Հայտնություն
Մի զօրաւոր հրեշտակ է երևում որ ձեռքին մի բաց գիրք ունի։ Գիրքն Յովհաննէսին տրվում է որ ուտէ։
10 Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. եւ նորա երեսը արեգակի նման. եւ նորա ոտները կրակի սիւնի պէս: 2 Եւ նա իր ձեռքումը մի փոքր գիրք ունէր բացած, եւ իր աջ ոտքը դրաւ ծովի վերայ, եւ ձախը հողի վերայ. 3 Եւ մեծ ձայնով աղաղակեց ինչպէս առիւծն գոռում է. եւ երբոր աղաղակեց, այն եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին: 4 Եւ երբոր եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին, պիտի գրէի. եւ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Կնքիր այն բաները որ եօթը որոտմունքը խօսեցին, եւ սորանք մի գրիր: 5 Եւ այն հրեշտակը որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած, իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց, 6 Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չ’կայ: 7 Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին:
8 Եւ այն ձայնն որ երկնքիցը լսեցի դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. Գնա առ այն բաց գրքոյկը, որ ծովի եւ ցամաքի վերայ կանգնած հրեշտակի ձեռքին է: 9 Եւ ես գնացի հրեշտակի մօտ եւ ասեցի նորան. Տուր ինձ այդ գրքոյկը. եւ նա ասեց ինձ. Առ եւ կեր սորան, եւ սա կ’դառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կ’լինի մեղրի պէս: 10 Եւ գրքոյկն առայ հրեշտակի ձեռքիցը եւ կերայ նորան. եւ բերանումս քաղցր էր մեղրի պէս. եւ երբոր կերայ նորան, դառնացաւ փորումս: 11 Եւ ասեց ինձ. Պէտք է դու դարձեալ մարգարէանաս ժողովուրդների եւ ազգերի եւ լեզուների եւ շատ թագաւորների վերայ: