Նաում
Նինուէ քաղաքի կործանման նախագուշակութիւնը։
2 Խորտակող է վեր գալիս քեզ դէմ. պահիր պարիսպը. ճանապարհին նայիր, մէջքդ պնդացրու, ոյժդ շատ զօրացրու: 2 Որովհետեւ Տէրը ետ է դարձրել Յակոբի վայելչութիւնը, Իսրայէլի վայելչութեան պէս. որովհետեւ դարտակողները դարտակել են նորանց, եւ նորան որթի ուռերը փչացրել են: 3 Նորա տղամարդների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են ներկուած, բոցացայտ պողպատով պատուած է կառքը նորա պատրաստութեան օրը, եւ նոճի նիզակները ծածանվում են: 4 Փողոցներումը կատաղում են կառքերը, իրար են բաղխում հրապարակներումը, նորանց երեւոյթը ջահերի պէս է, կայծակների պէս են վազվազում:
5 Նա յիշում է իր զօրաւորներին, նորանք գլորվում են գնալիս, շտապում են դէպի պարիսպը, եւ պատսպարանը պատրաստուած է: 6 Գետերի դռները պիտի բացուին, եւ պալատը պիտի հալուի: 7 Եւ որոշուեցաւ, որ նա գերութեան հանուի, եւ նորա աղախինները ճչում են իբր աղաւնիների ձայնով, իրանց սրտերին ծեծելով: 8 Եւ Նինուէի ջրերի աւազանի պէս էր իր առաջի օրերիցն ի վեր. եւ նորանք փախչելիս՝ Կանգնեցէք, կանգնեցէք, կ’ասեն, բայց ուշադրող չ’կայ: 9 Արծաթ կողոպտեցէք, ոսկի կողոպտեցէք. եւ վախճան չ’ունին զարդերը՝ ծանրաբեռնուած ամեն տեսակ ցանկալի սպասներով: 10 Դարտակ ու դարտակուած ու դարտակացրուած է. եւ սիրտը հալվում եւ ծունկերը դողում, եւ ամեն մէջքերը երերվում են, եւ ամենքի երեսը սպրտնում է:
11 Ո՞ւր է առիւծների բնակարանը, եւ կորիւնների արօտատեղին, ուր որ ման էին գալիս արու առիւծը, մատակ առիւծը եւ առիւծի լակոտը. եւ վախեցնող չ’կար: 12 Առիւծը պատառում էր՝ իր լակոտներին բաւականանալու չափ, եւ խեղդում էր իր մատակ առիւծների համար. եւ լցնում էր որսով իր մորիները, եւ իր բնակարանները՝ յափշտակութիւնով: 13 Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի ծուխով այրեմ նորա կառքերը, եւ քո կորիւններին պիտի սուրն ուտէ. եւ երկրիցը պիտի քո որսը բնաջինջ անեմ, եւ այլ եւս պիտի չ’լսուի քո դեսպանների ձայնը: