ԱՆԳԵ
1 Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա առաջին օրը, Եհովան Անգե*+ մարգարեի միջոցով իր խոսքը հաղորդեց Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝+ Հուդայի կառավարչին, և Հեսու քահանայապետին՝ Հովսեդեկի որդուն.
2 «Ահա Զորքերի տեր Եհովայի խոսքը. «Այս ժողովուրդն ասում է. «Դեռ ժամանակը չէ, որ Եհովայի տունը* կառուցվի»»»:*+
3 Եհովան շարունակեց իր խոսքը՝ Անգեի+ միջոցով ասելով. 4 «Իսկ ժամանա՞կն է, որ դուք բնակվեք գեղեցիկ բնափայտով հարդարված տներում, երբ այս տունը ավերակ է:+ 5 Եվ ուրեմն Զորքերի տեր Եհովան ասում է. «Լա՛վ մտածեք, թե ուր է տանում ձեր բռնած ճանապարհը: 6 Շատ սերմ եք ցանում, բայց քիչ բերք եք հավաքում:+ Ուտելիք ունեք, բայց ոչ այնքան, որ կշտանաք: Խմելու բան ունեք, բայց ոչ այնքան, որ հագենաք: Հագուստ ունեք, բայց ձեր ունեցածը ձեզ չի տաքացնում: Վարձու աշխատողը իր վաստակածը ծակ քսակի մեջ է դնում»:
7 Զորքերի տեր Եհովան ասում է. «Լա՛վ մտածեք, թե ուր է տանում ձեր բռնած ճանապարհը:
8 Լե՛ռը բարձրացեք և փայտանյո՛ւթ բերեք:+ Կառուցե՛ք իմ տունը,+ որ ուրախանամ դրանով ու փառավորվեմ,+– ասում է Եհովան:–
9 Մեծ սպասելիքներ ունեք, բայց քիչ բան եք ստանում: Ու երբ ձեր ստացածը տուն եք տանում, ես այն քամու բերանն եմ տալիս:*+ Եվ ինչի՞ համար,– ասում է Զորքերի տեր Եհովան:– Որովհետև իմ տունն ավերակ է, մինչդեռ ձեզնից յուրաքանչյուրն իր տան համար է վազվզում:+ 10 Այդ պատճառով երկինքը հետ է պահում իր ցողը, և երկիրը՝ իր բերքը: 11 Ես երաշտ եմ բերում, որ հարվածի երկրին, լեռներին, հացահատիկին, գինուն, յուղին, հողից բուսնող ամեն ինչին, մարդուն, անասուններին և ձեր ձեռքի բոլոր գործերին»»:
12 Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը,+ Հովսեդեկի+ որդի Հեսու քահանայապետը և ողջ ժողովուրդը ականջ դրեցին իրենց Աստված Եհովայի ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, քանի որ իրենց Աստված Եհովան էր նրան ուղարկել: Ժողովուրդը ակնածալից վախով լցվեց Եհովայի հանդեպ:
13 Դրանից հետո Եհովայի պատգամաբերը՝ Անգեն, Եհովայի հանձնարարությամբ ժողովրդին հաղորդեց այս խոսքերը. ««Ես ձեզ հետ եմ»,+– ասում է Եհովան»:
14 Եհովան ոգեշնչեց*+ Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝ Հուդայի կառավարչին,+ Հեսու քահանայապետին՝+ Հովսեդեկի որդուն, ու ողջ ժողովրդին, և նրանք աշխատանքներ սկսեցին իրենց Աստծու՝ Զորքերի տեր Եհովայի տանը:+ 15 Դա եղավ Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա 24-րդ օրը:+
2 Յոթերորդ ամսվա 21-րդ օրը Եհովան իր այս խոսքը հաղորդեց Անգե+ մարգարեին. 2 «Հարցրու, խնդրեմ, Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝+ Հուդայի կառավարչին,+ Հեսու քահանայապետին՝+ Հովսեդեկի+ որդուն, և ողջ ժողովրդին. 3 «Ձեր միջից ո՞վ է տեսել այս տան* նախկին փառքը:+ Իսկ հիմա ինչպիսի՞ն է այս տունը ձեր աչքին: Չէ՞ որ նախորդի համեմատ անշուք է թվում ձեզ:+
4 Բայց հիմա ուժե՛ղ եղիր, Զորաբաբե՛լ,– ասում է Եհովան:– Դո՛ւ էլ ուժեղ եղիր, Հեսո՛ւ քահանայապետ, Հովսեդեկի՛ որդի:
Ուժե՛ղ եղիր, իմ ո՛ղջ ժողովուրդ,+– ասում է Եհովան,– և արե՛ք այս գործը:
Ես ձեզ հետ եմ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 5 Հիշեք՝ ինչ խոստացա ձեզ, երբ դուրս եկաք Եգիպտոսից.+ ես հիմա էլ առաջնորդում եմ ձեզ իմ ոգով:*+ Մի՛ վախեցեք»:+
6 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Եվս մեկ անգամ, և դա կլինի շուտով, ես կցնցեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը:+
7 Ես կցնցեմ բոլոր ազգերը, ու բոլոր ազգերի թանկագին* գանձերը կգան,+ և ես այս տունը փառքով կլցնեմ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–
8 Իմն է արծաթը, և իմն է ոսկին,– ասում է Զորքերի տեր Եհովան:–
9 Այս տան փառքը ավելի մեծ կլինի, քան նախորդինը,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–
Եվ այս վայրում խաղաղություն կհաստատեմ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան»:
10 Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ իններորդ ամսվա 24-րդ օրը, Եհովան իր այս խոսքը հաղորդեց Անգե+ մարգարեին. 11 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Քահանաներին օրենքի վերաբերյալ հարց տուր, խնդրեմ.+ 12 «Եթե մի մարդ իր հագուստի փեշի մեջ սուրբ միս տանի, և իր հագուստը դիպչի հացի, ապուրի, գինու, յուղի կամ ցանկացած այլ ուտելիքի, այդ ուտելիքը սուրբ կդառնա՞»»»:
Քահանաները պատասխանեցին՝ ո՛չ:
13 Ապա Անգեն հարցրեց. «Իսկ եթե ինչ-որ մեկը, ով, դիակի* դիպչելով, անմաքուր է դարձել, դիպչի այս բաներից որևէ մեկին, այն անմաքուր կդառնա՞»:+
Քահանաները պատասխանեցին՝ կդառնա:
14 Անգեն էլ ասաց. «Եհովան ասում է. «Հենց այդպիսին է այս ժողովուրդը, այդպիսին է այս ազգը իմ աչքին, այդպիսին են նրանց ձեռքի բոլոր գործերը. ինչ էլ որ նրանք մատուցում են, անմաքուր է:
15 Բայց, խնդրում եմ, այսուհետ լավ մտածեք. ի՞նչ իրավիճակ էր տիրում, երբ իմ տաճարում՝ Եհովայի տաճարում, դեռ քարը քարի վրա չէր դրվել:+ 16 Մարդը գալիս էր հացահատիկի կույտի մոտ՝ կարծելով, թե 20 չափ հացահատիկ կլինի, բայց պարզվում էր, որ ընդամենը 10 չափ է: Գալիս էր գինու հնձանի մոտ՝ կարծելով, թե 50 չափ գինի կստանա, բայց ընդամենը 20 չափ էր լինում:+ 17 Ես պատուհասեցի ձեզ՝ հարվածեցի ձեր ձեռքի բոլոր գործերին տոթակեզ քամով, ալրացողով,*+ կարկուտով, բայց ձեզնից ոչ մեկը չվերադարձավ ինձ մոտ,– ասում է Եհովան:–
18 Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչ կլինի այսօրվանից՝ իններորդ ամսվա 24-րդ օրվանից, երբ գցվեց իմ տաճարի՝ Եհովայի տաճարի հիմքը:+ Ուշադրություն դարձրեք. 19 թեև հացահատիկի ամբարում* դեռ սերմ չկա,+ խաղողի վազի, թզենու, նռնենու և ձիթենու վրա պտուղներ չկան, սակայն այսօրվանից ես օրհնություն կբերեմ»»:+
20 Նույն՝ 24-րդ օրը Եհովան երկրորդ անգամ իր խոսքը հաղորդեց Անգեին.+ 21 «Հուդայի կառավարիչ Զորաբաբելին ասա. «Ես կցնցեմ երկինքն ու երկիրը:+ 22 Կտապալեմ թագավորությունների գահը և կջլատեմ ազգերի ուժը:+ Կառքերն ու կառապաններին կջախջախեմ, ձիերն ու դրանց հեծյալները կընկնեն. յուրաքանչյուրը կսպանվի իր եղբոր սրով:+
23 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– քեզ, իմ ծառա՛ Զորաբաբել,+ Սաղաթիելի՛ որդի,+ ես կվերցնեմ ու կպահեմ որպես կնքամատանի,– ասում է Եհովան,– քանի որ ես քեզ եմ ընտրել»,– ասում է Զորքերի տեր Եհովան»:
Նշանակում է «տոնին ծնված»:
Կամ՝ «տաճարը»:
Կամ՝ «վերակառուցվի»:
Կամ՝ «ես փչում եմ դրա վրա և ցիրուցան անում»:
Բռց.՝ «արթնացրեց ոգին»:
Կամ՝ «տաճարի»:
Կամ հնարավոր է՝ «և երբ ես առաջնորդում էի ձեզ իմ ոգով»:
Կամ՝ «ցանկալի»:
Կամ՝ «մեռած հոգու»: Բառարանում տես «Հոգի»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Կամ՝ «հացահատիկի հորում»: