Գաղատացիներ
Մարդիս վիճակը օրէնքի ներքև և շնորհքի ներքև։ Հագար և Սարրա։
4 Բայց ասում եմ. քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չ’ունի, թէ եւ ամեն բանի տէր է: 2 Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը: 3 Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք: 4 Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած, 5 Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր: 7 Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով: 8 Բայց այն ժամանակ որ Աստուծուն չ’գիտէիք, ծառայում էիք նորանց որ ’ի բնէ աստուածներ չեն: 9 Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել: 10 Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ: 11 Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը:
12 Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել: 13 Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը. 14 Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին: 15 Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք: 16 Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս: 17 Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ’ի բարին. այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք: 18 Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ: 19 Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում: 20 Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար:
21 Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում: 22 Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը: 23 Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ: 24 Այս բաները այլաբանօրէն են. որ նորանք երկու կտակարաններն են, մեկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը: 25 Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է: 26 Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է: 27 Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը: 28 Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք: 29 Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա: 30 Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին եւ նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ: 31 Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի: