Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Հովնան 1 ։ 1–4 ։ 11
  • Հովնան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովնան
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հովնան

ՀՈՎՆԱՆ

1 Եհովան իր խոսքն ուղղեց Ամաթի որդի Հովնանին՝*+ ասելով. 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և ազդարարի՛ր, որ նրան դատաստան է սպասում, որովհետև տեսնում եմ, թե ինչ աստիճանի է հասել նրա չարությունը»:

3 Բայց Հովնանը որոշեց փախչել Եհովայից ու ճանապարհ ընկավ դեպի Թարսիս: Հասնելով Հոպպե՝ Թարսիս գնացող մի նավ գտավ: Նա վճարեց ուղեվարձը և նավ բարձրացավ, որ գնա Թարսիս՝ Եհովայից հեռու:

4 Որոշ ժամանակ անց Եհովան ուժգին քամի բարձրացրեց ծովի վրա, և ծովն այնպես փոթորկվեց, որ քիչ էր մնում՝ նավը խորտակվեր: 5 Ծովագնացները շատ վախեցան, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց օգնության կանչել իր աստծուն: Նրանք սկսեցին ծովը նետել նավի վրա եղած իրերը, որ այն թեթևացնեն:+ Իսկ Հովնանը իջել էր նավի ներքևի մասը, պառկել ու խոր քուն էր մտել: 6 Նավապետը մոտեցավ նրան ու ասաց. «Ի՞նչ ես քնել: Վե՛ր կաց, կանչի՛ր քո աստծուն: Միգուցե ճշմարիտ Աստված խղճա մեզ, ու մենք չկորչենք»:+

7 Հետո ծովագնացներն ասացին իրար. «Եկեք վիճակ* գցենք,+ որ իմանանք, թե ով է մեղավոր այս աղետի համար»: Նրանք վիճակ գցեցին, և այն Հովնանի վրա ընկավ:+ 8 Ուստի նրան ասացին. «Խնդրում ենք, ասա մեզ, թե ում մեղքով է այս աղետը եկել մեզ վրա: Ի՞նչ գործով ես զբաղվում, որտեղի՞ց ես եկել: Ո՞ր երկրից ես, ո՞ր ժողովրդից»:

9 Հովնանն էլ պատասխանեց. «Ես եբրայեցի եմ և պաշտում* եմ երկնքի Աստված* Եհովային՝ նրան, ով ստեղծել է ծովն ու ցամաքը»:

10 Դա լսելով՝ այդ մարդիկ ավելի շատ վախեցան ու ասացին. «Այդ ի՞նչ ես արել»: (Նրանք արդեն իմացել էին, որ նա Եհովայից է փախչում, որովհետև ասել էր այդ մասին): 11 Ծովն ավելի ու ավելի էր մոլեգնում, ուստի նրան հարցրին. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը հանդարտվի»: 12 Նա էլ պատասխանեց. «Վերցրեք ինձ ու ծովը գցեք, և այն կհանդարտվի, որովհետև գիտեմ, որ իմ պատճառով է այս ահեղ փոթորիկը ձեզ վրա հասել»: 13 Այնուամենայնիվ, այդ մարդիկ, ողջ ուժով թիավարելով,* փորձեցին նավը ափ հասցնել: Բայց այդպես էլ չկարողացան, քանի որ ծովը գնալով ավելի էր փոթորկվում:

14 Այդ ժամանակ, դիմելով Եհովային, նրանք բացականչեցին. «Եհո՜վա, խնդրո՜ւմ ենք, թույլ մի՛ տուր, որ կործանվենք այս մարդու պատճառով: Մեզ անմեղ մարդ սպանողներ* մի՛ համարիր ու հաշիվ մի՛ պահանջիր մեզանից, քանի որ այս ամենը քո կամքով է, ո՜վ Եհովա»: 15 Նրանք վերցրին Հովնանին ու ծովը գցեցին, և ծովը հանդարտվեց: 16 Սա տեսնելով՝ այդ մարդիկ Եհովայի հանդեպ ակնածալից վախով լցվեցին.+ նրանք զոհ մատուցեցին Եհովային ու երդումներ տվեցին:

17 Եհովան մի հսկայական ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնաց:+

2 Այդ ժամանակ Հովնանը ձկան փորում աղոթեց իր Աստված Եհովային:+ 2 Նա ասաց.

«Իմ նեղության մեջ ես կանչեցի քեզ, ո՜վ Եհովա, և դու պատասխանեցիր ինձ:+

Խոր գերեզմանից* օգնության կանչեցի,+

Եվ դու լսեցիր իմ ձայնը:

 3 Երբ ինձ անդունդը գցեցիր,

Երբ հայտնվեցի ծովի սրտում,

Ջրի հորձանքները կլանեցին ինձ,+

Քո հզոր ալիքները ծածկեցին ինձ:+

 4 Այդ ժամանակ ասացի. «Աչքերիդ առաջից քշված եմ ես:

Կտեսնե՞մ նորից քո սուրբ տաճարը»:

 5 Ջրերը կլանեցին ինձ՝ սպառնալով կյանքիս,+

Եվ ես ծովի անդունդը սուզվեցի:

Ջրիմուռները փաթաթվեցին գլխիս:

 6 Ես իջա մինչև լեռների հիմքերը:

Գերեզմանի* դարպասները ուր որ է փակվելու էին իմ հետևից,

Փակվելու էին առհավետ,

Բայց դու, ո՜վ իմ Աստված Եհովա, ողջ-առողջ հանեցիր ինձ փոսից:+

 7 Երբ կյանքս արդեն մարում էր, ես քե՛զ հիշեցի, ո՜վ Եհովա:+

Այդժամ աղոթքս հասավ քեզ, քո սուրբ տաճար:+

 8 Նրանք, ովքեր փուչ կուռքեր են պաշտում,

Հեռանում են հավատարիմ սիրո աղբյուրից:*

 9 Իսկ ես շնորհակալական խոսքերով քեզ զոհ կմատուցեմ,

Երդումներս կկատարեմ:+

Փրկությունը քեզանից է, ո՜վ Եհովա»:+

10 Որոշ ժամանակ անց Եհովայի կարգադրությամբ ձուկը փսխեց ու Հովնանին դուրս գցեց ցամաք:

3 Եհովան իր խոսքը երկրորդ անգամ ուղղեց Հովնանին՝ ասելով.+ 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և ազդարարի՛ր այն, ինչ ասում եմ քեզ»:

3 Հովնանը, Եհովային հնազանդվելով,+ վեր կացավ ու գնաց Նինվե:+ Նինվեն շատ մեծ քաղաք էր.* այն ոտքով անցնելու համար երեք օր էր հարկավոր: 4 Հովնանը մտավ քաղաք և մեկ օրվա ճանապարհ անցավ ՝ ազդարարելով.* «Եվս 40 օր, և Նինվեն կկործանվի»:

5 Նինվեի բնակիչները հավատացին Աստծու խոսքերին,+ ծոմ հայտարարեցին և հարուստ թե աղքատ՝ մեծից մինչև փոքրը քուրձ հագան: 6 Երբ լուրը հասավ Նինվեի թագավորին, նա վեր կացավ գահից, հանեց իր արքայական հագուստը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ: 7 Նաև ողջ Նինվեում այսպիսի հրովարտակ արձակեց.

«Թագավորի ու նրա մեծամեծների հրամանով՝ թող ոչ մի մարդ, կենդանի, խոշոր կամ մանր եղջերավոր անասուն որևէ բան չուտի: Թող ոչինչ չուտեն և ջուր չխմեն: 8 Թող մարդիկ քրձով ծածկեն թե՛ իրենց, թե՛ կենդանիներին, թող թախանձագին աղերսեն Աստծուն, հետ դառնան իրենց չար ճանապարհներից և այլևս բռնություն չգործադրեն: 9 Ո՞վ գիտի, գուցե ճշմարիտ Աստված փոխի իր մտադրությունը* և իր բորբոքված բարկությունը չթափի մեզ վրա, ու մենք չկործանվենք»:

10 Երբ ճշմարիտ Աստված տեսավ, թե նրանք ինչ արեցին, թե ինչպես հետ դարձան իրենց չար ճանապարհներից,+ նա փոխեց իր մտադրությունը* և չբերեց այն աղետը, որի մասին ասել էր:+

4 Հովնանին դա բոլորովին դուր չեկավ, և նա խիստ վրդովվեց: 2 Ուստի աղոթեց Եհովային՝ ասելով. «Ա՜խ, Եհո՛վա, չէ՞ որ ես հենց սրա համար էի մտահոգվում, երբ դեռ իմ երկրում էի: Դա էր պատճառը, որ սկզբում փորձեցի Թարսիս փախչել:+ Ախր ես գիտեի, որ դու կարեկից ու գթառատ Աստված ես, շուտ չես բարկանում և լի ես հավատարիմ սիրով,+ որ աղետ բերելու մտքից անգամ ցավ ես ապրում: 3 Եվ հիմա խնդրում եմ, Եհո՛վա, ա՛ռ իմ կյանքը. մեռնելս ապրելուցս լավ է»:+

4 Եհովան հարցրեց. «Մի՞թե իրավացի ես, որ այդպես բարկացել ես»:

5 Հովնանը դուրս եկավ քաղաքից և մոտակայքում՝ արևելյան կողմում մի տեղ գտնելով՝ նստեց: Այնտեղ նա իր համար մի հովանի սարքեց ու դրա ստվերում նստած՝ սպասեց, որ տեսնի՝ ինչ է լինելու քաղաքին:+ 6 Հետո Եհովա Աստված մի շշադդում* աճեցրեց, որ այն ստվեր գցի Հովնանի գլխին ու թեթևացնի նրա թշվառ վիճակը: Այդ բույսը տեսնելով՝ Հովնանը շատ ուրախացավ:

7 Սակայն հաջորդ օրը՝ լուսաբացին, ճշմարիտ Աստված այնպես արեց, որ մի որդ վնասի իր աճեցրած բույսը, և այն չորացավ: 8 Իսկ երբ արևը սկսեց շողալ, Աստված նաև արևելյան տոթակեզ քամի ուղարկեց, և Հովնանն այնպես արևահարվեց, որ քիչ էր մնում՝ ուշաթափվեր: Նա նորից սկսեց մահ խնդրել ու ասել. «Մեռնելս ապրելուցս լավ է»:+

9 Աստված հարցրեց Հովնանին. «Մի՞թե իրավացի ես, որ այդպես բարկացել ես շշադդմի համար»:+

Նա էլ պատասխանեց. «Այո՛, իրավացի եմ: Այնքան բարկացած եմ, որ ուզում եմ մեռնել»: 10 Բայց Եհովան ասաց. «Դու ափսոսացիր այդ շշադդումը, որը ո՛չ տնկել ես, ո՛չ էլ մեծացրել, որը մի գիշերվա մեջ աճեց ու մի գիշերվա մեջ էլ վերացավ, 11 ուրեմն չպե՞տք է արդյոք ես էլ խղճամ Նինվե մեծ քաղաքին՝+ այնտեղ ապրող 120 000-ից ավելի մարդկանց, որոնք ճիշտը սխալից չեն տարբերում,* ինչպես նաև նրանց բազմաթիվ կենդանիներին»:+

Նշանակում է «աղավնի»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «վախենում»:

Բառարանում տես «Երկնքի Աստված»:

Կամ՝ «փոթորկի միջով անցնելով»:

Կամ՝ «անմեղ արյուն թափողներ»:

Բռց.՝ «Գերեզմանի փորից»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «Երկրի»:

Կամ հնարավոր է՝ «Այլևս նվիրված չեն»:

Բռց.՝ «Աստծու համար մեծ քաղաք էր»:

Կամ հնարավոր է՝ «ապա ազդարարեց»:

Կամ՝ «ափսոսա»:

Կամ՝ «ափսոսաց»:

Կամ հնարավոր է՝ «գերչակ»:

Կամ՝ «իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը