Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Հովհաննես 1 ։ 1–21 ։ 25
  • Հովհաննես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովհաննես
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հովհաննես

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

1 Սկզբում Խոսքն էր,+ Խոսքը Աստծու հետ էր,+ և Խոսքը աստված* էր:+ 2 Նա ի սկզբանե Աստծու հետ էր: 3 Ամեն ինչ նրա միջոցով առաջ եկավ,+ և առանց նրա ոչինչ առաջ չեկավ:

4 Կյանքը նրա միջոցով առաջ եկավ, և կյանքը մարդկանց լույսն էր:+ 5 Լույսը փայլում է խավարում.+ խավարը չի հաղթել նրան:

6 Մի մարդ եկավ՝ Աստծու կողմից ուղարկված. նրա անունը Հովհաննես էր:+ 7 Նա եկավ որպես վկա, որ վկայություն տա լույսի մասին,+ որպեսզի ամեն տեսակ մարդիկ իր միջոցով հավատան: 8 Նա չէր այդ լույսը,+ բայց եկավ, որ վկայություն տա այդ լույսի մասին:

9 Ճշմարիտ լույսը, որն ամեն տեսակ մարդկանց լուսավորում է, շուտով աշխարհ էր գալու:+ 10 Նա աշխարհում էր,+ սակայն աշխարհը, որը նրա միջոցով առաջ եկավ,+ չճանաչեց նրան: 11 Նա իր հայրենի երկիր եկավ, բայց իր ժողովուրդը չընդունեց նրան: 12 Սակայն բոլոր նրանց, ովքեր ընդունեցին, նա իրավունք տվեց Աստծու զավակներ լինելու,+ քանի որ հավատում էին իր անվանը:+ 13 Եվ նրանք ծնվեցին ոչ թե մարդկային ծնողներից կամ նրանց կամքով,* այլ Աստծուց:+

14 Խոսքը մարմին դարձավ+ ու բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք նրա փառքը՝ փառք, որը միածին որդին+ է ունենում՝ ստանալով հորից: Նա ճշմարտության մարմնացումն էր և միշտ ուներ Աստծու հավանությունը:* 15 (Հովհաննեսը վկայում էր նրա մասին՝ բացականչելով. «Նրա մասին էր, որ ասացի. «Ինձնից հետո եկողը ինձնից առաջ անցավ, քանի որ նա ինձնից առաջ գոյություն ուներ»»):+ 16 Նա առատորեն անզուգական բարություն* դրսևորեց բոլորիս հանդեպ, քանի որ լի էր անզուգական բարությամբ: 17 Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց,+ բայց անզուգական բարությունը+ և ճշմարտությունը տրվեցին Հիսուս Քրիստոսի միջոցով:+ 18 Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն.+ նրա մասին պատմել է+ միածին աստվածը,+ որը Հոր կողքին է:*+

19 Ահա այս վկայությունը տվեց Հովհաննեսը, երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որ հարցնեն՝ «Դու ո՞վ ես».+ 20 նա հարցից չխուսափեց և ուղիղ ասաց. «Ես չեմ Քրիստոսը»: 21 Նրանք էլ հարցրին նրան. «Այդ դեպքում ո՞վ ես, Եղիա՞ն»:+ «Ո՛չ»,– ասաց նա: «Մարգարե՞ն ես»:+ Նա պատասխանեց. «Ո՛չ»: 22 Ուստի ասացին նրան. «Լավ, բա ո՞վ ես դու. ասա մեզ, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին: Ի՞նչ կասես քո մասին»: 23 Նա էլ ասաց. «Ես նրա ձայնն եմ, ով անապատում աղաղակում է՝ «Հարթե՛ք ճանապարհը Եհովայի* համար»,+ ինչպես որ Եսայիա մարգարեն է ասել»:+ 24 Այդ մարդկանց փարիսեցիներն էին ուղարկել: 25 Ուստի նրանք հարցրին. «Եթե ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Մարգարեն, ինչո՞ւ ես մկրտում»: 26 Հովհաննեսը պատասխանեց. «Ես ջրում եմ մկրտում: Ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 27 նա, ով ինձնից հետո է գալիս: Ես արժանի չեմ անգամ նրա սանդալի կապերն արձակելու»:+ 28 Սա տեղի ունեցավ Հորդանանի մյուս կողմի Բեթանիայում,* որտեղ Հովհաննեսը մկրտում էր:+

29 Հաջորդ օրը նա տեսավ Հիսուսին իր մոտ գալիս և ասաց. «Ահա՛ Աստծու Գառը,+ որը վերացնում է աշխարհի+ մեղքը:+ 30 Նրա մասին էր, որ ասացի. «Ինձնից հետո եկողը ինձնից առաջ անցավ, քանի որ նա ինձնից առաջ գոյություն ուներ»:+ 31 Ես չէի ճանաչում նրան, բայց եկա ջրում մկրտելու, որպեսզի նա հայտնի դառնա Իսրայելին»:+ 32 Հովհաննեսը նաև վկայեց՝ ասելով. «Ես տեսա, թե երկնքից ինչպես ոգին աղավնու տեսքով իջավ և մնաց նրա վրա:+ 33 Ես չէի ճանաչում նրան, բայց Աստված, ով ինձ ուղարկեց ջրում մկրտելու, ասաց. «Ում վրա որ տեսնես՝ ոգին իջնում է և մնում,+ նա է սուրբ ոգով մկրտողը»:+ 34 Եվ ես տեսա դա ու վկայում եմ, որ նա է Աստծու Որդին»:+

35 Հաջորդ օրը Հովհաննեսը դարձյալ կանգնած էր այնտեղ իր աշակերտներից երկուսի հետ: 36 Տեսնելով Հիսուսին անցնելիս՝ նա ասաց. «Ահա՛ Աստծու Գառը»:+ 37 Դա լսելով՝ այդ երկու աշակերտները գնացին Հիսուսի հետևից: 38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ, որ նրանք գալիս են իր հետևից, հարցրեց. «Ի՞նչ եք փնտրում»: Նրանք էլ պատասխանեցին. «Ռաբբի՛ (որը թարգմանաբար նշանակում է «ուսուցիչ»), որտե՞ղ ես օթևանում»: 39 Նա ասաց. «Եկեք ու տեսեք»: Նրանք գնացին ու տեսան, թե որտեղ է նա օթևանում, և այդ օրը նրա հետ մնացին: Ցերեկվա մոտ ժամը չորսն էր:* 40 Անդրեասը՝+ Սիմոն Պետրոսի եղբայրը, այն երկուսից մեկն էր, որոնք լսեցին Հովհաննեսի ասածն ու գնացին Հիսուսի հետևից: 41 Նախ նա գտավ իր եղբորը՝ Սիմոնին, ու ասաց. «Գտա՛նք Մեսիային»+ (որը թարգմանվում է «Քրիստոս»): 42 Հետո նրան տարավ Հիսուսի մոտ: Հիսուսը նայեց նրան ու ասաց. «Դու Սիմոնն+ ես՝ Հովհաննեսի որդին: Այսուհետ դու կկոչվես Կեփաս» (հունարեն՝ «Պետրոս»):+

43 Հաջորդ օրը Հիսուսը որոշեց գնալ Գալիլեա: Երբ հանդիպեց Փիլիպոսին,+ նրան ասաց. «Իմ հետևորդը դարձիր»: 44 Փիլիպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի և Պետրոսի քաղաքից: 45 Փիլիպոսը գնաց Նաթանայելի+ մոտ ու ասաց. «Գտա՛նք նրան, որի մասին գրված է Մովսեսի օրենքում և մարգարեների գրվածքներում. նա Հովսեփի+ որդի Հիսուսն է՝ Նազարեթից»: 46 Սակայն Նաթանայելը հարցրեց նրան. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»: Փիլիպոսը պատասխանեց. «Արի ու տես»: 47 Երբ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս, ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»:+ 48 Նաթանայելը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Հիսուսը պատասխանեց. «Փիլիպոսը քեզ դեռ չէր կանչել, ես տեսա քեզ, երբ թզենու տակ էիր»: 49 Նաթանայելն էլ ասաց. «Ռաբբի՛, դու Աստծու Որդի՛ն ես, դու Իսրայելի Թագավո՛րն ես»:+ 50 Հիսուսն ասաց. «Հավատում ես, որովհետև ասացի, որ քեզ տեսա թզենու տա՞կ: Դրանից ավելի մեծ բաներ կտեսնես»: 51 Եվ ավելացրեց. «Հաստատ* ասում եմ ձեզ. դուք կտեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին դեպի մարդու Որդին իջնելիս ու դեպի վեր բարձրանալիս»:+

2 Երկու օր անց Գալիլեայի Կանայում հարսանեկան խնջույք եղավ: Հիսուսի մայրն էլ էր այնտեղ: 2 Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին:

3 Երբ գինին վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն ասաց նրան. «Գինի չունեն»: 4 Բայց Հիսուսն ասաց. «Մեր ի՞նչ գործն է, ո՛վ կին:* Իմ ժամը դեռ չի եկել»: 5 Այդ ժամանակ նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: 6 Այնտեղ, ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու կանոններով, ջրի վեց քարե կարասներ կային,+ որոնցից յուրաքանչյուրը երկուսից երեք չափ* տարողություն ուներ: 7 Հիսուսն ասաց սպասավորներին. «Կարասները ջրով լցրեք»: Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք: 8 Ապա ասաց. «Իսկ հիմա մի քիչ հանեք ու տարեք խնջույքի պատասխանատուին»: Նրանք էլ տարան: 9 Երբ խնջույքի պատասխանատուն համտեսեց ջուրը, որ գինի էր դարձել (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10 և ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, ու երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են բերում: Բայց դու լավ գինին մինչև հիմա պահել ես»: 11 Այսպիսով՝ Գալիլեայի Կանայում Հիսուսն իր առաջին հրաշքն արեց ու իր փառահեղ զորությունը հայտնի դարձրեց,+ և նրա աշակերտները հավատացին նրան:

12 Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում,+ սակայն նրանք երկար չմնացին այնտեղ:

13 Շուտով հրեաների Պասեքն էր լինելու,+ և Հիսուսը գնաց Երուսաղեմ: 14 Տաճարում նա տեսավ դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ, և նրանց, ովքեր ցլեր, կովեր, ոչխարներ ու աղավնիներ+ էին վաճառում: 15 Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և տաճարից քշեց ցլերին, կովերին, ոչխարներին ու վռնդեց վաճառականներին, նաև ցրիվ տվեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները:+ 16 Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը այլևս առևտրի տուն* մի՛ դարձրեք»:+ 17 Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կբոցավառվի իմ մեջ»:+

18 Այդ ժամանակ հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»:+ 19 Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը, և ես երեք օրում կվերականգնեմ այն»:+ 20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը 46 տարում է կառուցվել, իսկ դու երեք օրում վերականգնելո՞ւ ես»: 21 Բայց նա իր մարմնի տաճարը նկատի ուներ:+ 22 Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ ասում էր այդ մասին,+ ու հավատացին սուրբ գրքերին և Հիսուսի խոսքերին:

23 Երբ նա Պասեքի տոնին Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած հրաշքները, հավատացին նրա անվանը: 24 Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց, քանի որ ճանաչում էր նրանց բոլորին 25 և կարիք չուներ, որ իրեն ինչ-որ մեկի մասին որևէ բան պատմեին, որովհետև գիտեր, թե ինչ կա մարդու սրտում:+

3 Հրեաների առաջնորդներից Նիկոդեմոս+ անունով փարիսեցի մի մարդ կար: 2 Մի անգամ նա գիշերով Հիսուսի մոտ եկավ+ ու ասաց. «Ռաբբի՛,+ մենք գիտենք, որ դու Աստծու կողմից ուղարկված ուսուցիչ ես, որովհետև այն հրաշքները,+ որ անում ես, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»:+ 3 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. մինչև որ մարդ դարձյալ* չծնվի,+ չի կարող տեսնել Աստծու թագավորությունը»:+ 4 Նիկոդեմոսն էլ հարցրեց. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, եթե ծեր է: Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»: 5 Հիսուսը պատասխանեց. «Հաստատ ասում եմ քեզ. մինչև որ մարդ ջրից+ ու ոգուց+ չծնվի, չի կարող մտնել Աստծու թագավորություն: 6 Մարմնից ծնվածը մարմին է, իսկ ոգուց ծնվածը՝ ոգի: 7 Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե դուք դարձյալ պետք է ծնվեք: 8 Քամին ուր ուզում է, փչում է, և դու լսում ես նրա ձայնը, բայց չգիտես՝ որտեղից է գալիս և ուր է գնում: Այդպես է նաև յուրաքանչյուր մարդու պարագայում, ով ոգուց է ծնվել»:+

9 Նիկոդեմոսը հարցրեց. «Ինչպե՞ս է դա հնարավոր»: 10 Հիսուսն էլ պատասխանեց. «Դու Իսրայելում ուսուցիչ ես ու չգիտե՞ս: 11 Վստահեցնում եմ քեզ. մենք ասում ենք այն, ինչ գիտենք, և վկայում ենք այն մասին, ինչ տեսել ենք, բայց դուք չեք ընդունում մեր վկայությունը: 12 Եթե չեք հավատում, երբ երկրային բաների մասին եմ խոսում, ինչպե՞ս կհավատաք, եթե երկնային բաների մասին խոսեմ: 13 Ոչ մի մարդ չի եղել երկնքում՝*+ բացի մարդու Որդուց, որը երկնքից իջավ:+ 14 Եվ ինչպես Մովսեսը անապատում օձը բարձրացրեց,+ այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի,+ 15 որպեսզի յուրաքանչյուր ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա:+

16 Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց,+ որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա:+ 17 Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց, որ նա ոչ թե դատի աշխարհը, այլ որ աշխարհը նրա միջոցով փրկվի:+ 18 Ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չի դատապարտվի,*+ իսկ ով հավատ չի դրսևորում, արդեն իսկ դատապարտված* է, քանի որ չհավատաց Աստծու միածին Որդու անվանը:+ 19 Սա է դատելու հիմքը. լույսը աշխարհ եկավ,+ բայց մարդիկ խավարը սիրեցին, ոչ թե լույսը, քանի որ նրանց գործերը չար էին: 20 Նա, ով նողկալի բաներ է անում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը չբացահայտվեն:* 21 Բայց ով անում է այն, ինչ ճիշտ է, գալիս է դեպի լույսը,+ որպեսզի երևա, որ իր գործերը Աստծու կամքի համաձայն են»:

22 Այս ամենից հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Հրեաստանի գյուղական վայրեր: Որոշ ժամանակ նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր մարդկանց:+ 23 Իսկ Հովհաննեսը մկրտում էր Սաղիմի մոտ՝ Այենոնում, քանի որ այնտեղ շատ ջուր կար.+ մարդիկ գալիս էին ու մկրտվում:+ 24 Հովհաննեսն այդ ժամանակ դեռ չէր բանտարկվել:+

25 Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև ծիսականորեն մաքրվելու վերաբերյալ վեճ ծագեց: 26 Աշակերտները եկան Հովհաննեսի մոտ ու ասացին. «Ռաբբի՛, նայի՛ր, այն մարդը, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր,+ մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում»: 27 Հովհաննեսն ասաց. «Մարդ չի կարող որևէ բան ստանալ, եթե երկնքից տրված չլինի իրեն: 28 Դուք ինքներդ եք վկա եղել, որ ասացի. «Ես չեմ Քրիստոսը,+ ես նրանից առաջ եմ ուղարկվել»:+ 29 Ով հարսնացու ունի, նա է փեսան:+ Սակայն երբ փեսայի ընկերը, նրա մոտ կանգնած, լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է: Այդպես էլ իմ ուրախությունն է լիակատար: 30 Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ»:

31 Վերևից եկողը+ վեր է ամենքից: Ով երկրից է, երկրային է և երկրային բաների մասին է խոսում: Երկնքից եկողը վեր է ամենքից:+ 32 Նա վկայում է այն մասին, ինչ տեսել ու լսել է,+ բայց ոչ ոք չի ընդունում նրա վկայությունը:+ 33 Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատում է,* որ Աստված ճշմարտախոս է:+ 34 Նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է ասում,+ քանի որ Աստված իր ոգին խնայելով* չի տալիս: 35 Հայրը սիրում է Որդուն+ և ամեն բան նրա ձեռքն է տվել:+ 36 Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի:+ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, այդ կյանքը չի տեսնի.+ Աստված բարկացած կմնա նրա վրա:+

4 Երբ Տերն իմացավ՝ փարիսեցիները լսել են, որ ինքը* ավելի շատ աշակերտներ է պատրաստում ու մկրտում,+ քան Հովհաննեսը 2 (թեև Հիսուսն անձամբ չէր մկրտում, այլ նրա աշակերտներն էին մկրտում), 3 Հրեաստանից կրկին գնաց Գալիլեա: 4 Բայց անհրաժեշտ էր, որ նա Սամարիայի միջով անցներ: 5 Հիսուսը եկավ Սամարիայում գտնվող Սյուքար քաղաք, որն այն դաշտի մոտ էր, որը Հակոբը տվել էր Հովսեփին:+ 6 Այնտեղ էր գտնվում Հակոբի ջրհորը:*+ Հիսուսը, ճամփորդությունից հոգնած, նստեց ջրհորի մոտ: Ցերեկվա մոտ ժամը 12-ն էր:*

7 Սամարացի մի կին եկավ ջուր հանելու: Հիսուսը նրան ասաց. «Ջուր տուր՝ խմեմ»: 8 (Նրա աշակերտները գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու): 9 Սամարուհին հարցրեց նրան. «Դու, հրեա լինելով, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, ջուր խնդրում»: (Բանն այն է, որ հրեաները չեն շփվում սամարացիների հետ):+ 10 Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե իմանայիր, թե որն է Աստծու պարգևը,+ և թե ով է քեզ ասում՝ «Ջուր տուր՝ խմեմ», դու կխնդրեիր նրան, և նա քեզ կենդանի ջուր կտար»:+ 11 Կինն ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, որ ջուր հանես, իսկ ջրհորը խորն է: Ուրեմն որտեղի՞ց քեզ այդ կենդանի ջուրը: 12 Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր նախահայր Հակոբը, որը տվել է մեզ այս ջրհորը, որի ջրից խմում էին ինքը, իր որդիներն ու անասունները»: 13 Հիսուսը պատասխանեց նրան. «Բոլոր նրանք, ովքեր խմեն այս ջրից, նորից կծարավեն: 14 Իսկ ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի:+ Իմ տված ջուրը աղբյուր կդառնա նրա մեջ, որը կբխի հավիտենական կյանք տալու համար»:+ 15 Կինն էլ ասաց. «Տե՛ր, տուր ինձ այդ ջուրը, որ այլևս չծարավեմ ու չգամ այստեղ՝ ջուր հանելու»:

16 Հիսուսն ասաց նրան. «Գնա կանչիր ամուսնուդ, և եկեք այստեղ»: 17 Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»: Հիսուսն էլ ասաց. «Ճիշտ ես ասում, որ ամուսին չունես, 18 որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն մարդը, որի հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ: Դու ճիշտ ասացիր»: 19 Կինն ասաց նրան. «Տե՛ր, տեսնում եմ, որ մարգարե ես:+ 20 Մեր նախահայրերը այս սարի վրա էին երկրպագություն անում, բայց դուք ասում եք, թե մարդիկ միայն Երուսաղեմում պետք է երկրպագություն անեն»:+ 21 Հիսուսն էլ ասաց. «Հավատա՛ ինձ, ո՛վ կին. կգա ժամանակ, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք Հորը, ո՛չ էլ Երուսաղեմում: 22 Դուք առանց գիտելիքի եք երկրպագում,+ իսկ մենք երկրպագում ենք գիտելիքի հիման վրա, որովհետև փրկությունը սկսվում է հրեաներից:*+ 23 Սակայն գալիս է ժամանակը և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները Հորը կերկրպագեն ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագողներ է փնտրում:+ 24 Աստված Ոգի է,+ և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան»:+ 25 Կինն ասաց. «Ես գիտեմ, որ Մեսիան, որը Քրիստոս է կոչվում, գալու է: Եվ երբ նա գա, մեզ ամեն ինչ կբացատրի»: 26 Հիսուսն էլ ասաց նրան. «Ես՝ քեզ հետ խոսողը, հենց նա եմ»:+

27 Այդ պահին նրա աշակերտները եկան: Նրանք զարմացան, որ նա կնոջ հետ է խոսում, սակայն նրանցից ոչ մեկը չհարցրեց, թե՝ «Ի՞նչ ես անում» կամ «Ինչո՞ւ ես նրա հետ խոսում»: 28 Կինը թողեց իր ջրի սափորը ու գնալով քաղաք՝ մարդկանց ասաց. 29 «Եկե՛ք ու տեսե՛ք այն մարդուն, որն ինձ ասաց այն բոլոր բաները, որ արել եմ: Գուցե նա՞ է Քրիստոսը»: 30 Նրանք էլ դուրս եկան քաղաքից ու գնացին Հիսուսի մոտ:

31 Այդ ժամանակ աշակերտները խնդրում էին նրան. «Ռաբբի՛,+ հաց կեր»: 32 Սակայն նա ասաց. «Ես կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»: 33 Աշակերտներն իրար ասացին. «Բայց ոչ ոք նրան ուտելու բան չի բերել, չէ՞»: 34 Հիսուսն ասաց նրանց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ+ և նրա հանձնարարած գործն ավարտեմ:+ 35 Չէ՞ որ դուք ասում եք՝ դեռ չորս ամիս կա հնձին: Բայց ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են ու պատրաստ են հնձի:+ 36 Հնձվորն էլ արդեն ստանում է իր վարձը և բերք է հավաքում հավիտենական կյանքի համար, որպեսզի թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան:+ 37 Ճիշտ է այս խոսքը. «Մեկը ցանում է, իսկ մյուսը՝ հնձում»: 38 Ես ձեզ ուղարկեցի՝ հնձելու այն, ինչի համար ջանք չեք թափել: Ուրիշները աշխատեցին, իսկ դուք օգտվեցիք նրանց աշխատանքից»:

39 Եվ այդ քաղաքից շատ սամարացիներ հավատացին նրան՝ լսելով սամարուհու այս վկայությունը. «Նա ինձ ասաց այն բոլոր բաները, որ արել եմ»:+ 40 Ուստի երբ սամարացիները եկան Հիսուսի մոտ, խնդրեցին, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց: 41 Արդյունքում ուրիշ շատ մարդիկ էլ հավատացին նրան՝ լսելով նրա խոսքերը: 42 Նրանք ասացին այդ կնոջը. «Հիմա մենք միայն քո խոսքով չէ, որ հավատում ենք, քանի որ ինքներս լսեցինք նրան և այժմ գիտենք, որ իսկապես այս մարդն է աշխարհի փրկիչը»:+

43 Երկու օր անց Հիսուսը հեռացավ այդտեղից ու գնաց Գալիլեա, 44 չնայած, ինչպես որ ինքն էր ասում, մարգարեն պատիվ չունի իր հայրենիքում:+ 45 Երբ հասավ Գալիլեա, գալիլեացիներն ընդունեցին նրան, քանի որ իրենք էլ էին տոնի առթիվ գնացել Երուսաղեմ+ և տեսել այն բոլոր բաները, որ նա արել էր տոնի ժամանակ:+

46 Նա դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաք, որտեղ ջուրը գինի էր դարձրել:+ Կափառնայումում արքունական մի պաշտոնյա կար, որի որդին հիվանդ էր: 47 Երբ այդ մարդը լսեց, որ Հիսուսը Հրեաստանից եկել է Գալիլեա, գնաց նրա մոտ և խնդրեց, որ իր հետ գնա ու բուժի իր որդուն, քանի որ նա մահամերձ էր: 48 Բայց Հիսուսն ասաց նրան. «Մինչև որ նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»:+ 49 Պաշտոնյան ասաց. «Տե՛ր, արի, քանի դեռ երեխաս չի մահացել»: 50 Հիսուսն էլ ասաց. «Գնա՛, քո որդին առողջ է»:+ Այդ մարդը հավատաց Հիսուսի խոսքին ու գնաց: 51 Երբ նա դեռ ճանապարհին էր, նրա ծառաներն ընդառաջ գնացին նրան, որպեսզի հայտնեն, որ տղան ապաքինվում* է: 52 Նա հարցրեց նրանց, թե որ ժամին է սկսել լավ զգալ իրեն: Նրանք էլ պատասխանեցին. «Երեկ՝ մոտավորապես ժամը մեկին,* ջերմությունն իջավ»: 53 Եվ հայրը հասկացավ, որ դա հենց այն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասել էր՝ «Քո որդին առողջ է»:+ Նա ու իր ամբողջ ընտանիքը հավատացին Հիսուսին: 54 Սա երկրորդ հրաշքն էր,+ որ Հիսուսն արեց, երբ Հրեաստանից եկավ Գալիլեա:

5 Դրանից հետո՝ հրեական մի տոնի ժամանակ,+ Հիսուսը գնաց Երուսաղեմ: 2 Երուսաղեմում՝ Ոչխարների դարպասի+ մոտ, հինգ սյունաշար ունեցող ավազան կա, որը եբրայերեն Բեթզաթա է կոչվում: 3 Այնտեղ բազմաթիվ հիվանդ, կույր, կաղ ու կռկված* վերջույթներով մարդիկ էին պառկում: 4 ....* 5 Մի մարդ կար, որը 38 տարի էր, ինչ հիվանդ էր: 6 Տեսնելով այդ մարդուն այնտեղ պառկած և իմանալով, որ նա արդեն երկար ժամանակ հիվանդ է՝ Հիսուսը հարցրեց նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»:+ 7 Հիվանդը պատասխանեց. «Տե՛ր, ես ոչ ոք չունեմ, որ ջրի շարժվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի: Իսկ ես մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձնից առաջ իջնում»: 8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ* ու քայլի՛ր»:+ 9 Եվ այդ մարդն իսկույն առողջացավ. նա վերցրեց իր պատգարակն ու սկսեց քայլել:

Այդ օրը Շաբաթ էր: 10 Ուստի հրեաներն ասացին բուժված մարդուն. «Այսօր Շաբաթ է, և օրենքով չի թույլատրվում, որ պատգարակդ տանես»:+ 11 Բայց նա պատասխանեց. «Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ վերցրու պատգարակդ ու քայլիր»: 12 Նրանք էլ հարցրին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ վերցրու այն ու քայլիր»: 13 Բայց բուժված մարդը չգիտեր, թե ով է նա, որովհետև Հիսուսը խառնվել էր ամբոխին:

14 Դրանից հետո Հիսուսը հանդիպեց նրան տաճարում և ասաց. «Հիմա առողջ ես: Այլևս մեղք մի՛ գործիր, որ քեզ ավելի վատ բան չպատահի»: 15 Այդ մարդը գնաց ու պատմեց հրեաներին, որ իրեն առողջացնողը Հիսուսն էր: 16 Հրեաները սկսեցին հալածել Հիսուսին, քանի որ Շաբաթ օրով նա այդպիսի գործեր էր անում: 17 Բայց նա ի պատասխան ասում էր նրանց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ»:+ 18 Այդ պատճառով հրեաները ավելի շատ էին ուզում նրան սպանել, որովհետև, ըստ իրենց, նա ոչ միայն Շաբաթն էր խախտում, այլև իրեն հավասարեցնում էր Աստծուն՝+ նրան իր Հայրը կոչելով:+

19 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Հաստատ ասում եմ ձեզ. Որդին իր նախաձեռնությամբ մի բան անգամ չի կարող անել. նա անում է միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս:+ Ինչ որ Հայրն է անում, նույնը Որդին է անում նրա նման: 20 Հայրը սիրում* է Որդուն,+ ուստի նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է, և նա սրանցից ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, որպեսզի դուք զարմանաք:+ 21 Ինչպես որ Հայրն է հարություն տալիս մահացածներին՝ կյանքի բերում նրանց,+ այնպես էլ Որդին է կյանքի բերում նրանց, ում ցանկանում է:+ 22 Հայրը ոչ մեկի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել,+ 23 որպեսզի բոլորը պատվեն Որդուն, ինչպես որ Հորն են պատվում: Նա, ով չի պատվում Որդուն, չի պատվում նաև Հորը, որն ուղարկեց նրան:+ 24 Հաստատ ասում եմ ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի,+ և չի դատապարտվի.* նա մահից անցել է դեպի կյանք:+

25 Հաստատ ասում եմ ձեզ. գալիս է ժամը և արդեն եկել է, երբ մահացածները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր ականջ կդնեն, կապրեն, 26 որովհետև Հայրը կյանք ունի իր մեջ*+ և այնպես է արել, որ Որդին էլ կյանք ունենա իր մեջ:+ 27 Նա նրան իշխանություն է տվել դատելու,+ քանի որ նա մարդու Որդին է:+ 28 Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում* են, նրա ձայնը կլսեն+ 29 և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարություն կստանան, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի* հարություն:+ 30 Ես իմ նախաձեռնությամբ մի բան անգամ չեմ կարող անել. ինչ որ լսում եմ Հորից, դրա հիման վրա եմ դատում, և իմ դատն արդար է,+ որովհետև ես ոչ թե իմ կամքն եմ ցանկանում կատարել, այլ ինձ ուղարկողի կամքը:+

31 Եթե միայն ես վկայեմ իմ մասին, իմ վկայությունը վստահարժան չի լինի:+ 32 Կա մեկ ուրիշը, ով վկայում է իմ մասին, և ես գիտեմ, որ նրա վկայությունը վստահարժան է:+ 33 Դուք մարդիկ ուղարկեցիք Հովհաննեսի մոտ, և նա ճշմարտության մասին վկայեց:+ 34 Սակայն ես մարդկանցից վկայություն ստանալու կարիք չունեմ, այլ այս ամենը ձեր փրկության համար եմ ասում: 35 Հովհաննեսը վառվող ու պայծառ ճրագ էր, բայց նրա լույսով ցնծալու ձեր ցանկությունը երկար չտևեց:+ 36 Սակայն իմ տված վկայությունը Հովհաննեսի վկայությունից ավելի ծանրակշիռ է, որովհետև այն գործերը, որ Հայրս հանձնարարեց ինձ անել, և որոնք ես անում եմ, հենց դրանք են վկայում, որ Հայրն է ուղարկել ինձ:+ 37 Նաև Հայրը, ով ուղարկել է ինձ, ինքն է վկայել իմ մասին:+ Բայց դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել, ո՛չ էլ նրա կերպարանքն եք տեսել,+ 38 և ձեր սրտում չկա նրա խոսքը, որովհետև դուք չեք հավատում նրան, ում նա ուղարկել է:

39 Դուք քննում եք սուրբ գրքերը,+ քանի որ կարծում եք, թե դրանց միջոցով հավիտենական կյանք կունենաք, բայց չէ՞ որ հենց այդ գրքերն են վկայում իմ մասին:+ 40 Մինչդեռ դուք չեք ցանկանում ինձ մոտ գալ,+ որպեսզի կյանք ունենաք: 41 Ես մարդկանցից փառաբանություն չեմ ընդունում, 42 բայց ձեզ լավ գիտեմ. ձեր սրտում Աստծու հանդեպ սեր չկա: 43 Ես եկել եմ իմ Հոր անունից, սակայն դուք չեք ընդունում ինձ: Իսկ եթե ինչ-որ մեկը ինքն իր անունից գար, դուք կընդունեիք նրան: 44 Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում և չեք ձգտում արժանանալ միակ Աստծու հավանությանը:+ 45 Մի՛ կարծեք, թե ես կմեղադրեմ ձեզ Հոր առաջ. ձեզ մեղադրողը Մովսեսն է,+ որի վրա էլ դրել եք ձեր հույսը: 46 Իրականում, եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա գրել է իմ մասին:+ 47 Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, էլ ինչպե՞ս կհավատաք իմ ասածներին»:

6 Այս ամենից հետո Հիսուսն անցավ Գալիլեայի ծովի, այսինքն՝ Տիբերիայի ծովի* մյուս կողմը:+ 2 Նրա հետևից մարդկանց մի մեծ բազմություն էր գնում,+ որովհետև նրանք տեսնում էին, թե նա ինչպես էր հրաշքով բուժում հիվանդներին:+ 3 Հիսուսը մի լեռ բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ: 4 Մոտենում էր Պասեքը՝+ հրեաների տոնը: 5 Երբ Հիսուսը տեսավ, որ մի մեծ բազմություն է գալիս իր մոտ, Փիլիպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար»:+ 6 Նա գիտեր, թե ինչ պետք է անի, բայց այդպես ասաց, որ ստուգի նրան: 7 Փիլիպոսն էլ պատասխանեց. «200 դինարի* հացն անգամ բավական չէ, որ ամեն մեկին գոնե մի քիչ հասնի»: 8 Հիսուսի աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. 9 «Այստեղ մի փոքրիկ տղա կա, որը հինգ գարեհաց և երկու փոքր ձուկ ունի: Բայց դա ի՞նչ է այսքան շատ մարդկանց համար»:+

10 Հիսուսն ասաց. «Թող մարդիկ նստեն»: Այնտեղ շատ խոտ կար, ուստի մարդիկ նստեցին դրա վրա. միայն տղամարդիկ թվով մոտ 5 000 էին:+ 11 Հիսուսը վերցրեց հացերը և Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո դրանք բաժանեց նստածներին: Նույն ձևով էլ փոքր ձկները բաժանեց. բոլորը ստացան այնքան, որքան ուզեցին: 12 Երբ մարդիկ կերան կշտացան, նա ասաց իր աշակերտներին. «Հավաքե՛ք մնացած կտորները, որ ոչինչ չկորչի»: 13 Նրանք էլ հավաքեցին ուտելուց հետո մնացած գարեհացի կտորները, և 12 զամբյուղ լցվեց:

14 Երբ մարդիկ տեսան նրա կատարած հրաշքները, ասացին. «Իրոք, սա այն Մարգարեն է, որ պետք է աշխարհ գար»:+ 15 Հիսուսը, իմանալով, որ շուտով գալու են՝ իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն,+ նորից լեռը գնաց, այս անգամ մենակ:+

16 Երեկոյան նրա աշակերտները գնացին ծովի մոտ,+ 17 նավակ նստեցին և ուղևորվեցին դեպի ծովի մյուս կողմը՝ Կափառնայում: Արդեն մթնել էր, բայց Հիսուսը դեռ չէր եկել նրանց մոտ:+ 18 Ծովն էլ սաստիկ քամու պատճառով սկսել էր ալեկոծվել:+ 19 Աշակերտներն արդեն մոտ հինգ կամ վեց կիլոմետր* թիավարել էին: Հանկարծ նրանք տեսան, որ Հիսուսը, ծովի վրա քայլելով, նավակին է մոտենում, և վախեցան: 20 Բայց նա ասաց նրանց. «Այդ ես եմ: Մի՛ վախեցեք»:+ 21 Ուստի նրանք ուրախությամբ նրան նավակ վերցրին և շուտով հասան այն վայրը, ուր գնում էին:+

22 Հաջորդ օրը ծովի մյուս ափին մնացած ժողովուրդը տեսավ, որ այնտեղ նավակ չկա: Նախորդ օրը մի նավակ էր եղել, որով Հիսուսի աշակերտները գնացել էին, բայց նա նրանց հետ այն չէր նստել: 23 Այդ ժամանակ Տիբերիայից նավակներ մոտեցան այն վայրին, որտեղ Տերը Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո կերակրել էր ժողովրդին: 24 Երբ մարդիկ տեսան, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ և ո՛չ էլ նրա աշակերտները, նստեցին այդ նավակներն ու եկան Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու:

25 Նրանք գտան նրան ծովի մյուս կողմում և հարցրին. «Ռաբբի՛,+ ե՞րբ եկար այստեղ»: 26 Հիսուսն էլ պատասխանեց. «Հաստատ ասում եմ ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որ կերաք այն հացերից ու կշտացաք:+ 27 Աշխատեք ոչ թե փչացող ուտելիքի համար, այլ մնայուն ուտելիքի, որը հավիտենական կյանքի է տանում,+ և որը մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայրը՝ Աստված, իր հավանության կնիքն է դրել նրա վրա»:+

28 Նրանք հարցրին. «Ի՞նչ անենք, որ Աստծու հավանությանն արժանանանք»: 29 Հիսուսն էլ պատասխանեց. «Աստծու հավանությանն արժանանալու համար դուք պետք է հավատ դրսևորեք նրա հանդեպ, ում Նա ուղարկեց»:+ 30 Նրանք ասացին. «Ի՞նչ հրաշք կանես,+ որ մենք տեսնենք ու հավատանք քեզ: Ի՞նչ կանես: 31 Օրինակ՝ մեր նախահայրերը մանանան կերան անապատում,+ ինչպես որ գրված է. «Նա երկնքից հաց տվեց նրանց»»:+ 32 Հիսուսն էլ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. Մովսեսը ձեզ ճշմարիտ հաց չի տվել երկնքից, բայց հիմա իմ Հայրը ձեզ ճշմարիտ հաց է տալիս երկնքից: 33 Աստծու հացը նա է, ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»: 34 Նրանք էլ ասացին. «Տե՛ր, միշտ տուր մեզ այդ հացը»:

35 Հիսուսն ասաց նրանց. «Ե՛ս եմ կյանքի հացը: Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա, և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի:+ 36 Սակայն ինչպես ասացի ձեզ, թեև դուք ինձ տեսնում եք, բայց, միևնույն է, չեք հավատում:+ 37 Յուրաքանչյուր ոք, ում Հայրը ինձ է տալիս, կգա ինձ մոտ, և ես երբեք դուրս չեմ անի ինձ մոտ եկողին,+ 38 որովհետև ես երկնքից իջա,+ որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը:+ 39 Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ոչ մեկին չկորցնեմ նրանցից, ում նա տվել է ինձ, այլ հարություն տամ+ վերջին օրը: 40 Սա է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով ընդունում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա,+ և ես հարություն կտամ+ նրան վերջին օրը»:

41 Հրեաները սկսեցին վրդովվել, որ նա ասաց. «Ե՛ս եմ այն հացը, որ երկնքից է իջել»:+ 42 Նրանք սկսեցին հարցնել. «Սա Հովսեփի որդի Հիսուսը չէ՞. մենք նրա հորն ու մորը ճանաչում ենք:+ Ուրեմն ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից եմ իջել»: 43 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Բավակա՛ն է վրդովվեք: 44 Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, ով ուղարկել է ինձ, չձգի նրան,+ և վերջին օրը ես նրան հարություն կտամ:+ 45 Մարգարեների գրվածքներում ասվում է. «Նրանք բոլորը Եհովայի* կողմից ուսուցանված կլինեն»:+ Ամեն ոք, ով լսում է Հորը և սովորում է, ինձ մոտ է գալիս: 46 Դա չի նշանակում, որ մարդկանցից որևէ մեկը տեսել է Հորը.+ միայն նա է տեսել Հորը, ով Աստծուց է:+ 47 Հաստատ ասում եմ ձեզ. ով հավատում է, հավիտենական կյանք ունի:+

48 Ես եմ կյանքի հացը:+ 49 Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան, բայց մահացան:+ 50 Սակայն ով ուտի երկնքից իջած հացը, չի մահանա: 51 Ես եմ կենդանի հացը, որ իջել է երկնքից: Եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այդ հացը իմ մարմինն է. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»:+

52 Դա լսելով՝ հրեաները սկսեցին իրար հետ վիճել. «Այս մարդն ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ, որ ուտենք»: 53 Հիսուսն էլ ասաց նրանց. «Հաստատ ասում եմ ձեզ. մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ստանա:*+ 54 Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես հարություն կտամ+ նրան վերջին օրը, 55 որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք: 56 Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, միասնության մեջ է մնում ինձ հետ, ես էլ՝ նրա հետ:+ 57 Ինչպես որ ես եմ ապրում կենդանի Հոր շնորհիվ, ով ուղարկեց ինձ, այնպես էլ նա, ով ուտում է իմ մարմինը, իմ շնորհիվ կապրի:+ 58 Սա է երկնքից իջած հացը: Սա նման չէ այն մեկին, որը ձեր նախահայրերը կերան, բայց մահացան: Նա, ով այս հացն է ուտում, հավիտյան կապրի»:+ 59 Այս բաները նա ասաց, երբ սովորեցնում էր Կափառնայումի ժողովարաններից մեկում:*

60 Նրա ասածները լսելով՝ աշակերտներից շատերն ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»: 61 Սակայն Հիսուսը, իմանալով, որ աշակերտները վրդովվում են իր խոսքերից, ասաց. «Ձեր հավատը դրանցից սասանվո՞ւմ է: 62 Իսկ եթե տեսնեք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ առաջ էր, այդ ժամանա՞կ ինչ կանեք:+ 63 Ոգին է, որ կյանք է տալիս.+ մարմինը ոչ մի օգուտ չի տալիս: Իմ ասած խոսքերը ոգի են ու կյանք:+ 64 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»: Հիսուսը սկզբից ևեթ գիտեր, թե ովքեր չէին հավատում, և ով էր լինելու իրեն մատնողը:+ 65 Նա ավելացրեց. «Ահա թե ինչու ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե Հայրը չցանկանա»:+

66 Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ դարձան իրենց նախկին գործերին+ և այլևս չէին շրջում նրա հետ: 67 Ուստի Հիսուսն ասաց 12 առաքյալներին. «Դուք է՞լ եք ուզում գնալ»: 68 Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք:+ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դո՛ւ ունես,+ 69 և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը»:+ 70 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ես ընտրեցի ձեզ՝ տասներկուսիդ,+ սակայն ձեզանից մեկը զրպարտիչ* է»:+ 71 Նա խոսում էր Հուդայի՝ Սիմոն Իսկարիովտացու որդու մասին, քանի որ վերջինս մատնելու էր իրեն, չնայած որ տասներկուսից մեկն էր:+

7 Այս ամենից հետո Հիսուսը շարունակեց շրջել Գալիլեայում: Նա չէր ուզում Հրեաստան գնալ, քանի որ հրեաները* նրան սպանելու առիթ էին փնտրում:+ 2 Սակայն մոտենում էր հրեաների տոնը՝ Տաղավարների տոնը:+ 3 Ուստի նրա եղբայրներն+ ասացին նրան. «Այստեղից գնա Հրեաստան, որպեսզի քո այնտեղի աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես: 4 Ով ուզում է ճանաչված լինել, գաղտնի չի անում իր գործերը: Եթե դու անում ես այդ բաները, ուրեմն քեզ հայտնի դարձրու աշխարհին»: 5 Բայց իրականում նրա եղբայրները հավատ չունեին նրա հանդեպ:+ 6 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ չի եկել,+ բայց դուք ցանկացած ժամանակ էլ կարող եք գնալ: 7 Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ, որ նրա գործերը չար են:+ 8 Դուք գնացեք տոնին, ես դեռ չեմ գա, որովհետև իմ ժամանակը դեռ չի եկել»:+ 9 Սա ասելուց հետո նա մնաց Գալիլեայում:

10 Բայց երբ նրա եղբայրները գնացին տոնին, ինքն էլ գնաց, սակայն այնպես, որ ոչ ոք չիմանա այդ մասին: 11 Հրեաները տոնակատարության ժամանակ փնտրում էին նրան և ասում. «Որտե՞ղ է նա»: 12 Ժողովրդի մեջ նրա մասին շատ շշուկներ էին պտտվում: Ոմանք ասում էին՝ «Լավ մարդ է», ուրիշներն էլ թե՝ «Լավը չէ, ժողովրդին մոլորեցնում է»:+ 13 Սակայն մարդիկ նրա մասին բացահայտ չէին խոսում, քանի որ վախենում էին հրեաներից:+

14 Երբ արդեն տոնի կեսն անցել էր, Հիսուսը գնաց տաճար ու սկսեց ուսուցանել: 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Այս մարդը որտեղի՞ց այսքան լավ գիտի սուրբ գրքերը.+ չէ՞ որ դպրոցներում* չի սովորել»:+ 16 Հիսուսն էլ պատասխանեց. «Ես ինձնից չեմ սովորեցնում. այն, ինչ սովորեցնում եմ, ինձ ուղարկողինն է:+ 17 Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, կիմանա՝ արդյոք իմ սովորեցրածը Աստծուց է,+ թե ես ինձնից եմ խոսում: 18 Ով իրենից է խոսում, իր փառքն է փնտրում, բայց ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում,+ ճշմարտությունն է խոսում, և նրա մեջ կեղծ բան չկա: 19 Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը:+ Բայց ձեզանից ոչ ոք չի հնազանդվում Օրենքին: Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ»:+ 20 Ժողովուրդը պատասխանեց. «Դու դիվահար ես: Քեզ ո՞վ է ուզում սպանել»: 21 Հիսուսն էլ ասաց. «Ես ընդամենը մի հրաշք գործեցի, և բոլորդ զարմանում եք: 22 Բայց մտածեք. Մովսեսը ձեզ թլփատության մասին օրենքը տվեց+ (թեև թլփատությունը ոչ թե Մովսեսից է, այլ նախահայրերից),+ և դուք թլփատում եք Շաբաթ օրով: 23 Եթե մարդը Շաբաթ օրը թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինչո՞ւ եք այդքան զայրանում ինձ վրա, որ Շաբաթ օրը մի մարդու լիովին առողջացրի:+ 24 Արտաքինով մի՛ դատեք, արդարությա՛մբ դատեք»:+

25 Երուսաղեմի բնակիչներից ոմանք սկսեցին ասել. «Սա այն մարդը չէ՞, որին ուզում են սպանել:+ 26 Բայց ահա նա բացահայտ խոսում է, և ոչինչ չեն ասում նրան: Չլինի՞ թե ղեկավարները եկել են այն համոզման, որ նա է Քրիստոսը: 27 Երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե նա որտեղից է,+ բայց մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը»: 28 Այդ ժամանակ Հիսուսը, որ սովորեցնում էր տաճարում, բարձրաձայն ասաց. «Դուք գիտեք ինձ, նաև գիտեք, թե որտեղից եմ: Ես իմ նախաձեռնությամբ չեմ եկել:+ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի, բայց դուք չեք ճանաչում նրան:+ 29 Իսկ ես ճանաչում եմ,+ որովհետև նրա կողմից եմ եկել. նա է ինձ ուղարկել»: 30 Եվ նրանք սկսեցին առիթ փնտրել,+ որպեսզի բռնեն նրան, բայց ոչ ոքի չհաջողվեց դա, որովհետև նրա ժամը դեռ չէր եկել:+ 31 Սակայն շատերը հավատացին նրան+ և ասում էին. «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի, քան այս մարդն արեց»:

32 Փարիսեցիները լսեցին, թե նրա մասին ինչ շշուկներ են պտտվում ժողովրդի մեջ, և նրանք ու ավագ քահանաները պահապաններ ուղարկեցին, որ բռնեն* նրան: 33 Հիսուսն ասաց ժողովրդին. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ և հետո կգնամ Նրա մոտ, ով ուղարկել է ինձ:+ 34 Դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և այնտեղ, որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»:+ 35 Հրեաներն էլ իրար ասացին. «Այս մարդն ո՞ւր է պատրաստվում գնալ, որ մենք չենք կարողանալու գտնել նրան: Մի՞թե ուզում է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են հույների մեջ, և հույներին էլ սովորեցնել: 36 Ի՞նչ նկատի ունի՝ ասելով, թե՝ «Դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»»:

37 Երբ եկավ տոնի վերջին՝ ամենամեծ օրը,+ Հիսուսը կանգնեց ու բարձրաձայն ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի:+ 38 Ով հավատում է ինձ, «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն», ինչպես ասվում է սուրբ գրվածքներից մեկում»:+ 39 Նա ասաց սա՝ նկատի ունենալով այն ոգին, որը ստանալու էին իրեն հավատացողները: Այդ ժամանակ նրանք ոգին դեռ չէին ստացել,+ որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել:+ 40 Ուստի ոմանք, ովքեր լսեցին այս խոսքերը, սկսեցին ասել. «Նա իսկապես Մարգարեն է»:+ 41 Մյուսներն էլ ասում էին. «Նա Քրիստոսն է»:+ Իսկ ոմանք ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու:+ 42 Չէ՞ որ սուրբ գրքերում ասվում է, որ Քրիստոսը Դավթի սերնդից է լինելու+ և Բեթլեհեմից է գալու՝+ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»:+ 43 Այդպես ժողովրդի մեջ նրա վերաբերյալ տարակարծություն եղավ: 44 Ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոքի չհաջողվեց դա:

45 Պահապանները վերադարձան ավագ քահանաների ու փարիսեցիների մոտ, և նրանք հարցրին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք այստեղ»: 46 Պահապանները պատասխանեցին. «Ոչ ոք երբևէ այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»:+ 47 Փարիսեցիներն էլ ասացին. «Ի՞նչ է, դուք է՞լ եք մոլորվել: 48 Ղեկավարներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան:+ 49 Բայց այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի, անիծվա՛ծ է»: 50 Նիկոդեմոսը, որը դրանից առաջ եկել էր Հիսուսի մոտ, և ինքն էլ նրանցից մեկն էր, ասաց. 51 «Մեր Օրենքով թույլատրելի չէ դատել մեկին՝ առանց նրան նախապես լսելու և իմանալու, թե ինչ է արել, այդպես չէ՞»:+ 52 Նրանք էլ ասացին. «Ի՞նչ է, դու է՞լ ես Գալիլեայից: Քննիր ու տես, որ Գալիլեայից ոչ մի մարգարե դուրս չի գալու»:*

8 12 Հիսուսը դարձյալ խոսեց ժողովրդի հետ: Նա ասաց. «Ես եմ աշխարհի լույսը:+ Ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի, այլ կունենա կյանքի լույսը»:+ 13 Փարիսեցիներն ասացին. «Դու ես վկայում քո մասին, ուստի քո վկայությունը վստահարժան չէ»: 14 Հիսուսն էլ պատասխանեց. «Նույնիսկ եթե ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը վստահարժան է, որովհետև ես գիտեմ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում:+ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում: 15 Դուք մարդկային չափանիշներով* եք դատում,+ իսկ ես ոչ ոքի չեմ դատում: 16 Բայց անգամ եթե դատում եմ, իմ դատը արդար* է, որովհետև ես մենակ չեմ, այլ ինձ հետ է Հայրը, ով ուղարկեց ինձ:+ 17 Ձեր Օրենքում էլ գրված է. «Երկու մարդու վկայությունը վստահարժան է»:+ 18 Ես եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, ով ուղարկեց ինձ»:+ 19 Այդ ժամանակ նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»: Հիսուսն էլ պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ եք ճանաչում, ո՛չ էլ իմ Հորը:+ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»:+ 20 Այս խոսքերը նա ասաց, երբ սովորեցնում էր տաճարի այն հատվածում, որտեղ դրված էին նվիրաբերության արկղերը:+ Բայց ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր եկել:+

21 Հիսուսը նորից ասաց նրանց. «Ես հեռանում եմ: Դուք կփնտրեք ինձ, բայց, միևնույն է, կմեռնեք ձեր մեղքի մեջ:+ Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»:+ 22 Այդ ժամանակ հրեաները սկսեցին ասել. «Չլինի՞ թե ինքն իրեն սպանելու է, որովհետև ասում է, թե՝ «Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»»: 23 Նա շարունակեց. «Դուք այստեղից եք՝ երկրից, իսկ ես վերևից եմ՝ երկնքից:+ Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ, 24 դրա համար էլ ասացի ձեզ, որ կմեռնեք ձեր մեղքերի մեջ: Եթե չհավատաք, որ ես եմ նա, ով պետք է գար, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»: 25 Նրանք հարցրին. «Հիմա դու ո՞վ ես»: Հիսուսն էլ ասաց. «Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես խոսում ձեզ հետ: 26 Ձեր մասին շատ բաներ ունեմ ասելու և շատ հիմքեր ունեմ դատելու: Բայց ես ասում եմ այն, ինչ լսել եմ Նրանից, ով ինձ աշխարհ է ուղարկել, և նա միշտ ճիշտն է ասում»:+ 27 Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր խոսում իրենց հետ: 28 Հիսուսն ավելացրեց. «Երբ մարդու Որդուն բարձրացնեք,*+ այդ ժամանակ կիմանաք, թե ով եմ ես,+ և որ իմ նախաձեռնությամբ ոչինչ չեմ անում.+ ես ասում եմ ճիշտ այն, ինչ Հայրը սովորեցրել է ինձ: 29 Ինձ ուղարկողը ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»:+ 30 Հիսուսի խոսքերը լսելով՝ շատերը սկսեցին հավատալ նրան:

31 Հիսուսն իրեն հավատացող հրեաներին ասաց. «Եթե միշտ հնազանդվեք իմ խոսքին, ուրեմն իսկապես իմ աշակերտներն եք: 32 Դուք կիմանաք ճշմարտությունը,+ և ճշմարտությունը կազատի ձեզ»:+ 33 Դա լսելով՝ ոմանք ասացին. «Մենք Աբրահամի սերունդն ենք և ոչ մեկի ծառան երբեք չենք եղել: Ինչո՞ւ ես ասում, թե ազատ կլինենք»: 34 Հիսուսն էլ պատասխանեց. «Հաստատ ասում եմ ձեզ. ով մեղք է գործում, մեղքի ծառա է:+ 35 Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում, որդին է ընդմիշտ մնում: 36 Հետևաբար եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք: 37 Գիտեմ, որ Աբրահամի սերունդն եք, բայց դուք ուզում եք սպանել ինձ, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր սրտում: 38 Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ Հոր մոտ եղած ժամանակ,+ իսկ դուք անում եք այն, ինչ սովորել եք ձեր հորից»: 39 Նրանք ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Հիսուսն էլ ասաց. «Եթե Աբրահամի զավակները լինեիք,+ Աբրահամի պես կվարվեիք: 40 Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, ով հայտնեց ձեզ Աստծուց լսած ճշմարտությունը:+ Աբրահամը երբեք այդպես չէր վարվի: 41 Դուք ձեր հոր պես եք վարվում»: Նրանք էլ ասացին. «Մենք ապօրինի զավակներ չենք,* ու մեր Հայրը մեկն է՝ Աստված»:

42 Հիսուսը պատասխանեց. «Եթե ձեր Հայրը Աստված լիներ, դուք կսիրեիք ինձ,+ որովհետև Աստծու կողմից եմ ուղարկվել և հիմա այստեղ եմ. ես իմ նախաձեռնությամբ չեմ եկել, այլ նա է ուղարկել ինձ:+ 43 Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ ասում. որովհետև չեք կարողանում լսել իմ խոսքը: 44 Ձեր հայրը Բանսարկուն է, և դուք ուզում եք ձեր հոր ցանկություններն անել:+ Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից+ և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա: Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է վարվում, որովհետև ստախոս է և ստության հայրը:+ 45 Իսկ ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, դրա համար էլ դուք չեք հավատում ինձ: 46 Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, որ ես մեղք եմ գործել: Ուրեմն ինչո՞ւ չեք հավատում ինձ, եթե ես ճշմարտությունն եմ ասում: 47 Ով Աստծուց է, լսում է Աստծու խոսքերը:+ Դուք Աստծուց չեք, դրա համար էլ չեք լսում»:+

48 Հրեաները նրան ասացին. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի+ ես ու դև ունես»:+ 49 Իսկ Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ. ես իմ Հորն եմ պատվում, բայց դուք անարգում եք ինձ: 50 Սակայն ես փառքի չեմ ձգտում.+ կա Մեկը, ով ցանկանում է փառավորել ինձ, ու նա է դատավորը: 51 Հաստատ ասում եմ ձեզ. ով հնազանդվի իմ խոսքին, երբեք չի մահանա»:+ 52 Հրեաներն էլ ասացին նրան. «Հիմա համոզված ենք, որ դև ունես: Աբրահամը մահացավ, մարգարեները՝ նույնպես, բայց դու ասում ես, թե՝ «Ով հնազանդվի իմ խոսքին, երբեք մահ չի ճաշակի»: 53 Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մահացավ: Մարգարեներն էլ մահացան: Քեզ ո՞ւմ տեղն ես դրել»: 54 Հիսուսը պատասխանեց. «Եթե ինքս ինձ փառավորեի, իմ փառքը ոչ մի արժեք չէր ունենա: Ինձ փառավորողն իմ Հայրն է՝+ նա, ում ձեր Աստվածն եք կոչում, 55 մինչդեռ դուք չեք ճանաչում նրան,+ իսկ ես ճանաչում եմ:+ Եթե ասեի, թե չեմ ճանաչում նրան, ձեզ նման ստախոս կլինեի: Բայց ես ճանաչում եմ նրան ու հնազանդվում եմ նրա խոսքին: 56 Ձեր հայր Աբրահամը ցնծում էր այն մտքից, որ տեսնելու է իմ օրը, ու նա տեսավ այն և ուրախացավ»:+ 57 Հրեաներն ասացին նրան. «Դու դեռ 50 տարեկան էլ չկաս ու ասում ես, որ Աբրահամի՞ն ես տեսել»: 58 Իսկ Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. նախքան Աբրահամի ծնվելը ես արդեն կայի»:+ 59 Այդ ժամանակ նրանք քարեր վերցրին, որ շպրտեն Հիսուսի վրա, բայց նա թաքնվեց ու հեռացավ տաճարից:

9 Ճանապարհով անցնելիս Հիսուսը տեսավ մի մարդու, որն ի ծնե կույր էր: 2 Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛,+ ո՞վ է մեղք գործել, որ այս մարդը կույր է ծնվել՝ ի՞նքը, թե՞ իր ծնողները»: 3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ այս մարդն է մեղք գործել, ո՛չ էլ նրա ծնողները. նրա կուրությունը առիթ է, որ մարդիկ տեսնեն, թե Աստված ինչ է ի զորու անելու:+ 4 Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է ինձ ուղարկողի կամքը կատարենք,+ որովհետև գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարողանա որևէ բան անել: 5 Քանի դեռ աշխարհում եմ, ես աշխարհի լույսն եմ»:+ 6 Այս խոսքերն ասելուց հետո նա թքեց գետնին, թուքը կավահողի հետ խառնելով՝ մածուկ պատրաստեց, քսեց այդ մարդու աչքերին+ 7 ու ասաց նրան. «Գնա լվացվիր Սիլովամ ավազանում» (Սիլովամը թարգմանվում է «ուղարկված»): Կույր մարդն էլ գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, արդեն տեսնում էր:+

8 Հարևանները և բոլոր նրանք, ովքեր նախկինում այդ մարդուն տեսել էին մուրալիս, սկսեցին հարցնել. «Սա այն մարդը չէ՞, որ միշտ նստած ողորմություն էր խնդրում»: 9 Ոմանք ասում էին՝ «Նա է», մյուսներն էլ, թե՝ «Նա չէ, բայց նման է նրան»: Իսկ այդ մարդն ասում էր. «Այդ ես եմ»: 10 Նրանք հարցրին նրան. «Բա ինչպե՞ս սկսեցիր տեսնել»: 11 Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավահողից մածուկ պատրաստեց, քսեց աչքերիս ու ասաց. «Գնա Սիլովամ և լվացվիր»:+ Ես էլ գնացի, լվացվեցի ու սկսեցի տեսնել»: 12 Նրանք հարցրին. «Ո՞ւր է այդ մարդը»: Նա պատասխանեց. «Չգիտեմ»:

13 Նրանք էլ այդ մարդուն, որ մի ժամանակ կույր էր, տարան փարիսեցիների մոտ: 14 Այդ օրը, երբ Հիսուսը մածուկ պատրաստեց ու բուժեց* նրա աչքերը,+ Շաբաթ էր:+ 15 Փարիսեցիները նույնպես հարցրին նրան, թե ինչպես սկսեց տեսնել: Այդ մարդն էլ պատասխանեց. «Նա ինչ-որ մածուկ քսեց աչքերիս, հետո ես լվացվեցի ու հիմա տեսնում եմ»: 16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ չի պահում Շաբաթը»:+ Մյուսներն էլ առարկեցին. «Մեղավոր մարդն ինչպե՞ս կարող է այդպիսի հրաշքներ գործել»:+ Եվ նրանց մեջ տարակարծություն եղավ:+ 17 Ուստի նորից հարցրին այդ մարդուն, որին Հիսուսը բուժել էր. «Դո՞ւ ինչ կասես նրա մասին. չէ՞ որ քո՛ աչքերն է բուժել»: Նա էլ պատասխանեց. «Այդ մարդը մարգարե է»:

18 Սակայն հրեաները* չհավատացին, որ նա կույր է եղել, մինչև չկանչեցին այդ մարդու ծնողներին 19 ու չհարցրին նրանց. «Սա՞ է ձեր որդին, որ ասում եք, թե կույր է ծնվել: Այդ ինչպե՞ս է, որ հիմա տեսնում է»: 20 Նրա ծնողները պատասխանեցին. «Մենք միայն գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել: 21 Բայց թե ինչպես է հիմա տեսնում, կամ ով է բուժել նրա աչքերը, չգիտենք, նրա՛ն հարցրեք: Չափահաս մարդ է, թող ինքը իր տեղը խոսի»: 22 Նրա ծնողները այդպես պատասխանեցին, քանի որ վախենում էին հրեաներից,+ որովհետև վերջիններս արդեն որոշել էին, որ եթե որևէ մեկը Հիսուսին որպես Քրիստոս ընդունի, պետք է վտարվի ժողովարանից:+ 23 Ահա թե ինչու նրա ծնողներն ասացին. «Նա չափահաս մարդ է, նրան հարցրեք»:

24 Ուստի հրեաները երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որն առաջ կույր էր, ու ասացին նրան. «Ճշմարտությո՛ւնն ասա Աստծու առաջ:* Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»: 25 Նա պատասխանեց. «Մեղավոր է, թե ոչ, չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ»: 26 Նրանք էլ հարցրին. «Նա ի՞նչ արեց: Ինչպե՞ս բուժեց քո աչքերը»: 27 Նա պատասխանեց. «Ես ձեզ արդեն ասացի, բայց դուք չլսեցիք: Ինչո՞ւ եք ուզում նորից լսել: Չլինի՞ թե դուք էլ եք ուզում նրա աշակերտները դառնալ»: 28 Նրանք էլ արհամարհանքով ասացին. «Դո՛ւ ես այդ մարդու աշակերտը, մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք: 29 Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ, բայց թե այս մարդը որտեղից է, չգիտենք»: 30 Իսկ նա պատասխանեց. «Զարմանալին էլ հենց դա է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, այնինչ նա բուժել է իմ աչքերը: 31 Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում,+ այլ լսում է նրանց, ովքեր աստվածավախ են և կատարում են նրա կամքը:+ 32 Չլսված բան է, որ ինչ-որ մեկը ի ծնե կույր մարդու աչքերը բուժի: 33 Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, ոչինչ էլ չէր կարողանա անել»:+ 34 Նրանք էլ ասացին. «Ամբողջովին մեղքերի մեջ ես ծնվել և դո՞ւ ես մեզ սովորեցնում»: Ապա նրան դուրս վռնդեցին:*+

35 Հիսուսը լսեց, որ այդ մարդուն վռնդել են, և երբ հանդիպեց նրան, հարցրեց. «Հավատո՞ւմ ես մարդու Որդուն»: 36 Նա էլ ասաց. «Ո՞վ է նա, տե՛ր, ասա, որ հավատամ նրան»: 37 Հիսուսը պատասխանեց. «Դու տեսել ես նրան, և քեզ հետ խոսողը հենց նա է»: 38 Այդ ժամանակ նա ասաց՝ «Հավատո՛ւմ եմ նրան, Տե՛ր», և խոնարհվեց նրա առաջ: 39 Հիսուսն ասաց. «Ես աշխարհ եկա, որ դատաստան անելու հիմք լինի, որ չտեսնողները տեսնեն,+ և տեսնողները կուրանան»:+ 40 Երբ այնտեղ եղող փարիսեցիները լսեցին այս խոսքերը, հարցրին նրան. «Մի՞թե մենք էլ ենք կույր»: 41 Հիսուսը պատասխանեց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա: Բայց քանի որ ասում եք՝ «Տեսնում ենք», մեղքի մեջ եք մնում»:+

10 «Հաստատ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ մտնում է ոչ թե դռնով, այլ ուրիշ տեղով, նա գող է ու ավազակ:+ 2 Բայց ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է:+ 3 Դռնապանը բացում է դուռը հովվի համար,+ և ոչխարները լսում են նրա ձայնը:+ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց: 4 Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: 5 Նրանք երբեք չեն գնա օտարի հետևից, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարի ձայնը չեն ճանաչում»: 6 Հիսուսին լսողները չհասկացան, թե նա ինչ նկատի ուներ, երբ արեց այս համեմատությունը:

7 Ուստի Հիսուսը դարձյալ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը, որով անցնում են ոչխարները:+ 8 Բոլոր նրանք, ովքեր եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ, բայց ոչխարները չլսեցին նրանց: 9 Ես եմ դուռը. ով ինձնով ներս մտնի, կփրկվի: Նա ներս կմտնի, դուրս կգա և արոտավայր կգտնի:+ 10 Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով:+ Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք: 11 Ես եմ լավ հովիվը.+ լավ հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար:+ 12 Իսկ վարձկանը, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, քանի որ նա հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն: Գայլն էլ հափշտակում է նրանց, և հոտը ցրվում է: 13 Վարձկանի համար մեկ է, թե ինչ կպատահի ոչխարներին. չէ՞ որ նա ընդամենը վարձու աշխատող է: 14 Ես եմ լավ հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում,+ 15 ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ ճանաչում եմ Հորը:+ Ես իմ կյանքը* տալիս եմ ոչխարների համար:+

16 Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն.+ նրանց էլ պետք է բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը: Այդպիսով բոլորը մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան:+ 17 Հայրը սիրում է ինձ,+ որովհետև ես իմ կյանքը տալիս եմ,+ որ դարձյալ ստանամ այն: 18 Ոչ ոք այն չի վերցնում ինձնից. ես ինքս եմ տալիս այն: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու:+ Այս պատվերը իմ Հորից եմ ստացել»:

19 Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ կրկին տարակարծություն եղավ:+ 20 Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի, խելագար է: Ինչո՞ւ եք լսում նրան»: 21 Մյուսներն էլ առարկում էին. «Դրանք դիվահարի խոսքեր չեն: Մի՞թե դևը կարող է բուժել կույրերին»:

22 Այդ ժամանակ Երուսաղեմում Նվիրման տոնն էր: Ձմեռ էր: 23 Հիսուսը տաճարում քայլում էր Սողոմոնի սյունասրահով:+ 24 Հրեաները շրջապատեցին նրան ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու: Եթե դու ես Քրիստոսը, պարզ ասա»: 25 Հիսուսն էլ պատասխանեց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում: Այն գործերը, որ անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում:+ 26 Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարները չեք:+ 27 Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս:+ 28 Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս.+ նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց:+ 29 Իմ Հոր տված ոչխարները ավելի թանկ են, քան մնացած բոլոր բաները, և ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից:+ 30 Ես և Հայրը մի* ենք»:+

31 Հրեաները նորից քարեր վերցրին, որ քարկոծեն նրան: 32 Հիսուսն ասաց նրանց. «Ես Հոր անունից շատ բարի գործեր ցույց տվեցի ձեզ: Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ուզում ինձ քարկոծել»: 33 Նրանք պատասխանեցին. «Մենք ուզում ենք քեզ քարկոծել ոչ թե բարի գործի համար, այլ որ անարգում ես Աստծուն,+ որովհետև ինքդ մարդ լինելով՝ քեզ աստծու տեղ ես դնում»: 34 Հիսուսն էլ ասաց նրանց. «Մի՞թե ձեր Օրենքում գրված չէ. «Ես ասել եմ. «Դուք աստվածներ եք»»:*+ 35 Աստված «աստվածներ»+ է կոչել նրանց, ում իր խոսքը դատապարտել է (և հնարավոր չէ, որ սուրբ գրքերում գրվածը անվավեր դառնա):* 36 Իսկ ես ասացի, որ Աստծու Որդին եմ: Ուրեմն ինչո՞ւ եք ինձ, ում Հայրը սուրբ է դարձրել և ուղարկել է աշխարհ, մեղադրում Աստծուն անարգելու մեջ:+ 37 Եթե ես չեմ անում իմ Հոր գործերը, մի՛ հավատացեք ինձ, 38 բայց եթե անում եմ, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք,+ որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միասնության մեջ է ինձ հետ, և ես էլ միասնության մեջ եմ Հոր հետ»:+ 39 Եվ նրանք կրկին փորձեցին բռնել նրան, բայց նա փախավ նրանցից:

40 Հիսուսը դարձյալ Հորդանանի մյուս կողմն անցավ՝ այն վայրը, որտեղ առաջ Հովհաննեսը մկրտում էր,+ և մնաց այնտեղ: 41 Շատ մարդիկ եկան նրա մոտ: Նրանք իրար ասում էին. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այս մարդու մասին նրա բոլոր ասածները ճիշտ են»:+ 42 Եվ շատերը հավատացին նրան:

11 Ղազարոս անունով մի մարդ կար, որը հիվանդ էր: Նա Բեթանիա գյուղից էր. նրա քույրեր Մարիամն ու Մարթան+ նույնպես այնտեղ էին ապրում: 2 Սա այն Մարիամն էր, որը Տիրոջ ոտքերին անուշահոտ յուղ լցրեց և դրանք սրբեց իր մազերով:+ Նրա եղբայր Ղազարոսն էր հիվանդ: 3 Ուստի նրա քույրերը այս լուրն ուղարկեցին Հիսուսին. «Տե՛ր, նա, ում սիրում* ես, հիվանդ է»: 4 Սակայն երբ Հիսուսը լսեց դա, ասաց. «Այս հիվանդությունը ոչ թե մահվան է տանելու, այլ փառք է բերելու Աստծուն+ և նրա Որդուն»:

5 Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին: 6 Սակայն լսելով, որ Ղազարոսը հիվանդ է՝ նա երկու օր ևս մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր: 7 Նա աշակերտներին ասաց. «Եկեք նորից գնանք Հրեաստան»: 8 Աշակերտները պատասխանեցին. «Ռաբբի՛,+ մինչև վերջերս հրեաները ուզում էին քարկոծել քեզ,+ և դու նորից ուզում ես այնտե՞ղ գնալ»: 9 Հիսուսն ասաց. «Մի՞թե օրվա մեջ 12 ժամ լույս չէ:+ Եթե մեկը այդ ժամանակ է քայլում, չի սայթաքում, որովհետև տեսնում է այս աշխարհի լույսը: 10 Բայց եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»:

11 Հետո նա ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է,+ բայց ես գնում եմ՝ արթնացնեմ նրան»: 12 Աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե քնել է, կառողջանա»: 13 Սակայն Հիսուսը նկատի ուներ, որ Ղազարոսը մահացել է, իսկ նրանք կարծում էին, թե նա սովորական քնի մասին է խոսում: 14 Այդ ժամանակ Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մահացել է:+ 15 Ես ուրախ եմ, որ այնտեղ չէի, որովհետև այն, ինչ անելու եմ, կամրացնի ձեր հավատը: Եկեք գնանք նրա մոտ»: 16 Թովմասը, որին Երկվորյակ էին կոչում, մյուս աշակերտներին ասաց. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնելու»:+

17 Երբ Հիսուսը տեղ հասավ, իմացավ, որ Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ գերեզմանում է: 18 Բեթանիան Երուսաղեմին մոտ էր գտնվում՝ շուրջ երեք կիլոմետր* հեռավորության վրա: 19 Շատ հրեաներ եկել էին մխիթարելու Մարթային ու Մարիամին, որոնք սգում էին իրենց եղբոր մահը: 20 Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը+ տանը մնաց: 21 Մարթան ասաց Հիսուսին. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա: 22 Բայց հիմա էլ համոզված եմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, նա կտա քեզ»: 23 Հիսուսն ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»: 24 Մարթան ասաց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»:+ 25 Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը:+ Ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա: 26 Եվ ամեն ոք, ով ողջ է և հավատում է ինձ, երբեք չի մահանա:+ Հավատո՞ւմ ես դրան»: 27 Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր. հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, ով աշխարհ պետք է գար»: 28 Այս խոսքերն ասելուց հետո նա գնաց և կանչեց իր քույր Մարիամին՝ շշնջալով. «Ուսուցիչն+ այստեղ է: Նա կանչում է քեզ»: 29 Սա լսելուն պես Մարիամը շտապ վեր կացավ ու գնաց նրա մոտ:

30 Հիսուսը դեռ չէր մտել գյուղ, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան: 31 Այն հրեաները, որոնք Մարիամի հետ տանն էին և մխիթարում էին նրան, տեսնելով, որ Մարիամը շտապ վեր կացավ ու դուրս գնաց, նրա հետևից գնացին՝ կարծելով, թե նա գերեզման է գնում,+ որ այնտեղ լաց լինի: 32 Տեսնելով Հիսուսին՝ Մարիամը նրան ընդառաջ գնաց, ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»: 33 Երբ Հիսուսը տեսավ, որ Մարիամը և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, խոր հոգոց հանեց* և հուզվեց: 34 Նա հարցրեց. «Որտե՞ղ եք դրել նրան»: Նրանք պատասխանեցին. «Տե՛ր, արի ու տես»: 35 Հիսուսն արտասվեց:+ 36 Հրեաներն ասացին. «Տեսեք, թե որքա՜ն էր սիրում նրան»: 37 Բայց նրանցից ոմանք ասացին. «Այս մարդը, որ կույրին բուժեց,+ մի՞թե չէր կարող այնպես անել, որ Ղազարոսը չմեռներ»:

38 Հիսուսը դարձյալ խոր հոգոց հանեց ու մոտեցավ գերեզմանին: Այն մի քարայր էր, որի մուտքը փակված էր մեծ քարով: 39 Նա ասաց. «Քարը մի կո՛ղմ տարեք»: Մարթան՝ ննջեցյալի քույրը, ասաց. «Տե՛ր, չորրորդ օրն է. պետք է որ արդեն հոտած լինի»: 40 Հիսուսն էլ ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»:+ 41 Ուստի քարը մի կողմ տարան: Հիսուսն իր աչքերը դեպի երկինք բարձրացրեց+ ու ասաց. «Հա՛յր, շնորհակալ եմ, որ լսեցիր ինձ: 42 Ճիշտ է, գիտեմ, որ միշտ լսում ես ինձ, բայց սա ասում եմ, որպեսզի այստեղ կանգնած ժողովուրդը հավատա, որ դու ես ինձ ուղարկել»:+ 43 Այս խոսքերն ասելուց հետո նա բարձրաձայն կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»:+ 44 Եվ նա դուրս եկավ. նրա ոտքերն ու ձեռքերը փաթաթված էին երիզներով,* իսկ դեմքը՝ կտորով: Հիսուսն ասաց. «Արձակեք կապերը, որ կարողանա քայլել»:

45 Մարիամի մոտ եկած հրեաներից շատերը, տեսնելով, թե Հիսուսն ինչ արեց, հավատացին նրան:+ 46 Բայց ոմանք գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին, թե ինչ է արել Հիսուսը: 47 Ուստի ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքեցին Սինեդրիոնը* և ասացին. «Ի՞նչ պետք է անենք. այս մարդը շատ հրաշքներ է գործում:+ 48 Եթե ոչինչ չձեռնարկենք, բոլորը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կտիրեն մեր տաճարին* ու մեր ազգին»: 49 Նրանցից մեկը՝ Կայիափան,+ որն այդ տարվա քահանայապետն էր, ասաց նրանց. «Դուք ոչինչ չեք հասկանում 50 և չեք մտածում, որ ավելի լավ է՝ մեկ մարդ մեռնի հանուն ժողովրդի, քան թե ողջ ազգը կործանվի»: 51 Սակայն այս խոսքերը նա իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պետք է մահանա ազգի համար, 52 և ոչ միայն ազգի համար, այլև Աստծու ցիրուցան եղած զավակներին մեկտեղ հավաքելու համար: 53 Այդ օրվանից սկսած՝ նրանք դավ էին նյութում, որ սպանեին նրան:

54 Այդ պատճառով Հիսուսն այլևս բացահայտ չէր շրջում հրեաների մեջ: Նա գնաց անապատի մոտ գտնվող Եփրեմ+ քաղաք և աշակերտների հետ մնաց այնտեղ: 55 Հրեաների Պասեքը+ մոտ էր, և շատ մարդիկ գյուղական վայրերից եկել էին Երուսաղեմ, որպեսզի տոնակատարությունից առաջ ծիսականորեն մաքրվեին: 56 Նրանք սկսեցին փնտրել Հիսուսին ու տաճարում կանգնած՝ իրար ասում էին. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ նա ընդհանրապես տոնին չգա»: 57 Ավագ քահանաներն ու փարիսեցիները հրամայել էին, որ եթե որևէ մեկը իմանա Հիսուսի տեղը, տեղեկացնի այդ մասին, որպեսզի բռնեն* նրան:

12 Պասեքից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը,+ որին ինքը հարություն էր տվել: 2 Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր,+ իսկ Ղազարոսը այն մարդկանց մեջ էր, որոնք նրա հետ ընթրում էին:* 3 Մարիամը մեկ սրվակ* նարդոսի անուշահոտ մաքուր յուղ վերցրեց, որը շատ թանկ արժեր, լցրեց Հիսուսի ոտքերին և ապա սրբեց իր մազերով: Տունը անուշահոտ յուղի բուրմունքով լցվեց:+ 4 Սակայն Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին,+ որը շուտով մատնելու էր նրան, ասաց. 5 «Ավելի լավ չէ՞ր լինի՝ այս յուղը 300 դինարով* վաճառվեր, և փողը տրվեր աղքատներին»: 6 Սակայն նա այս խոսքերն ասաց ոչ թե նրա համար, որ մտածում էր աղքատների մասին, այլ որ գող էր: Փողի արկղը նրա մոտ էր, և նա գողանում էր այնտեղ գցված փողից: 7 Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թող նրան, թող նա պահի այս սովորությունը՝ ինձ թաղման օրվան պատրաստելու համար:+ 8 Չէ՞ որ աղքատները միշտ ձեզ հետ են,+ բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ»:+

9 Հրեաների մի մեծ բազմություն երբ իմացավ, թե որտեղ է Հիսուսը, եկավ այնտեղ, որպեսզի ոչ միայն Հիսուսին տեսնի, այլև Ղազարոսին, որին նա հարություն էր տվել:+ 10 Ավագ քահանաները Ղազարոսի դեմ նույնպես դավ նյութեցին, որ սպանեն նրան, 11 որովհետև նրա պատճառով հրեաներից շատերը գնում էին Բեթանիա և հավատում էին Հիսուսին:+

12 Հաջորդ օրը շատ մարդիկ, որ եկել էին տոնին, լսելով, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, 13 արմավենու ճյուղեր վերցրին ու գնացին նրան դիմավորելու: Նրանք սկսեցին բացականչել. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան:* Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով՝+ Իսրայելի Թագավորը»:+ 14 Հիսուսը մի ավանակ գտավ ու նստեց դրա վրա,+ ինչպես որ գրված է. 15 «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոնի դուստր, ահա գալիս է քո թագավորը՝ էշի քուռակի վրա նստած»:+ 16 Հիսուսի աշակերտները սկզբում չհասկացան այդ ամենը, բայց երբ նա փառավորվեց,+ հիշեցին, որ նրա մասին այդ բաները գրված էին, և դրանք կատարվեցին:+

17 Այն մարդիկ, որոնք տեսել էին, թե Հիսուսն ինչպես է Ղազարոսին դուրս կանչել գերեզմանից+ և հարություն տվել, շարունակ պատմում էին իրենց տեսածը:+ 18 Շատերը լսել էին նրա արած այդ հրաշքի մասին, ու դա նույնպես պատճառ եղավ, որ գնան դիմավորելու նրան: 19 Ուստի փարիսեցիներն իրար ասացին. «Տեսնում եք, որ ոչ մի բանի չենք հասնում: Ամբողջ աշխարհը նրա հետևից է գնում»:+

20 Տոնի առթիվ հույներ էլ էին եկել Աստծուն երկրպագելու: 21 Նրանք մոտեցան Փիլիպոսին,+ որը Գալիլեայի Բեթսայիդայից էր, և այս խնդրանքով դիմեցին նրան. «Տե՛ր, ուզում ենք տեսնել Հիսուսին»: 22 Փիլիպոսը եկավ ու Անդրեասին հայտնեց այդ մասին, Անդրեասն ու Փիլիպոսն էլ եկան ու Հիսուսին հայտնեցին:

23 Հիսուսն ասաց նրանց. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի:+ 24 Հաստատ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, այդպես մեկ հատիկ էլ կմնա, բայց եթե մեռնի,+ շատ բերք կտա: 25 Ով սիրում է իր կյանքը, կկորցնի* այն, բայց ով այս աշխարհում ատում է իր կյանքը,+ կպահպանի այն հավիտենական կյանքի համար:+ 26 Ով ուզում է ծառայել ինձ, թող իմ հետևից գա, և որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան կլինի:+ Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան: 27 Հիմա հոգիս խռովված է,+ և ի՞նչ ասեմ. Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից:+ Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել: 28 Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»: Եվ մի ձայն+ լսվեց երկնքից. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»:+

29 Լսելով այդ ձայնը՝ այնտեղ կանգնածներն ասացին՝ «Որոտ եղավ», ոմանք էլ թե՝ «Հրեշտակ խոսեց նրա հետ»: 30 Իսկ Հիսուսն ասաց. «Այս ձայնը եկավ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար: 31 Հիմա այս աշխարհի դատն է, և այս աշխարհի իշխանը+ կվռնդվի:+ 32 Սակայն երբ ես բարձրացվեմ,*+ ամեն տեսակ մարդկանց դեպի ինձ կձգեմ»: 33 Նա այս խոսքերով ցույց տվեց, թե ինչպիսի մահով է մեռնելու:+ 34 Իսկ ժողովուրդն ասաց. «Մենք Օրենքից գիտենք, որ Քրիստոսը հավիտյան է ապրելու:+ Դու ինչպե՞ս ես ասում, թե մարդու Որդին պետք է բարձրացվի:+ Ո՞վ է այդ մարդու Որդին»: 35 Հիսուսն ասաց նրանց. «Լույսը մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կլինի: Քայլեք լույսի մեջ, քանի դեռ այն ունեք, որ խավարը չտիրի ձեզ: Ով խավարի մեջ է քայլում, չգիտի, թե ուր է գնում:+ 36 Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»:+

Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը գնաց ու թաքնվեց նրանցից: 37 Ու թեև Հիսուսն այդքան շատ հրաշքներ էր գործել նրանց աչքի առաջ, նրանք չէին հավատում նրան: 38 Այդպես կատարվեցին Եսայիա մարգարեի խոսքերը, որն ասաց. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:+ Ո՞ւմ հայտնի դարձավ Եհովայի զորությունը»:*+ 39 Նրանք չէին կարողանում հավատալ, որովհետև Եսայիան նաև ասել էր. 40 «Ես կուրացրել եմ նրանց աչքերը և կարծրացրել նրանց սրտերը, որ աչքով չտեսնեն և սրտով չհասկանան ու հետ չդառնան, որ բուժեմ նրանց»:+ 41 Եսայիան ասաց այս բաները, քանի որ տեսավ Քրիստոսի փառքը և խոսեց նրա մասին:+ 42 Այնուամենայնիվ, նույնիսկ հրեա շատ առաջնորդներ հավատացին նրան,+ սակայն փարիսեցիների պատճառով բացահայտ չէին ասում այդ մասին, որ չվտարվեին ժողովարանից,+ 43 որովհետև մարդկանց հավանությունն* ունենալը ավելի շատ էին կարևորում, քան Աստծու հավանությունն ունենալը:+

44 Հիսուսը բարձրաձայն ասաց. «Ով հավատում է ինձ, ոչ միայն ինձ է հավատում, այլև ինձ ուղարկողին,+ 45 և ով տեսնում է ինձ, տեսնում է նաև ինձ ուղարկողին:+ 46 Ես աշխարհ եկա որպես լույս,+ որպեսզի ամեն ոք, ով հավատում է ինձ, խավարի մեջ չմնա:+ 47 Բայց եթե մեկը լսում է իմ խոսքերը և չի հնազանդվում դրանց, ես չեմ դատում նրան, որովհետև ես եկա ոչ թե աշխարհը դատելու համար, այլ փրկելու:+ 48 Ինձ արհամարհողի և իմ ասածները չընդունողի համար դատավոր կա. իմ խո՛սքը կդատի նրան վերջին օրը, 49 որովհետև ես ինձանից չեմ խոսել, այլ Հայրը, ով ուղարկել է ինձ, նա է ասել,* թե ինչ խոսեմ և ինչ սովորեցնեմ:+ 50 Եվ ես գիտեմ, որ նրա խոսքը* հավիտենական կյանք է նշանակում:+ Հետևաբար ես ասում եմ հենց այն, ինչ Հայրն է ինձ ասել»:+

13 Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ եկել է այն ժամանակը,+ երբ նա պետք է այս աշխարհից Հոր մոտ գնա:+ Նա սիրում էր իր աշակերտներին,* որոնք աշխարհում էին. նա մինչև վերջ սիրեց նրանց:+ 2 Ընթրիքի ժամն էր. Բանսարկուն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ արդեն դրել էր,+ որ մատնի նրան:+ 3 Հիսուսը, իմանալով, որ Հայրը ամեն ինչ իր ձեռքն է տվել, և որ ինքն Աստծուց է եկել ու Աստծու մոտ է գնում,+ 4 սեղանից վեր կացավ, հանեց իր վերնահագուստը, ապա վերցրեց սրբիչն ու իր գոտկատեղին կապեց:+ 5 Հետո տաշտի մեջ ջուր լցրեց և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ ու գոտկատեղին կապած սրբիչով չորացնել: 6 Երբ Հիսուսը մոտեցավ Սիմոն Պետրոսին, նա ասաց. «Տե՛ր, դո՞ւ ես լվանալու իմ ոտքերը»: 7 Հիսուսը պատասխանեց. «Դու հիմա չես հասկանում՝ ես ինչ եմ անում, բայց հետո կհասկանաս»: 8 Իսկ Պետրոսն ասաց նրան. «Ես երբեք թույլ չեմ տա, որ լվանաս ոտքերս»: Հիսուսը պատասխանեց. «Եթե չլվանամ,+ դու ինձ հետ բաժին չես ունենա»: 9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլև ձեռքերս ու գլուխս լվա»: 10 Հիսուսն էլ ասաց նրան. «Լողացած մարդուն իր ոտքերը լվանալուց բացի ուրիշ բան պետք չէ, քանի որ նա ամբողջությամբ մաքուր է: Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: 11 Նա գիտեր, թե ով էր իրեն մատնելու,+ դրա համար էլ ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»:

12 Նրանց ոտքերը լվանալուց հետո Հիսուսը հագավ իր վերնահագուստը ու կրկին թիկնեց սեղանի մոտ: Նա ասաց նրանց. «Հասկացա՞ք, թե ինչ արեցի: 13 Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք կոչում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա:+ 14 Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը,+ դուք նույնպես պետք է* միմյանց ոտքերը լվանաք:+ 15 Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, նույնը դուք անեք:+ 16 Հաստատ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից: 17 Հիմա դուք գիտեք այս բաները և երջանիկ կլինեք, եթե անեք դրանք:+ 18 Խոսքս բոլորիդ մասին չէ. ես ճանաչում եմ իմ ընտրածներին: Բայց սուրբ գրվածքներից մեկում ասված այս խոսքերը պետք է կատարվեն.+ «Նա, ով իմ հացն էր ուտում, իմ դեմ է դուրս եկել»:*+ 19 Այս խոսքերը նախապես եմ ասում ձեզ, որպեսզի երբ կատարվեն, դուք հավատաք, որ դրանք ինձ են վերաբերում:+ 20 Հաստատ ասում եմ ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ էլ է ընդունում:+ Իսկ ինձ ընդունողը ինձ ուղարկողին էլ է ընդունում»:+

21 Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսի հոգին խռովվեց, և նա ուղիղ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»:+ 22 Աշակերտները սկսեցին տարակուսած իրար նայել՝ չհասկանալով, թե ում մասին է խոսում:+ 23 Հիսուսի սիրելի աշակերտը+ թիկնել էր նրա կողքին:* 24 Սիմոն Պետրոսը գլխով արեց նրան ու ասաց. «Ո՞ւմ մասին է խոսում»: 25 Նա էլ, հենվելով Հիսուսի կրծքին, հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է»:+ 26 Հիսուսը պատասխանեց. «Այս հացի պատառը ամանի մեջ թաթախելուց հետո ում որ տամ, նա է»:+ Եվ պատառը թաթախեց ու տվեց Հուդային՝ Սիմոն Իսկարիովտացու որդուն: 27 Երբ Հուդան վերցրեց պատառը, Սատանան մտավ նրա մեջ:+ Հիսուսն ասաց նրան. «Ինչ որ սկսել ես անել, շո՛ւտ արա»: 28 Սակայն սեղանի շուրջը թիկնածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչու նրան այդ բանն ասաց: 29 Քանի որ փողի արկղը Հուդայի մոտ էր,+ նրանցից ոմանք մտածեցին, թե Հիսուսը նկատի ուներ, որ գնի այն, ինչ տոնի համար պետք է, կամ էլ աղքատներին մի բան տա: 30 Պատառը վերցնելուց հետո Հուդան անմիջապես դուրս գնաց: Գիշեր էր:+

31 Երբ նա հեռացավ, Հիսուսն ասաց. «Այժմվանից մարդու Որդին փառավորվում է,+ և Աստված էլ նրա միջոցով է փառավորվում: 32 Աստված ինքը կփառավորի նրան+ և անմիջապես կանի դա: 33 Ընկերնե՛րս,* ձեզ հետ ընդամենը մի փոքր ժամանակ եմ լինելու: Դուք կփնտրեք ինձ, և ինչ որ հրեաներին ասացի, ձեզ էլ եմ ասում. «Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»:+ 34 Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար՝ սիրեք այնպես,+ ինչպես ես ձեզ սիրեցի:+ 35 Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»:+

36 Սիմոն Պետրոսը հարցրեց նրան. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»: Հիսուսը պատասխանեց. «Ուր որ գնում եմ, իմ հետևից հիմա չես կարող գալ, բայց հետո կգաս»:+ 37 Պետրոսն էլ ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ: Ես կյանքս կտամ քեզ համար»:+ 38 Հիսուսն էլ ասաց. «Կյա՞նքդ կտաս ինձ համար: Հաստատ ասում եմ քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»:+

14 «Թող ձեր սրտերը չտագնապեն:+ Հավատացեք Աստծուն,+ հավատացեք նաև ինձ: 2 Իմ Հոր տանը բնակվելու շատ տեղեր կան: Եթե այդպես չլիներ, ես դա չէի ասի: Սակայն իմ ասածը ճիշտ է, քանի որ գնում եմ՝ ձեզ համար տեղ պատրաստելու:+ 3 Երբ գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, կվերադառնամ և ձեզ ինձ մոտ կտանեմ, որպեսզի որտեղ ես լինեմ, այնտեղ էլ դուք լինեք:+ 4 Ուր որ ես գնում եմ, դուք ճանապարհը գիտեք»:

5 Թովմասն+ ասաց նրան. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ուր ես գնում: Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»:

6 Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը,+ ճշմարտությունը+ և կյանքը:+ Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով:+ 7 Եթե ինձ ճանաչում եք, իմ Հորն էլ եք ճանաչում. այս պահից սկսած՝ դուք ճանաչում եք և տեսել եք նրան»:+

8 Փիլիպոսն ասաց. «Տե՛ր, ցույց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ համար»:

9 Հիսուսն էլ ասաց. «Փիլիպո՛ս, այսքան ժամանակ է՝ ձեզ հետ եմ, և դու չճանաչեցի՞ր ինձ: Ով ինձ տեսավ, Հորը տեսավ,+ ինչպե՞ս ես ասում՝ ցույց տուր մեզ Հորը: 10 Չե՞ս հավատում, որ ես միասնության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միասնության մեջ է ինձ հետ:+ Ես ոչ թե իմ մտքերն եմ ասում, այլ Հոր,+ ով միասնության մեջ է մնում ինձ հետ, և ով իր կամքն է իրագործում իմ միջոցով: 11 Հավատացեք, երբ ասում եմ, որ ես միասնության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միասնության մեջ է ինձ հետ, եթե ոչ, գոնե իմ գործերին նայելով հավատացեք:+ 12 Հաստատ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, այնպիսի գործեր կանի, ինչպիսիք ես եմ անում, և ավելի մեծ գործեր կանի,+ որովհետև ես Հոր մոտ եմ գնում:+ 13 Ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով:+ 14 Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ:

15 Եթե սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները:+ 16 Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական* կտա, որ հավիտյան ձեզ հետ լինի,+ 17 այսինքն՝ ճշմարտության ոգին,+ որն աշխարհը չի կարող ստանալ, որովհետև ո՛չ տեսնում, ո՛չ էլ ճանաչում է այն:+ Սակայն դուք ճանաչում եք այն, որովհետև ձեզ հետ է մնում և ձեզանում է: 18 Ես ձեզ որբ չեմ թողնի, ես կգամ ձեզ մոտ:+ 19 Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք,+ որովհետև ես ապրում եմ, և դուք նույնպես կապրեք: 20 Այդ օրը կիմանաք, որ ես միասնության մեջ եմ իմ Հոր հետ, դուք միասնության մեջ եք ինձ հետ, և ես միասնության մեջ եմ ձեզ հետ:+ 21 Ով ընդունում է* իմ պատվիրաններն ու պահում է դրանք, նա է սիրում ինձ: Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու կբացահայտեմ, թե ով եմ ես»:

22 Հուդան*+ (ոչ Իսկարիովտացին) հարցրեց նրան. «Տե՛ր, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես ուզում մե՛զ բացահայտել, թե ով ես դու, ոչ թե աշխարհին»:

23 Հիսուսը պատասխանեց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կհնազանդվի իմ խոսքին,+ և իմ Հայրը կսիրի նրան: Մենք կգանք նրա մոտ ու կբնակվենք նրա հետ:+ 24 Իսկ ով չի սիրում ինձ, չի հնազանդվում իմ խոսքին: Այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ իմ Հոր խոսքն է, ով ուղարկել է ինձ:+

25 Այս բոլոր բաներն ասում եմ ձեզ, քանի դեռ ձեզ հետ եմ: 26 Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի իմ բոլոր ասածները:+ 27 Խաղաղություն եմ թողնում ձեզ.+ իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս: Իմ տված խաղաղությունը աշխարհի տված խաղաղության պես չէ: Թող որ ձեր սրտերը չտագնապեն ու վախից չնվաղեն: 28 Լսեցիք, որ ասացի ձեզ. «Ես գնում եմ ու հետ կգամ ձեզ մոտ»: Եթե սիրում եք ինձ, կուրախանաք, որ Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է ինձանից:+ 29 Սա ձեզ նախապես ասացի, որպեսզի երբ կատարվի, հավատաք:+ 30 Այլևս ժամանակ չկա ձեզ հետ շատ բաներ խոսելու, որովհետև այս աշխարհի իշխանը+ գալիս է: Նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա:+ 31 Բայց որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այն, ինչ Հայրը պատվիրել է ինձ:+ Վեր կացեք՝ գնանք այստեղից»:

15 «Ես ճշմարիտ խաղողենին եմ, իսկ իմ Հայրը մշակն է: 2 Նա կտրում է ինձ վրա եղող ամեն ճյուղ, որը պտուղ չի տալիս, իսկ այն ճյուղը, որը պտուղ է տալիս, նա մաքրում է,* որ ավելի շատ պտուղ տա:+ 3 Դուք արդեն մաքուր եք իմ խոսքի շնորհիվ:+ 4 Միավորված մնացեք ինձ հետ, և ես էլ միավորված կմնամ ձեզ հետ: Ինչպես որ ճյուղը չի կարող պտուղ տալ, եթե չմնա խաղողենու վրա, այնպես էլ դուք չեք կարող պտուղ տալ, եթե ինձ հետ միավորված չմնաք:+ 5 Ես խաղողենին եմ, իսկ դուք ճյուղերն եք: Եթե մեկը միավորված է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս.+ առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել: 6 Իսկ եթե որևէ մեկը միավորված չի մնում ինձ հետ, կտրված ճյուղի պես է, որը դեն է նետվում և չորանում է: Այդպիսի ճյուղերը մարդիկ հավաքում են ու գցում կրակի մեջ, և դրանք այրվում են: 7 Եթե դուք միավորված մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր սրտում, ապա ինչ էլ որ ցանկանաք, խնդրե՛ք, և կտրվի ձեզ:+ 8 Իմ Հայրը փառավորվում է, երբ դուք շատ պտուղ եք բերում և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք:+ 9 Ինչպես Հայրը սիրեց ինձ,+ այնպես էլ ես ձեզ սիրեցի. եղեք այնպիսին, որ ես ձեզ միշտ սիրեմ:* 10 Եթե իմ պատվիրանները պահեք, ես ձեզ միշտ կսիրեմ, ինչպես որ ես եմ պահում Հոր պատվիրանները, և նա երբեք չի դադարում ինձ սիրելուց:

11 Այս խոսքերն ասացի ձեզ, որ դուք էլ լիարժեքորեն զգաք այն ուրախությունը, որը ես ունեմ:+ 12 Սա է իմ պատվիրանը. սիրեք իրար այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի:+ 13 Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը* տալիս է իր ընկերների համար:+ 14 Դուք իմ ընկերներն եք, եթե կատարում եք այն, ինչ պատվիրում եմ ձեզ:+ 15 Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը: Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ Հորիցս լսել եմ, հայտնել եմ ձեզ: 16 Դո՛ւք չեք ընտրել ինձ, այլ ես եմ ձեզ ընտրել և հանձնարարել, որ գնաք ու պտուղ բերեք՝ մնայուն պտուղ, և որ ինչ էլ խնդրեք Հորից իմ անունով, տա ձեզ:+

17 Այս ամենը պատվիրում եմ ձեզ, որպեսզի սիրեք իրար:+ 18 Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ նախ ինձ է ատել:+ 19 Եթե աշխարհի մաս կազմեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև իրենը կլինեիք: Բայց դուք աշխարհի մաս չեք կազմում,+ քանի որ ես ձեզ ընտրեցի և առանձնացրի աշխարհից: Դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ:+ 20 Հիշեք իմ ասած խոսքը. «Ծառան մեծ չէ իր տիրոջից»: Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն,+ եթե իմ խոսքին հնազանդվեցին, ձեր խոսքին էլ կհնազանդվեն: 21 Սակայն ձեզ հետ այդպես կվարվեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում Նրան, ով ուղարկել է ինձ:+ 22 Եթե ես չգայի և նրանց հետ չխոսեի, նրանք ոչ մի մեղք չէին ունենա:+ Բայց հիմա նրանք արդարացում չունեն իրենց մեղքի համար:+ 23 Ով ատում է ինձ, ատում է նաև իմ Հորը:+ 24 Եթե ես նրանց աչքի առաջ արած չլինեի այնպիսի գործեր, ինչպիսիք ուրիշ ոչ ոք չի արել, նրանք մեղք չէին ունենա,+ սակայն նրանք տեսան և, միևնույն է, ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ: 25 Բայց դա եղավ նրա համար, որ կատարվի իրենց Օրենքում գրված այս խոսքը. «Առանց պատճառի ատեցին ինձ»:+ 26 Ես Հոր մոտից կուղարկեմ օգնականին,* այսինքն՝ ճշմարտության ոգին,+ որը Հորից է: Երբ նա գա, կվկայի իմ մասին:+ 27 Դուք նույնպես կվկայեք իմ մասին,+ քանի որ սկզբից ևեթ ինձ հետ եք եղել»:

16 «Այս բաներն ասացի ձեզ, որ չկորցնեք ձեր հավատը:* 2 Ձեզ կվտարեն ժողովարաններից,+ և կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի,+ կկարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն: 3 Բայց այդպես կվարվեն, որովհետև ո՛չ Հորն են ճանաչում, ո՛չ էլ ինձ:+ 4 Սա ասում եմ, որ երբ ժամանակը գա, ու այդ ամենը կատարվի, հիշեք, որ այդ մասին ասել եմ ձեզ:+

Սկզբում չէի ասում, քանի որ ձեզ հետ էի: 5 Հիմա գնում եմ ինձ ուղարկողի մոտ,+ մինչդեռ ձեզնից ոչ ոք չի հարցնում, թե՝ ո՞ւր ես գնում: 6 Իմ ասած խոսքերի պատճառով ձեր սրտերը տրտմեցին:+ 7 Բայց հավատացեք ինձ. ձեր իսկ օգտի համար եմ գնում, որովհետև եթե չգնամ, օգնականը*+ չի գա ձեզ մոտ, սակայն եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ: 8 Եվ երբ նա գա, աշխարհին համոզիչ ապացույցներ կբերի մեղքի, արդարության և դատաստանի վերաբերյալ. 9 նախ ապացույցներ կբերի մեղքի վերաբերյալ,+ քանի որ ինձ չեն հավատում,+ 10 ապա՝ արդարության, քանի որ ես Հոր մոտ եմ գնում, և դուք ինձ այլևս չեք տեսնի, 11 և հետո՝ դատաստանի, քանի որ այս աշխարհի իշխանը դատապարտված է:+

12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու: 13 Սակայն երբ օգնականը, այսինքն՝ ճշմարտության ոգին,+ գա, կառաջնորդի ձեզ՝ օգնելով հասկանալ ողջ ճշմարտությունը, քանի որ իրենից չի խոսի, այլ կասի այն, ինչ կլսի, և կհայտնի ձեզ գալիք բաների մասին:+ 14 Նա կփառավորի ինձ,+ որովհետև ձեզ կհայտնի այն, ինչ կլսի ինձնից:+ 15 Ինչ որ Հայրն ունի, իմն է:+ Դրա համար ասացի, որ նա ձեզ կհայտնի այն, ինչ կլսի ինձնից: 16 Մի քիչ ժամանակ էլ, և ինձ այլևս չեք տեսնի,+ բայց կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք»:

17 Այդ ժամանակ նրա աշակերտներից ոմանք իրար հարցրին. «Ի՞նչ նկատի ունի՝ ասելով. «Մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք», և «Ես Հոր մոտ եմ գնում»»: 18 Նրանք տարակուսում էին. «Ի՞նչ է նշանակում «մի քիչ ժամանակ էլ»: Չենք հասկանում, թե ինչի մասին է խոսում»: 19 Հիսուսը, իմանալով, որ այդ մասին ուզում են հարցնել իրեն, ասաց. «Իրար հարցնում եք, թե ինչո՞ւ ասացի. «Մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք»: 20 Հաստատ ասում եմ ձեզ. դուք լաց կլինեք ու կողբաք, բայց աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության կվերածվի:+ 21 Երբ գալիս է կնոջ ծննդաբերության ժամանակը, նա ցավ է քաշում, բայց երբ մանուկը ծնվում է, այլևս չի հիշում իր ցավը, որովհետև ուրախանում է, որ մի մարդ լույս աշխարհ եկավ: 22 Նույնպես և դուք, թեև հիմա տրտմած եք, բայց ես ձեզ նորից կտեսնեմ: Ձեր սրտերը կուրախանան,+ և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից: 23 Այդ օրը դուք ինձ ոչինչ չեք հարցնի: Հաստատ ասում եմ ձեզ. ինչ որ Հորից խնդրեք+ իմ անունով, նա կտա ձեզ:+ 24 Մինչև հիմա դուք ոչինչ չեք խնդրել իմ անունով: Խնդրեք և կստանաք, որպեսզի լիակատար ուրախություն զգաք:

25 Ձեզ հետ համեմատություններով խոսեցի, բայց ժամանակը գալիս է, երբ այլևս համեմատություններով չեմ խոսելու ձեզ հետ, այլ հստակ հայտնելու եմ Հոր մասին: 26 Այդ օրը դուք Հորը կխնդրեք իմ անունով: Չեմ ասում, թե ե՛ս կխնդրեմ Հորը ձեզ համար: 27 Հայրն ինքը սիրում* է ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ+ ու հավատում եք, որ ես նրա կողմից եմ եկել:+ 28 Ես աշխարհ եկա որպես Հոր ներկայացուցիչ և այժմ թողնում եմ աշխարհը ու գնում եմ Հոր մոտ»:+

29 Նրա աշակերտներն ասացին. «Հիմա դու հստակ ես խոսում և ոչ մի համեմատություն չես անում: 30 Հիմա մենք տեսնում ենք, որ ամեն ինչ գիտես, և նախքան որևէ մեկը քեզ հարց կտա, դու արդեն գիտես, թե նա ինչ է մտածում, դրա համար էլ հավատում ենք, որ Աստծուց ես եկել»: 31 Հիսուսն էլ ասաց նրանց. «Հիմա հավատո՞ւմ եք: 32 Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տուն կգնա, ու ինձ մենակ կթողնեք:+ Սակայն ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է:+ 33 Այս ամենը ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք:+ Աշխարհում դուք նեղություններ եք կրելու, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»:+

17 Այդ խոսքերից հետո Հիսուսը աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը եկավ: Փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի:+ 2 Փառավորիր, ինչպես և արդեն արել ես՝ նրան իշխանություն տալով բոլոր մարդկանց վրա,+ որպեսզի հավիտենական կյանք պարգևի նրանց,+ ում տվել ես նրան:+ 3 Հավիտենական կյանք ունենալու համար+ անհրաժեշտ է ճանաչել* քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ,+ և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր:+ 4 Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝+ ավարտելով այն գործը, որ հանձնարարել էիր ինձ:+ 5 Ուստի այժմ, Հա՛յր, տուր ինձ այն փառքը, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը:+

6 Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որոնց դու ընտրեցիր աշխարհից ու տվեցիր ինձ:+ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, ու նրանք հնազանդվեցին քո խոսքին: 7 Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզանից է, 8 որովհետև ես հայտնեցի նրանց այն խոսքերը, որ ինձ ասացիր,+ և նրանք ընդունեցին ու համոզվեցին, որ ես եկել եմ որպես քո ներկայացուցիչ,+ և հավատացին, որ դու ես ուղարկել ինձ:+ 9 Խնդրում եմ քեզ նրանց համար: Խնդրում եմ ոչ թե աշխարհի համար, այլ նրանց, ում ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են: 10 Այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է,+ ու ես փառավորվեցի նրանց մեջ:

11 Ես այլևս աշխարհում չեմ, քանի որ քեզ մոտ եմ գալիս, բայց նրանք աշխարհում են:+ Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց+ հանուն քո անվան, որը տվել ես ինձ, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք ենք մի:*+ 12 Երբ նրանց հետ էի, պահպանում էի նրանց+ հանուն քո անվան, որը տվել ես ինձ: Ես պաշտպանեցի նրանց, ու նրանցից և ոչ մեկը չկործանվեց՝+ բացի կործանման որդուց,+ որպեսզի սուրբ գրվածքներում գրվածը կատարվի:+ 13 Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս, և այս բաները ասում եմ, քանի դեռ աշխարհում եմ, որպեսզի նրանք լիովին զգան այն ուրախությունը, որ ես ունեմ:+ 14 Քո խոսքը հայտնեցի նրանց, բայց աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք աշխարհի մաս չեն կազմում,+ ինչպես որ ես աշխարհի մաս չեմ կազմում:

15 Քեզ չեմ խնդրում, որ նրանց վերցնես աշխարհից, այլ խնդրում եմ, որ պահպանես Չարից:+ 16 Նրանք աշխարհի մաս չեն կազմում,+ ինչպես որ ես աշխարհի մաս չեմ կազմում:+ 17 Նրանց սուրբ դարձրու* ճշմարտությամբ.+ քո խոսքը ճշմարտություն է:+ 18 Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, այնպես էլ ես նրանց ուղարկեցի աշխարհ:+ 19 Եվ հանուն նրանց՝ ես սուրբ եմ մնում,* որպեսզի նրանք էլ ճշմարտությամբ սրբագործվեն:

20 Բայց ոչ միայն նրանց համար եմ խնդրում, այլ նաև նրանց խոսքի միջոցով ինձ հավատացողների համար, 21 որպեսզի ինչպես որ դու ես, Հա՛յր, միասնության մեջ ինձ հետ, և ես միասնության մեջ եմ քեզ հետ,+ այնպես էլ նրանք բոլորը մի լինեն+ և միասնության մեջ լինեն մեզ հետ, որ աշխարհը հավատա, որ դու ես ինձ ուղարկել: 22 Ես նրանց տվեցի այն փառքը, որ ստացել եմ քեզնից, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք ենք մի:+ 23 Ես միասնության մեջ եմ նրանց հետ, և դու միասնության մեջ ես ինձ հետ, որպեսզի նրանք կատարելապես միասնական լինեն: Այդպես աշխարհը կիմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր և որ նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր: 24 Հա՛յր, ում որ ինձ տվեցիր, ուզում եմ՝ ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ,+ որպեսզի տեսնեն իմ փառքը, որ տվեցիր ինձ, որովհետև սիրեցիր ինձ աշխարհը հիմնվելուց առաջ:+ 25 Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չի ճանաչում,+ բայց ես ճանաչում եմ քեզ,+ և նրանք գիտեն, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ: 26 Ես ճանաչեցրի նրանց քո անունը* ու կշարունակեմ ճանաչեցնել,+ որպեսզի նրանք ուրիշներին սիրեն այնպես, ինչպես դու ես ինձ սիրում, և ես միասնության մեջ լինեմ նրանց հետ»:+

18 Այս բաներն ասելուց հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց մի պարտեզ, որը Կեդրոնի գետահովտի*+ մյուս կողմում էր:+ 2 Հուդան, որը մատնելու էր նրան, նույնպես գիտեր այդ վայրը, որովհետև Հիսուսը հաճախ էր իր աշակերտների հետ այնտեղ հանդիպել: 3 Ուստի Հուդան զինվորների խմբին և ավագ քահանաների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահապաններին բերեց այնտեղ: Նրանք եկան ջահերով, լապտերներով ու զենքերով:+ 4 Հիսուսը գիտեր, թե ինչ է լինելու իրեն, ուստի առաջ գնաց ու ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»: 5 Նրանք պատասխանեցին. «Նազարեթցի+ Հիսուսին»: Նա էլ ասաց. «Ես եմ»: Հուդան, որը մատնելու էր նրան, նույնպես նրանց հետ կանգնած էր:+

6 Սակայն երբ Հիսուսը նրանց ասաց՝ ես եմ, նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին:+ 7 Ուստի նա նորից հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»: Նրանք ասացին. «Նազարեթցի Հիսուսին»: 8 Հիսուսը պատասխանեց. «Ասացի, որ ես եմ: Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան»: 9 Այդպես կատարվեց այն խոսքը, որ նա ասել էր. «Ում որ ինձ տվեցիր, նրանցից ոչ մեկին չկորցրի»:+

10 Սիմոն Պետրոսը, որը սուր ուներ, քաշեց այն ու կտրեց քահանայապետի ծառայի աջ ականջը:+ Այդ ծառայի անունը Մալքոս էր: 11 Հիսուսն ասաց Պետրոսին. «Սուրը պատյանի մե՛ջ դիր:+ Մի՞թե չպետք է խմեմ այն բաժակից, որ Հայրը տվել է ինձ»:+

12 Այդ ժամանակ զինվորները, զորապետը և հրեաների ենթակայության տակ եղող պահապանները բռնեցին* Հիսուսին, կապեցին 13 ու սկզբում տարան Հաննայի մոտ, քանի որ նա Կայիափայի՝+ այդ տարվա քահանայապետի աներն էր:+ 14 Սա այն Կայիափան էր, որը հրեաներին ասել էր, որ ավելի լավ է՝ մեկ մարդ մեռնի հանուն ժողովրդի:+

15 Սիմոն Պետրոսը և մեկ ուրիշ աշակերտ գնում էին Հիսուսի հետևից:+ Այդ աշակերտը ծանոթ էր քահանայապետին, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի բակ, 16 իսկ Պետրոսը մնաց դրսում՝ դռան մոտ: Մյուս աշակերտը, որը քահանայապետին ծանոթ էր, դուրս գնաց, խոսեց այն աղախնի հետ, ով դռնապան էր, և Պետրոսին ներս բերեց: 17 Այդ ժամանակ աղախինն ասաց Պետրոսին. «Դու այս մարդու աշակերտներից չես, չէ՞»: Նա էլ ասաց. «Ո՛չ»:+ 18 Ծառաներն ու պահապանները փայտածուխ էին վառել ու այնտեղ կանգնած՝ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսը նույնպես նրանց հետ կանգնած տաքանում էր:

19 Այդ ընթացքում ավագ քահանան* հարցեր տվեց Հիսուսին նրա աշակերտների և նրա ուսմունքի մասին: 20 Հիսուսն էլ պատասխանեց նրան. «Ես աշխարհի հետ բացեիբաց եմ խոսել. միշտ սովորեցրել եմ ժողովարաններում և տաճարում,+ որտեղ հավաքվում են բոլոր հրեաները, և ոչ մի բան գաղտնի չեմ ասել: 21 Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս: Հարցրու նրանց, ովքեր լսել են, թե ինչ եմ խոսել իրենց հետ: Նրանք գիտեն, թե ես ինչ եմ ասել»: 22 Երբ նա այս խոսքերն ասաց, այնտեղ կանգնած պահապաններից մեկը ապտակեց Հիսուսին+ ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում ավագ քահանային»: 23 Հիսուսն էլ պատասխանեց նրան. «Եթե սխալ բան ասացի, ասա, թե ինչն էր սխալ, բայց եթե ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ապտակում ինձ»: 24 Դրանից հետո Հաննան նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ:+

25 Սիմոն Պետրոսը կանգնած տաքանում էր: Նրան հարցրին. «Դու նրա աշակերտներից չես, չէ՞»: Նա էլ ասաց. «Ո՛չ»:+ 26 Քահանայապետի ծառաներից մեկը, ով այն մարդու ազգականն էր, որի ականջը Պետրոսը կտրել էր,+ ասաց. «Մի՞թե դու չէիր նրա հետ պարտեզում. ես քեզ տեսել եմ»: 27 Սակայն Պետրոսը դարձյալ հերքեց, ու հենց նույն պահին աքաղաղը կանչեց:+

28 Այնուհետև Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի պալատ:+ Վաղ առավոտ էր: Սակայն հրեաները կուսակալի պալատ չմտան, որպեսզի չպղծվեն+ ու կարողանան Պասեքի ընթրիքը ուտել: 29 Պիղատոսը դուրս եկավ ու հարցրեց նրանց. «Ինչո՞ւմ եք մեղադրում այս մարդուն»: 30 Նրանք պատասխանեցին. «Նա հանցավոր է: Հակառակ դեպքում՝ մենք նրան քո ձեռքը չէինք հանձնի»: 31 Պիղատոսն ասաց. «Տարե՛ք նրան և ձեր օրենքի համաձա՛յն դատեք»:+ Նրանք ասացին. «Մենք իրավունք չունենք որևէ մեկին սպանելու»:+ 32 Այդպես կատարվեց Հիսուսի այն խոսքը, որը նա ասել էր ցույց տալու համար, թե ինչպիսի մահով էր մեռնելու:+

33 Պիղատոսը վերադարձավ պալատ, կանչեց Հիսուսին ու հարցրեց. «Դու հրեաների թագավո՞րն ես»:+ 34 Հիսուսը պատասխանեց. «Հարցնում ես, որովհետև իսկապես ուզում ես իմանա՞լ, թե՞ որ ուրիշներն են պատմել քեզ իմ մասին»: 35 Պիղատոսն էլ ասաց. «Մի՞թե ես հրեա եմ: Քո ազգն ու ավագ քահանաներն են հանձնել քեզ իմ ձեռքը: Ի՞նչ ես արել»: 36 Հիսուսը պատասխանեց.+ «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում:+ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մաս կազմեր, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեի հրեաների ձեռքը:+ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»: 37 Ուստի Պիղատոսը հարցրեց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»: Հիսուսն էլ պատասխանեց. «Այդպես էլ կա,* ես թագավոր եմ:+ Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ:+ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ խոսքերը»: 38 Պիղատոսն ասաց նրան. «Ճշմարտությո՞ւնն ինչ է»:

Սա ասելուց հետո նա դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ և ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ:+ 39 Ձեր սովորույթի համաձայն՝ Պասեքին ես մի հոգու ազատ եմ արձակում:+ Կուզե՞ք՝ ազատ արձակեմ ձեր՝ հրեաներիդ թագավորին»: 40 Բայց նրանք բղավեցին. «Չէ՛, նրա՛ն չէ, Բարաբբայի՛ն»: Իսկ Բարաբբան ավազակ էր:+

19 Պիղատոսը հրամայեց, որ Հիսուսին խարազանեն:+ 2 Զինվորները փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին ու մանուշակագույն* վերնազգեստ հագցրին նրան:+ 3 Նրանք գալիս էին Հիսուսի մոտ ու ասում՝ «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր», և ապտակում էին նրան:+ 4 Պիղատոսը դարձյալ դուրս գնաց ու ասաց հրեաներին. «Տեսե՛ք, ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»:+ 5 Եվ Հիսուսը դուրս եկավ՝ փշե պսակը գլխին ու մանուշակագույն վերնազգեստը հագին: Պիղատոսն ասաց նրանց. «Ահա՛ նա»: 6 Երբ ավագ քահանաներն ու պահապանները տեսան նրան, բղավեցին. «Սյա՛նը գամիր: Սյա՛նը գամիր»:+ Իսկ Պիղատոսն ասաց նրանց. «Տարե՛ք և ինքնե՛րդ սյանը գամեք, որովհետև ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ»:+ 7 Հրեաները պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի,+ որովհետև իրեն Աստծու որդի է կոչել»:+

8 Երբ Պիղատոսը լսեց այս խոսքերը, ավելի շատ վախեցավ 9 և նորից մտնելով պալատ՝ Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»: Սակայն Հիսուսը ոչինչ չպատասխանեց:+ 10 Ուստի Պիղատոսն ասաց. «Հրաժարվո՞ւմ ես խոսել ինձ հետ: Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ ազատելու և իշխանություն ունեմ քեզ սյանը գամելու»: 11 Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ: Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն ավելի մեծ է»:

12 Այդ պատճառով Պիղատոսը հնար էր փնտրում, որ ազատեր նրան: Բայց հրեաները բղավում էին. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես: Նա, ով իրեն թագավոր է հռչակում, կայսրի դեմ է դուրս գալիս»:*+ 13 Պիղատոսը, լսելով այս խոսքերը, դուրս բերեց Հիսուսին, իսկ ինքը նստեց դատավորական աթոռին՝ այն հարթակի վրա, որ Քարահատակ էր կոչվում (եբրայերեն՝ Գաբաթա): 14 Պասեքի համար պատրաստություններ տեսնելու օրն էր՝+ ցերեկվա մոտ ժամը 12-ը:* Նա հրեաներին ասաց. «Ահա՛ ձեր թագավորը»: 15 Բայց նրանք բղավում էին. «Վերացրո՛ւ դրան: Վերացրո՛ւ դրան: Սյա՛նը գամիր»: Պիղատոսն էլ ասաց նրանց. «Ձեր թագավորի՞ն սյանը գամեմ»: Ավագ քահանաները պատասխանեցին. «Մենք կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք»: 16 Այդ ժամանակ Պիղատոսը նրան հանձնեց նրանց ձեռքը, որ սյանը գամեն:+

Եվ նրանք տարան Հիսուսին: 17 Վերցնելով տանջանքի սյունը՝* նա գնաց Գանգ կոչվող վայրը+ (եբրայերեն՝ Գողգոթա):+ 18 Այնտեղ նրան սյանը գամեցին:+ Նրա երկու կողմերում ևս երկու հոգի էին սյան վրա մահապատժի ենթարկված. Հիսուսը նրանց մեջտեղում էր:+ 19 Պիղատոսը մի գրություն գրեց տախտակի վրա ու փակցրեց տանջանքի սյանը: Դրա վրա գրված էր. «Նազարեթցի Հիսուս՝ հրեաների թագավոր»:+ 20 Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, քանի որ այն վայրը, որտեղ Հիսուսը սյանն էր գամվել, քաղաքին մոտ էր: Այն գրված էր եբրայերենով, լատիներենով ու հունարենով: 21 Հրեա ավագ քահանաները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրիր այն, ինչ ինքն էր ասում՝ «Ես հրեաների թագավորն եմ»»: 22 Պիղատոսն էլ պատասխանեց. «Ինչ գրել, գրել եմ»:

23 Հիսուսին սյանը գամելուց հետո զինվորները վերցրին նրա վերնահագուստները և չորս մասի բաժանեցին՝ ամեն զինվորին՝ մի մաս: Նաև վերցրին այն զգեստը, որը նա տակից էր հագնում, բայց քանի որ այն առանց կարի էր՝ վերից վար գործված, 24 իրար ասացին. «Եկեք չպատռենք, այլ վիճակ* գցենք ու տեսնենք, թե ում կհասնի»:+ Սա եղավ, որպեսզի սուրբ գրքերից մեկում գրված այս խոսքը կատարվի. «Հանդերձներս իրար մեջ բաժանեցին, հագուստիս համար վիճակ գցեցին»:+ Զինվորները հենց այդպես էլ արեցին:

25 Հիսուսի տանջանքի սյան մոտ կանգնած էին նրա մայրն+ ու մորաքույրը, ինչպես նաև Կլոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին:+ 26 Հիսուսը, տեսնելով իր մորն ու իր սիրելի աշակերտին,+ որը կանգնած էր նրա մոտ, իր մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: 27 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ օրը աշակերտը նրան իր տուն տարավ:*

28 Այնուհետև Հիսուսը, իմանալով, որ ամեն բան իրագործվեց, ասաց. «Ծարավ եմ»: Այդպես սուրբ գրքերից մեկում գրվածը կատարվեց:+ 29 Այնտեղ թթված գինով լի մի սափոր կար: Ուստի գինու մեջ թաթախված սպունգը ամրացրին զոպայի* ցողունին և մոտեցրին նրա բերանին:+ 30 Եվ թթված գինին բերանն առնելուց հետո Հիսուսն ասաց. «Կատարվեց»:+ Ապա գլուխը խոնարհելով՝ շունչը* տվեց:+

31 Պատրաստության օրն էր,+ և հրեաները չէին ցանկանում, որ մահապատժի դատապարտվածների մարմինները Շաբաթ օրը տանջանքի սյուների վրա մնային+ (դա մեծ Շաբաթ էր համարվում):+ Այդ պատճառով նրանք խնդրեցին Պիղատոսին, որ կոտրել տա նրանց ոտքերը, և իրենք վերցնեն մարմինները: 32 Ուստի զինվորները եկան ու սկզբում կոտրեցին Հիսուսի հետ սյան վրա մահապատժի ենթարկվածներից մեկի, ապա մյուսի ոտքերը: 33 Բայց երբ մոտեցան Հիսուսին, տեսան, որ արդեն մեռած է, ուստի նրա ոտքերը չկոտրեցին: 34 Սակայն զինվորներից մեկը նիզակով խոցեց նրա կողը,+ և իսկույն արյուն ու ջուր դուրս եկան: 35 Այս ամենի մասին վկայում է ականատեսը, և նրա վկայությունը ճիշտ է: Նա գիտի, որ իր ասածը հավաստի է, և ասում է, որպեսզի դուք էլ հավատաք:+ 36 Այս ամենը եղավ, որ կատարվի սուրբ գրքերից մեկում գրվածը. «Նրա ոսկորներից և ոչ մեկը չի կոտրվի»:*+ 37 Իսկ սուրբ գրքերից մեկ ուրիշում ասվում է. «Իրենց աչքերը կհառեն նրան, ում խոցեցին»:+

38 Դրանից հետո արիմաթեացի Հովսեփը, որը Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ հրեաներից* վախենում էր),+ Պիղատոսից Հիսուսի մարմինը վերցնելու թույլտվություն խնդրեց, և Պիղատոսը թույլ տվեց: Ուստի նա եկավ ու վերցրեց նրա մարմինը:+ 39 Նիկոդեմոսը,+ որը մի անգամ գիշերով եկել էր Հիսուսի մոտ, նույնպես եկավ՝ իր հետ բերելով մոտ 33 կիլոգրամ* զմուռսի* ու հալվեի խառնուրդ:*+ 40 Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հոտավետ բուսանյութերի հետ կտավե կտորներով փաթաթեցին՝+ թաղման համար մարմինը պատրաստելու հրեաների սովորույթի համաձայն: 41 Այնտեղ, որտեղ նրան սյանն էին գամել, մի պարտեզ կար, իսկ այդ պարտեզում՝ նոր գերեզման,+ որտեղ ոչ ոքի դեռ չէին դրել: 42 Եվ քանի որ տոնի համար պատրաստություններ տեսնելու օրն էր,+ և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին:

20 Մարիամ Մագդաղենացին շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, եկավ գերեզման+ ու տեսավ, որ գերեզմանի մուտքին դրված քարը մի կողմ է տարված:+ 2 Նա վազելով գնաց Սիմոն Պետրոսի և Հիսուսի սիրելի* աշակերտի մոտ+ ու ասաց. «Տիրոջը տարել են գերեզմանից,+ և չգիտենք, թե որտեղ են դրել»:

3 Այդ ժամանակ Պետրոսը և մյուս աշակերտը շտապեցին գերեզման: 4 Նրանք սկսեցին վազել, սակայն մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը հասավ գերեզման: 5 Կռանալով նա ներս նայեց ու տեսավ, որ կտավե կտորները ընկած են գետնին,+ բայց գերեզման չմտավ: 6 Սիմոն Պետրոսը նրա հետևից եկավ ու մտավ գերեզման և նույնպես տեսավ, որ կտավե կտորներն ընկած են գետնին, 7 իսկ այն կտորը, որը Հիսուսի գլխին էր եղել, ոչ թե մյուս կտորների հետ ընկած է, այլ առանձին փաթաթված ու մի կողմ է դրված: 8 Այդ ժամանակ մյուս աշակերտը, որն առաջինն էր գերեզման հասել, նույնպես ներս մտավ, տեսավ ու համոզվեց: 9 Նրանք դեռ չէին հասկանում սուրբ գրքերից մեկում գրված այն խոսքերը, որ նա պետք է հարություն առներ:+ 10 Դրանից հետո աշակերտները վերադարձան իրենց տները:

11 Մարիամը, սակայն, գերեզմանի մոտ կանգնած լաց էր լինում: Նա լացակումած կռացավ, որ գերեզմանի ներսը նայի, 12 ու սպիտակ հանդերձներով երկու հրեշտակ տեսավ:+ Նրանք նստած էին այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել. մեկը՝ գլխի կողմը, մյուսը՝ ոտքերի: 13 Հրեշտակները հարցրին Մարիամին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»: Նա պատասխանեց՝ «Իմ Տիրոջը տարել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել», 14 ապա շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, բայց չիմացավ, որ դա Հիսուսն է:+ 15 Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում: Ո՞ւմ ես փնտրում»: Իսկ նա, կարծելով, թե այգեպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան»: 16 Այդ պահին Հիսուսն ասաց. «Մարիա՛մ»: Նա էլ շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբունի՛» (որը նշանակում է «ուսուցիչ»): 17 Հիսուսն ասաց նրան. «Մի՛ կառչիր ինձնից, որովհետև ես դեռ չեմ բարձրանում Հոր մոտ: Գնա իմ եղբայրների մոտ+ և ասա նրանց. «Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ+ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ+ և ձեր Աստծու մոտ»»: 18 Մարիամ Մագդաղենացին գնաց ու աշակերտներին ասաց՝ «Տիրո՛ջն եմ տեսել», և պատմեց այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր իրեն:+

19 Այդ նույն օրը՝ շաբաթվա առաջին օրը, աշակերտները երեկոյան հավաքվել էին ու հրեաներից* վախենալու պատճառով կողպել էին դռները: Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 20 Հետո ցույց տվեց իր ձեռքերն ու կողը:+ Տիրոջը տեսնելով՝ աշակերտներն ուրախացան:+ 21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՛ւն ձեզ:+ Ինչպես Հայրը ինձ ուղարկեց,+ այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»:+ 22 Սա ասելուց հետո նա փչեց նրանց վրա ու ասաց. «Ստացե՛ք սուրբ ոգին:+ 23 Եթե որևէ մեկի մեղքերը ներեք, ուրեմն Աստված արդեն ներել է նրան, իսկ եթե չներեք, ուրեմն չի ներել»:

24 Սակայն Թովմասը՝+ տասներկուսից մեկը, որին Երկվորյակ էին կոչում, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ: 25 Ուստի երբ մյուս աշակերտները նրան ասացին՝ «Տիրո՛ջն ենք տեսել», նա ասաց. «Մինչև նրա ձեռքերի վրա չտեսնեմ մեխերի հետքերը, մատս չմտցնեմ մեխերի տեղը ու ձեռքս կողը չմտցնեմ,+ չեմ հավատա»:

26 Ութ օր հետո նրա աշակերտները դարձյալ հավաքվել էին տանը. Թովմասն էլ էր նրանց հետ: Ու թեև դռները կողպված էին, Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջ և ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 27 Ապա Թովմասին ասաց. «Մատդ դիր այստեղ և նայիր ձեռքերիս: Ձեռքդ կողս մտցրու և այլևս մի՛ կասկածիր,* այլ հավատա»: 28 Թովմասն ասաց. «Տե՛ր իմ, Աստվա՛ծ իմ»: 29 Հիսուսն ասաց նրան. «Ինձ տեսար, դրա համա՞ր հավատացիր: Երջանիկ են նրանք, ովքեր չեն տեսնում, բայց հավատում են»:

30 Ինչ խոսք, Հիսուսը աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ արեց, որոնց մասին գրված չէ այս գրքում:*+ 31 Բայց այս ամենը գրվեց, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով դուք կյանք ունենաք նրա անվան շնորհիվ:+

21 Դրանից հետո Տիբերիայի ծովի* մոտ Հիսուսը դարձյալ երևաց իր աշակերտներին: Ահա թե ինչպես եղավ դա: 2 Սիմոն Պետրոսը, Երկվորյակ կոչվող Թովմասը,+ Նաթանայելը,+ որ Գալիլեայի Կանայից էր, Զեբեդեոսի որդիները+ և Հիսուսի աշակերտներից ուրիշ երկուսը միասին էին: 3 Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Ես գնում եմ ձուկ բռնելու»: Նրանք էլ ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Նրանք գնացին ու նավակ նստեցին, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին:+

4 Արդեն լուսանում էր: Հիսուսը կանգնած էր ծովափին, բայց աշակերտները չճանաչեցին նրան:+ 5 Հիսուսն ասաց նրանց. «Ընկերնե՛ր,* ուտելու բան* չունե՞ք»: Նրանք պատասխանեցին. «Ո՛չ»: 6 Նա էլ ասաց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք»: Նրանք էլ գցեցին ցանցը, սակայն չէին կարողանում այն դուրս քաշել, որովհետև դրա մեջ շատ ձուկ էր հավաքվել:+ 7 Այդ ժամանակ Հիսուսի սիրելի աշակերտն+ ասաց Պետրոսին. «Տե՛րն է»: Դա լսելով՝ Սիմոն Պետրոսը վերնահագուստն իր վրա գցեց, քանի որ մերկ* էր, և ծովը նետվեց: 8 Իսկ մյուս աշակերտները նավակով գնացին՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ցանցը: Նրանք ցամաքից հեռու չէին՝ մոտ 90 մետր* հեռավորության վրա:

9 Երբ աշակերտները հասան ցամաք, տեսան, որ այնտեղ շիկացած ածուխների վրա դրված ձկներ կան, ինչպես նաև հաց: 10 Հիսուսը նրանց ասաց. «Բերեք ձեր նոր բռնած ձկներից»: 11 Սիմոն Պետրոսն էլ նավակը մտավ և ցամաք քաշեց ցանցը, որը լիքն էր մեծ-մեծ ձկներով՝ 153 ձուկ: Ու թեև ձկներն այդքան շատ էին, ցանցը չպատռվեց: 12 Հիսուսն ասաց նրանց. «Եկեք նախաճաշեք»: Աշակերտներից ոչ ոք չհամարձակվեց հարցնել նրան, թե ով է նա, որովհետև գիտեին, որ Տերն է: 13 Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացն ու տվեց նրանց, ապա ձուկը տվեց: 14 Սա երրորդ անգամն էր,+ որ Հիսուսը հարություն առնելուց հետո երևաց աշակերտներին:

15 Երբ նախաճաշն ավարտեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ սրանցից առավել»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Նա էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»:+ 16 Հիսուսը երկրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Նա էլ ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»:+ 17 Հիսուսը երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»: Պետրոսը տրտմեց, որ նա երրորդ անգամ հարցրեց՝ «Սիրո՞ւմ ես ինձ», ուստի պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Հիսուսն էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառնուկներին:+ 18 Հաստատ ասում եմ քեզ. երբ երիտասարդ էիր, ինքնուրույն էիր հագնվում և ուր ուզում, գնում էիր: Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կհագցնի քեզ ու կտանի այնտեղ, ուր չես ուզենա գնալ»: 19 Սա ասաց ցույց տալու համար, թե ինչպիսի մահով է նա փառավորելու Աստծուն: Այնուհետև ավելացրեց. «Շարունակիր հետևել ինձ»:+

20 Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ Հիսուսի սիրելի աշակերտը+ իրենց հետևից է գալիս, նա, ով ընթրիքի ժամանակ հենվելով Հիսուսի կրծքին՝ հարցրել էր. «Տե՛ր, ո՞վ է մատնելու քեզ»: 21 Նրան տեսնելով՝ Պետրոսը Հիսուսին հարցրեց. «Տե՛ր, իսկ նա՞»: 22 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ուզում եմ, որ մինչև իմ գալը նա մնա, քե՞զ ինչ: Դու շարունակիր հետևել ինձ»: 23 Ուստի եղբայրներն իրար մեջ սկսեցին խոսել, թե այդ աշակերտը չի մահանալու: Մինչդեռ Հիսուսը չասաց, թե նա չի մահանալու, այլ ասաց. «Եթե ես ուզում եմ, որ մինչև իմ գալը նա մնա, քե՞զ ինչ»:

24 Այդ աշակերտը+ հենց նա է, ով վկայում է այս բաների մասին և գրի առավ դրանք, ու գիտենք, որ նրա տված վկայությունը ճիշտ է:

25 Հիսուսն ուրիշ շատ բաներ էլ է արել, որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին գրքերում, կարծում եմ, որ աշխարհում դրանց համար բավարար տեղ չէր լինի:+

Կամ՝ «աստվածային», «աստվածանման»:

Բռց.՝ «ոչ թե արյունից կամ մարմնի կամքով կամ մարդու կամքով»:

Կամ՝ «Նա լի էր անզուգական բարությամբ և ճշմարտությամբ»:

Խոսքն այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Կամ՝ «Հոր գրկում է»: Մեկի գրկում լինել նշանակում է ունենալ նրա առանձնահատուկ բարեհաճությունը:

Տես հավելված Ա5:

Այսինքն՝ անդրհորդանանյան Բեթանիայում:

Բռց.՝ «Մոտավորապես տասներորդ ժամն էր [արևածագից հաշված]»:

Կամ՝ «Ճշմարիտ, ճշմարիտ»:

Բռց.՝ «Ինձ ու քեզ ի՞նչ, կի՛ն»: Սա անհամաձայնություն արտահայտող դարձված է: «Կին» դիմելաձևը անհարգալից վերաբերմունք ցույց չի տալիս:

Հավանական է՝ հեղուկի չափման միավորը եղել է մարը: 1 մարը մոտ 22 լ է: Տես հավելված Բ14:

Կամ՝ «շուկա»:

Կամ հնարավոր է՝ «վերևից»:

Բռց.՝ «չի բարձրացել երկինք»:

Բռց.՝ «չի դատվի»:

Բռց.՝ «դատված»:

Բռց.՝ «չնախատվեն»:

Բռց.՝ «իր կնիքը դրել է»:

Բռց.՝ «չափով»:

Բռց.՝ «Հիսուսը»:

Կամ՝ «աղբյուրը»:

Բռց.՝ «Մոտավորապես վեցերորդ ժամն էր [արևածագից հաշված]»:

Կամ՝ «հրեաների միջոցով է»:

Բռց.՝ «ողջ»:

Բռց.՝ «յոթերորդ ժամին [արևածագից հաշված]»:

Կամ՝ «կաթվածահար»:

Տես հավելված Ա3:

Կամ՝ «մահիճդ»:

Հուն.՝ ֆիլեո:

Բռց.՝ «դատաստան չի մտնի»:

Կամ՝ «Հայրը զորություն ունի կյանք տալու և Որդուն էլ է կյանք տալու զորությամբ օժտել»:

Կամ՝ «հիշատակի դամբաններում»: Բառարանում տես «Հիշատակի դամբան»:

Խոսքը վարքի գնահատման գործընթացի մասին է:

Կոչվում է նաև Քեներեթի ծով և Գեննեսարեթի լիճ:

Տես հավելված Բ14:

Բռց.՝ «մոտ 25 կամ 30 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Տես հավելված Բ14:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «կյանք չեք ունենա ձեր մեջ»:

Կամ հնարավոր է՝ «Կափառնայումում հավաքված ժողովրդին»:

Կամ՝ «բանսարկու»:

Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:

Այսինքն՝ ռաբբունական դպրոցներում:

Կամ՝ «ձերբակալեն»:

Մի շարք հին և հեղինակավոր ձեռագրերում Հվ 7:53-ից մինչև 8:11 համարները բացակայում են:

Բռց.՝ «ըստ մարմնի»:

Բռց.՝ «ճշմարիտ»:

Խոսքը սյանը գամելու մասին է:

Կամ՝ «անբարոյականությունից չենք ծնվել»: Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

Բռց.՝ «բացեց»:

Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:

Բռց.՝ «Փա՛ռք տուր Աստծուն»:

Ակներևաբար, խոսքը ժողովարանից վտարելու մասին է:

Կամ՝ «հոգին»:

Կամ՝ «միասնության մեջ»:

Կամ՝ «աստվածանման եք»:

Կամ՝ «սուրբ գրքերում սխալ բան գրված լինի»:

Հուն.՝ ֆիլեո:

Բռց.՝ «մոտ 15 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «ոգով հառաչեց»:

Այսինքն՝ ժապավենաձև կտորներով:

Հրեական բարձրագույն դատարանը:

Բռց.՝ «վայրին»:

Կամ՝ «ձերբակալեն»:

Կամ՝ «որոնք նրա հետ թիկնել էին սեղանի շուրջը»:

Բռց.՝ «մեկ ֆունտ»: Այսինքն՝ հռոմեական ֆունտ, որը մոտ 327 գ է: Տես հավելված Բ14:

Տես հավելված Բ14:

Սա խնդրանք է՝ ուղղված Աստծուն:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «կործանում է»:

Խոսքը սյանը գամվելու մասին է:

Բռց.՝ «բազուկը»:

Բռց.՝ «փառքը»:

Բռց.՝ «պատվիրել»:

Բռց.՝ «պատվերը»:

Կամ՝ «նրանց, ովքեր պատկանում էին իրեն»:

Կամ՝ «պարտավոր եք»:

Բռց.՝ «իր կրունկը իմ դեմ է բարձրացրել»:

Բռց.՝ «կրծքի մոտ»:

Բռց.՝ «Երեխանե՛ր»:

Կամ՝ «մխիթարիչ»: «Օգնական» (հուն.-ում՝ արական սեռ) բառն օգտագործելով՝ Հիսուսը անձնավորում է սուրբ ոգին (հուն.-ում՝ չեզոք սեռ), որն անդեմ ուժ է:

Բռց.՝ «ունի»:

Կոչվում է նաև Թադեոս:

Կամ՝ «էտում է»:

Բռց.՝ «մնացեք իմ սիրո մեջ»:

Կամ՝ «հոգին»:

Կամ՝ «մխիթարիչին»: «Օգնական» (հուն.-ում՝ արական սեռ) բառն օգտագործելով՝ Հիսուսը անձնավորում է սուրբ ոգին (հուն.-ում՝ չեզոք սեռ), որն անդեմ ուժ է:

Բռց.՝ «որ չսայթաքեք»:

Կամ՝ «մխիթարիչը»: «Օգնական» (հուն.-ում՝ արական սեռ) բառն օգտագործելով՝ Հիսուսը անձնավորում է սուրբ ոգին (հուն.-ում՝ չեզոք սեռ), որն անդեմ ուժ է:

Հուն.՝ ֆիլեո:

Կամ՝ «գիտելիքներ ստանալ»: Հուն.-ում այս բայը շարունակական գործողություն է ցույց տալիս:

Կամ՝ «որպեսզի նրանք միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված»:

Կամ՝ «առանձնացրու»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «ես սրբագործում եմ ինձ»: Բառարանում տես «Սրբագործել»:

Խոսքը ոչ միայն Աստծու անունը իմանալու, այլև այդ անունը կրողին ճանաչելու մասին է:

Այս գետահովիտը ցամաքած էր նույնիսկ ձմռանը, եթե հորդառատ անձրևներ չէին լինում:

Կամ՝ «ձերբակալեցին»:

Այսինքն՝ Հաննան:

Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:

Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:

Բռց.՝ «խոսում»:

Բռց.՝ «մոտավորապես վեցերորդ ժամը [արևածագից հաշված]»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Բառարանում տես «Վիճակ»:

Կամ՝ «Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր հոգածության տակ առավ»:

Բառարանում տես «Զոպա»:

Կամ՝ «ոգին»:

Կամ՝ «փշրվի»:

Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:

Բռց.՝ «100 ֆունտ»: Այսինքն՝ հռոմեական ֆունտ: Տես հավելված Բ14:

Թանկարժեք, անուշաբույր խեժ:

Կամ հնարավոր է՝ «փաթեթ»:

Հուն.՝ ֆիլեո:

Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:

Բռց.՝ «և անհավատ մի՛ եղիր»:

Կամ՝ «գլանաձև ձեռագրում»:

Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Քեներեթի ծով և Գեննեսարեթի լիճ:

Բռց.՝ «Երեխանե՛ր»:

Կամ՝ «ձուկ»:

Կամ՝ «կիսահագնված»:

Բռց.՝ «մոտ 200 կանգուն»: Տես հավելված Բ14:

Հուն.՝ ագապաո:

Հուն.՝ ֆիլեո:

Հուն.՝ ագապաո:

Հուն.՝ ֆիլեո:

Հուն.՝ ֆիլեո:

Հուն.՝ ֆիլեո:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը