երբ նրա մասին գրված բոլոր բաները իրագործեցին, նրան սյունից* իջեցրին և դրեցին գերեզմանի մեջ:+ 30 Բայց Աստված հարություն տվեց նրան,+ 31 և նա շատ օրեր երևաց նրանց, ովքեր իր հետ Գալիլեայից գնացել էին Երուսաղեմ: Նրանք հիմա նրա մասին վկայություն են տալիս ժողովրդին:+

32 Մենք հայտնում ենք ձեզ բարի լուրն այն խոստման մասին, որը մեր նախահայրերին էր տրվել: 33 Աստված նրանց զավակների, այսինքն՝ մեզ համար ամբողջությամբ կատարեց այդ խոստումը՝ հարություն տալով Հիսուսին,+ ինչպես և գրված է երկրորդ սաղմոսում. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ 34 Աստված հարություն տվեց նրան, և նա այլևս ապականություն չէր տեսնելու: Աստված այդ մասին ասել էր. «Ձեր հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորելու, ինչը խոստացել եմ Դավթին, և այս խոստումը վստահարժան է»:+ 35 Իսկ մեկ այլ սաղմոսում ասվում է. «Դու թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի»:+ 36 Դավիթը իր ողջ կյանքի ընթացքում ծառայեց Աստծուն, մահացավ,* թաղվեց իր նախահայրերի հետ և ապականություն տեսավ:+ 37 Բայց նա, ում Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ:+

38 Ուրեմն իմացեք, եղբայրնե՛ր, որ նրա միջոցով է հնարավոր մեղքերի ներում ստանալ, ինչի մասին էլ ձեզ քարոզվում է:+ 39 Մովսեսի օրենքի միջոցով դուք ոչ մի բանում չէիք կարող անմեղ հայտարարվել,+ սակայն ամեն ոք, ով հավատում է Հիսուսին, նրա միջոցով անմեղ է հայտարարվում:+ 40 Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ ձեզ չպատահի այն, ինչ գրել են մարգարեները. 41 «Արհամարհողնե՛ր, նայե՛ք, զարմացե՛ք ու ոչնչացե՛ք, որովհետև ձեր օրերում ես մի գործ եմ անում, որի մասին նույնիսկ եթե մանրամասնորեն պատմեն ձեզ, երբեք չեք հավատա»»:+

42 Երբ նրանք այնտեղից դուրս էին գալիս, մարդիկ սկսեցին խնդրել, որ հաջորդ Շաբաթ օրն էլ այդ մասին խոսեն իրենց հետ: 43 Եվ երբ ժողովարանում հավաքվածները ցրվեցին, հրեաներից ու Աստծուն երկրպագող պրոզելիտներից* շատերը գնացին Պողոսի ու Բառնաբասի հետևից, որոնք զրույցի ընթացքում հորդորեցին նրանց շարունակել այնպես ապրել, որ Աստված իր անզուգական բարությունը դրսևորի նրանց հանդեպ:+

44 Հաջորդ Շաբաթ օրը գրեթե ողջ քաղաքը հավաքվեց՝ Եհովայի խոսքը լսելու: 45 Երբ հրեաները տեսան այդ բազմությունը, նախանձով լցվեցին ու սկսեցին աստվածանարգ խոսքերով հակառակվել Պողոսի ասածներին:+ 46 Պողոսն ու Բառնաբասն էլ համարձակորեն ասացին. «Աստծու խոսքը նախևառաջ ձեզ պիտի ասվեր:+ Բայց քանի որ դուք մերժում եք այն և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, մենք ուրիշ ազգերի կքարոզենք,+ 47 որովհետև Եհովան է մեզ պատվիրել դա անել՝ ասելով. «Ես քեզ ազգերի համար լույս դարձրի, որ փրկություն տանես մինչև երկրի ծայրերը»»:+

48 Երբ այլազգի մարդիկ սա լսեցին, սկսեցին ուրախանալ ու փառաբանել Եհովայի խոսքը, և բոլոր նրանք, ովքեր տրամադրված էին ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը, հավատացյալ դարձան: 49 Եհովայի խոսքը շարունակում էր տարածվել այդ ողջ շրջանում: 50 Բայց հրեաները կրոնասեր ու պատվավոր կանանց, նաև քաղաքի նշանավոր մարդկանց Պողոսի ու Բառնաբասի դեմ տրամադրեցին: Նրանք հալածանք բարձրացրին+ նրանց դեմ ու վռնդեցին իրենց տարածքից: 51 Պողոսն ու Բառնաբասն էլ իրենց ոտքերից թափ տվեցին փոշին* ու գնացին Իկոնիոն:+ 52 Իսկ աշակերտները լցված էին սուրբ ոգով և ցնծում էին ուրախությունից:+

14 Իկոնիոնում Պողոսն ու Բառնաբասը մտան հրեաների ժողովարան ու այնպես խոսեցին, որ բազմաթիվ հրեաներ և հույներ հավատացյալ դարձան: 2 Իսկ այն հրեաները, որոնք չհավատացին, այլազգիների մեջ ատելություն սերմանելով՝ նրանց եղբայրների դեմ տրամադրեցին:+ 3 Առաքյալները բավականին ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակորեն խոսելով Եհովայից* ստացած իշխանությամբ: Նա հաստատում էր իր անզուգական բարության մասին խոսքը՝ նրանց միջոցով զորավոր գործեր և հրաշքներ կատարելով:+ 4 Սակայն քաղաքի բնակիչների միջև տարակարծություն առաջացավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք էլ՝ առաքյալների: 5 Եվ երբ այլազգիներն ու հրեաները իրենց ղեկավարների հետ որոշեցին հարձակվել առաքյալների վրա, որ անարգեն ու քարկոծեն,+ 6 նրանք, իմանալով այդ մասին, փախան Լիկաոնիայի Լյուստրա և Դերբե քաղաքները ու դրանց շրջակա գյուղերը+ 7 և շարունակեցին քարոզել բարի լուրը:

8 Լյուստրայում ոտքերից ի ծնե հաշմանդամ մի մարդ կար, որը երբեք չէր քայլել: 9 Նա նստած լսում էր Պողոսին: Պողոսն էլ ուշադիր նայեց նրան և տեսնելով, որ հավատ ունի ու կարող է բուժվել՝+ 10 բարձրաձայն ասաց. «Վե՛ր կաց կանգնիր»: Նա էլ վեր ցատկեց ու սկսեց քայլել:+ 11 Ժողովուրդը, տեսնելով Պողոսի արածը, լիկաոներեն գոչեց. «Աստվածները մարդկանց տեսքով մեզ մոտ են իջել»:+ 12 Նրանք Բառնաբասին սկսեցին Զևս կոչել, իսկ Պողոսին՝ Հերմես, քանի որ հիմնականում նա էր խոսում: 13 Քաղաքի մուտքի մոտ գտնվող Զևսի տաճարում ծառայող քուրմը ցլեր ու ծաղկեպսակներ բերեց դարպասների մոտ, որպեսզի բազմության հետ զոհեր մատուցի նրանց:

14 Երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին այդ մասին, պատռեցին իրենց հագուստները, վազելով մտան ամբոխի մեջ ու բղավեցին. 15 «Այդ ի՞նչ եք անում: Մենք նույնպես մարդիկ ենք և նույն թուլություններն ունենք, ինչ դուք:+ Մենք բարի լուրն ենք ձեզ քարոզում, որպեսզի թողնեք այս փուչ բաներն ու երկրպագեք կենդանի Աստծուն, ով ստեղծել է երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան:+ 16 Անցյալում նա թույլ էր տալիս, որ ազգերն անեն այն, ինչ ուզում են,+ 17 թեև չէր դադարում իր մասին վկայություն տալ՝+ բարիք անելով. երկնքից անձրևներ էր տալիս, ձեր հողերը բերքառատ էր դարձնում,+ ապահովում էր առատ սննդով և ձեր սրտերը ուրախությամբ էր լցնում»:+ 18 Անգամ այս խոսքերն ասելուց հետո առաքյալները հազիվ կարողացան զսպել մարդկանց, որ իրենց համար զոհ չմատուցեն:

19 Բայց Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ եկան ու մարդկանց Պողոսի դեմ տրամադրեցին:+ Նրանք քարկոծեցին Պողոսին ու քարշ տվեցին քաղաքից դուրս՝ կարծելով, թե մեռած է:+ 20 Երբ աշակերտները նրա շուրջը հավաքվեցին, նա վեր կացավ ու մտավ քաղաք, իսկ հաջորդ օրը Բառնաբասի հետ գնաց Դերբե:+ 21 Այդ քաղաքում նրանք քարոզեցին բարի լուրը՝ շատերին օգնելով աշակերտ դառնալ, ինչից հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք: 22 Այնտեղ նրանք զորացրին աշակերտներին՝+ քաջալերելով պահպանել իրենց հավատը ու ասելով. «Շատ նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»:+ 23 Նրանք նաև յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին:+ Աղոթելուց ու ծոմ պահելուց+ հետո նրանց հանձնեցին Եհովայի հոգածությանը, ում նրանք հավատացել էին:

24 Նրանք Պիսիդիայի միջով անցնելով՝ գնացին Պամփյուլիա,+ 25 ապա Պերգեում խոսքը քարոզելուց հետո ուղևորվեցին Ատալիա: 26 Այնտեղից էլ նավարկեցին դեպի Անտիոք, որտեղ եղբայրները նրանց հանձնել էին Աստծու հոգածությանը, որպեսզի նա իր անզուգական բարությամբ օգներ նրանց կատարել այն գործը, որն այժմ ավարտին են հասցրել:+

27 Երբ առաքյալները տեղ հասան, ժողովին հավաքեցին և պատմեցին այն բազմաթիվ բաների մասին, որ Աստված արել էր իրենց միջոցով, և որ նա այլազգիների համար բացել էր հավատի դուռը:+ 28 Նրանք բավականին երկար ժամանակ աշակերտների հետ անցկացրին:

15 Հրեաստանից ոմանք եկան ու սկսեցին սովորեցնել եղբայրներին, որ եթե չթլփատվեն՝ համաձայն Մովսեսի օրենքի,+ չեն կարող փրկվել: 2 Պողոսն ու Բառնաբասը լուրջ տարաձայնություն ունեցան նրանց հետ, և նրանք շատ վիճեցին: Այդ պատճառով որոշում կայացվեց, որ Պողոսը, Բառնաբասը և մի քանի այլ եղբայրներ գնան Երուսաղեմ՝+ այս հարցը առաքյալներին ու երեցներին ներկայացնելու համար:

3 Ժողովը ճանապարհի մի մասը ուղեկցեց նրանց, ինչից հետո նրանք շարունակեցին իրենց ճանապարհը՝ անցնելով Փյունիկիայի և Սամարիայի միջով: Նրանք եղբայրներին մանրամասնորեն պատմում էին, որ այլազգի մարդիկ սկսել են պաշտել Աստծուն, և բոլորն անչափ ուրախանում էին: 4 Երբ հասան Երուսաղեմ, ժողովը, առաքյալներն ու երեցները գրկաբաց ընդունեցին նրանց, և նրանք պատմեցին այն բազմաթիվ բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով: 5 Սակայն հավատացյալ դարձածներից ոմանք, ովքեր փարիսեցիների աղանդից էին եղել, վեր կացան ու ասացին. «Հարկավոր է նրանց թլփատել և պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»:+

6 Առաքյալներն ու երեցները հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը: 7 Երկար ու թեժ քննարկումից հետո Պետրոսը վեր կացավ ու ասաց. «Եղբայրնե՛ր, դուք լավ գիտեք, որ Աստված սկզբում ինձ է ընտրել ձեր միջից, որպեսզի այլազգի մարդիկ իմ միջոցով բարի լուրը լսեն ու հավատան:+ 8 Աստված, ով գիտի սրտերը,+ փաստեց, որ ընդունում է նրանց՝ տալով սուրբ ոգին,+ ինչպես որ մեզ է տվել: 9 Եվ նա, ոչ մի խտրականություն չդնելով մեր ու նրանց միջև,+ նրանց սրտերը մաքրեց հավատով:+ 10 Ուրեմն հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վրա բեռ* դնելով,+ որը ո՛չ մեր նախահայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք:+ 11 Չէ՞ որ մենք հավատում ենք, որ Տեր Հիսուսի անզուգական բարության շնորհիվ ենք փրկված,+ ինչպես և այդ մարդիկ»:+

12 Այս խոսքերից հետո բոլորը լռեցին: Նրանք սկսեցին լսել Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին այն բազմաթիվ զորավոր գործերի ու հրաշքների մասին, որ Աստված իրենց միջոցով արել էր այլազգիների մեջ: 13 Երբ նրանք ավարտեցին իրենց խոսքը, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ի՛նձ լսեք: 14 Շմավոնը*+ մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ ուշադրություն դարձրեց այլազգի մարդկանց, որպեսզի նրանց միջից մի ժողովուրդ հավաքի, որը կրելու է իր անունը:+ 15 Եվ սա ներդաշնակ է մարգարեների հետևյալ խոսքերին. 16 «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու նորից կբարձրացնեմ Դավթի ընկած վրանը,* կվերակառուցեմ դրա ավերակները և կվերականգնեմ այն, 17 որպեսզի նրանք, ովքեր մնացել են, ջանադրաբար ծառայեն* Եհովային* բոլոր ազգերից հավաքված ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,– ասում է Եհովան, ով անում է այս բաները,+ 18 որոնք վաղուց ի վեր որոշել էր»:+ 19 Հետևաբար, իմ կարծիքով, հարկ չկա նեղություն տալ այլազգի մարդկանց, որոնք ուզում են ծառայել Աստծուն,+ 20 այլ հարկ է գրել նրանց, որ հեռու մնան կռապաշտությանն առնչվող ցանկացած բանից,+ անբարոյականությունից,*+ խեղդված կենդանիների* մսից, ինչպես նաև հեռու մնան արյունից:+ 21 Չէ՞ որ վաղեմի ժամանակներից յուրաքանչյուր քաղաքում Մովսեսի խոսքերը քարոզվում են՝ ամեն Շաբաթ օր բարձրաձայն ընթերցվելով ժողովարաններում»:+

22 Այդ ժամանակ առաքյալներն ու երեցները ողջ ժողովի հետ որոշեցին իրենց միջից մարդիկ ընտրել և Պողոսի ու Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք: Նրանք էին Բարսաբա կոչվող Հուդան և Շիղան,+ որոնք ժողովում առաջնորդելու պատասխանատվություն ունեին: 23 Նրանց միջոցով այս նամակը ուղարկեցին, որում գրված էր.

«Ձեզ՝ Անտիոքում,+ Ասորիքում և Կիլիկիայում բնակվող եղբայրներիդ, ողջույններ են հղում առաքյալներն ու երեցները՝ ձեր եղբայրները: 24 Լսել ենք, որ այստեղի եղբայրներից ոմանք եկել ու իրենց խոսքերով ձեզ շփոթեցրել են՝+ փորձելով մոլորեցնել, թեև մենք ոչ մի հրահանգ չէինք տվել նրանց: 25 Այդ պատճառով միաձայն որոշում կայացրինք ընտրել երկու եղբոր և ձեզ մոտ ուղարկել մեր սիրելի Բառնաբասի ու Պողոսի հետ, 26 որոնք իրենց կյանքը վտանգել են հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան:+ 27 Ուղարկում ենք Հուդային ու Շիղային, որ իրենց խոսքով հաստատեն մեր գրածը:+ 28 Սուրբ ոգու օգնությամբ+ մենք եկանք այն եզրակացության, որ ավել բեռ չդնենք ձեզ վրա՝ բացի հետևյալ անհրաժեշտ բաներից. 29 հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից,+ արյունից,+ խեղդված կենդանիների* մսից+ և անբարոյականությունից:*+ Եթե այդպես վարվեք, ձեզ համար լավ կլինի: Ո՛ղջ եղեք»:

30 Այս եղբայրները գնացին Անտիոք, աշակերտներին մեկտեղ հավաքեցին և նամակը տվեցին նրանց: 31 Կարդալով այդ քաջալերական նամակը՝ նրանք ուրախացան: 32 Հուդան ու Շիղան շատ ելույթներով քաջալերեցին ու զորացրին եղբայրներին,+ քանի որ նույնպես մարգարեներ էին: 33 Նրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ: Հետո եղբայրները նրանց խաղաղություն մաղթեցին ու ճանապարհ դրեցին, և նրանք վերադարձան Երուսաղեմ: 34 ....* 35 Բայց Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում մնացին. նրանք ուսուցանում էին և շատ եղբայրների հետ հռչակում էին բարի լուրը՝ Եհովայի խոսքը:

36 Մի քանի օր անց Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի հիմա* վերադառնանք այն բոլոր քաղաքները, որտեղ Եհովայի խոսքը քարոզեցինք, որպեսզի այցելենք եղբայրներին ու տեսնենք, թե ինչպես են»:+ 37 Բառնաբասը որոշել էր իր հետ վերցնել Հովհաննեսին, որին Մարկոս էին կոչում:+ 38 Սակայն Պողոսը դեմ էր, որ նա իրենց հետ գա, քանի որ վերջինս Պամփյուլիայում հեռացել էր իրենցից և իրենց հետ չէր գնացել քարոզչական գործին մասնակցելու:+ 39 Այդ պատճառով բարկության ուժեղ պոռթկում եղավ, ու նրանք բաժանվեցին իրարից: Բառնաբասը+ իր հետ վերցրեց Մարկոսին ու նավով գնաց Կիպրոս, 40 իսկ Պողոսն ընտրեց Շիղային: Հետո եղբայրները աղոթեցին, որ Եհովան իր անզուգական բարությամբ հոգ տանի Պողոսի համար, և նա ճանապարհ ընկավ:+ 41 Պողոսը անցավ Ասորիքի ու Կիլիկիայի միջով՝ զորացնելով ժողովները:

16 Պողոսը գնաց Դերբե, իսկ հետո՝ Լյուստրա:+ Այնտեղ Տիմոթեոս+ անունով մի աշակերտ կար, որի մայրը հրեա հավատացյալ կին էր, իսկ հայրը հույն էր: 2 Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները Տիմոթեոսի մասին լավն էին խոսում: 3 Պողոսը ցանկացավ, որ նա իր հետ գնա, բայց նախ թլփատեց նրան, քանի որ այդ տարածքներում ապրող բոլոր հրեաները+ գիտեին, որ նրա հայրը հույն է: 4 Նրանք անցնում էին քաղաքներով և Երուսաղեմում գտնվող երեցների ու առաքյալների կայացրած որոշումները փոխանցում էին տեղի եղբայրներին, որպեսզի հնազանդվեն դրանց:+ 5 Ուստի ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և աշակերտների թիվը օրեցօր աճում էր:

6 Նրանք անցան Փռյուգիայի և Գաղատիայի միջով,+ որովհետև սուրբ ոգին նրանց արգելել էր Աստծու խոսքը քարոզել Ասիայում: 7 Այնուհետև երբ հասան Մյուսիա, ջանք արեցին գնալ Բութանիա,+ բայց Հիսուսի ոգին թույլ չտվեց: 8 Ուստի նրանք Մյուսիայի մոտով* անցան և գնացին Տրովադա: 9 Գիշերը Պողոսը տեսիլք տեսավ. մի մակեդոնացի կանգնած աղաչում էր նրան. «Արի՛ Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»: 10 Երբ նա տեսիլքը տեսավ, մենք անմիջապես որոշեցինք գնալ Մակեդոնիա՝ հասկանալով, որ Աստված պատվիրել է մեզ բարի լուրը հայտնել նրանց:

11 Ուստի Տրովադայից ծով դուրս եկանք և ուղիղ գնացինք Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս: 12 Այնտեղից էլ մեկնեցինք Փիլիպպե՝+ մի գաղութ, որը Մակեդոնիայի այդ շրջանի գլխավոր քաղաքն է: Մի քանի օր մնացինք այս քաղաքում: 13 Շաբաթ օրը քաղաքից դուրս եկանք ու գնացինք մի գետափ, որը, ինչպես մտածում էինք, աղոթատեղի էր: Մենք նստեցինք ու սկսեցինք խոսել այնտեղ հավաքված կանանց հետ: 14 Թյուատիր+ քաղաքից Լիդիա անունով աստվածապաշտ մի կին, որը բարձրորակ հագուստ* էր վաճառում,* լսում էր: Եհովան* ամբողջությամբ բացեց նրա սիրտը, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին: 15 Եվ երբ Լիդիան ու իր տնեցիները մկրտվեցին,+ նա սկսեց աղաչել՝ ասելով. «Եթե ինձ Եհովային հավատարիմ մարդ եք համարում, եկեք մնացեք իմ տանը»: Եվ համոզելով տարավ մեզ:

16 Մի օր, երբ աղոթատեղի էինք գնում, հանդիպեցինք մի աղախնի, որի մեջ չար* ոգի կար՝ գուշակող դև:+ Այդ աղջիկը, գուշակություններ անելով, մեծ շահ էր բերում իր տերերին: 17 Նա սկսեց Պողոսի ու մեր հետևից գալ և բղավելով ասել. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են+ և ձեզ փրկության ճանապարհի մասին են քարոզում»: 18 Նա օրեր շարունակ այդպես էր անում: Ի վերջո Պողոսը հոգնեց և շրջվելով ասաց այդ ոգուն. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»: Եվ հենց այդ պահին ոգին դուրս եկավ:+

19 Երբ նրա տերերը տեսան, որ այլևս շահ ստանալու հույս չկա,+ բռնեցին Պողոսին ու Շիղային և քարշ տվեցին հրապարակ՝* իշխանավորների մոտ:+ 20 Նրանց տարան ներկայացրին մագիստրատներին՝* ասելով. «Այս մարդիկ խաթարում են մեր քաղաքի անդորրը:+ Նրանք հրեաներ են 21 և այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրենքով թույլատրելի չէ ընդունել կամ պահել»: 22 Ամբոխը նրանց դեմ դուրս եկավ: Մագիստրատները հրամայեցին, որ Պողոսի ու Շիղայի հագուստները պատռեն և նրանց ճիպոտահարեն:+ 23 Շատ հարվածներ հասցնելուց հետո նրանց բանտ գցեցին և բանտապահին կարգադրեցին, որ ուշադիր հսկի նրանց:+ 24 Նա էլ կարգադրությունը ստանալով՝ նրանց գցեց ամենախորքի բանտախուցը և նրանց ոտքերը դրեց ոտնակոճղի մեջ:

25 Մոտավորապես կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն,+ իսկ բանտարկյալները լսում էին նրանց: 26 Հանկարծ ուժեղ երկրաշարժ եղավ, և բանտի հիմքը ցնցվեց: Հենց այդ պահին բոլոր դռները բացվեցին, և բոլոր բանտարկյալների շղթաներն ընկան:+ 27 Երբ բանտապահը արթնացավ ու տեսավ, որ բանտի դռները բաց են, մտածեց, թե բանտարկյալները փախել են, ուստի սուրը քաշեց, որ սպանի իրեն:+ 28 Սակայն Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր, բոլորս էլ այստեղ ենք»: 29 Բանտապահը խնդրեց, որ լույս բերեն, ապա ներս վազեց և դողալով ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ: 30 Ապա նրանց դուրս տարավ ու ասաց. «Հիմա ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»: 31 Նրանք էլ պատասխանեցին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես՝ թե՛ դու և թե՛ քո տնեցիները»:+ 32 Նրանք Եհովայի խոսքը քարոզեցին բանտապահին ու նրա բոլոր տնեցիներին: 33 Գիշերվա այդ ժամին նա Պողոսին ու Շիղային տարավ ու լվաց նրանց վերքերը: Հետո նա և իր բոլոր տնեցիները առանց հապաղելու մկրտվեցին:+ 34 Ապա նրանց իր տուն տարավ ու սեղան գցեց նրանց առաջ և իր բոլոր տնեցիների հետ անչափ ուրախացավ, որ հավատացել է Աստծուն:

35 Երբ օրը բացվեց, մագիստրատները ուղարկեցին իրենց ենթականերին, որ բանտապահին ասեն. «Բա՛ց թող այդ մարդկանց»: 36 Բանտապահը նրանց խոսքերը հաղորդեց Պողոսին՝ ասելով. «Մագիստրատները մարդիկ են ուղարկել՝ կարգադրելով երկուսիդ ազատ արձակել: Ուստի հիմա դուրս եկեք ու գնացեք խաղաղությամբ»: 37 Բայց Պողոսը նրանց ասաց. «Նրանք մեզ՝ Հռոմի քաղաքացիներիս,+ առանց դատի հրապարակորեն ծեծեցին ու բանտ գցեցին և հիմա մեզ գաղտնի՞ են ազատ արձակում: Ո՛չ, թող իրենք գան և մեզ դուրս բերեն»: 38 Եվ մագիստրատների ենթականերն այս խոսքերը հաղորդեցին նրանց: Նրանք էլ, երբ լսեցին, որ Պողոսն ու Շիղան հռոմեացիներ են, վախեցան:+ 39 Ուստի եկան, նրանց ներողամտությունը հայցեցին, ապա դուրս ուղեկցելուց հետո խնդրեցին, որ հեռանան քաղաքից: 40 Բայց նրանք բանտից դուրս գալուց հետո գնացին Լիդիայի տուն: Այնտեղ հանդիպեցին եղբայրներին, քաջալերեցին նրանց+ և հետո հեռացան քաղաքից:

17 Ամփիպոլիսի և Ապոլոնիայի միջով անցնելով՝ նրանք գնացին Թեսաղոնիկե,+ որտեղ հրեաների ժողովարան կար: 2 Իր սովորության համաձայն՝ Պողոսը մտավ ժողովարան:+ Նա երեք Շաբաթ օր սուրբ գրքերի օգնությամբ տրամաբանում էր ներկաների հետ:+ 3 Նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր+ ու հարություն առներ,+ և ասում էր. «Այս Հիսուսը, որի մասին քարոզում եմ, նա է Քրիստոսը»: 4 Արդյունքում նրանցից ոմանք հավատացյալներ դարձան և միացան Պողոսին ու Շիղային:+ Աստծուն երկրպագող հույների մի մեծ բազմություն և բազմաթիվ ազդեցիկ կանայք նույնպես սկսեցին հավատալ:

5 Բայց հրեաները, նախանձով լցված,+ հավաքեցին մի քանի անօրեն մարդկանց, որոնք անգործ թափառում էին հրապարակում, և խառնամբոխ կազմելով՝ քաղաքը իրարանցման մեջ գցեցին: Նրանք ներխուժեցին Հասոնի տուն և սկսեցին փնտրել Պողոսին ու Շիղային, որ ամբոխի առաջ բերեն: 6 Երբ նրանց չգտան, Հասոնին ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի ղեկավարների մոտ ու բղավեցին. «Այդ մարդիկ, որ տակնուվրա են արել ողջ աշխարհը,* այստեղ էլ են հասել,+ 7 և Հասոնը հյուրընկալել է նրանց: Նրանք բոլորը կայսրի հրամաններին հակառակ են վարվում՝ ասելով, թե ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»:+ 8 Երբ ամբոխն ու քաղաքի ղեկավարները լսեցին դա, տագնապեցին: 9 Վերջիններս Հասոնից ու մյուսներից գրավ վերցնելուց հետո բաց թողեցին նրանց:

10 Հենց այդ գիշեր եղբայրները Պողոսին ու Շիղային ուղարկեցին Բերիա: Տեղ հասնելուն պես նրանք մտան հրեաների ժողովարան: 11 Այնտեղի մարդիկ թեսաղոնիկեցիներից ավելի ազնվամիտ էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը. նրանք ամեն օր խորությամբ քննում էին սուրբ գրքերը՝ տեսնելու համար, թե արդյոք իրենց լսած բաները ճիշտ են, 12 և նրանցից շատերը հավատացյալներ դարձան: Հավատացյալ դարձան նաև բազմաթիվ պատվարժան հույն կանայք, ինչպես նաև որոշ հույն տղամարդիկ: 13 Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Պողոսը Աստծու խոսքը քարոզել է նաև Բերիայում, այնտեղ էլ եկան ժողովրդին սադրելու և խռովություն գցելու համար:+ 14 Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին ծովի մոտ,+ իսկ Շիղան ու Տիմոթեոսը այնտեղ մնացին: 15 Պողոսին ուղեկցողները նրա հետ գնացին մինչև Աթենք և ապա վերադարձան, քանի որ Պողոսը նրանց պատվիրեց Շիղային ու Տիմոթեոսին+ ասել, որ հնարավորինս շուտ իր մոտ գան:

16 Պողոսը Աթենքում սպասում էր նրանց: Տեսնելով, որ քաղաքը կուռքերով է լցված՝ նա վրդովվեց:* 17 Ուստի սկսեց ժողովարանում տրամաբանել հրեաների և այլ աստվածապաշտ մարդկանց հետ: Նա նաև ամեն օր զրուցում էր նրանց հետ, ում հանդիպում էր հրապարակում: 18 Բայց որոշ փիլիսոփաներ, որոնք էպիկուրյաններ և ստոյիկյաններ էին, սկսեցին վիճել նրա հետ: Ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն* ի՞նչ է ուզում ասել»: Իսկ մյուսները, թե՝ «Երևում է՝ նա օտար աստվածների քարոզիչ է»: Նրանք այդպես էին ասում, քանի որ Պողոսը քարոզում էր Հիսուսի և հարության մասին բարի լուրը:+ 19 Ուստի նրան տարան Արեոպագոս* և ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե այդ ինչ նոր ուսմունքի մասին ես խոսում, 20 քանի որ այնպիսի բաներ ես ասում, որոնք օտար են մեր ականջներին: Դրա համար ուզում ենք իմանալ, թե դրանք ինչ են նշանակում»: 21 (Բոլոր աթենացիները և նրանց քաղաքում մնացող* օտարազգիները իրենց ազատ ժամանակը ծախսում էին միայն որևէ նոր բան լսելու կամ պատմելու վրա): 22 Պողոսն էլ կանգնեց Արեոպագոսի+ մեջտեղում ու ասաց.

«Ո՛վ աթենացիներ, ամեն ինչից երևում է, որ մյուսներից ավելի շատ եք վախենում աստվածներից:*+ 23 Օրինակ, երբ քաղաքում շրջելիս ուշադիր զննում էի ձեր պաշտամունքի առարկաները, տեսա, որ նույնիսկ մի զոհասեղան կա՝ վրան գրված. «Անծանոթ Աստծուն»: Եվ ես քարոզում եմ հենց նրա մասին, ում դուք չճանաչելով պաշտում եք: 24 Աստված, ով ստեղծել է աշխարհը և դրանում եղող բոլոր բաները, լինելով երկնքի ու երկրի Տերը,+ ձեռակերտ տաճարներում չի բնակվում+ 25 և կարիք չունի, որ մարդիկ որևէ ծառայություն մատուցեն իրեն,+ որովհետև նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ+ և ամեն բան: 26 Նա մեկ մարդուց+ առաջ բերեց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի վրա,+ ժամանակ սահմանեց որոշակի իրադարձությունների համար ու հաստատեց մարդկանց բնակության սահմանները:+ 27 Աստված այդպես արեց, որ փնտրեն իրեն, եթե անգամ պետք է խարխափելով անեն դա, ու գտնեն,+ քանի որ իրականում նա յուրաքանչյուրիցս հեռու չէ: 28 Նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք, շարժվում և գոյություն ունենք, ինչպես որ ձեր բանաստեղծներից ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»:

29 Ուրեմն քանի որ Աստծու զավակներն ենք,+ չպետք է մտածենք, թե Աստված նման է ոսկուց, արծաթից կամ քարից պատրաստված մի բանի, ինչը մարդիկ քանդակել են իրենց մտահղացմամբ:+ 30 Ճիշտ է, անցյալում Աստված հանդուրժել է նման անգիտությունը,+ բայց հիմա նա ամենուր բոլոր մարդկանց կոչ է անում զղջալ, 31 որովհետև նա մի օր է հաստատել, երբ արդարությամբ դատելու է աշխարհը+ մի մարդու միջոցով, ում նա նշանակել է: Նրան հարություն տալով՝ նա բոլոր մարդկանց հավաստիացրել է, որ այդ օրը գալու է»:+

32 Լսելով մահացածների հարության մասին՝ նրանցից ոմանք սկսեցին ծաղրել,+ մինչդեռ մյուսներն ասացին. «Մենք էլի կլսենք քեզ, երբ խոսես այս մասին»: 33 Դրանից հետո Պողոսը հեռացավ այնտեղից: 34 Մի քանի հոգի, սակայն, միացան նրան և հավատացյալներ դարձան: Նրանց թվում էին Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի մի դատավոր, Դամարիս անունով մի կին և ուրիշներ:

18 Այս ամենից հետո Պողոսը հեռացավ Աթենքից ու գնաց Կորնթոս: 2 Այնտեղ նա հանդիպեց Ակյուղաս անունով մի հրեայի,+ որը ծագումով պոնտացի էր: Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ վերջերս էր եկել Իտալիայից, որովհետև Կլավդիոսը բոլոր հրեաներին հրամայել էր լքել Հռոմը: Ուստի Պողոսը գնաց նրանց մոտ, 3 և քանի որ միևնույն արհեստն ունեին՝ վրանագործությամբ էին զբաղվում, մնաց նրանց տանը ու սկսեց նրանց հետ աշխատել:+ 4 Ամեն Շաբաթ օր նա ժողովարանում համոզիչ ելույթ էր անում,*+ ինչի արդյունքում հրեաներն ու հույները մտափոխ էին լինում:

5 Երբ Շիղան+ ու Տիմոթեոսը+ Մակեդոնիայից եկան Պողոսի մոտ, նա սկսեց իր ողջ ժամանակը տրամադրել Աստծու խոսքը քարոզելուն՝ հրեաներին ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը:+ 6 Բայց քանի որ նրանք հակառակվում էին Պողոսին ու վիրավորական խոսքեր ասում, նա թափ տվեց իր հագուստն+ ու ասաց. «Դո՛ւք եք մեղավոր լինելու ձեր մահվան համար:*+ Ես անմեղ եմ:+ Այսուհետ այլազգիների մոտ կգնամ»:+ 7 Այնտեղից* նա գնաց Տիտիոս Հուստոս անունով մի աստվածապաշտ մարդու տուն, որը ժողովարանին կից էր: 8 Ժողովարանի պետը՝ Կրիսպոսը,+ իր բոլոր տնեցիների հետ հավատաց Տիրոջը: Եվ կորնթացիներից շատերն էլ, լսելով բարի լուրը, հավատացին ու մկրտվեցին: 9 Գիշերը տեսիլքի միջոցով Տերն ասաց Պողոսին. «Մի՛ վախեցիր, շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, 10 որովհետև ես քեզ հետ եմ:+ Եթե անգամ որևէ մեկը հարձակվի քեզ վրա, վնաս չի լինի քեզ, քանի որ այս քաղաքում շատ մարդիկ հավատալու են ինձ»: 11 Պողոսը մեկ տարի ու վեց ամիս մնաց այնտեղ. այդ ընթացքում նա Աստծու խոսքն էր սովորեցնում նրանց:

12 Երբ Աքայայի պրոկոնսուլը* Գալլիոնն էր, հրեաները միավորվելով բռնեցին Պողոսին ու տարան դատավարական ամբիոնի մոտ: 13 Նրանք ասացին. «Այս մարդը համոզում է ժողովրդին Աստծուն երկրպագել այնպիսի ձևով, որը հակառակ է օրենքին»: 14 Բայց երբ Պողոսը պատրաստվում էր խոսել, Գալլիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե նա իրոք որևէ սխալ բան կամ լուրջ հանցագործություն արած լիներ, խելամիտ կլիներ, որ համբերությամբ լսեի ձեզ: 15 Բայց եթե հարցը վերաբերում է խոսքերին, անուններին և ձեր օրենքին,+ իրար հետ լուծեք այն, ես չեմ ուզում նման հարցերին առնչվող դատ վարել»: 16 Եվ նրանց վռնդեց այնտեղից: 17 Այդ ժամանակ նրանք բռնեցին Սոսթենեսին՝+ ժողովարանի պետին, ու դատավարական ամբիոնի առաջ սկսեցին ծեծել, բայց Գալլիոնը չէր ուզում որևէ կերպ միջամտել:

18 Պողոսը մի քանի օր էլ մնաց այնտեղ, հետո հրաժեշտ տվեց եղբայրներին ու Պրիսկիղայի և Ակյուղասի հետ նավով ճանապարհ ընկավ դեպի Ասորիք: Մինչ այդ Կենքրայում+ նա իր մազերը շատ կարճ կտրել էր, քանի որ երդում էր արել: 19 Երբ հասան Եփեսոս, նա նրանց թողեց քաղաքում, իսկ ինքը գնաց ժողովարան ու սկսեց տրամաբանել հրեաների հետ:+ 20 Թեև նրանք խնդրում էին Պողոսին, որ ավելի երկար մնա, սակայն նա չհամաձայնվեց, 21 այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Եթե Եհովան* կամենա, նորից կգամ ձեզ մոտ»: Եփեսոսից ծով դուրս գալով՝ նա 22 մեկնեց Կեսարիա, ապա գնաց Երուսաղեմ, ողջունեց ժողովին, այնտեղից էլ ուղևորվեց Անտիոք:+

23 Այնտեղ մի որոշ ժամանակ մնալուց հետո Պողոսը նորից ճանապարհ ընկավ: Նա շրջում էր Գաղատիայի ու Փռյուգիայի քաղաքներով+ և զորացնում էր բոլոր աշակերտներին:+

24 Ապողոս անունով մի հրեա,+ որը ծագումով Ալեքսանդրիայից էր, եկավ Եփեսոս: Նա ճարտարախոս մարդ էր և լավ գիտեր սուրբ գրքերը: 25 Նրան ուսուցանել էին Եհովայի ճանապարհի* մասին: Ապողոսը, սուրբ ոգուց մղված, խանդավառությամբ խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին: Նա ճշգրտությամբ էր դա անում, թեև միայն Հովհաննեսի քարոզած մկրտությանն էր ծանոթ: 26 Ապողոսը սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում: Երբ Պրիսկիղան ու Ակյուղասը+ նրան լսեցին, իրենց մոտ վերցրին և ավելի ճշգրտությամբ բացատրեցին Աստծու ճանապարհը: 27 Հետո երբ նա ուզում էր գնալ Աքայա, եղբայրները գրեցին այնտեղի աշակերտներին՝ հորդորելով, որ գրկաբաց ընդունեն նրան: Երբ նա տեղ հասավ, շատ օգնեց նրանց, ովքեր Աստծու անզուգական բարության շնորհիվ հավատացյալներ էին դարձել. 28 նա մեծ եռանդով հրապարակորեն ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ սուրբ գրքերից ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը:+

19 Մինչ Ապողոսը+ Կորնթոսում էր, Պողոսը գնաց Եփեսոս՝+ անցնելով ծովից հեռու գտնվող շրջաններով: Այնտեղ նա հանդիպեց մի քանի աշակերտների 2 և հարցրեց նրանց. «Երբ հավատացյալներ դարձաք, սուրբ ոգի ստացա՞ք»:+ Նրանք պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ սուրբ ոգի կա»: 3 Նա հարցրեց. «Այդ դեպքում ինչպե՞ս եք մկրտվել»: Նրանք էլ պատասխանեցին. «Հովհաննեսի սովորեցրածի համաձայն»:+ 4 Պողոսն ասաց. «Հովհաննեսը մարդկանց մկրտում էր որպես նրանց մեղքերի զղջման խորհրդանիշ:+ Նա ժողովրդին հորդորում էր հավատալ նրան, ով իրենից հետո էր գալու,+ այսինքն՝ Հիսուսին»: 5 Դա լսելով՝ նրանք մկրտվեցին Տեր Հիսուսի անունով: 6 Երբ Պողոսը ձեռքերը այդ աշակերտների վրա դրեց, սուրբ ոգին իջավ նրանց վրա,+ և նրանք սկսեցին օտար լեզուներով խոսել ու մարգարեանալ:+ 7 Բոլորը միասին մոտ 12 հոգի էին:

8 Երեք ամիս շարունակ նա ժողովարանում համարձակությամբ քարոզում էր՝+ Աստծու թագավորության մասին ելույթներ անելով և համոզիչ փաստարկներ բերելով:+ 9 Բայց երբ մի քանիսը համառորեն չցանկացան հավատալ և մարդկանց առաջ սկսեցին վիրավորական խոսքերով արտահայտվել Ճանապարհի* մասին,+ Պողոսը հեռացավ նրանցից+ և աշակերտներին իր հետ տարավ: Նա ամեն օր ելույթներ էր անում Տյուրանոսի դպրոցի լսարանում: 10 Նա ուսուցանեց երկու տարի, և Ասիայի բոլոր բնակիչները՝ թե՛ հրեաները, թե՛ հույները, լսեցին Տիրոջ խոսքը:

11 Աստված Պողոսի միջոցով շարունակում էր արտասովոր հրաշքներ գործել:+ 12 Մարդիկ անգամ նրա մարմնին դիպած թաշկինակներն ու գոգնոցները տանում էին հիվանդների մոտ,+ ու նրանք բուժվում էին, և չար ոգիները դուրս էին գալիս մարդկանց միջից:+ 13 Որոշ հրեաներ, որոնք շրջում ու դևեր էին հանում, փորձեցին դա անել Տեր Հիսուսի անունով: Նրանք ասում էին դիվահար մարդկանց. «Հիսուսի անունով, ում մասին Պողոսը քարոզում է, հրամայում եմ դուրս ելնել»:+ 14 Այդպես էին անում նաև հրեա ավագ քահանա Սկևայի յոթ որդիները: 15 Բայց մի անգամ չար ոգին ասաց նրանց. «Հիսուսին գիտեմ,+ Պողոսին էլ եմ ծանոթ,+ իսկ դո՞ւք ով եք»: 16 Եվ այն մարդը, որի մեջ այդ չար ոգին էր, հարձակվեց նրանց վրա և մեկ առ մեկ գետին տապալեց, այնպես որ նրանք մերկ ու վիրավոր փախան այդ տնից: 17 Այդ մասին իմացան Եփեսոսի բոլոր բնակիչները՝ թե՛ հրեաները և թե՛ հույները: Բոլորը վախով համակվեցին, և Տեր Հիսուսի անունը մեծարվում էր: 18 Հավատացյալ դարձածներից շատերը գալիս խոստովանում էին իրենց արածները՝ բացահայտ պատմելով դրանց մասին: 19 Մոգությամբ զբաղվող մեծ թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և բոլորի առաջ այրեցին:+ Նրանք հաշվեցին դրանց ընդհանուր արժեքը, և այն 50 000 արծաթադրամ կազմեց: 20 Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով տարածվում էր և ավելի ու ավելի մեծ ազդեցություն էր ունենում մարդկանց վրա:+

21 Այս ամենից հետո Պողոսը որոշեց, որ Մակեդոնիա+ ու Աքայա գնալուց հետո ճանապարհ կընկնի դեպի Երուսաղեմ:+ Նա ասաց. «Երուսաղեմից հետո պետք է նաև Հռոմ գնամ»:+ 22 Նա Մակեդոնիա ուղարկեց իր օգնականներից երկուսին՝ Տիմոթեոսին+ ու Երաստոսին,+ իսկ ինքը մի որոշ ժամանակ մնաց Ասիայում:

23 Այդ ժամանակ Ճանապարհի+ հետ կապված մեծ խռովություն բարձրացավ:+ 24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյա մանրակերտներ էր պատրաստում, և նրա շնորհիվ արհեստավորները մեծ եկամուտ էին ունենում:+ 25 Նա հավաքեց իր հետ աշխատող, ինչպես նաև ուրիշ արհեստավորների ու ասաց. «Դուք լավ գիտեք, որ մեր բարեկեցությունը այս գործից է կախված: 26 Բայց ինչպես տեսնում ու լսում եք, այդ Պողոսը շատ մարդկանց համոզել է, որ ձեռքով պատրաստված աստվածները իրական աստվածներ չեն,+ և դա նրան հաջողվել է անել ոչ միայն Եփեսոսում,+ այլև ողջ Ասիայում: 27 Ավելին՝ վտանգ կա, որ ոչ միայն մեր այս գործը կվարկաբեկվի, այլև մեծ աստվածուհի Արտեմիսի տաճարը կարհամարհվի, և նա, ում ամբողջ Ասիան և ողջ երկիրն են պաշտում, կզրկվի իր մեծափառությունից»: 28 Սա լսելով՝ մարդիկ բարկությամբ լցվեցին ու սկսեցին բղավել. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»:

29 Քաղաքում իրարանցում սկսվեց, և ժողովուրդը ներխուժեց թատրոն՝ իր հետ քարշ տալով Պողոսի ուղեկիցներ Գայոսին ու Արիստարքոսին,+ որոնք մակեդոնացիներ էին: 30 Պողոսն ուզում էր ներս մտնել, որ խոսեր ժողովրդի հետ, բայց աշակերտները չթողեցին: 31 Նույնիսկ տոների և խաղերի կազմակերպիչներից ոմանք, ովքեր ընկերական հարաբերություններ ունեին նրա հետ, մարդ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի զգուշացնեն, որ չմտնի թատրոն և իրեն վտանգի չենթարկի: 32 Բանն այն է, որ այնտեղ խառնաշփոթ էր տիրում. ոմանք մի բան էին բղավում, իսկ ուրիշները՝ այլ բան, և մեծամասնությունը չգիտեր, թե ինչի համար է հավաքվել: 33 Այդ ժամանակ ամբոխի միջից դուրս հանեցին Ալեքսանդրոս անունով մի մարդու, որին հրեաները առաջ էին հրում: Ալեքսանդրոսը ձեռքով նշան արեց՝ ցույց տալով, որ ուզում է խոսել ժողովրդի առաջ: 34 Բայց երբ պարզ դարձավ, որ նա հրեա է, բոլորը սկսեցին միաձայն բացականչել՝ «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը», և մոտ երկու ժամ դա էին բղավում:

35 Երբ քաղաքի կառավարիչը ի վերջո հանդարտեցրեց ամբոխին, ասաց. «Եփեսոսի՛ բնակիչներ, ո՞վ չգիտի, որ Եփեսոս քաղաքը մեծ Արտեմիսի տաճարի և երկնքից ընկած պատկերի պահապանն է: 36 Քանի որ սա անժխտելի է, հանդարտությո՛ւն պահպանեք և հապճեպ մի՛ գործեք: 37 Այս մարդիկ, որոնց բերել եք այստեղ, ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ էլ մեր աստվածուհուն անարգողներ: 38 Ուրեմն եթե Դեմետրիոսն+ ու նրա հետ եղող արհեստավորները որևէ մեկի դեմ մեղադրանք ունեն, դրա համար կան դատավարության օրեր և պրոկոնսուլներ.* թող դատարանո՛ւմ իրար դեմ մեղադրանքներ ներկայացնեն: 39 Իսկ եթե ձեր ուզածը ավելին է, ապա դրա հետ կապված որոշում պետք է կայացվի օրինականորեն գումարված ժողովում, 40 որովհետև այսօրվա պատահածի համար մեզ կարող են խռովություն հրահրելու մեջ մեղադրել. չէ՞ որ մենք ոչ մի պատճառ չենք կարող ներկայացնել այս անզուսպ հավաքը արդարացնելու համար»: 41 Այս խոսքերն ասելուց հետո նա հավաքվածներին ասաց, որ ցրվեն:

20 Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո ուղևորվեց Մակեդոնիա: 2 Նա անցավ դրա քաղաքներով և այնտեղի աշակերտներին բազմաթիվ քաջալերական խոսքեր ասելուց հետո գնաց Հունաստան: 3 Պողոսը այնտեղ անցկացրեց երեք ամիս: Բայց երբ նա պատրաստվում էր նավարկել Ասորիք, իմացավ, որ հրեաները իր դեմ դավադրություն են ծրագրել,+ ուստի որոշեց Մակեդոնիայով հետ դառնալ: 4 Նրան ուղեկցում էին Սոպատրոսը՝ բերիացի Պյուռոսի որդին, Թեսաղոնիկեից Արիստարքոսը+ և Սեկունդոսը, Գայոսը, որը Դերբեից էր, Տիմոթեոսը+ և Ասիայից Տյուքիկոսն+ ու Տրոֆիմոսը:+ 5 Նրանք ավելի շուտ էին դուրս եկել և Տրովադայում մեզ էին սպասում: 6 Մենք Փիլիպպեից ծով դուրս եկանք Անթթխմոր հացերի տոնից+ հետո ու հինգ օրում եկանք նրանց մոտ՝ Տրովադա, և այնտեղ անցկացրինք յոթ օր:

7 Շաբաթվա առաջին օրը միասին հավաքվեցինք ճաշելու: Քանի որ հաջորդ օրը Պողոսը պատրաստվում էր հեռանալ, նա ելույթ ներկայացրեց հավաքվածների առաջ և մինչև կեսգիշեր խոսեց: 8 Վերնասենյակում, որտեղ հավաքված էինք, շատ ճրագներ կային: 9 Մինչ Պողոսը խոսում էր, Եվտիքոս անունով մի երիտասարդ, որը նստած էր պատուհանագոգին, խոր քուն մտավ և երրորդ հարկից ընկավ: Երբ իջան նրա մոտ, տեսան, որ մեռած է: 10 Պողոսը ցած իջավ, կռացավ նրա վրա, ապա իր գիրկն առավ նրան+ ու ասաց. «Մի՛ անհանգստացեք, նա ողջ է»:+ 11 Այնուհետև վերև բարձրացավ, հացը կտրեց ու սկսեց ճաշել: Հետո բավականին երկար՝ մինչև լուսաբաց, խոսեց, ապա հեռացավ: 12 Իսկ նրանք, անչափ մխիթարված, կենդանացած տղային տուն տարան:

13 Հետո մենք նավ բարձրացանք ու նավարկեցինք Ասոս, բայց Պողոսը որոշել էր ոտքով գնալ: Այնտեղից մենք պետք է վերցնեինք նրան, ինչպես որ նա պատվիրել էր մեզ: 14 Ուստի երբ Ասոսում հանդիպեցինք Պողոսին, նրան նավ վերցրինք ու գնացինք Միտիլինե: 15 Հաջորդ օրը այնտեղից նավարկելով՝ հասանք Քիոս, իսկ մյուս օրը կարճ ժամանակով կանգ առանք Սամոս կղզու մոտ, ապա հետևյալ օրը հասանք Միլետոս: 16 Պողոսը որոշել էր կանգ չառնել Եփեսոսում,+ որպեսզի ժամանակ չկորցներ Ասիայում: Նա շտապում էր, քանի որ ցանկանում էր հնարավորության դեպքում Պենտեկոստեի տոնին լինել Երուսաղեմում:+

17 Սակայն Միլետոսից նա մարդ ուղարկեց Եփեսոս և կանչեց ժողովի երեցներին: 18 Երբ նրանք եկան նրա մոտ, նա ասաց. «Դուք լավ գիտեք, թե Ասիա գալու առաջին իսկ օրվանից ինչպես եմ ինձ դրսևորել.+ 19 ամենայն խոնարհությամբ և արցունքն աչքերիս ես ծառայել եմ Տիրոջը,+ փորձություններ եմ տարել հրեաների ծրագրած դավադրությունների պատճառով, 20 բայց չեմ վարանել ձեզ պատմել այն ամենի մասին, ինչը կարող էր օգտակար լինել, և ուսուցանել եմ ձեզ թե՛ հրապարակորեն+ և թե՛ տնից տուն:+ 21 Ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին ես հիմնովին քարոզել եմ՝ հորդորելով, որ զղջան ու վերադառնան+ Աստծու մոտ և հավատան մեր Տեր Հիսուսին:+ 22 Իսկ հիմա սուրբ ոգու ուղղորդմանը ենթարկվելով՝ մեկնում եմ Երուսաղեմ, թեև չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ այնտեղ: 23 Գիտեմ միայն, որ ամեն քաղաքում սուրբ ոգին անդադար ասում է ինձ, որ կապանքներ ու նեղություններ են ինձ սպասում:+ 24 Սակայն ես իմ կյանքը կարևոր չեմ համարում, միայն թե կյանքի մրցավազքում կարողանամ հասնել վերջնագծին+ և ավարտին հասցնեմ այն ծառայությունը, որ Տեր Հիսուսը հանձնարարել է ինձ կատարել, որպեսզի հիմնովին քարոզեմ* Աստծու անզուգական բարության մասին բարի լուրը:

25 Ես գիտեմ, որ դուք բոլորդ, ում քարոզել եմ Թագավորության մասին, այլևս չեք տեսնելու ինձ: 26 Ուստի հիմա խնդրում եմ, հաստատեք, որ ես արյունապարտ չեմ,*+ 27 որովհետև ես չեմ վարանել հայտնել ձեզ այն ամենի մասին, ինչ Աստված նպատակադրել է անել:+ 28 Ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ+ և ամբողջ հոտին, քանի որ սուրբ ոգին ձեզ վերակացուներ է նշանակել,+ որպեսզի հովվեք Աստծու ժողովը,+ որը նա գնել է իր Որդու արյունով:+ 29 Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո կատաղի գայլեր կսողոսկեն ձեր մեջ+ և չեն խնայի հոտին:* 30 Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն ու կաղավաղեն ճշմարտությունը՝ աշակերտներին իրենց կողմը քաշելու համար:+

31 Ուրեմն զգոն եղեք և հիշեք, որ երեք տարի+ օր ու գիշեր արցունքն աչքերիս անդադար խորհուրդներ եմ տվել ամեն մեկիդ: 32 Եվ հիմա ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա խոսքին, որը հայտնում է մեզ նրա անզուգական բարության մասին,* խոսք, որը կարող է ամրացնել ձեզ ու տալ բոլոր սրբերին* խոստացված ժառանգությունը:+ 33 Ես ոչ մեկի արծաթը, ոսկին կամ հագուստը չեմ ցանկացել:+ 34 Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերը հոգացել են իմ և ինձ հետ եղողների կարիքները:+ 35 Իմ օրինակով ձեզ ցույց տվեցի, որ պետք է ջանասիրաբար աշխատեք+ և օգնեք թույլերին՝ հիշելով Տեր Հիսուսի խոսքերը. «Ավելի շատ երջանկություն է բերում տալը,+ քան ստանալը»»:

36 Այս խոսքերն ասելուց հետո Պողոսը նրանց հետ ծնկի եկավ ու աղոթեց: 37 Եվ բոլորը սկսեցին լաց լինել: Նրանք գրկում էին Պողոսին ու ջերմագին համբուրում նրան, 38 որովհետև նրանց հատկապես ցավ էին պատճառել Պողոսի այն խոսքերը, թե նրան այլևս չեն տեսնելու:+ Դրանից հետո նրան ուղեկցեցին մինչև նավ:

21 Մեծ ցավով նրանց հրաժեշտ տալուց հետո մենք ծով դուրս եկանք և նավարկեցինք ուղիղ Կոս, իսկ հաջորդ օրը՝ Հռոդոս, որտեղից էլ գնացինք Պատարա: 2 Այնտեղ մի նավ գտանք, որն ուղևորվում էր Փյունիկիա, բարձրացանք այդ նավը և շարունակեցինք մեր ճանապարհը: 3 Երբ մեր ձախ կողմում երևաց Կիպրոս կղզին, մենք անցանք այն՝ շարժվելով դեպի Ասորիք: Մենք կանգ առանք Տյուրոսում, որտեղ նավը պետք է բեռնաթափվեր: 4 Հարցուփորձ անելով՝ գտանք այնտեղի աշակերտներին և յոթ օր մնացինք նրանց մոտ: Նրանք Պողոսին շարունակ ասում էին, որ ոտք չդնի Երուսաղեմ, քանի որ սուրբ ոգին նրանց հայտնել էր, թե ինչ է պատահելու նրան:+ 5 Եվ երբ մեր գնալու ժամանակը եկավ, ճանապարհ ընկանք: Բոլորը, այդ թվում՝ կանայք ու երեխաները, ուղեկցեցին մեզ մինչև նավահանգիստ: Այնտեղ ծնկի գալով՝ աղոթեցինք 6 և նրանց հրաժեշտ տալուց հետո նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները:

7 Տյուրոսից նավարկեցինք Պտոլեմայիս: Հանդիպելով այնտեղի եղբայրներին՝ ողջունեցինք նրանց և այդ օրը նրանց հետ մնացինք: 8 Հաջորդ օրը ճանապարհ ընկանք ու հասնելով Կեսարիա՝ գնացինք Փիլիպոս ավետարանչի տուն, որն առաքյալների ընտրած յոթ մարդկանցից էր,+ և նրա մոտ հյուրընկալվեցինք: 9 Այս մարդը չորս ամուրի աղջիկ ուներ, որոնք մարգարեանում էին:+ 10 Երբ արդեն բավականին ժամանակ* էր, ինչ այնտեղ էինք մնում, Հրեաստանից Ագաբոս անունով մի մարգարե եկավ:+ 11 Նա եկավ մեզ մոտ, վերցրեց Պողոսի գոտին, կապեց իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Սուրբ ոգին ասում է. «Այն մարդուն, որին պատկանում է այս գոտին, հրեաները այսպես կկապեն Երուսաղեմում+ և այլազգի մարդկանց ձեռքը կմատնեն»»:+ 12 Սա լսելով՝ մենք և մյուս ներկաները սկսեցինք աղաչել Պողոսին, որ չգնա Երուսաղեմ: 13 Այդ ժամանակ նա ասաց. «Ինչո՞ւ եք լաց լինում ու թուլացնում վճռականությունս:* Հանուն Տեր Հիսուսի անվան՝ ես պատրաստ եմ ոչ միայն բանտարկվելու, այլև մահանալու Երուսաղեմում»:+ 14 Չկարողանալով նրան տարհամոզել՝ մենք այլևս չառարկեցինք ու ասացինք. «Թող Եհովայի* կամքով լինի»:

15 Դրանից հետո պատրաստվեցինք ճանապարհորդության և ուղևորվեցինք Երուսաղեմ: 16 Կեսարիայի աշակերտներից մի քանիսն էլ եկան մեզ հետ, որպեսզի ուղեկցեն մեզ առաջին աշակերտներից մեկի՝ կիպրոսցի Մնասոնի տուն, որտեղ պետք է հյուրընկալվեինք: 17 Երբ հասանք Երուսաղեմ, եղբայրները ջերմորեն դիմավորեցին մեզ: 18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ եկավ Հակոբոսի+ մոտ: Այնտեղ ներկա էին բոլոր երեցները: 19 Նրանց ողջունելուց հետո նա մանրամասնորեն պատմեց, թե իր ծառայության միջոցով Աստված ինչեր է իրագործել ազգերի մեջ:

20 Դա լսելով՝ նրանք սկսեցին փառաբանել Աստծուն: Հետո ասացին Պողոսին. «Եղբա՛յր, դու գիտես, որ հրեաների մեջ հազարավոր հավատացյալներ կան, և նրանք բոլորը նախանձախնդրորեն պահում են Օրենքը:+ 21 Բայց նրանց շշուկներ են հասել, որ այլազգիների մեջ ապրող բոլոր հրեաներին դու հավատուրացություն ես սովորեցնում ու դրդում ես խախտել Մովսեսի օրենքը՝ ասելով, որ նրանք չթլփատեն իրենց երեխաներին և չպահեն ավանդույթները:+ 22 Հիմա ի՞նչ անենք. նրանք հաստատ կլսեն, որ դու եկել ես: 23 Ուրեմն արա այն, ինչ քեզ այժմ կասենք: Մենք չորս մարդիկ ունենք, որոնք երդման պարտավորության տակ են: 24 Այդ մարդկանց քեզ հետ վերցրու և նրանց հետ ծիսականորեն մաքրվիր ու նրանց ծախսերը հոգա, որ իրենց մազերը շատ կարճ կտրեն: Այդպիսով՝ բոլորը կիմանան, որ քո մասին պտտվող լուրերը ճիշտ չեն, և որ դու պատշաճ կերպով ես վարվում ու պահում ես Օրենքը:+ 25 Ինչ վերաբերում է ուրիշ ազգերի հավատացյալներին, մենք նրանց նամակ ենք ուղարկել, որում գրված էր մեր որոշումը. պետք է հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից,+ արյունից,+ խեղդված կենդանիների* մսից+ և անբարոյականությունից»:*+

26 Հաջորդ օրը Պողոսը այդ մարդկանց հետ ծիսականորեն մաքրվեց,+ ապա մտավ տաճար, որ տեղեկացնի, թե երբ են լրանալու ծիսականորեն մաքրվելու օրերը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի:

27 Երբ յոթ օրերը լրանալուն մոտ էին, Ասիայի հրեաները, տաճարում Պողոսին տեսնելով, ամբոխին տրամադրեցին նրա դեմ և բռնելով նրան՝ 28 բղավեցին. «Իսրայելացի՛ մարդիկ, օգնե՛ք: Սա այն մարդն է, որ ամենուրեք սովորեցնում է ուսմունքներ, որոնք անարգում են մեր ժողովրդին, մեր Օրենքը և այս վայրը: Դեռ ավելին՝ նա նույնիսկ հույներին է բերել տաճար ու պղծել այս սուրբ վայրը»:+ 29 Բանն այն է, որ մինչ այդ նրանք քաղաքում Պողոսի հետ տեսել էին եփեսացի Տրոֆիմոսին+ և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է տարել: 30 Ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց: Մարդիկ վազելով հավաքվեցին, բռնեցին Պողոսին ու քարշ տալով՝ տաճարից դուրս հանեցին և անմիջապես փակեցին դռները: 31 Ժողովուրդն ուզում էր սպանել նրան, սակայն զորապետը, տեղեկանալով, որ ամբողջ Երուսաղեմում խռովություն է տիրում, 32 զինվորների ու հարյուրապետների հետ իսկույն վազեց նրանց մոտ: Երբ նրանք տեսան զորապետին ու զինվորներին, դադարեցին Պողոսին ծեծելուց:

33 Այդ ժամանակ զորապետը մոտեցավ, ձերբակալեց նրան ու հրամայեց, որ երկու շղթաներով կապեն,+ ապա հարցրեց, թե ով է այդ մարդը և ինչ է արել: 34 Բայց ամբոխի միջից ոմանք մի բան էին բղավում, իսկ մյուսները՝ ուրիշ բան: Ուստի աղմուկի պատճառով չկարողանալով որևէ բան պարզել՝ զորապետը հրամայեց զորանոց տանել նրան: 35 Սակայն երբ Պողոսը հասավ աստիճաններին, ամբոխն այնքան վայրագ դարձավ, որ զինվորները ստիպված եղան վեր բարձրացրած տանել նրան, 36 իսկ մարդիկ հետևից գնում էին ու բղավում. «Մա՛հ նրան»:

37 Երբ հասան զորանոցի մոտ, Պողոսն ասաց զորապետին. «Կարելի՞ է քեզ մի բան ասել»: Նա էլ զարմացած հարցրեց. «Դու հունարեն գիտե՞ս: 38 Դու այն եգիպտացին չե՞ս, որը մի որոշ ժամանակ առաջ խռովություն բարձրացրեց և 4 000 դաշույնակիրների* իր հետ տարավ անապատ»: 39 Պողոսը պատասխանեց. «Ես հրեա եմ+ և Կիլիկիայում գտնվող հայտնի քաղաքի՝ Տարսոնի քաղաքացի եմ:+ Շատ եմ խնդրում, թույլ տուր՝ խոսեմ ժողովրդի հետ»: 40 Երբ նա թույլ տվեց, Պողոսը, կանգնելով աստիճանների վրա, ձեռքով նշան արեց, որ մարդիկ լռեն: Եվ երբ լռություն տիրեց, նա ժողովրդին եբրայերենով+ ասաց.

22 «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, այժմ լսեք, թե ինչ եմ ասում ձեզ ի պաշտպանություն ինձ»:+ 2 Երբ հավաքվածները լսեցին, որ Պողոսը եբրայերենով է իրենց դիմում, կատարյալ լռություն տիրեց: Եվ նա ասաց. 3 «Ես հրեա եմ,+ ծնվել եմ Կիլիկիայի Տարսոն քաղաքում,+ իսկ կրթությունս ստացել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի մոտ:+ Ինձ սովորեցրել են խստորեն պահել մեր նախահայրերի Օրենքը,+ և ես նախանձախնդրորեն ծառայել եմ Աստծուն, ինչպես և դուք:+ 4 Ես հալածում, բանտարկում ու մահվան էի մատնում այս Ճանապարհով* գնացողներին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց:+ 5 Դա կարող են հաստատել քահանայապետն ու երեցների ողջ խորհուրդը: Նրանցից նույնիսկ նամակներ եմ ստացել՝ ուղղված Դամասկոսի եղբայրներին,* որ գնայի այնտեղ և ձերբակալեի այդ Ճանապարհով գնացողներին ու բերեի Երուսաղեմ, որ պատժվեին:

6 Բայց երբ մոտենում էի Դամասկոսին, կեսօրին մոտ հանկարծ երկնքից մի ուժեղ լույս փայլատակեց ինձ վրա:+ 7 Ես գետին ընկա ու մի ձայն լսեցի. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»: 8 Ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Նա էլ պատասխանեց. «Ես նազարեթցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»: 9 Ինձ հետ եղող մարդիկ տեսնում էին լույսը, բայց ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում: 10 Եվ ես հարցրի. «Ի՞նչ անեմ, Տե՛ր»: Տերը պատասխանեց. «Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի, թե ինչ է որոշված, որ անես»:+ 11 Բայց քանի որ վառ լույսի պատճառով ես ոչինչ չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնած, ուղեկցեցին ինձ Դամասկոս:

12 Այնտեղ Անանիա անունով մի աստվածավախ մարդ կար: Նա պահում էր Օրենքը, և նրա մասին Դամասկոսի բոլոր հրեաները լավն էին խոսում: 13 Նա եկավ ինձ մոտ, կանգնեց կողքիս ու ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, թող քո տեսողությունը վերականգնվի»: Եվ հենց այդ պահին տեսողությունս վերականգնվեց, ու տեսա նրան:+ 14 Նա ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը ընտրել է քեզ, որ իմանաս, թե որն է նրա կամքը, տեսնես Արդարին+ ու լսես նրա ձայնը, 15 որովհետև նրա մասին բոլոր մարդկանց առաջ պետք է վկայություն տաս՝ պատմելով այն ամենը, ինչ տեսար ու լսեցիր:+ 16 Հիմա ինչո՞ւ ես հապաղում: Վեր կաց, մկրտվիր ու մաքրվիր մեղքերիցդ՝+ նրա անունը կանչելով»:+

17 Երբ ես վերադարձա Երուսաղեմ+ և տաճարում աղոթում էի, տեսիլք տեսա, 18 որում Տերն ասաց ինձ. «Շտապի՛ր և շուտ դո՛ւրս արի Երուսաղեմից, որովհետև նրանք չեն ընդունի իմ մասին քո վկայությունը»:+ 19 Ես ասացի. «Տե՛ր, նրանք լավ գիտեն, որ քեզ հավատացողներին ես բանտարկում ու ժողովարաններում ծեծում էի:+ 20 Երբ քո վկա Ստեփանոսի արյունը թափվում էր, ես այնտեղ կանգնած էի և հավանություն էի տալիս դրան ու նրան սպանողների վերնահագուստներն էի հսկում»:+ 21 Բայց նա ասաց ինձ. «Գնա՛, ես քեզ ուղարկելու եմ հեռավոր վայրերում ապրող ազգերի մոտ»»:+

22 Մինչև այդ պահը հավաքվածները լսում էին Պողոսին, բայց հետո սկսեցին բղավել. «Թող այս մարդը վերանա՛ երկրի երեսից, որովհետև արժանի չէ ապրելու»: 23 Նրանք աղաղակում էին, այս ու այն կողմ էին նետում իրենց վերնահագուստները և օդի մեջ փոշի էին շաղ տալիս:+ 24 Ուստի զորապետը հրամայեց, որ Պողոսին զորանոց բերեն և խարազանելով հարցաքննեն, որպեսզի ստույգ իմանա, թե ինչու է ամբոխը նրա մահը պահանջում: 25 Բայց երբ նրան կապեցին, որ խարազանեն, Պողոսը այնտեղ կանգնած հարյուրապետին ասաց. «Օրենքով թույլատրելի՞ է առանց դատ անելու խարազանել հռոմեացուն»:*+ 26 Սա լսելով՝ հարյուրապետը գնաց զորապետի մոտ ու ասաց նրան. «Այս մարդը հռոմեացի է: Ի՞նչ ես անելու»: 27 Ուստի զորապետը մոտեցավ Պողոսին ու հարցրեց. «Ասա ինձ, դու հռոմեացի՞ ես»: Նա պատասխանեց. «Այո՛»: 28 Զորապետն ասաց. «Ես մեծ գումարով եմ ձեռք բերել այս քաղաքացիությունը»: Պողոսն էլ ասաց. «Իսկ ես ծնված օրվանից ունեմ այն»:+

29 Այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին նրան տանջելով հարցաքննել, անմիջապես հետ քաշվեցին նրանից, իսկ զորապետը վախեցավ, որ հռոմեացու է շղթայել:+

30 Հաջորդ օրը, ցանկանալով պարզել, թե ինչու են հրեաները մեղադրում Պողոսին, զորապետը ազատ արձակեց նրան և հրամայեց, որ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը հավաքվեն: Ապա Պողոսին բերեց ու կանգնեցրեց նրանց առաջ:+

23 Պողոսը ուշադիր նայեց Սինեդրիոնին ու ասաց. «Եղբայրնե՛ր, մինչ օրս ես այնպես եմ ապրել, որ խիղճս բացարձակապես մաքուր է Աստծու առաջ»:+ 2 Սա լսելով՝ Անանիա քահանայապետը նրա կողքը կանգնածներին կարգադրեց, որ նրա բերանին հարվածեն: 3 Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված կհարվածի քեզ, ա՛յ սպիտակեցրած պատ:* Դու այստեղ նստած ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես, բայց Օրենքը ոտնահարո՞ւմ ես՝ հրամայելով, որ ինձ խփեն»: 4 Պողոսի կողքին կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»: 5 Պողոսն էլ ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետն է. չէ՞ որ գրված է. «Մի՛ վիրավորիր քո ժողովրդի առաջնորդին»»:+

6 Պողոսը, իմանալով, որ Սինեդրիոնի մի մասը սադուկեցիներ են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիներ, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ՝+ փարիսեցու որդի: Ինձ դատում են մահացածների հարությանը հավատալու համար»: 7 Այդ խոսքերի պատճառով փարիսեցիների ու սադուկեցիների միջև վեճ ծագեց, և հավաքվածները պառակտվեցին: 8 (Բանն այն է, որ սադուկեցիները պնդում են, որ ո՛չ հարություն կա, ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ ոգի, իսկ փարիսեցիները, հակառակը, հավատում են այդ ամենին):+ 9 Մեծ իրարանցում սկսվեց: Փարիսեցիների միջից Օրենքի որոշ ուսուցիչներ* վեր կացան ու խիստ վրդովված ասացին. «Մենք կարծում ենք, որ այս մարդը ոչ մի սխալ բան չի արել, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ...»:+ 10 Երբ վեճը սաստկացավ, զորապետը, վախենալով, որ Պողոսին կտոր-կտոր կանեն, զինվորներին հրամայեց, որ գնան, նրանց միջից դուրս բերեն նրան և տանեն զորանոց:

11 Բայց այդ գիշեր Տերը հայտնվեց Պողոսի կողքին ու ասաց. «Քա՛ջ եղիր,+ որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»:+

12 Երբ օրը բացվեց, հրեաները դավադրություն կազմակերպեցին ու երդվեցին,* որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն: 13 Ավելի քան 40 հոգի երդում արեց: 14 Նրանք գնացին ավագ քահանաների ու երեցների մոտ և ասացին. «Մենք երդվել ենք, որ ոչ մի բան չենք ուտելու, մինչև որ չսպանենք Պողոսին: 15 Ուստի հիմա Սինեդրիոնի հետ զորապետին ասեք, որ նրան ձեզ մոտ բերի, իբր մտադիր եք նրա գործն ավելի հանգամանորեն քննել: Իսկ մենք պատրաստ կլինենք ու ճանապարհին կսպանենք նրան»:

16 Սակայն Պողոսի քրոջ որդին, լսելով, որ նրանք մտադիր են դարանամուտ լինել, եկավ զորանոց ու այդ մասին տեղեկացրեց Պողոսին: 17 Պողոսը հարյուրապետներից մեկին կանչեց ու ասաց. «Այս երիտասարդին զորապետի մոտ տար, որովհետև նրան ասելու բան ունի»: 18 Հարյուրապետն էլ նրան տարավ զորապետի մոտ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսը կանչեց ինձ և խնդրեց, որ այս երիտասարդին քեզ մոտ բերեմ, քանի որ նա ինչ-որ բան ունի քեզ ասելու»: 19 Զորապետը, բռնելով նրա ձեռքից, մի կողմ տարավ ու հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ ասելու»: 20 Նա պատասխանեց. «Հրեաները համաձայնության են եկել, որ քեզ խնդրեն՝ վաղը Պողոսին Սինեդրիոն բերես, իբր մտադիր են ավելի շատ մանրամասնություններ իմանալ նրա գործի վերաբերյալ:+ 21 Բայց դու թույլ մի՛ տուր, որ քեզ համոզեն, որովհետև նրանցից ավելի քան 40 մարդ պատրաստվում են դարանամուտ լինելու և երդվել են, որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն:+ Եվ հիմա նրանք քո թույլտվությանն են սպասում»: 22 Զորապետն ասաց, որ երիտասարդը գնա, և զգուշացրեց նրան. «Ոչ մեկին չասես, որ տեղեկացրել ես ինձ այդ մասին»:

23 Ապա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «200 զինվոր, 70 հեծյալ և 200 նիզակակիր պատրաստեք, որ երեկոյան ժամը մոտավորապես իննին* մեկնեն Կեսարիա: 24 Նաև ձիեր պատրաստեք Պողոսի համար, որ նրան ապահով հասցնեք կառավարիչ Ֆելիքսի մոտ»: 25 Զորապետը մի նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ.

26 «Կլավդիոս Լիսիասը՝ Նորին գերազանցություն կառավարիչ Ֆելիքսին. ողջո՛ւյն: 27 Այս մարդուն հրեաները բռնել էին և պատրաստվում էին սպանել, բայց ես զինվորներիս հետ շտապ հասա ու ազատեցի նրան,+ որովհետև իմացա, որ հռոմեացի է:+ 28 Ցանկանալով պարզել, թե այդ մարդուն ինչի համար էին մեղադրում՝ նրան տարա նրանց Սինեդրիոն:+ 29 Պարզեցի, որ նա մեղադրվում էր իրենց Օրենքի հետ կապված հարցերում,+ բայց մահվան կամ բանտի կապանքներին արժանի ոչինչ չէր արել: 30 Սակայն քանի որ ինձ տեղեկացվեց, որ նրա դեմ դավադրություն է կազմակերպվել,+ անմիջապես որոշեցի նրան ուղարկել քեզ մոտ՝ մեղադրողներին կարգադրելով, որ իրենց մեղադրանքները քո առաջ ներկայացնեն»:

31 Զինվորները, ինչպես որ իրենց կարգադրվել էր,+ Պողոսին գիշերով տարան Անտիպատրիս: 32 Հաջորդ օրը նրանք հեծյալներին պատվիրեցին Պողոսի հետ շարունակել ճանապարհը, իսկ իրենք վերադարձան զորանոց: 33 Հասնելով Կեսարիա՝ հեծյալները նամակը կառավարչին փոխանցեցին ու Պողոսին ներկայացրին նրան: 34 Նա էլ կարդաց այն և հարցրեց, թե Պողոսը որ պրովինցիայից է, և իմացավ, որ Կիլիկիայից է:+ 35 Հետո ասաց. «Ես կլսեմ քո գործը, երբ քեզ մեղադրողները գան»:+ Եվ հրամայեց, որ նրան հսկողության տակ պահեն Հերովդեսի պալատում:*

24 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը+ մի քանի երեցների ու Տերտուլոս անունով մի հռետորի* հետ եկավ կառավարչի մոտ, և նրանք առաջադրեցին Պողոսի դեմ իրենց մեղադրանքները:+ 2 Երբ Տերտուլոսին կանչեցին, նա Ֆելիքսի առաջ սկսեց ներկայացնել իր մեղադրանքը՝ ասելով.

«Մենք քեզ ենք պարտական այն մեծ խաղաղության համար, որ վայելում ենք, ու քո իմաստուն կառավարման* շնորհիվ է, որ բարեփոխումներ են արվում հօգուտ այս ազգի: 3 Ամեն ժամանակ և ամենուրեք մենք մեծագույն երախտագիտությամբ ընդունում ենք այդ փաստը, ո՛վ պատվարժան Ֆելիքս: 4 Բայց որպեսզի քեզանից շատ ժամանակ չխլեմ, խնդրում եմ, որ քեզ բնորոշ բարությամբ լսես այն, ինչ համառոտ կասենք: 5 Ուզում ենք տեղեկացնել, որ այս մարդը պատուհաս* է+ ու ողջ աշխարհում բոլոր հրեաների մեջ խռովություն է հրահրում+ և նազարեթցիների աղանդի պարագլուխն է:+ 6 Նա նաև փորձում էր պղծել տաճարը, ուստի մենք նրան բռնեցինք:+ 7 ....* 8 Երբ նրան հարցաքննես, կհամոզվես, որ մեր ներկայացրած մեղադրանքները հիմնավոր են»:

9 Հրեաները նույնպես սկսեցին մեղադրել Պողոսին՝ հաստատելով, որ այն, ինչ ասվեց, ճիշտ է: 10 Երբ կառավարիչը գլխով արեց Պողոսին, որ խոսի, նա ասաց.

«Ես գիտեմ, որ երկար տարիներ է, ինչ դու այս ազգի դատավորն ես, ուստի ես պատրաստակամորեն կխոսեմ ի պաշտպանություն ինձ:+ 11 Դու ինքդ կարող ես պարզել, որ ընդամենը 12 օր առաջ եմ գնացել Երուսաղեմ՝+ երկրպագություն մատուցելու: 12 Եվ չկա մեկը, որ ինձ տեսած լինի տաճարում որևէ մեկի հետ վիճաբանելիս, ոչ էլ ժողովարաններում կամ քաղաքում խռովություն հրահրելիս: 13 Եվ չեն էլ կարող քեզ ապացուցել այն ամենը, ինչում այս պահին ինձ մեղադրում են: 14 Բայց ես ընդունում եմ, որ այն, ինչ նրանք աղանդավորական են համարում, իմ սուրբ ծառայությունն է, որ մատուցում եմ իմ նախահայրերի Աստծուն,+ քանի որ հավատում եմ այն ամենին, ինչ գրված է Օրենքում և մարգարեների գրվածքներում:+ 15 Ես ունեմ նույն հույսը, ինչ այս մարդիկ, հույս, որ Աստված հարություն է տալու+ թե՛ արդարներին և թե՛ անարդարներին:+ 16 Ուստի միշտ ձգտում եմ խիղճս մաքուր պահել Աստծու և մարդկանց առաջ:+ 17 Եվ ահա երկար տարիներ անց ես վերադարձա Երուսաղեմ, որ իմ ազգին նվիրաբերություններ տանեմ+ և Աստծուն զոհեր մատուցեմ: 18 Հենց այս հարցերով էի զբաղված, երբ նրանք տեսան ինձ տաճարում,+ և այդ ժամանակ ես արդեն ծիսականորեն մաքրված էի: Ո՛չ ամբոխ էի հավաքել շուրջս, ո՛չ էլ խռովություն էի հրահրել: Ասիայից որոշ հրեաներ կային այնտեղ, 19 և իրականում նրա՛նք պետք է ներկայանային քո առաջ ու մեղադրեին ինձ, եթե իհարկե իմ դեմ որևէ բան ունենային:+ 20 Կամ թող այստեղ լինողներն ասեն, թե ինչում են ինձ մեղավոր համարել, երբ ես կանգնած էի Սինեդրիոնի առաջ: 21 Ինձ կարող են մեղադրել միայն այն բանում, որ այնտեղ կանգնած բացականչեցի. «Ինձ դատում են մահացածների հարությանը հավատալու համար»»:+

22 Սակայն Ֆելիքսը, որը լավ տեղեկացված էր Ճանապարհի* մասին,+ հետաձգեց գործի քննությունը՝ ասելով. «Վճիռ կկայացնեմ այն ժամանակ, երբ Լիսիաս զորապետը գա այստեղ»: 23 Նա կարգադրեց հարյուրապետին, որ Պողոսին ձերբակալի, բայց որոշ չափով ազատություն տա՝ թույլ տալով նաև, որ նրա ընկերները հոգ տանեն նրա համար:

24 Մի քանի օր անց Ֆելիքսը իր հրեուհի կնոջ՝ Դրուսիլայի հետ եկավ ու կանչել տվեց Պողոսին, որպեսզի նա խոսի Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելու մասին:+ 25 Բայց երբ Պողոսը խոսեց արդարության, ինքնատիրապետման ու գալիք Դատաստանի մասին,+ Ֆելիքսը վախեցավ ու ասաց. «Առայժմ գնա, հետո՝ հարմար առիթի դեպքում, նորից կկանչեմ քեզ»: 26 Միևնույն ժամանակ նա հույս ուներ, որ Պողոսը իրեն փող կտա, այդ պատճառով ավելի հաճախակի էր կանչում նրան և զրուցում նրա հետ: 27 Երկու տարի անց Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը: Ֆելիքսը, սակայն, ցանկանալով հաճեցնել հրեաներին,+ Պողոսին ազատ չէր արձակել:

25 Ֆեստոսը+ պրովինցիա* գալուց և իր պաշտոնավարմանն անցնելուց երեք օր հետո Կեսարիայից գնաց Երուսաղեմ: 2 Ավագ քահանաներն ու այլ ազդեցիկ հրեաներ Պողոսի դեմ մեղադրանքներ ներկայացրին Ֆեստոսի առաջ+ և սկսեցին նրան աղաչել, 3 որ կատարի իրենց խնդրանքը ու Պողոսին բերել տա Երուսաղեմ: Բայց նրանք ծրագրում էին դարան մտնել և ճանապարհին սպանել Պողոսին:+ 4 Սակայն Ֆեստոսը պատասխանեց, որ Պողոսը պետք է ձերբակալված մնա Կեսարիայում, և որ ինքն էլ շուտով վերադառնալու է այնտեղ: 5 Ապա ավելացրեց. «Ձեզնից նրանք, ովքեր իշխանություն ունեն, թող գան ինձ հետ և այդ մարդու դեմ իրենց մեղադրանքները ներկայացնեն, եթե իհարկե նա որևէ սխալ բան է արել»:+

6 Ֆեստոսը ութ կամ տասը օր մնաց Երուսաղեմում, ապա վերադարձավ Կեսարիա: Հաջորդ օրը նստելով դատավորական աթոռին՝ նա հրամայեց, որ Պողոսին բերեն: 7 Երբ նրան բերեցին, Երուսաղեմից եկած հրեաները հավաքվեցին նրա շուրջը և սկսեցին բազմաթիվ լուրջ մեղադրանքներ ներկայացնել նրա դեմ, սակայն ապացույցներ չէին կարողանում բերել:+

8 Պողոսը, ի պաշտպանություն իրեն, ասաց. «Ես որևէ մեղք չեմ գործել ո՛չ հրեաների Օրենքի, ո՛չ տաճարի և ո՛չ էլ կայսրի դեմ»:+ 9 Ֆեստոսն էլ, ցանկանալով հաճեցնել հրեաներին,+ ասաց Պողոսին. «Եթե ուզում ես, կարող ենք գնալ Երուսաղեմ, ու քո դատը այնտե՛ղ լինի իմ առաջ»: 10 Պողոսը պատասխանեց. «Ես կանգնած եմ կայսրի դատավորական աթոռի առաջ, որտեղ էլ պետք է դատվեմ: Ես ոչ մի վատ բան չեմ արել հրեաներին, ինչպես ինքդ էլ լավ գիտես: 11 Սակայն եթե իսկապես հանցավոր եմ և մահվան արժանի մեղք եմ գործել,+ մեռնելուց չեմ խուսափում: Բայց եթե իմ դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն, ոչ ոք իրավունք չունի ինձ այս մարդկանց ձեռքը մատնել նրանց հաճեցնելու համար: Ես կայսրի՛ն եմ բողոքում»:+ 12 Խորհրդատուների հետ խոսելուց հետո Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին ես բողոքում, կայսրի մոտ էլ կգնաս»:

13 Մի քանի օր անց Ագրիպաս թագավորը և Բերնիկեն, ի նշան հարգանքի, պաշտոնական այցով եկան Կեսարիա՝ Ֆեստոսի մոտ: 14 Նրանք այնտեղ շատ օրեր անցկացրին, և մի առիթով Ֆեստոսը թագավորին ներկայացրեց Պողոսի գործը՝ ասելով.

«Մի մարդ կա այստեղ, որին Ֆելիքսը բանտարկված է թողել: 15 Երբ ես Երուսաղեմում էի, հրեաների ավագ քահանաներն ու երեցները այդ մարդու դեմ մեղադրանքներ առաջադրեցին+ և պահանջեցին, որ դատապարտվի: 16 Բայց ես պատասխանեցի նրանց, որ համաձայն հռոմեական օրենքի՝ չի թույլատրվում մեղադրողների խնդրանքով որևէ մարդու հանձնել իրենց ձեռքը, մինչև մեղադրյալը և նրան մեղադրողները երես առ երես չհանդիպեն, և մեղադրյալին հնարավորություն չտրվի ի պաշտպանություն իրեն խոսելու:+ 17 Երբ նրանք եկան այստեղ, ես առանց հետաձգելու հաջորդ օրը դատական նիստ հրավիրեցի և հրամայեցի, որ այդ մարդուն բերեն: 18 Բայց հակառակ իմ ակնկալածի՝ նրան մեղադրողները ոչ մի հիմնավոր ապացույց չբերեցին, որ նա հանցավոր է:+ 19 Նրանք պարզապես Պողոսի հետ վիճում էին իրենց կրոնի+ և ոմն Հիսուսի մասին, որը մահացել է, սակայն Պողոսի պնդմամբ՝ ողջ է:+ 20 Ուստի չիմանալով՝ այդ խնդրին ինչ լուծում տալ՝ նրան հարցրի, թե արդյոք կցանկանա գնալ Երուսաղեմ, որ նրա դատը այնտեղ լինի:+ 21 Բայց նա բողոքարկեց՝ խնդրելով, որ մինչև Օգոստափառի* վճիռ կայացնելը իրեն պահեն այստեղ:+ Այդ պատճառով ես հրամայեցի կալանքի տակ պահել նրան, մինչև որ կայսրի մոտ ուղարկեմ»:

22 Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Կուզեի լսել այդ մարդուն»:+ Նա էլ ասաց. «Վաղը կլսես նրան»: 23 Հաջորդ օրը Ագրիպասն ու Բերնիկեն մեծ շուքով եկան և զորապետների ու քաղաքի հեղինակավոր մարդկանց ուղեկցությամբ մտան դատարան: Ֆեստոսի հրամանով Պողոսին ներս բերեցին: 24 Ֆեստոսն ասաց. «Ագրիպա՛ս թագավոր և բոլո՛րդ, որ ներկա եք, ձեր առաջ կանգնած է մի մարդ, որի դեմ ողջ հրեա ժողովուրդը մեղադրանք է ներկայացրել ինձ թե՛ Երուսաղեմում, թե՛ այստեղ: Նրանք բոլորը բղավելով նրա մահն էին պահանջում:+ 25 Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել:+ Ուստի երբ այս մարդը բողոքեց Օգոստափառին, որոշեցի նրա մոտ ուղարկել նրան: 26 Սակայն նրա վերաբերյալ հստակ բան չունեմ իմ տիրոջը գրելու: Դրա համար էլ նրան ձեր առջև բերեցի, հատկապես քո առջև, Ագրիպա՛ս թագավոր, որպեսզի դատաքննությունն անցկացնելուց հետո գրելու ինչ-որ բան ունենամ, 27 որովհետև ըստ իս՝ խելամիտ չէ բանտարկյալ ուղարկել Հռոմ՝ առանց նշելու, թե ինչում է նա մեղադրվում»:

26 Ագրիպասն+ ասաց Պողոսին. «Կարող ես խոսել ի պաշտպանություն քեզ»: Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց խոսել.

2 «Ագրիպա՛ս թագավոր, ուրախ եմ, որ հենց քո առաջ պետք է այսօր պաշտպանեմ ինձ հրեաների մեղադրանքներից,+ 3 քանի որ դու քաջատեղյակ ես հրեաների բոլոր սովորույթներին և վիճահարույց հարցերին: Խնդրում եմ քեզ, համբերությամբ լսիր ինձ:

4 Այն, թե պատանեկությունիցս ի վեր ինչ կյանք եմ վարել իմ ազգի մեջ և Երուսաղեմում, հայտնի է բոլոր հրեաներին,+ 5 որոնք ինձ վաղուց գիտեն: Եվ, եթե իհարկե ցանկանան, կարող են հաստատել, որ ես եղել եմ փարիսեցի՝+ մեր կրոնի մի ուղղության հետևորդ,+ որ խստագույն պահանջներն ունի Օրենքը պահելու հարցում: 6 Սակայն այժմ ես կանգնած եմ դատարանի առաջ, քանի որ հույսով սպասում եմ մի խոստման, որն Աստված տվել է մեր նախահայրերին:+ 7 Այս նույն հույսի իրականացումն են ուզում տեսնել նաև մեր 12 ցեղերը, մինչ գիշեր-ցերեկ ջերմեռանդորեն սուրբ ծառայություն են մատուցում Աստծուն: Հրեաները հենց այս հույսն ունենալու համար են ինձ մեղադրում,+ ո՛վ թագավոր:

8 Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված հարություն է տալիս մահացածներին: 9 Իրականում ես ինքս էլ այն համոզման էի, որ պետք է հնարավոր ամեն բան անեմ նազարեթցի Հիսուսի անվան դեմ պայքարում: 10 Հենց դա էլ անում էի Երուսաղեմում. ավագ քահանաներից իշխանություն ստանալով՝+ սրբերից* շատերին բանտարկում էի,+ և երբ նրանց պատրաստվում էին մահապատժի ենթարկել, հավանություն էի տալիս:* 11 Հաճախ գնում էի ժողովարանից ժողովարան և նրանց պատժում էի, որպեսզի ստիպեմ հրաժարվել իրենց համոզմունքներից: Ես այնքան կատաղած էի, որ նույնիսկ ուրիշ քաղաքներում էի նրանց հալածում:

12 Մի անգամ հենց այդ նպատակով ավագ քահանաներից լիազորություն և հանձնարարություն ստանալով՝ ուղևորվեցի Դամասկոս: 13 Երբ ճանապարհին էի, ո՛վ թագավոր, կեսօրին արևի լույսից ավելի ուժեղ լույս տեսա, որ երկնքից փայլատակեց իմ և ինձ հետ ճամփորդողների վրա:+ 14 Այդ ժամանակ բոլորս գետին ընկանք, և մի ձայն լսեցի, որ եբրայերենով ասաց ինձ. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում: Խթանին* քացի տալով՝ քեզ ես վնասում»: 15 Իսկ ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Տերը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: 16 Բայց հիմա վե՛ր կաց ու կանգնի՛ր: Ես քեզ երևացի, որովհետև քեզ ընտրել եմ, որ իմ ծառան լինես և վկայես ինձ հետ կապված այն բաների մասին, որոնք տեսար, և որոնք ցույց կտամ քեզ:+ 17 Ես կազատեմ քեզ այս ժողովրդից և այն ազգերից, որոնց մոտ ուղարկում եմ,+ 18 որպեսզի նրանց աչքերը բացվեն,+ նրանք խավարից+ դեպի լույս գան+ ու Սատանայի իշխանությունից՝+ դեպի Աստված և իմ հանդեպ իրենց հավատի շնորհիվ մեղքերի ներում ստանան+ ու ժառանգություն՝ մյուս առանձնացվածների* հետ»:

19 Այդ պատճառով, Ագրիպա՛ս թագավոր, ես չընդդիմացա այն ամենին, ինչ ասվեց ինձ այդ երկնային տեսիլքում, 20 այլ քարոզեցի նախ՝ Դամասկոսի,+ ապա՝ Երուսաղեմի+ և ողջ Հրեաստանի բնակիչներին, ինչպես նաև այլ ազգերին՝ ասելով, որ պետք է զղջան ու վերադառնան Աստծու մոտ՝ իրենց զղջմանը համապատասխանող գործեր անելով:+ 21 Ահա թե ինչու հրեաները տաճարում բռնեցին ինձ ու փորձեցին սպանել:+ 22 Բայցևայնպես, Աստծու օգնությամբ ես մինչ օրս քարոզում եմ* թե՛ հասարակ և թե՛ անվանի մարդկանց և ասում եմ միայն այն, ինչ մարգարեներն ու Մովսեսն էին մարգարեանում.+ 23 Քրիստոսը պետք է չարչարվեր+ ու որպես հարություն առածներից առաջինը՝+ լույս քարոզեր և՛ այս ժողովրդին, և՛ այլազգիներին»:+

24 Մինչ Պողոսը ի պաշտպանություն իրեն խոսում էր, Ֆեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվե՛լ ես, Պողո՛ս: Շատ գիտելիքները քեզ խելացնորությա՛ն են հասցրել»: 25 Բայց Պողոսն ասաց. «Չեմ ցնորվել, Ձե՛րդ գերազանցություն Ֆեստոս, իմ խոսքերը ճիշտ են ու ողջամիտ: 26 Իրականում թագավորը լավատեղյակ է այս ամենին, ուստի կարող եմ ազատ խոսել նրա հետ: Ես համոզված եմ, որ ոչինչ չի վրիպել նրա ուշադրությունից, քանի որ այդ ամենը գաղտնի չի արվել:+ 27 Հավատո՞ւմ ես մարգարեներին, Ագրիպա՛ս թագավոր: Գիտեմ, որ հավատում ես»: 28 Ագրիպասն ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ համոզես, որ քրիստոնյա դառնամ»: 29 Պողոսն էլ ասաց. «Աղոթում եմ Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր լսում են ինձ, դառնան այնպիսին, ինչպիսին ես եմ, սակայն առանց այս ձեռնաշղթաների»:

30 Այդ ժամանակ թագավորը վեր կացավ, վեր կացան նաև կառավարիչը, Բերնիկեն և նրանց հետ նստած մյուս մարդիկ: 31 Հեռանալիս նրանք ասում էին իրար. «Այս մարդը մահվան կամ բանտարկության արժանի ոչինչ չի արել»:+ 32 Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Եթե այս մարդը կայսրին բողոքած չլիներ, կարելի էր ազատ արձակել նրան»:+

27 Երբ որոշվեց, որ նավով գնալու ենք Իտալիա,+ Պողոսին և մի քանի ուրիշ բանտարկյալների հանձնեցին կայսերական* գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի: 2 Մենք նստեցինք Ադրամիտայից եկած մի նավ, որը ուղևորվելու էր Ասիայի ծովեզերքով ձգվող նավահանգիստներ, և ճանապարհ ընկանք: Մեզ հետ էր նաև Արիստարքոսը՝+ Թեսաղոնիկեից մի մակեդոնացի: 3 Հաջորդ օրը, երբ հասանք Սիդոն, Հուլիոսը բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր համար:

4 Այնտեղից ճանապարհը շարունակեցինք և անցանք Կիպրոսի կողքով՝ պատսպարվելով հակառակ կողմից փչող քամիներից: 5 Հետո կտրեցինք բաց ծովը՝ անցնելով Կիլիկիայի ու Պամփյուլիայի երկայնքով, և հասանք Միռա, որը Լյուկիայում է: 6 Հարյուրապետը այնտեղ Ալեքսանդրիայից եկած մի նավ գտավ, որն ուղևորվում էր Իտալիա, և մեզ նստեցրեց այդ նավը: 7 Այնուհետև շատ օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնիդոս: Քանի որ քամու պատճառով չէինք կարողանում առաջ գնալ, Սաղմոնիայի մոտով նավարկեցինք Կրետեի կողքով, որտեղ էլ պատսպարվեցինք քամուց: 8 Կղզու երկայնքով դժվարությամբ նավարկելով՝ հասանք «Գեղեցիկ նավահանգիստ» կոչվող մի վայր, որը Լասեա քաղաքի մոտ էր գտնվում:

9 Քանի որ բավականին ժամանակ էր անցել, անգամ ավարտվել էր Քավության օրվա+ ծոմապահությունը,* և նավարկելը վտանգավոր էր, Պողոսն ասաց. 10 «Տեսնում եմ, որ եթե շարունակենք ճանապարհը, վնասներ ու մեծ կորուստներ կունենանք. կկորցնենք ոչ միայն բեռն ու նավը, այլև մեր կյանքը»: 11 Սակայն հարյուրապետը Պողոսին լսելու փոխարեն ականջ դրեց նավավարին և նավատիրոջը: 12 Քանի որ նավահանգիստը հարմար չէր ձմեռելու համար, մեծամասնությունը առաջարկեց այնտեղից ճանապարհ ընկնել դեպի Փյունիկ ու, եթե հաջողվի, այնտեղ ձմեռել: Կրետեի այդ նավահանգիստը կարելի էր հասնել հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից:

13 Երբ հարավային մեղմ քամին փչեց, նավաստիները կարծեցին, թե հասնում են իրենց նպատակին, ուստի խարիսխը բարձրացրին ու սկսեցին նավարկել Կրետեի ափի երկայնքով: 14 Սակայն կարճ ժամանակ անց մի կատաղի քամի մոլեգնեց, որը Եվրակիլոն* է կոչվում: 15 Նավը սաստիկ փոթորկի մեջ ընկավ, ու չկարողացանք քամուն դիմադրել, ուստի հանձնվեցինք, և քամին նավը քշեց: 16 Նույնիսկ երբ պատսպարվեցինք Կլավդա կոչվող կղզու մոտ, հազիվ կարողացանք փրկել մակույկը, որն ամրացված էր նավի հետնամասին: 17 Մակույկը նավ բարձրացնելուց հետո նրանք պարաններով ամրացրին նավակմախքը: Վախենալով, որ Սիրտիսում* նավը կխրվի ծանծաղուտի մեջ՝ առագաստն իջեցրին: Քամին շարունակում էր քշել մեզ: 18 Ու քանի որ նավը սաստիկ տարուբերվում էր փոթորկից, հաջորդ օրը սկսեցին թեթևացնել այն, 19 իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքով նավի որոշ սարքավորումներ ծովը նետեցին:

20 Շատ օրեր անցան. ո՛չ արևն էր երևում, ո՛չ էլ աստղերը, փոթորիկն էլ չէր դադարում, և ի վերջո մենք լրիվ կորցրինք փրկվելու հույսը: 21 Արդեն երկար ժամանակ էր, ինչ նրանք հաց չէին կերել: Պողոսը կանգնեց ու ասաց. «Եթե ընդունեիք խորհուրդս և Կրետեից ծով դուրս չգայիք, այս վնասն ու կորուստը չէիք կրի:+ 22 Ինչևիցե, հիմա խնդրում եմ, թևաթափ մի՛ եղեք, որովհետև ոչ ոք չի մահանա, միայն նավը կկորչի: 23 Այս գիշեր Աստված, որին ես երկրպագում եմ ու սուրբ ծառայություն եմ մատուցում, մի հրեշտակ ուղարկեց,+ որը կանգնեց կողքիս 24 ու ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս: Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես,+ և հանուն քեզ՝ Աստված կփրկի բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են»: 25 Ուստի մի՛ հուսալքվեք, որովհետև ես հավատում եմ, որ Աստված կանի ճիշտ այնպես, ինչպես ասել է: 26 Բայց մենք նավաբեկության կենթարկվենք մի կղզու մոտ»:+

27 Արդեն 14-րդ գիշերն էր. մենք դեռ Ադրիա ծովի վրա այս ու այն կողմ էինք տարուբերվում: Կեսգիշերին նավաստիները սկսեցին հասկանալ, որ ցամաքի են մոտենում: 28 Նրանք չափեցին խորությունը, և պարզվեց, որ այն 20 գրկաչափ* է, ուստի կարճ տարածություն անցնելուց հետո նորից չափեցին՝ 15 գրկաչափ* էր: 29 Վախենալով, որ կբախվեն ժայռերի՝ նրանք նավի հետնամասից չորս խարիսխ նետեցին ու անհամբերությամբ սկսեցին սպասել, թե օրը երբ է բացվելու: 30 Նավաստիները փորձեցին նավից փախչել և ձևացնելով, թե ուզում են նավաքթից խարիսխներ գցել՝ մակույկը ծովն իջեցրին: 31 Այդ ժամանակ Պողոսն ասաց հարյուրապետին ու զինվորներին. «Եթե այս մարդիկ նավում չմնան, դուք չեք կարողանա փրկվել»:+ 32 Ուստի զինվորները կտրեցին մակույկի պարանները, և այն հեռացավ նավից:

33 Լուսաբացին մոտ Պողոսը հորդորեց բոլորին հաց ուտել՝ ասելով. «Այսօր արդեն 14-րդ օրն է, որ անհանգստությամբ սպասում եք ու ոչինչ չեք կերել: 34 Ուստի խնդրում եմ, մի բան կերեք, քանի որ դա ձեր օգտի համար է: Ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ անգամ չի ընկնի»: 35 Հետո նա հաց վերցրեց, բոլորի առաջ շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց այն ու սկսեց ուտել: 36 Բոլորը քաջալերվեցին, և իրենք էլ սկսեցին ուտել: 37 (Նավի վրա բոլորս միասին 276 հոգի էինք): 38 Երբ նրանք կշտացան, սկսեցին ցորենը ծովը նետել, որպեսզի թեթևացնեն նավը:+

39 Ի վերջո երբ օրը բացվեց, նրանք մի ծովածոց տեսան, բայց չէին կողմնորոշվում, թե որտեղ են:+ Ուստի որոշեցին, որ եթե հնարավոր լինի, նավը ափ կհանեն: 40 Նրանք կտրեցին խարիսխների պարանները և խարիսխները ծովում թողեցին, միևնույն ժամանակ ղեկաթիերի պարաններն արձակեցին ու առաջամասի առագաստը քամու ուղղությամբ բարձրացնելուց հետո նավարկեցին դեպի ափ: 41 Նավը խրվեց ավազոտ ծանծաղուտի մեջ ու կանգնեց: Նավաքիթը մխրճվեց տիղմի մեջ ու մնաց անշարժ, իսկ նավի հետնամասը ալիքների ուժգին հարվածներից սկսեց ջարդուփշուր լինել:+ 42 Զինվորները որոշեցին սպանել բանտարկյալներին, որ ոչ մեկը լողալով չփախչի: 43 Բայց հարյուրապետը ուզում էր փրկել Պողոսին, ուստի հետ պահեց նրանց իրենց մտադրությունից: Նա հրամայեց, որ ովքեր կարողանում են լողալ, առաջինը ծովը նետվեն և ցամաք դուրս գան, 44 իսկ մյուսները նրանց հետևից լողան տախտակների կամ նավի այլ բեկորների օգնությամբ: Այսպիսով՝ բոլորը ապահով ցամաք հասան:+

28 Երբ հասանք ցամաք, իմացանք, որ այդ կղզու անունը Մալթա է:+ 2 Տեղացիները* մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցուցաբերեցին: Քանի որ անձրև էր գալիս ու ցուրտ էր, նրանք կրակ վառեցին և սրտանց կանչեցին մեզ իրենց մոտ: 3 Երբ Պողոսը ճյուղերի մի խուրձ հավաքեց ու գցեց խարույկի մեջ, տաքության պատճառով մի իժ դուրս եկավ խրձի միջից ու խայթեց նրա ձեռքը՝ ամուր կպչելով դրան: 4 Թունավոր օձին նրա ձեռքից կախված տեսնելով՝ տեղացիները սկսեցին իրար ասել. «Նա հաստատ մարդասպան է. թեև ծովից փրկվեց, սակայն Արդարությունը* թույլ չտվեց, որ նա ապրի»: 5 Բայց Պողոսը, օձին թափ տալով, գցեց կրակի մեջ, և իրեն ոչ մի վնաս չեղավ: 6 Նրանք մտածում էին, որ նրա մարմինը կուռչի, կամ էլ նա տեղնուտեղը մեռած վայր կընկնի: Երկար սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան ոչ մի բան չի պատահում, իրենց կարծիքը փոխեցին ու սկսեցին ասել, թե նա աստված է:

7 Այդ վայրից ոչ հեռու ագարակներ կային, որոնք պատկանում էին Պոպլիոս անունով մի մարդու, ով կղզու գլխավորն էր: Նա ուրախությամբ ընդունեց մեզ ու երեք օր սրտանց հյուրընկալեց: 8 Պոպլիոսի հայրը ջերմությամբ պառկած էր և տառապում էր դիզենտերիայով: Պողոսը մտավ նրա մոտ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բուժեց նրան:+ 9 Այս դեպքից հետո կղզում ապրող մյուս մարդիկ, ովքեր հիվանդություններ ունեին, սկսեցին գալ նրա մոտ ու բուժվել:+ 10 Նրանք, շատ նվերներ տալով, մեզ պատվեցին, ու երբ մեկնում էինք, նավը բեռնեցին այն ամենով, ինչ անհրաժեշտ էր մեզ:

11 Երեք ամիս հետո նավարկեցինք Ալեքսանդրիայից եկած մի նավով, որը ձմեռը կղզում էր մնացել, և որի նավաքթին Զևսի որդիների քանդակն էր: 12 Մենք կանգ առանք Սիրակուզայի նավահանգստում ու երեք օր այնտեղ մնացինք, 13 ապա շարունակեցինք ճանապարհը ու գնացինք Հռեգիոն: Մեկ օր անց հարավային քամի բարձրացավ, և հաջորդ օրն արդեն Պատիողոսում էինք: 14 Այնտեղ եղբայրների գտանք, ու նրանք խնդրեցին մեզ յոթ օր իրենց մոտ մնալ: Դրանից հետո ուղևորվեցինք դեպի Հռոմ: 15 Երբ այնտեղի եղբայրները լսեցին մեր գալու մասին, եկան մինչև Ապիոսի շուկա և Երեք իջևաններ, որպեսզի դիմավորեն մեզ: Նրանց տեսնելուն պես Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջալերվեց:+ 16 Երբ վերջապես մտանք Հռոմ, Պողոսին թույլ տրվեց առանձին ապրել՝ զինվորի հսկողության տակ:

17 Երեք օր հետո նա իր մոտ կանչեց ազդեցիկ հրեաներին: Երբ նրանք հավաքվեցին, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, թեև մեր ժողովրդի և նախահայրերի սովորույթների դեմ ոչ մի բան չեմ արել,+ սակայն Երուսաղեմում ինձ բռնեցին ու որպես բանտարկյալի՝ հանձնեցին հռոմեացիների ձեռքը:+ 18 Հարցաքննելուց հետո+ նրանք ուզում էին ազատ արձակել ինձ, քանի որ մահվան դատապարտելու ոչ մի հիմք չգտան:+ 19 Բայց երբ հրեաները առարկեցին, ստիպված եղա կայսրին բողոքել,+ սակայն ոչ այն պատճառով, որ ուզում էի ինչ-որ բանում մեղադրել իմ ազգին: 20 Եվ հենց դրա համար էլ ես ցանկացա տեսնել ձեզ ու խոսել ձեզ հետ, որովհետև Իսրայելի ունեցած հույսի համար եմ շղթայված»:+ 21 Նրանք էլ ասացին նրան. «Հրեաստանից քո մասին նամակներ չենք ստացել, ոչ էլ այնտեղից եկած եղբայրներից մեկն է որևէ վատ բան ասել քո մասին: 22 Բայց կարծում ենք՝ տեղին է քեզնից լսել, թե դու ինչ կասես, որովհետև գիտենք, որ այս աղանդի+ մասին ամեն տեղ վատն են խոսում»:+

23 Նրանք օր որոշեցին, որ հանդիպեն Պողոսի հետ, ու այդ անգամ նրա կացարան ավելի շատ մարդ եկավ: Առավոտից մինչև երեկո նա խոսում էր նրանց հետ և հիմնովին քարոզում* Աստծու թագավորության մասին՝ Հիսուսի հետ կապված համոզիչ փաստարկներ բերելով+ թե՛ Մովսեսի օրենքից+ և թե՛ մարգարեների գրվածքներից:+ 24 Ոմանք սկսեցին հավատալ Պողոսի խոսքերին, իսկ ուրիշները չհավատացին: 25 Ուստի քանի որ տարակարծիք էին, սկսեցին հեռանալ, և այդ ժամանակ նա ասաց.

«Շատ ճիշտ են այն խոսքերը, որ սուրբ ոգին Եսայիա մարգարեի միջոցով ասել է ձեր նախահայրերին. 26 «Գնա այս ժողովրդի մոտ և ասա. «Կլսեք, բայց չեք հասկանա, կնայեք, բայց չեք տեսնի:+ 27 Այս ժողովրդի սիրտն անզգայացել է: Իրենց ականջներով լսում են, բայց չեն արձագանքում: Փակում են իրենց աչքերն ու ականջները՝ չցանկանալով տեսնել, լսել և սրտով հասկանալ ու հետ դառնալ ինձ մոտ, որ ես բուժեմ նրանց»»:+ 28 Ուրեմն իմացեք, որ Աստծու տված փրկության մասին լուրը ուղարկվել է այլազգիներին,+ և նրանք անկասկած կարձագանքեն»:+ 29 ....*

30 Ամբողջ երկու տարի Պողոսն իր վարձված տանն էր մնում+ և սրտաբաց ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին: 31 Նա, առանց որևէ արգելքի, համարձակորեն քարոզում ու սովորեցնում էր Աստծու թագավորության և Տեր Հիսուս Քրիստոսի մասին:+

Կամ՝ «որոնք սահմանելու իրավունքը Հայրն իրեն է վերապահել»:

Կամ՝ «մինչև աշխարհի ծայրերը»:

Մոտ 900 մ:

Կամ՝ «Վերակացուի իր պատասխանատվությունը»:

Տես հավելված Ա5:

Բառարանում տես «Վիճակ»:

Բառարանում տես «Ասիա»:

Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդիկ: Բառարանում տես «Պրոզելիտ»:

Կամ՝ «Երիտասարդ գինի»:

Բռց.՝ «օրվա երրորդ ժամն է [արևածագից հաշված]»:

Տես հավելված Ա5:

Կամ հնարավոր է՝ «կապանքներից»: Բռց.՝ «ցավերից»:

Կամ՝ «աչքի առաջ»:

Կամ՝ «Մարմինս կհանգչի հույսով»:

Կամ՝ «իմ հոգին»:

Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «նվիրվածի մարմինը չքայքայվի»:

Բռց.՝ «իր երանքի պտղից»:

Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «կիսվում էին իրենց ունեցածով»:

Այսինքն՝ խոր հարգանքով: Բռց.՝ «վախով»:

Բռց.՝ «իններորդ ժամին [արևածագից հաշված]»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «թարմության ժամանակներ»:

Կամ՝ «հոգի»:

Բառարանում տես «Ուխտ»:

Կամ՝ «և Հիսուսի օրինակը բերելով՝ բացահայտ հռչակում էին մահացածների հարության մասին»:

Բռց.՝ «դպիրները»:

Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:

Խոսքը անկիրթ լինելու մասին չէ, այլ ռաբբունական դպրոցներում կրթություն չստանալու մասին է:

Հրեական բարձրագույն դատարանը:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «նրա Քրիստոսի»:

Բռց.՝ «ձեռքով»:

Բռց.՝ «մեկ սիրտ ու մեկ հոգի էր»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «անմաքուր»:

Կամ՝ «Աստծո՛ւն հնազանդվենք ինչպես ղեկավարի»:

Կամ՝ «ծառին»:

Բռց.՝ «դպիր»:

Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդ: Բառարանում տես «Պրոզելիտ»:

Բռց.՝ «դպիրներին»:

Այսինքն՝ հրեշտակի երեսի նման հանդարտ:

Կամ հնարավոր է՝ «Իսահակը նույնն արեց Հակոբին, Հակոբն էլ՝ 12 որդիներին»:

Կամ՝ «նահապետներ»:

Կամ՝ «ցորեն»:

Կամ՝ «գեղեցիկ էր Աստծու համար»:

Տես հավելված Ա5:

Խոսքը երկնային մարմինների մասին է:

Բռց.՝ «անթլփա՛տ սրտերով և ականջներով»:

Կամ՝ «ոգին»:

Բռց.՝ «ննջեց»:

Կամ հնարավոր է՝ «Սամարիայի քաղաքներից մեկը»:

Բռց.՝ «անմաքուր»:

Բռց.՝ «փոքրից մեծ»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «լեղի»:

Բռց.՝ «ներքինու»: Բառարանում տես «Ներքինի»:

Եթովպիայի թագուհիների տիտղոս:

Տես հավելված Ա3:

Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է:

Բառարանում տես «Սրբեր»:

Բռց.՝ «այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Հուն. Դորկաս կամ արամ. Տաբիթա կանացի անունը նշանակում է «այծյամ»:

Բռց.՝ «Օրվա մոտ իններորդ ժամին [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «մոտ վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «ինչ-որ անոթ»:

Բռց.՝ «իններորդ ժամին [արևածագից հաշված]»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «ծառին»:

Այսինքն՝ Աստծու խոսքը:

Կամ՝ «վիճել նրա հետ»:

Բռց.՝ «ինչ-որ անոթ»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «դատել»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «Գոտիդ կապի՛ր»:

Այսինքն՝ Հերովդես Անտիպասի: Բառարանում տես «Հերովդես»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «Ինձ համար առանձնացրեք»:

Հռոմեական պրովինցիայի կառավարիչ:

Սա նույն Բարեհեսուն է, որի մասին նշված է 6-րդ համարում:

Բռց.՝ «բարձրացրած»:

Այսինքն՝ Հիսուսին:

Կամ՝ «ծառից»:

Բռց.՝ «ննջեց»:

Այսինքն՝ հուդայականություն ընդունած մարդիկ: Բառարանում տես «Պրոզելիտ»:

Այս ժեստը ցույց էր տալիս, որ անհատը այլևս պատասխանատվություն չի կրում:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «վզին լուծ»:

«Սիմոն» (Պետրոս) անվան մեկ այլ ձևը:

Կամ՝ «տաղավարը», «տունը»:

Բռց.՝ «փնտրեն»:

Տես հավելված Ա5:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Այսինքն՝ սպանված կենդանիների, որոնց արյունը չի թափվել:

Այսինքն՝ սպանված կենդանիների, որոնց արյունը չի թափվել:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Տես հավելված Ա3:

Կամ հնարավոր է՝ «անպայման»:

Կամ՝ «միջով»:

Կամ՝ «մանուշակագույն թանկարժեք հագուստ»:

Լիդիան հնարավոր է նաև մանուշակագույն ներկ էր վաճառում:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «անմաքուր»:

Հրապարակը առևտրի և հանրային հավաքույթների վայր էր:

Քաղաքի պաշտոնյա՝ Հռոմեական կայսրությունում:

Կամ՝ «անկարգություններ են հրահրել ողջ աշխարհում»:

Բռց.՝ «նրա ոգին իր ներսում զայրացավ»:

Բռց.՝ «սերմնաքաղը»:

Բլուր՝ հին Աթենքում, որի վրա նաև գերագույն դատարանն էր հավաքվում:

Կամ՝ «նրանց քաղաք այցելող»:

Կամ՝ «ավելի կրոնասեր եք»:

Կամ՝ «տրամաբանում էր»:

Բռց.՝ «Ձեր արյունը ձեր գլխին լինի»:

Այսինքն՝ ժողովարանից:

Հռոմեական պրովինցիայի կառավարիչ:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «ուսմունքների»:

Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է:

Հռոմեական պրովինցիայի կառավարիչ:

Բռց.՝ «վկայություն տամ»:

Բռց.՝ «որ մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից»:

Կամ՝ «քնքշությամբ չեն վարվի հոտի հետ»:

Բռց.՝ «և նրա անզուգական բարության խոսքին»:

Բառարանում տես «Սրբեր»:

Կամ՝ «շատ օրեր»:

Կամ՝ «սիրտս ճմլում»:

Տես հավելված Ա5:

Այսինքն՝ սպանված կենդանիների, որոնց արյունը չի թափվել:

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Ծայրահեղական հրեաների խմբավորում, որը քաղաքական դրդապատճառներով սպանություններ էր կազմակերպում:

Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է:

Խոսքը հրեա առաջնորդների մասին է:

Կամ՝ «Հռոմի քաղաքացուն»:

Կամ՝ «կեղծավոր»:

Բռց.՝ «դպիրներ»:

Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ կգար սուտ երդում տվողի կամ երդումը խախտողի վրա:

Բռց.՝ «գիշերվա երրորդ ժամին [արևամուտից հաշված]»:

Կամ՝ «պրետորական պալատում»:

Կամ՝ «դատապաշտպանի»:

Բռց.՝ «քո հեռատեսության»:

Բռց.՝ «համաճարակ»:

Տես հավելված Ա3:

Խոսքը քրիստոնեական ապրելակերպի և ուսմունքի մասին է:

Այսինքն՝ Հրեաստան:

Հռոմեական կայսրի տիտղոս:

Բառարանում տես «Սրբեր»:

Կամ՝ «իմ ձայնն էի տալիս»: Բռց.՝ «քար էի նետում»:

Սրածայր գավազան՝ կենդանիներին առաջ մղելու համար:

Բռց.՝ «սրբագործվածների»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «վկայություն եմ տալիս»:

Բռց.՝ «Օգոստոսի»:

Այն պահում էին թիշրի ամսին, որը անձրևների ու փոթորիկների սեզոնի սկիզբն էր:

Հյուսիսարևելյան քամի:

Բառարանում տես «Սիրտիս»:

Մոտ 36 մ: Տես հավելված Բ14:

Մոտ 27 մ:

Կամ՝ «Օտարախոս մարդիկ»:

Հուն.՝ Դիկե: Հնարավոր է՝ խոսքը վրեժխնդրության աստվածուհու մասին է կամ արդարության՝ որպես վերացական հասկացություն:

Բռց.՝ «վկայություն տալիս»:

Տես հավելված Ա3:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը