Ծննդոց
Յակոբը և Եսաւը հաշտվում են։ Յակոբը բնակվում է Սիւքեմումը։
33 Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ Ռաքէլին եւ երկու աղախիններին: 2 Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ: 3 Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը: 4 Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. եւ լացին: 5 Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ Աստուած քո ծառային պարգեւել է: 6 Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին: 7 Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. եւ յետոյ Յովսէփը եւ Ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին: 8 Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատահեցի. եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է: 9 Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի: 10 Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր: 11 Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս*. որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ես ամեն բան ունիմ. եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց: 12 Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. եւ ես գնամ քո առաջին: 13 Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կ’մեռնեն: 14 Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կ’գնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ Սէիր իմ տիրոջ մօտ: 15 Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ: 16 Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր:
17 Եւ Յակոբը Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. նորա համար այն տեղի անունը Սոկքովթ* ասուեցաւ:
18 Եւ Յակոբը Միջագետից գալիս Սիւքէմացոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց: 19 Եւ այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր կէսիթայի*. 20 Եւ այնտեղ մի սեղան շինեց, եւ անունը Էլ–Էլօհէ–Իսրայէլ* դրաւ: