Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ամբակում
  • Ամբակում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամբակում
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ամբակում

ԱՄԲԱԿՈՒՄ

1 Ամբակում* մարգարեին տեսիլքի միջոցով հաղորդված խոսքը.

 2 Ո՜վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես:+

Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից, և դու չմիջամտես:+

 3 Ինչո՞ւ ես ինձ չարիքի ականատես դարձրել:

Եվ ինչո՞ւ ես հանդուրժում կեղեքումը:

Ինչո՞ւ եմ բռնություն ու կործանում տեսնում,

Ինչո՞ւ են այսքան շատ վեճեր ու ընդհարումներ լինում:

 4 Օրենքը կորցրել է իր ուժը,

Ու երբեք արդարադատություն չի իրականացվում:

Անօրենը շրջապատել է արդարին,

Այդ պատճառով արդարադատությունը խեղաթյուրվում է:+

 5 «Նայե՛ք ազգերին և տեսե՛ք,

Մեծ զարմանքով նայե՛ք ու ապշահա՛ր եղեք,

Որովհետև ձեր օրերում մի այնպիսի բան է լինելու,

Որի մասին եթե ասեին ձեզ, չէիք հավատա:+

 6 Ահա ես ոտքի եմ հանում դաժան ու պոռթկուն մի ազգի՝ քաղդեացիներին,+

Որոնք սլանում են երկրի լայնարձակ տեղերով,

Որ տիրանան իրենց չպատկանող բնակատեղերին:+

 7 Նրանք վախազդու են և զարհուրելի:

Նրանք արդարության իրենց չափանիշներն ու իրենց իշխանությունն են հաստատում:+

 8 Նրանց ձիերը ընձառյուծներից սրընթաց են,

Նրանք ավելի կատաղի են, քան գայլերը գիշերը:+

Նրանց մարտական ձիերը քառատրոփ առաջ են սլանում:

Նրանց ձիերը գալիս են հեռվից,

Նրանք սուրում են, ինչպես արծիվը որսի վրա:+

 9 Բոլորը գալիս են կռվելու փափագով:+

Միասին առաջ ընթանալիս նրանք նման են արևելյան քամու,+

Նրանք ավազի չափ գերիներ են վերցնում:

10 Այդ ազգը ծաղրում է թագավորներին

Եվ ծիծաղում է բարձրաստիճան պաշտոնյաների վրա:+

Նա ծիծաղում է ամեն ամրության վրա,+

Հողաթմբեր է կանգնեցնում և գրավում դրանք:

11 Ապա քամու պես առաջ է շարժվում և անցնում երկրի միջով:

Բայց նա մեղավոր կհամարվի,+

Քանի որ իր ուժը վերագրում է իր աստծուն»:*+

12 Մի՞թե դու հավերժական չես, ո՛վ Եհովա:+

Ո՛վ իմ Աստված, իմ Սո՛ւրբ, դու չես մահանում:*+

Ո՛վ Եհովա, դու նշանակեցիր նրան՝ քո դատաստանն իրագործելու համար,

Իմ Վե՛մ,+ հաստատեցիր նրան՝ մեզ պատժելու* համար:+

13 Քո աչքերը չափազանց մաքուր են, ուստի չեն կարող նայել չարիքին,

Եվ դու չես կարող հանդուրժել չարությունը:+

Ուրեմն ինչո՞ւ ես հանդուրժում նենգավորին+

Եվ լռում, երբ չար մարդը կուլ է տալիս իրենից արդարին:+

14 Ինչո՞ւ ես մարդուն դարձնում ծովի ձկների պես,

Ծովային կենդանիների, որոնք իրենց վրա իշխող չունեն:

15 Նրանց բոլորին նա* հանում է կարթով,

Բռնում է իր ուռկանով և հավաքում իր ձկնորսական ցանցի մեջ.

Այդ պատճառով նա ուրախությունից ցնծում է:+

16 Այդ պատճառով նա զոհեր է մատուցում իր ուռկանին

Եվ զոհաբերություն անում* իր ձկնորսական ցանցին,

Որովհետև դրանց շնորհիվ նրա բաժինը յուղալի է,

Եվ կերակուրը՝ ընտիր:

17 Մի՞թե նա շարունակելու է լցնել ու դատարկել իր ուռկանները,*

Մի՞թե շարունակելու է անգթորեն կոտորել ազգերին:+

2 Ես իմ պահակակետում կանգնած կմնամ,+

Բերդապատնեշի վրա կմնամ և կսպասեմ,*

Որ տեսնեմ, թե նա ինչ է ասելու իմ միջոցով,

Ու թե ինչ պատասխանեմ, երբ նախատվեմ:

 2 Եհովան պատասխանեց ինձ.

«Գրի՛ առ այս տեսիլքը և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր,+

Որպեսզի բարձրաձայն ընթերցողը կարողանա հեշտությամբ կարդալ:+

 3 Որովհետև տեսիլքը սահմանված ժամանակին է կատարվելու.

Այն սրընթաց մոտենում է իր ավարտին* և սուտ չի լինի:

Նույնիսկ եթե հապաղի,* սպասի՛ր,*+

Որովհետև այն անպատճառ կկատարվի,

Չի ուշանա:

 4 Նայիր նրան, ով հպարտ է,

Նա ազնիվ չէ իր սրտում:

Բայց արդարն իր հավատարմության* շնորհիվ կապրի:+

 5 Եվ, ինչ խոսք, քանի որ գինին նենգ է,

Մեծամիտ մարդը չի հասնի իր նպատակին:

Նա իր ախորժակը* մեծացրել է գերեզմանի* պես.

Նա նման է մահվան ու չի կշտանում,

Իր համար ժողովում է բոլոր ազգերին

Եվ հավաքում բոլոր ժողովուրդներին:+

 6 Բայց մի՞թե նրանք բոլորը ծաղրանքով չեն խոսի նրա մասին՝ առակներով, ակնարկներով և հանելուկներով:+

Նրանք կասեն.

«Վա՜յ նրան, ով շատացնում է այն, ինչ իրենը չէ,

Եվ իրեն ավելի մեծ պարտքերի տակ է գցում:

Մինչև ե՞րբ:

 7 Մի՞թե քո պարտատերերը հանկարծակի վեր չեն կենա:

Նրանք կարթնանան, քեզ ուժգին կցնցեն

Ու կկողոպտեն:+

 8 Դու շատ ազգերի կողոպտեցիր,

Ուստի մյուս բոլոր ժողովուրդներն էլ քեզ կկողոպտեն,+

Քանի որ մարդկանց արյուն թափեցիր

Եվ դաժանությամբ վարվեցիր երկրի,

Քաղաքների ու դրանց բնակիչների հետ:+

 9 Վա՜յ նրան, ով չար ճանապարհով է իր տուն եկամուտ բերում,

Որպեսզի իր բույնը բարձր տեղում դնի

Եվ ազատվի աղետից:

10 Քո դավադրություններով ամոթանք ես բերել տանդ վրա:

Շատ ժողովուրդների բնաջնջելով՝ ինքդ քո դեմ մեղք ես գործում:+

11 Քարը կաղաղակի պատի միջից,

Եվ տանիքից գերանը կպատասխանի նրան:

12 Վա՜յ նրան, ով արյունով է քաղաք շինում

Եվ անարդարությամբ է այն հիմնում:

13 Մի՞թե Զորքերի տեր Եհովայից չէ,

Որ ժողովուրդները տքնաջան աշխատելու են մի բանի համար,

Ինչը հրո ճարակ է դառնալու,

Եվ որ ազգությունները զուր են սպառելու իրենց ուժերը:+

14 Երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով,

Ինչպես որ ջրերն են ծածկում ծովը:+

15 Վա՜յ նրան, ով իր դրացիներին խմիչք է տալիս՝

Դրան խառնելով ցասում ու բարկություն,

Որպեսզի նրանց հարբեցնի և տեսնի նրանց մերկությունը:

16 Փառքի փոխարեն անպատվությամբ կկշտանաս:

Դու էլ խմիր և ցույց տուր քո անթլփատ վիճակը:*

Քո հերթն էլ կգա, որ խմես Եհովայի աջ ձեռքում եղող բաժակից,+

Եվ անարգանքը կծածկի քո փառքը.

17 Լիբանանի հանդեպ քո դրսևորած դաժանությունը գլխիդ կգա,

Այն կոտորածը, որով սարսափեցրիր գազաններին, քեզ կհասնի,

Քանի որ մարդկանց արյուն թափեցիր

Եվ դաժանությամբ վարվեցիր երկրի,

Քաղաքների ու դրանց բնակիչների հետ:+

18 Ի՞նչ օգուտ կա քանդակված կուռքից,

Չէ՞ որ այն մարդն է պատրաստել:

Ի՞նչ օգուտ կա ձուլածո արձանից և ստեր սովորեցնող ուսուցչից,*

Անգամ եթե շինողը ապավինում է դրանց:

Իրականում նա փուչ աստվածներ է պատրաստում, որոնք համր են:+

19 Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ «Արթնացի՛ր»,

Կամ համր քարին՝ «Զարթնի՛ր, սովորեցրո՛ւ մեզ»:

Այն պատված է ոսկով ու արծաթով,+

Եվ դրանում բոլորովին շունչ չկա:+

20 Բայց Եհովան իր սուրբ տաճարում է:+

Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ երկիր»»:+

3 Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը.

 2 Ո՛վ Եհովա, ես լսել եմ քո գործերի մասին

Եվ ակնածանքով եմ լցվել, ո՛վ Եհովա:

Տարիների ընթացքում* նորից զորավոր գործեր արա,

Տարիների ընթացքում* հայտնի դարձրու դրանք:

Բարկությունդ թափելիս գթասրտություն ցուցաբերիր:*+

 3 Աստված եկավ Թեմանից,

Սուրբը՝ Փառան լեռից:+ (Սելա)*

Նրա վեհությունը ծածկեց երկինքը,+

Եվ երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ:

 4 Նրա պայծառությունը լույսի պես էր,+

Երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից,

Որի մեջ թաքցված էր նրա զորությունը:

 5 Նրա առաջից համաճարակն էր գնում,+

Իսկ ոտքերի հետևից՝ այրող տենդը:

 6 Նա կանգ առավ ու ցնցեց երկիրը:+

Նրա մի հայացքից ազգերը վախից վեր թռան:+

Հավերժական լեռները փշուր-փշուր եղան,

Դարավոր բլուրները խոնարհվեցին.+

Հնուց ի վեր այսպիսին են նրա ճանապարհները:

 7 Քուշանի վրաններում տագնապ տեսա:

Մադիանի վրանի պաստառները դողացին:+

 8 Մի՞թե գետերի վրա ես զայրացել, ո՛վ Եհովա,

Մի՞թե գետերի դեմ է բորբոքվել բարկությունդ,

Կամ մի՞թե ծովի հանդեպ ես ցասումով լցվել:+

Դու հեծար ձիերդ,+

Քո կառքերը հաղթանակեցին:*+

 9 Քո աղեղը մերկացված է,

Երդման համաձայն՝ զենքերը* պատրաստ են գործի դրվելու:* (Սելա)

Դու երկիրը բաժանեցիր գետերով:

10 Լեռները տեսան քեզ և ցավից կծկվեցին:+

Հեղեղ թափվեց ու անցավ երկրով,

Ջրերն անդունդից ոռնացին+

Եվ վեր բարձրացրին իրենց ձեռքերը:

11 Արևն ու լուսինը մնացին իրենց վեհաշուք բնակատեղում,+

Լույսի պես ցոլացող քո նետերը արձակվեցին,+

Նիզակդ կայծակի պես փայլատակեց:

12 Բարկությամբ անցար երկրով մեկ,

Զայրույթով տրորեցիր* ազգերին:

13 Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո օծյալին փրկելու համար:

Չարագործի տան գլխավորին* ջախջախեցիր:

Կտուրից* մինչև հիմք տունը քարուքանդ եղավ: (Սելա)

14 Իր իսկ զենքերով* դու խոցեցիր նրա ռազմիկների գլուխը,

Երբ փոթորկի պես վրա հասան՝ ինձ ցիրուցան անելու:

Նրանք ցնծում էին այն մտքից, որ գաղտնի խժռելու էին կեղեքվածին:

15 Քո ձիերով դու անցար ծովի միջով,

Լայնարձակ ջրերի մեծ ալիքների միջով:

16 Երբ այս ամենը լսեցի, մարմնովս սարսուռ անցավ:*

Լսածիցս շուրթերս դողացին,

Ոսկորներիս մեջ փտություն մտավ,+

Ոտքերս երերացին:

Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան,+

Քանի որ այն գալու է այն ժողովրդի վրա, որը հարձակվելու է մեզ վրա:

17 Նույնիսկ եթե թզենին չծաղկի,

Ու խաղողենու վրա պտուղ չլինի,

Նույնիսկ եթե ձիթենին բերք չտա,

Եվ արտերը՝* կերակուր,

Նույնիսկ եթե փարախներում ոչխար չմնա,

Եվ ախոռներում նախիր չլինի,

18 Միևնույն է, ես կցնծամ Եհովայով,

Կուրախանամ իմ փրկության Աստծով:+

19 Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է.+

Նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնի

Եվ ինձ բարձր տեղերով կքայլեցնի:+

Նվագավարին՝ իմ լարային նվագարաններով:

Հնարավոր է՝ նշանակում է «ջերմ գրկախառնություն»:

Կամ հնարավոր է՝ «Նրա ուժն իր աստվածն է»:

Կամ հնարավոր է՝ «մենք չենք մահանալու»:

Կամ՝ «նախատելու»:

Այսինքն՝ թշնամին՝ քաղդեացիները:

Կամ՝ «զոհերի ծուխ մատուցում»:

Կամ հնարավոր է՝ «շարունակելու է հանել իր սուրը»:

Բռց.՝ «կդիտեմ»:

Կամ՝ «կատարմանը»:

Կամ՝ «եթե թվա, թե հապաղում է»:

Կամ՝ «փափագով սպասի՛ր»:

Կամ հնարավոր է՝ «հավատի»:

Կամ՝ «հոգին»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ հնարավոր է՝ «և օրորվիր»:

Ըստ ամենայնի, խոսքը կուռքի մասին է:

Կամ հնարավոր է՝ «Մեր ժամանակներում»:

Կամ հնարավոր է՝ «Մեր ժամանակներում»:

Կամ՝ «Մեր անհանգիստ ժամանակներում հիշիր քո գթասրտության մասին»:

Բառարանում տես «Սելա»:

Կամ՝ «փրկություն բերեցին»:

Կամ հնարավոր է՝ «աղեղները»:

Կամ հնարավոր է՝ «Ցեղերը երդումներ են տվել»:

Բռց.՝ «կալսեցիր»:

Բռց.՝ «գլխին»:

Բռց.՝ «Պարանոցից»:

Բռց.՝ «գավազաններով»:

Բռց.՝ «որովայնս դողաց»:

Կամ՝ «դարավանդները»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը