ՀՌՈՒԹ
1 Այն ժամանակներում, երբ դատավորներն+ էին ղեկավարում,* երկրում սով սկսվեց: Մի մարդ իր կնոջ ու երկու որդիների հետ Հուդայի Բեթլեհեմ+ քաղաքից գնաց և որպես պանդուխտ բնակություն հաստատեց Մովաբում:*+ 2 Այդ մարդու անունը Ելիմելեք* էր, նրա կնոջ անունը՝ Նոյեմի,* իսկ երկու որդիների անունները՝ Մաալոն* ու Քելլոն:* Նրանք եփրաթացիներ էին՝ Հուդայի Բեթլեհեմից: Նրանք եկան Մովաբ ու մնացին այնտեղ:
3 Որոշ ժամանակ անց Ելիմելեքը՝ Նոյեմիի ամուսինը, մահացավ, և Նոյեմին մնաց իր երկու որդիների հետ: 4 Նրա որդիները մովաբացի կանանց հետ ամուսնացան: Մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ:+ Նրանք մոտ տասը տարի Մովաբում ապրեցին: 5 Հետո Մաալոնն ու Քելլոնն էլ մահացան, և Նոյեմին մնաց առանց իր երկու զավակների և ամուսնու: 6 Նա որոշեց Մովաբից վերադառնալ հայրենի երկիր, որովհետև լսել էր, որ Եհովան կրկին օրհնել է* իր ժողովրդին՝ ապահովելով սննդով:* Ուստի նա իր հարսների հետ ճանապարհ ընկավ:
7 Այսպիսով՝ Նոյեմին երկու հարսների հետ դուրս եկավ իր բնակության վայրից, որ վերադառնա Հուդայի երկիր: Մինչ նրանք քայլում էին ճանապարհով, 8 նա ասաց իր երկու հարսներին. «Գնացե՛ք, ամեն մեկդ վերադարձե՛ք ձեր մոր տուն: Թող Եհովան հավատարիմ սեր ցուցաբերի ձեր հանդեպ,+ ինչպես որ դուք ցուցաբերեցիք ձեր ամուսինների և իմ հանդեպ: 9 Թող Եհովան ամեն մեկիդ ամուսին պարգևի, որ ապահովություն* գտնեք նրանց տանը»:+ Ապա Նոյեմին համբուրեց իր հարսներին, և նրանք բարձրաձայն լաց եղան: 10 Հարսները նրան ասում էին. «Ո՛չ, քեզ հետ կգանք ու քո ժողովրդի մեջ կապրենք»: 11 Բայց Նոյեմին ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս: Ինչի՞ համար գաք ինձ հետ: Մի՞թե կարող եմ նորից որդիներ ունենալ, որ ձեր ամուսինները դառնան:+ 12 Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, քանի որ ես արդեն շատ ծեր եմ ամուսնանալու համար: Նույնիսկ եթե հույս ունենայի, որ հենց այս գիշեր կամուսնանամ ու կկարողանամ որդիներ ունենալ, 13 կսպասեի՞ք մինչև նրանց մեծանալը, հանուն նրանց՝ կհրաժարվեի՞ք ամուսնանալուց: Պետք չէ, աղջիկնե՛րս: Եհովան իմ դեմ է դուրս եկել,+ ու երբ մտածում եմ, թե դա ինչպես է ձեզ վրա անդրադարձել, մեծ ցավ* եմ ապրում»:
14 Եվ նրանք նորից բարձր ձայնով լաց եղան: Հետո Օրփան համբուրեց իր սկեսրոջն ու հեռացավ, իսկ Հռութը մնաց նրա հետ: 15 Նոյեմին ասաց. «Տե՛ս, տեգրոջդ այրիացած կինը հետ դարձավ իր ժողովրդի ու իր աստվածների մոտ: Դո՛ւ էլ հետ դարձիր նրա հետ»:
16 Բայց Հռութն ասաց. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ ու հետ դառնամ: Ուր որ գնաս, ես էլ կգամ, որտեղ որ գիշերես, ես էլ այդտեղ կգիշերեմ: Քո ժողովուրդն իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածն իմ Աստվածը կլինի:+ 17 Որտեղ որ դու մահանաս, ես էլ այդտեղ կմահանամ ու կթաղվեմ: Թող Եհովան խստորեն պատժի ինձ,* եթե թույլ տամ, որ մահից բացի՝ ուրիշ որևէ բան բաժանի ինձ քեզնից»:
18 Տեսնելով, որ Հռութը հաստատ որոշել է գնալ իր հետ՝ Նոյեմին այլևս չփորձեց նրան համոզել: 19 Նրանք երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը, մինչև որ հասան Բեթլեհեմ:+ Հենց որ եկան Բեթլեհեմ, ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց: Կանայք ասում էին. «Մի՞թե սա Նոյեմին է»: 20 Նա էլ ասում էր նրանց. «Ինձ Նոյեմի* մի՛ կոչեք, այլ Մարա* կոչեք, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրել է կյանքս:+ 21 Ես գնացի լիքը, բայց Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց: Ինչո՞ւ եք ինձ Նոյեմի կոչում, երբ Եհովան ինքն է իմ դեմ դուրս եկել, երբ Ամենակարողն ինքն է դժբախտություն բերել ինձ վրա»:+
22 Այսպիսով՝ Նոյեմին իր հարսի՝ մովաբացի Հռութի հետ վերադարձավ Մովաբից:+ Երբ նրանք եկան Բեթլեհեմ, գարու հնձի սկիզբն էր:+
2 Նոյեմին իր ամուսնու՝ Ելիմելեքի ազգատոհմից մի բարեկամ ուներ, որը շատ հարուստ մարդ էր: Նրա անունը Բոոս էր:+
2 Մի անգամ մովաբացի Հռութն ասաց Նոյեմիին. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ արտերը և, ով բարեհաճ լինի իմ հանդեպ, նրա հետևից հասկերը հավաքեմ»:+ Նոյեմին ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»: 3 Հռութն էլ գնաց և արտում հնձվորների հետևից սկսեց հավաքել հասկերը: Նա պատահաբար հայտնվեց արտի այն հատվածում, որը պատկանում էր Բոոսին,+ ով Ելիմելեքի ազգատոհմից էր:+ 4 Այդ ժամանակ Բոոսը Բեթլեհեմից եկավ իր արտ և հնձվորներին ողջունեց՝ ասելով. «Եհովան ձեզ հետ լինի»: Նրանք էլ պատասխանեցին. «Եհովան օրհնի քեզ»:
5 Բոոսը հնձվորների աշխատանքը վերահսկող երիտասարդին հարցրեց. «Սա ո՞ւմ աղջիկն է»: 6 Երիտասարդը պատասխանեց. «Մովաբացի է,+ Նոյեմիի հետ է եկել Մովաբից:+ 7 Նա ինձ խնդրեց, որ թույլ տամ՝ հնձվորների հետևից գնա ու հավաքի+ մնացած հասկերը:* Առավոտից, ինչ եկել է, ոտքի վրա է եղել: Միայն հիմա է, որ նստել է տաղավարում՝ փոքր-ինչ հանգստանալու»:
8 Դրանից հետո Բոոսն ասաց Հռութին. «Լսիր, աղջի՛կս. հասկ հավաքելու համար ուրիշ արտ մի՛ գնա, մի՛ հեռացիր այստեղից, այլ մնա իմ արտում աշխատող աղջիկների հետ:+ 9 Տես, թե հնձվորները որ արտն են հնձում, և աղջիկների հետ այնտեղ գնա: Տղաներին պատվիրել եմ, որ չնեղացնեն* քեզ: Երբ որ ծարավես, գնա սափորների մոտ և խմիր տղաների հանած ջրից»:
10 Լսելով այս խոսքերը՝ Հռութը ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: Նա ասաց Բոոսին. «Ինչո՞վ եմ շահել քո բարեհաճությունը, ինչո՞ւ ես ուշադրություն դարձրել ինձ. չէ՞ որ ես օտարական եմ»:+ 11 Բոոսը պատասխանեց նրան. «Ինձ պատմել են այն ամենի մասին, ինչ արել ես սկեսրոջդ համար ամուսնուդ մահից հետո, թե ինչպես ես թողել քո հորն ու մորը, քո հայրենի երկիրը ու եկել մի ժողովրդի մոտ, որին նախկինում չէիր ճանաչում:+ 12 Քո արածի համար թող Եհովան վարձատրի քեզ,+ և թող քո վարձատրությունը լիառատ լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, ում թևերի տակ եկել ես՝ ապաստան փնտրելու»:+ 13 Նա էլ ասաց. «Տե՛ր իմ, թող որ այսուհետ էլ քո բարեհաճությանն արժանանամ. քո խոսքերով մխիթարեցիր ու հանգստացրիր աղախնիդ, թեև քո աղախինն էլ չեմ»:
14 Երբ եկավ ճաշի ժամը, Բոոսն ասաց նրան. «Մոտեցիր և մի կտոր հաց կեր, պատառդ քացախի մեջ թաթախիր»: Հռութը նստեց հնձվորների կողքին: Հետո Բոոսը նրան բոված ցորեն տվեց: Նա կերավ, կշտացավ, ու դեռ մի բան էլ ավելացավ: 15 Երբ Հռութը վեր կացավ՝ հասկահավաք անելու,+ Բոոսը իր մոտ աշխատող տղաներին պատվիրեց. «Թող քաղված հասկերի* միջից էլ հավաքի, չնեղացնե՛ք նրան:+ 16 Խրձերից էլ որոշ չափով հասկեր հանեք և ձեր հետևից թողեք, որ հավաքի: Չարգելե՛ք նրան հասկահավաք անել»:
17 Այսպիսով՝ Հռութը մինչև երեկո այդ արտում հասկահավաք արեց:+ Նա հավաքած հասկերը ծեծեց, և մոտավորապես մեկ արդու* գարի ստացվեց: 18 Ապա վերցրեց գարին ու վերադարձավ քաղաք: Հռութը ցույց տվեց սկեսրոջը իր հավաքածը, նաև հանեց իր մոտ եղած կերակուրը,+ որն ավելացել էր ուտելուց հետո, ու տվեց նրան:
19 Նոյեմին հարցրեց. «Այսօր որտե՞ղ ես հասկահավաք արել, որտե՞ղ ես աշխատել: Թող օրհնյալ լինի այն մարդը, որն ուշադրություն է դարձրել քեզ»:+ Եվ Հռութը պատմեց նրան, թե ում մոտ է աշխատել՝ ասելով. «Այն մարդու անունը, ում մոտ այսօր աշխատել եմ, Բոոս է»: 20 Այդ ժամանակ Նոյեմին ասաց իր հարսին. «Թող Եհովան, ով հավատարիմ սեր դրսևորեց ողջերի ու մահացածների հանդեպ, օրհնի այդ մարդուն»:+ Ապա ավելացրեց. «Նա մեր ազգականն է՝+ մեկն է այն մարդկանցից, որոնք փրկագնելու իրավունք ունեն»:+ 21 Մովաբացի Հռութը շարունակեց պատմել. «Նա նաև ասաց, որ իր աշխատողներից հեռու չգնամ, մինչև որ ամբողջ բերքը հավաքեն վերջացնեն»:+ 22 Նոյեմին էլ ասաց իր հարսին՝ Հռութին. «Ի՜նչ լավ է, աղջի՛կս, որ նրա արտում աշխատող աղջիկների հետ ես լինելու, որովհետև ուրիշ արտում քեզ կարող են նեղացնել»:
23 Ուստի Հռութը Բոոսին ծառայող աղջիկներից հեռու չգնաց ու մինչև գարու և ցորենի հնձի ավարտը հասկահավաք արեց:+ Նա իր սկեսրոջ հետ էր ապրում:+
3 Հռութի սկեսուրը՝ Նոյեմին, ասաց նրան. «Աղջի՛կս, քեզ համար ամուսին չփնտրե՞մ,+ որ դու ապահովություն* գտնես, և քեզ համար լավ լինի: 2 Օրինակ՝ Բոոսը. նա մեր ազգականն է:+ Դու նրան ծառայող աղջիկների հետ էիր աշխատում: Այս գիշեր նա կալում* գարի է քամհարելու:* 3 Լվացվիր, անուշահոտ յուղ քսիր վրադ, հագիր ամենալավ հագուստդ ու կալատեղ գնա: Բայց այնպես արա, որ նա չիմանա՝ այնտեղ ես, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի: 4 Եվ երբ գնա քնելու, տես, թե որտեղ է պառկում, հետո գնա, նրա ոտքերի կողմից բացիր ծածկոցը ու պառկիր: Նա կասի քեզ՝ ինչ անես»:
5 Հռութն ասաց Նոյեմիին. «Ինչ որ ասացիր, կանեմ»: 6 Նա գնաց կալատեղ և արեց այն ամենը, ինչ սկեսուրն ասել էր իրեն: 7 Բոոսը կերավ ու խմեց, և նրա տրամադրությունը բարձրացավ: Ապա գնաց ցորենի դեզի մոտ ու պառկեց այնտեղ: Հետո Հռութը կամացուկ մոտեցավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը ու պառկեց: 8 Կեսգիշերին Բոոսի մարմնով դող անցավ, և նա, տեղից մի փոքր բարձրանալով, տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին է պառկած: 9 Նա հարցրեց. «Դու ո՞վ ես»: Կինը պատասխանեց. «Հռութն եմ՝ աղախինդ: Քո պաշտպանության տակ առ աղախնիդ,* քանի որ դու փրկագնելու իրավունք ունես»:+ 10 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Թող Եհովան օրհնի քեզ, աղջի՛կս: Հավատարիմ սերը, որ հիմա դրսևորեցիր, գերազանցեց այն սերը, որը ցուցաբերեցիր առաջին անգամ,+ որովհետև երիտասարդների հետևից չգնացիր՝ ո՛չ հարուստ, ո՛չ էլ աղքատ: 11 Իսկ հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր: Ինչ որ ասես, կանեմ քեզ համար,+ քանի որ քաղաքում բոլորը գիտեն, որ դու առաքինի կին ես: 12 Ճիշտ է, ես փրկագնելու իրավունք ունեմ,+ սակայն ինձնից ավելի մոտ ազգական էլ կա, ով փրկագնելու իրավունք ունի:+ 13 Այստեղ գիշերիր, իսկ առավոտյան, եթե նա ցանկանա քեզ փրկագնել, թող փրկագնի:+ Բայց եթե չցանկանա, երդվում եմ Եհովայի գոյությամբ, ե՛ս կփրկագնեմ քեզ: Մինչև առավոտ այստեղ մնա»:
14 Ուստի Հռութը մինչև առավոտ պառկած մնաց նրա ոտքերի մոտ, իսկ հետո, երբ դեռ այնքան չէր լուսացել, որ մարդիկ իրար ճանաչեին, վեր կացավ: Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել կալատեղ»: 15 Նաև ասաց. «Թիկնոցդ բեր ու բացած պահիր»: Հռութն էլ պահեց այն, և նա վեց չափ* գարի լցրեց դրա մեջ ու տվեց, որ տանի:* Հետո Բոոսը վերադարձավ քաղաք:
16 Հռութը գնաց իր սկեսրոջ մոտ, և նա հարցրեց նրան. «Ամեն ինչ բարեհաջո՞ղ անցավ,* աղջի՛կս»: Հռութն էլ պատմեց նրան, թե այդ մարդն ինչ է արել իր համար: 17 Ապա ավելացրեց. «Այս վեց չափ գարին նա ինձ տվեց ու ասաց. «Դատարկ ձեռքով մի՛ գնա սկեսրոջդ մոտ»»: 18 Նոյեմին էլ ասաց. «Աղջի՛կս, սպասիր, մինչև իմանաս, թե այս հարցն ինչպես կլուծվի, որովհետև այդ մարդը չի հանգստանա, մինչև որ այսօր գլուխ չբերի այս գործը»:
4 Բոոսը գնաց քաղաքի դարպասի մոտ+ ու նստեց այնտեղ: Եվ ահա տեսավ, որ անցնում է փրկագնելու իրավունք ունեցող ազգականը,+ որի մասին նա խոսել էր: Բոոսն ասաց նրան. «Եկ նստիր այստեղ, այսի՛նչ»:* Նա էլ գնաց ու նստեց: 2 Հետո Բոոսը քաղաքի երեցներից+ տասը մարդ կանչեց ու ասաց. «Նստեք այստեղ»: Նրանք էլ նստեցին:
3 Բոոսն ասաց փրկագնելու իրավունք ունեցողին.+ «Նոյեմին, որ վերադարձել է Մովաբից,+ պետք է վաճառի մեր եղբոր՝ Ելիմելեքի հողաբաժինը:+ 4 Ուստի մտածեցի, որ պետք է տեղեկացնեմ քեզ և ասեմ, որ այն գնես քաղաքի բնակիչների ու ժողովրդի երեցների ներկայությամբ:+ Եթե փրկագնելու ես, փրկագնիր, քանի որ առաջինը դու փրկագնելու իրավունք ունես: Իսկ եթե ոչ, ասա ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից հետո հաջորդը ես եմ»: Նա էլ պատասխանեց. «Ես կփրկագնեմ»:+ 5 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Իմացիր, որ Նոյեմիից արտը գնելով՝ դու նաև այրիացած մովաբացի Հռութից ես այն գնում, որպեսզի նրա մահացած ամուսնու ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը»:+ 6 Այդ ժամանակ ազգականն ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որովհետև իմ ունեցվածքը կպակասի:* Դո՛ւ փրկագնիր: Եվ քանի որ չեմ կարող փրկագնել, հրաժարվում եմ իմ այդ իրավունքից»:
7 Նախկինում Իսրայելում մի սովորույթ կար, որով հաստատվում էին փրկագնելու իրավունքի և սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված գործարքները. կողմերից մեկը պետք է հաներ իր սանդալը+ և տար մյուսին: Ահա այսպես էր Իսրայելում վավերացվում համաձայնությունը: 8 Ուստի երբ ազգականը Բոոսին ասաց՝ դո՛ւ գնիր, հանեց իր սանդալը: 9 Այդ ժամանակ Բոոսն ասաց երեցներին ու այնտեղ հավաքված բոլոր մարդկանց. «Այսօր դուք վկա եք,+ որ ես Նոյեմիից գնում եմ Ելիմելեքի, Քելլոնի ու Մաալոնի ողջ ունեցվածքը: 10 Նաև կնության եմ առնում Մաալոնի այրուն՝ մովաբացի Հռութին, որպեսզի մահացածի ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը,+ որպեսզի նրա եղբայրներն ու քաղաքում ապրող մարդիկ չմոռանան նրա անունը:* Դուք այսօր վկա եք»:+
11 Դարպասի մոտ հավաքված բոլոր մարդիկ, ինչպես նաև երեցներն ասացին. «Վկա՛ ենք: Թող Եհովան քո տունը մտնող կնոջը Ռաքելի ու Լիայի նման դարձնի, որոնցից սերվել է Իսրայելի ազգը:*+ Թող որ դու Եփրաթայում+ հաջողություն ունենաս ու բարի անուն վաստակես* Բեթլեհեմում:+ 12 Եվ թող որ այն սերնդի միջոցով, որին Եհովան կտա քեզ այս երիտասարդ կնոջից, քո տունը Փարեսի+ տան պես դառնա, որին Թամարը Հուդայի համար ծնեց»:+
13 Բոոսը Հռութին կնության առավ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Եհովայի օրհնությամբ Հռութը հղիացավ ու մի որդի ծնեց: 14 Կանայք Նոյեմիին ասացին. «Փա՜ռք Եհովային, որ այսօր քեզ առանց փրկագնողի չթողեց: Թող հռչակվի նրա* անունը Իսրայելում: 15 Նա* քեզ նոր կյանք տվեց* և ծերությանդ օրերում հոգ կտանի քեզ, քանի որ նրան ծնեց հարսդ, որը սիրում է քեզ,+ և որը քեզ համար յոթ որդուց էլ լավ է»: 16 Նոյեմին իր գիրկն առավ մանկանը: Նա դարձավ նրա խնամողը: 17 Հարևան կանայք նրան անուն տվեցին: Նրանք ասացին՝ «Նոյեմին որդի է ունեցել», և նրա անունը Օբեդ+ դրեցին: Նա Դավթի հոր՝ Հեսսեի+ հայրն է:
18 Սա է Դավթի տոհմաբանությունը՝* սկսած Փարեսից.+ Փարեսը ունեցավ Եսրոնին,+ 19 Եսրոնը ունեցավ Ռամին, Ռամը ունեցավ Ամինադաբին,+ 20 Ամինադաբը+ ունեցավ Նաասոնին, Նաասոնը ունեցավ Սալմոնին, 21 Սալմոնը ունեցավ Բոոսին, Բոոսը ունեցավ Օբեդին, 22 Օբեդը ունեցավ Հեսսեին,+ և Հեսսեն ունեցավ Դավթին:+
Բռց.՝ «դատում»:
Բռց.՝ «Մովաբի դաշտերում»:
Նշանակում է «իմ Աստված Թագավոր է»:
Նշանակում է «հաճելիս»:
Հնարավոր է՝ ծագել է եբր. մի բառից, որը նշանակում է «թուլանալ», «հիվանդանալ»:
Նշանակում է «ուժասպառ լինող», «վախճանվող»:
Կամ՝ «ուշադրություն է դարձրել»:
Բռց.՝ «հացով»:
Բռց.՝ «հանգիստ»:
Բռց.՝ «դառնություն»:
Բռց.՝ «Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի ինձ»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:
Նշանակում է «հաճելիս»:
Նշանակում է «դառը»:
Կամ հնարավոր է՝ «խրձերը»:
Բռց.՝ «չդիպչեն»:
Կամ հնարավոր է՝ «խրձերի»:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «տուն»: Բռց.՝ «հանգստի տեղ»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Այսինքն՝ քամու առջև պահելով՝ մաքրելու:
Կամ՝ «Փեշդ տարածիր քո աղախնի վրա»:
Հավանաբար 6 գրիվ՝ մոտ 44 լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «ու դրեց նրա վրա»:
Բռց.՝ «Ո՞վ ես դու»:
Այս մարդու անունը միտումնավոր կերպով նշված չէ:
Բռց.՝ «իմ ժառանգությունը կավերեմ»:
Կամ՝ «որպեսզի նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր քաղաքի դարպասի մոտից»:
Բռց.՝ «որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը»:
Բռց.՝ «անուն հռչակես»:
Այսինքն՝ երեխայի՝ Նոյեմիի թոռան:
Այսինքն՝ երեխան:
Կամ՝ «թարմություն եղավ քո հոգու համար»:
Բռց.՝ «սերունդները»: